«Ճամփորդություն գիշերից անդին»՝ Սելինի պատերազմն ու վախը - Mediamax.am

exclusive
3662 դիտում

«Ճամփորդություն գիշերից անդին»՝ Սելինի պատերազմն ու վախը


Լուի-Ֆերդինանդ Սելինը
Լուի-Ֆերդինանդ Սելինը
Լուի-Ֆերդինանդ Սելինը
Լուի-Ֆերդինանդ Սելինը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` «Անտարես» հրատարակչություն

Նվարդ Վարդանյանը
Նվարդ Վարդանյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ֆրանսիացի վիպասան, բժիշկ Լուի-Ֆերդինանդ Սելինի «Ճամփորդություն գիշերից անդին» (Voyage au bout de la nuit) վեպը համարվում է 20-րդ դարի ֆրանսիական գրականության անկյունաքարային գործերից մեկը:

 

Վեպը հատկապես հայտնի է իր ոճով` խոսակցական լեզվի եւ ժարգոնի մի յուրահատուկ համադրությամբ: Այն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր կյանքի բնականոն հունից դուրս ընկած եւ հոգեբանական բազմաթիվ փորձությունների ենթարկված մտավորականի դառը եւ միեւնույն ժամանակ հեգնական ինքնախոստովանությունն է:

 

Ֆրանսերենից գիրքը թարգմանել է Նվարդ Վարդանյանը: Լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը «Օտար գիր» մատենաշարով:

Լուսանկարը` «Անտարես» հրատարակչություն

«Վեպը գրված է առաջին դեմքով. պատմում է արվարձանի աղքատ բժիշկը`վեպի գլխավոր կերպարը: Նա նկարագրում է երկու պատերազմների արանքում ընթացող դեպքերը: Այս վեպը որակվել է որպես մինչեւ այդ գոյություն ունեցած գրական լեզվի կանոնների դիտավորյալ ոտնահարում`ոմանց կողմից համարվելով խոտան ստեղծագործություն, այլոց կողմից` որպես գրական գլուխգործոց, ուրիշների կողմից` խեղկատակություն, մյուսների կողմից`մռայլ ողբերգություն: Սակայն այսօր վեպը հայտնվել է դասական վեպերի շարքում`կապվելով ավանդական գրականության հետ»,- նշում է Նվարդ Վարդանյանը:

 

Հեղինակը գրականությունից, գրական լեզվից շատ է հեռացել, խոսում է ժողովրդական լեզվով, ինչը սակայն հնարավոր չէ ճշգրտությամբ դասել որեւէ խոսվածքի մեջ կամ համարել ուսումնասիրված խոսվածք, որովհետեւ դա Սելինի լեզուն է: Կա նաեւ այսպես կոչված «Սելինի բառարան»: 

 

Սելինը Մարսել Պրուստի ժամանակակիցն է, եւ իրեն համարում է հակապրուստական` բացահայտորեն հակադրվելով նրա հղկված դասական  շարադրանքին ու ոճին: Դա չի խանգարել, որ նրանց անունները կողք կողքի հանդես գան` համարվելով  20-րդ դարի ֆրանսիական գրականության տիտաններ:

 

«Երկուսն էլ ես եմ թարգմանել, այնքան հակադիր բեւեռներ են` արտահայտման ձեւով, ոճով, կարծես մեկը բարձր դասի համար է գրում, մյուսը` ժողովրդի», - ասում է Նվարդ Վարդանյանը:

 

«Պրուստի մոտ երկար նախադասություններ են` մեկ էջանոց, մի մտքից բխում է մյուս միտքը, ուզում է արագ-արագ շարունակել, դրա համար մեկ նախադասություն է ստացվում: Հետո հիշում է, որ սկզբում սա էր ասել, մի քիչ հեռացել, նորից  է մոտենում: Մենք իրավունք չունենք հատելու նրա նախադասությունները: Եթե հատենք, ուրեմն չենք թարգմանել Պրուստին, վերծանել ենք: Սելինի մոտ ճիշտ հակառակն է, նրա մոտ նախադասությունները կարող են ավարտ չունենալ, թողնում է, որ ընթերցողն ինքը կռահի: Բայց ամեն պարբերությունից հետո փիլիսոփայական մտքով ամփոփում է ասելիքը` այդ մի փոքրիկ նախադասությամբ վերադառնալով գրական լեզվին: Ունի գեղեցիկ նկարագրություններ` ժողովրդական լեզվով, բայց   կարդալուց թվում է, թե գրական ֆրանսերենով է գրված: Եթե թարգմանիչը դրանք չի կռահում, կարող ենք ասել, որ Սելին չի թարգմանել»:

Նվարդ Վարդանյանը Նվարդ Վարդանյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Վեպում դեպքերը հաջորդում են իրար, որոնց կապող օղակը Բարդամյուն է: Նույն կերպարը հանդես է գալիս նաեւ Ֆերդինանդ անունով: Պատերազմի դաշտում նա Բարդամյու է եւ պատերազմը անվանում է խելագարությամբ լի միջազգային սպանդանոց: Անընդհատ հարց է տալիս` ինչո՞ւ են պատերազմում: Ինքնակամ զինվորագրվում է, այնուհետ` փախչում պատերազմի դաշտից:

 

Թարգմանիչն ընդգծում է,  որ փախչում է  վախկոտի պես. ««Վախ» բառը սկզբից մինչեւ վերջ հեղինակին հետապնդում է: Պիտի կռահի ընթերցողը` ձեւացնո՞ւմ է, թե՞ իրոք այդպես է: Սելինը իր իսկ կերպարի միջոցով բացահայտում է մարդուն: Եվ դա անում է քննադատաբար, ընդգծված սատիրայով»:

 

Հարց է առաջանում` Ֆերդինանդ-Բարդամյուի ճամփորդությունը, երջանկության փնտրտուքը հասցնո՞ւմ է նրան գիշերից անդին:

 

Թարգմանիչը նշում է, որ վերնագիրը պետք է լիներ մինչեւ անդին, մինչեւ գիշերից անցնելը: Վստահեցնում, որ անդին բառի օգտագործմամբ չենք մեղանչում հեղինակի դեմ` այն իմաստով, որ նա հասնում է գիշերվա ավարտին, բայց այն կողմում տեսնում է լույսը: 

Լուի-Ֆերդինանդ Սելինը Լուի-Ֆերդինանդ Սելինը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Ֆրանսիացի գրողի` 1932-ին հրատարակված գիրքը նոր է հասնում հայ ընթերցողին:  Ի՞նչ կարող է ասել այն այսօրվա ընթերցողին:

 

«Այսօր պահանջները գրականության հանդեպ ընդարձակվել են: Եթե ֆրանսիացին այսօր կարդում է Սելին, հետաքրքրվում, հայ ընթերցողն էլ կկարդա ու նույն զգացողությունը կունենա, եթե, իհարկե, ճիշտ մատուցվի: Երբ մտնում ես Սելինի աշխարհը, շատ դժվար ես դուրս գալիս այնտեղից: Դրանում է նրա մեծությունը»:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին