Վոյնովիչի «Տիրուհին» եւ ազատություն-ավանդույթ կոնֆլիկտը - Mediamax.am

exclusive
4165 դիտում

Վոյնովիչի «Տիրուհին» եւ ազատություն-ավանդույթ կոնֆլիկտը


Վլադիմիր Վոյնովիչը
Վլադիմիր Վոյնովիչը

Լուսանկարը` Wikimedia Commons

Լուսանկարը` «Անտարես» հրատարակչություն

Ներսես Աթաբեկյանը
Ներսես Աթաբեկյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


«Անտարես» հրատարակչությունը Ներսես Աթաբեկյանի թարգմանությամբ լույս է ընծայել ռուս հայտնի գրող Վլադիմիր Վոյնովիչի «Տիրուհին» վիպակը: Վոյնովիչն ակտիվ իրավապաշտպան գործունեություն էր ծավալել 70-ականներին, ինչի հետեւանքով 1974-ին հեռացվեց ՍՍՀՄ գրողների միությունից, իսկ 1981-ին զրկվեց սովետական քաղաքացիությունից: Երկրից հարկադրված արտագաղթած գրողը 1990-ականների սկզբին վերադարձել է  Ռուսաստան: Ներկայում ապրում ու ստեղծագործում է Մերձմոսկվայում:

 

1968 -ին գրված  «Տիրուհին» վիպակի հիմքում այլաբանական դիտարկումներ են: Սյուժեն`առասպելական: Անտառի ու ծովի արանքում մեկուսած գյուղակը կառավարում էր ծովի ու անտառի տիրակալը`Հոգին: Հոգին փոխանորդ ուներ երկրի վրա` նրա կինը` Տիրուհին, ում ընտրում էին ամենատարեցներն ու ամենաիմաստունները:

 

- Պարոն Աթաբեկյան, ինչո՞վ է պայմանավորված վիպակի ընտրությունը:

 

 -Վլադիմիր Վոյնովիչը ռուսական վտարանդության երրորդ ալիքից է եւ այլախոհական գրականության նշանավոր ներկայացուցիչներից: Չնայած՝ «այլախոհական» ձեւակերպումը չեմ սիրում. նրա գրականության համար ավելի դիպուկ կլիներ, թերեւս, «պարականոն»-ը, քանի որ, ըստ էության, զուգահեռ իրականություն է ստեղծում (նույն կերպ՝ դիսիդենտ-այլախոհ չէին ո՛չ Բրոդսկին, ո՛չ Վիսոցկին, ո՛չ Օկուջավան…):

 

Մի խոսքով, Վոյնովիչի գրականությունը վաղուց եմ սիրում ու թվում էր՝ հիմնավոր կարդացել եմ, բայց մի անգամ «Անտարեսի» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հարցրեց՝ «Տիրուհին» կարդացե՞լ ես, հրաշք գործ է: Կարդացի ու հասկացա, որ վիպակի հայերենն էլ եմ ուզում կարդալ: Այդպես է, գրականության մեջ, ինչպես կյանքում, պատահականությունն անհրաժեշտ է, որ օրինաչափությունը կատարվի:

 

 -Հեղինակը դեպքերն ու իրադարձությունները ներկայացնում է որոշակի անվստահությամբ եւ կասկածանքով, ավելի շատ ցանկանում է լսել ընթերցողների տարբերակը: Ինչո՞ւ, որովհետեւ միանշանակ ոչինչ չի՞ ասվում և իրարամերժ խնդի՞ր է բարձրացվում:

 

-Կյանքը ոչ մեկն է, ոչ էլ միանշանակ: Կյանքը բազմապատկիր առնվազն յոթ միլիարդով, էդ յոթ միլիարդը՝ անցյալով, ներկայով ու ապառնիով, ստացածդ բազմապատկիր յոթ միլիարդ հայացքով ու տեսակետով, էդքանն էլ՝ ամեն հայացքի ու տեսակետի անընդհատ փոփոխությամբ: Ի՞նչ ստացվեց. մի անսահմանություն, ուր տեքստը, նկարը, քանդակը, մեղեդին ընդամենը ակնթարթի հայտածում են: Եվ իմ հայտածմանը զուգահեռ կա քո, մյուսի, երրորդի, բոլորի տարբերակը: Սա է այն, ինչին ասում ենք, տվյալ դեպքում, «անվստահություն» ու «կասկածանք»: Քանի կամ՝ կասկածում եմ:

Ներսես Աթաբեկյանը Ներսես Աթաբեկյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

-Վիպակը հավատի՞, թե՞ անհավատության մասին է, անձնազոհությա՞ն, թե՞ անտեղի զոհաբերության:

 

-Կամքի ազատության մասին է: Ոչ թե հավատի, այլ հավատի իրացման խնդիր է: Չի ասում «Ես չեմ ուզում Աստված լինի», ասում է «Ես չեմ ուզում Աստված լինել»: Բայց ահա մարդու ազատությունը զոհաբերվում է համայնքի գոյության անհրաժեշտությանը: Այդպիսի զոհաբերություններն անհամար են մարդկության պատմության մեջ: Ի վերջո, ինչի՞ մասին է Տիրոջ խնդրանքը Գեթսեմանում. «Հայր իմ, եթե կարելի է, թող այս գավաթն ինձնից անցնի, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»:  Ինչ վերաբերում է սիրո զոհաբերությանը հանրային ավանդակարգին, հեռու չգնանք՝ Ֆրանչեսկայի ու Պաոլոյի պատմությունից մինչեւ Անուշ ու Սարո նույնը չէ՞…

 

- Գրինյկան եւ Մանյկան հեղինակի՞ հնարած կերպարներն են, թե՞ նախատիպ ունեն:

 

-Ավելի շուտ՝ ավանդազրույց է, նաեւ ծիսական երգերի հրաշալի ոճավորումները, ծեսերի, տարազի, կենցաղի  նկարագրությունները դա են հուշում: Բայց հեղինակը ոչ թե ավանդազրույցի գրական տարբերակի խնդիր է դրել, այլ ազատություն-ավանդույթ կոնֆլիկտի համամարդկայնության քննության: Վիպակի հենց սկզբում է ասում՝ «Այս պատմությունը շատերից եմ լսել: Ոմանք ասում էի՝ վաղո՜ւց, վաղո՜ւց է պատահել այս ամենը՝ տասներեքերորդ թե տասնչորսերորդ դարում, ինչ-որ տեղ Սիբիրում, ոմանք էլ՝ Վոլգայի ափին, իսկ տարեցները պնդում էին, թե՝ հյուսիսում, ցուրտ ծովի եզերքին: Ես հավատացի ծերերին ու պատկերացրի՝ ինչպես է եղել»: Այս ամենուրեքությունից էլ՝ հերոսների նախատիպերը. Նախատիպեր, անշուշտ,  կան եւ կան բոլոր ժողովուրդների ու ժամանակների մեջ:

 

- Գրքի վերջում տեսնում ենք, որ  երկչոտ ճռռոցով ինչ-որ դուռ է բացվում հավատի համար: Սա նշանակում է որեւէ հավատ անպայմա՞ն է:

 

-Հավասարների հանրությունն անկառավարելի է, հետեւաբար՝ ապագա չունի: Հիշո՞ւմ ես Օրուելի երկանդամ բանաձեւը. «Բոլոր անասունները հավասար են»-«Բոլոր անասունները հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են»: Առաջին բաղադրիչը խռովության շրջանին է վերաբերում, երբ հասարակություն չկա (հեղափոխությունը քաոս է), երկրորդը վերաբերում է քաոսից ձեւավորվող հասարակությանը, որ կառույց է դառնում միայն կառավարելիությամբ: Բարձրյալին կուզես Կայծակ ասա, Էլոհիմ կամ Նիբիրուի պատվիրակ ասա, արմա՜տն է կարեւոր՝ ԲԱՐՁՐ, ասել է թե՝ ինձնից վեր, ուժեղ, խելացի, որին ենթարկվելն իմ որոշելիքը չի, անքննելի է:

Լուսանկարը` «Անտարես» հրատարակչություն

Այս համակարգը փոխարինի հավասարների կառույցով, մի ժամից իրար կուտեն, չէ՞: Որովհետեւ, եթե դու իմ հավասարն ես, իմ օրենսդիրը լինել չես կարող: Իսկ եթե չկա օրենսդիր, չկա եւ օրենք, հետեւաբար՝ հանրություն էլ չկա: Իսկ մարդը հասարակական կենդանի է եւ այլ կերպ որպես քաղաքակրթական միավոր գոյություն ունենալ չի կարող: Այստեղից էլ վիպակի վերջում Կուզիկի հարցը «Բա հիմա առանց հավատի ո՞նց ենք ապրելու», եւ բացվող դռան երկչոտ ճռռոցը վիպակի վերջում…

 

- 21-րդ դարում ոչինչ չի՞ փոխվել մարկային գիտակցության մեջ: Ի՞նչ կարող է ասել «Տիրուհին»  մեր  ժամանակի ընթերցողին:

 

-Իսկ 21-րդ դարում ի՞նչ է փոխվել մարդկային գիտակցության մեջ: Ավելի մարդասե՞ր ենք, ավելի անանձնակա՞ն ենք, ավելի աննյութապա՞շտ ենք: Տերը մեզ ստեղծեց, որ ըստ Իր պատկերի ու նմանության դառնանք: Քանի՞ քայլ ենք արել այդ ճանապարհին: Ի՞նչ է, վերացել են Աֆանասյիչները, որ Աստծո (վիպակում՝ Հոգու) հավատարմատար խաղալով՝ կառավարում են մարդկությունը: Մարդիկ նույն կերպ չե՞ն հրմշտում իրար Տիրուհի օծվելու հերթում: Մարդիկ նույն կերպ չե՞ն խաբում, կեղծում, նվաստացնում միմյանց: Մեր ժամանակներում, ինչպես որ բոլոր ժամանակներում, նույն մի բուռն է, որ ասում է «Ես չեմ ուզում Աստված լինել», եւ աշխարհն էլ դեռ կա այդ քչերի՛ շնորհիվ: Իսկ մնացածը… Դուրս արի փողոց, միացրու հեռուստացույցը, մտիր ֆեյսբուք՝  կտեսնես…

 

Սա է 21-րդ դարի մարդկային գիտակցությունը, ուստի «Տիրուհին» ասելիք ունի մեր ժամանակի ընթերցողին, իհարկե, եթե այդ ընթերցողը լսելիք ու լսելու ցանկություն ունի:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին