«Ջինսի սերունդը»՝ ազատության եւ օրենքի սահմանին - Mediamax.am

exclusive
4916 դիտում

«Ջինսի սերունդը»՝ ազատության եւ օրենքի սահմանին


Լուսանկարը` Արմեն Գասպարյան

Լուսանկարը` «Անտարես» հրատարակչություն

Էսմերալդա Երիցյանը եւ Դաթո Տուրաշվիլին
Էսմերալդա Երիցյանը եւ Դաթո Տուրաշվիլին

Լուսանկարը` Է. Երիցյանի արխիվից


Վրաց արձակագիր Դաթո Տուրաշվիլու «Ջինսի սերունդը» վեպը երիտասարդների մասին է, որոնց ձգում էր Ամերիկան  եւ ազատությունը: Վեպի սյուժեն հիմնված է իրական իրադարձությունների վրա։ 1983 թվականի նոյեմբերի 18-ին մի խումբ վրացի  երիտասարդներ Թբիլիսիի օդանավակայանում փորձում են առեւանգել ՏՈՒ-134 ինքնաթիռը՝ ԽՍՀՄ-ից փախուստ գործելու նպատակով։ Մասնակիցների մի մասը սպանվում է վնասազերծման գործողության ընթացքում, իսկ մյուս անդամներն էլ դատարանի կողմից դատապարտվում են մահապատժի եւ ազատազրկման։

 

Վրաց գրողի համար երիտասարդները ոչ թե ահաբեկիչներ են, այլ մարդիկ, որոնք ցանկանում են ապրել ազատության մեջ: «Ջինսի սերունդը» հեղինակի ամենահայտնի գործերից մեկն է: «Անտարես» հրատարակչությունը գիրքը հայ ընթերցողին է ներկայացնում Էսմերալդա Երիցյանի թարգմանությամբ:

 

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք` ինչո՞վ է պայմանավորված հեղինակի ընտրությունը:

 

- Տուրաշվիլին Վրաստանի ամենահանրաճանաչ ժամանակակից գրողն է: Շատ

երկրներում հիմնականում վաճառվում են արտասահմանցի գրողների ստեղծագործությունները, իսկ Վրաստանում ամենավաճառված գրքերի առաջատար դիրքերում Դաթո Տուրաշվիլին:

 

-Ինչո՞վ Ձեզ գրավեց  «Ջինսի սերունդը»:

 

-Այս գրքում Տուրաշվիլին ներկայացնում է «ջինսի սերնդի» վառ, հետաքրքիր, տաղանդավոր ներկայացուցիչներին, որ ազատության ճանապարհը ընտրելիս`  շրջանցում են օրենքը, ինչն, իհարկե, սխալ է: Անկախ նրանից, թե ինչ բարձր ու վսեմ գաղափարներով են առաջնորդվել, նրանք անցել են օրենքի սահմանը եւ պետք է պատիժ կրեն: Սակայն այդ «օրենքը» գտնվում է նենգ, տգետ մարդկանց ձեռքին եւ անօրինականությամբ է պատասխանում օրինազանցներին: Իբրեւ օրինակ`կնոջը հարկադրաբար աբորտ անելը արդարացի պատժի ձեւ լինել չի կարող: Տուրաշվիլին ցույց է տալի նաեւ, որ խորհրդային կայսրությունում առկա կեղտը, տականքը,  արմատներն այնքան խորն է գցել, որ այսօր էլ դրանց սերմերը տեսնում ենք:

Լուսանկարը` «Անտարես» հրատարակչություն

- Գրողը հավատարի՞մ է մնացել բուն նյութին, դեպքին առնչվող փաստերին:

 

- «Ջինսի սերունդը» հիմնված է իրական փաստերի վրա, բայց  գեղարվեստական ստեղծագործություն է: Տուրաշվիլին երբեք չի ասում` սա եղել է, նա ասում է` ես գրող եմ: Օրինակ, գրքում  դրվագ կա, երբ բանտարկյալներից մեկին պետք է մահապատժի ենթարկեն, մյուսները սկսում են երգել` ցույց տալով, որ իր հետ են: Այս հատվածը հորինված է: Տուրաշվիլին ասում է` ես չգիտեմ, նրանք ոնց են շփվում իրար հետ, բայց ես այդպես կանեի:

 

Վեպի ընտրությունը «Անտարես» հրատարակչությանն է, սակայն թարգմանչի` Էսմերալդա Երիցյանի համար այն ունի նաեւ իր նախապատմությունը:

 

- Դեռեւս Թբիլիսիում՝ իմ դպրոցական տարիներին տեսել եմ վեպի թատերական ներկայացման աֆիշան ու միշտ երազել եմ գումար ունենալ ներկայացումը դիտելու համար: Ներկայացումը մեծ աղմուկ էր հանել Վրաստանում: Երբ արդեն ուսանող էի Հայաստանում եւ հրատարակչից ստացա վեպը թարգմանելու առաջարկը, համարեցի, որ իմ մեծ երազանքը կատարվեց սպասվածից ավելին: Բնականաբար, սիրով, մեծ ուրախությամբ եւ հաճույքով սկսեցի թարգմանությունը:

 

- Սա քաղաքակա՞ն վեպ է` ուղված խորհրդային ռեժիմի դեմ, թե՞ դրամատիկ պատմություն` ազատության տենչի, խորտակված երազների մասին:

 

- Ամեն ընթերցողի համար դա անհատական է: Բարեբախտաբար, ես հետխորհրդային տարիների ծնունդ եմ, թեեւ խորհրդային տարիներից մնացած շատ բացասական երեւույթների կրող եմ: Յուրաքանչյուր էջի թարգմանության ընթացքում, ես հերթական անգամ, ավելի ու ավելի էի ատում խորհրդային տարիների, կամ ինչպես վեպում է ասվում՝ սովետի ռեժիմը: Սա վեպ է մի ամբողջ ժամանակահատվածի մասին, որտեղ կա եւ՛ քաղաքականություն, եւ՛ սեր, եւ երիտասարդական երազանքներ:

 

-Որքանո՞վ են օբյեկտիվ հեղինակի դիտարկումները: Կա տեսակետ, որ  երիտասարդ ահաբեկիչները պաշտոնյաների սանձարձակ երեխաներն են, որոնք հերոսանալու, աղմուկ հանելու փորձ են արել:

 

- Վեպը հիմնված է իրական փաստերի վրա, բայց հեղինակի մեծությունը կայանում է նրանում, որ վերջինս կարողացել է այդ պատմական փաստերը, իրադարձությունները ընթերցողին ներկայացնել շատ գեղեցիկ գեղարվեստական մատուցմամբ: Երբեք չեմ լսել այն վարկածը, որ հերոսները ինչ-որ պաշտոնյաների երեխաներ են եղել: Մինչ հիմա էլ այդ հերոսների վերաբերյալ որեւէ բացասական կարծիք չես լսի Թբիլիսիում, թեեւ բավականին ժամանակ է անցել վեպի դեպքերից:

Էսմերալդա Երիցյանը եւ Դաթո Տուրաշվիլին Էսմերալդա Երիցյանը եւ Դաթո Տուրաշվիլին

Լուսանկարը` Է. Երիցյանի արխիվից

Վեպը մի քանի հրատարակություն է ունեցել հենց Վրաստանում, թարգմանվել է ավելի քան տասը լեզուներով եւ արդեն քանի տարի է վեպի թատերական ներկայացումը չի իջնում բեմից: Ներկայացման տոմս ձեռք բերելը մինչեւ հիմա էլ այնքան դժվար է, որքան խորհրդային տարիներին՝ ջինս ունենալը:

 

-Ի՞նչ ուղենիշ կարող են լինել վեպի հերոսների արկածն ու ձախողումը երիտասարդ ընթերցողի համար` լավ ու վատ իմաստով:

 

-Եթե պլաստմասե նռնակով ինքնաթիռ առեւանգելն իրական վտանգ կարող է ներկայացնել ժամանակակից երիտասարդների համար, ապա համոզված եմ, որ դա չարյաց փոքրագույնն է այն ամենի համեմատ, ինչ կատարվում է իրական կյանքում՝ ամեն օր, ամեն պահ եւ ամեն բնագավառում: Հակառակը՝ հերոսների վարքագիծը փայլուն օրինակ կարող է ծառայել ցանկացած ռեժիմի տակ գիտակցված կամ անգիտակից ապրող «քաղաքացու» համար:

 

-Ինչպիսի՞ն էր թարգմանության ընթացքը:

 

- Սա գեղարվեստական թարգմանության իմ առաջին, բայց, կարծում եմ, հաջողված փորձն էր: Պատճառն այն էր, որ մեծ սիրով եմ մոտեցել գործին: Թարգմանության դժվարություններից ինձ մասամբ ապահովագրեց այն հանգամանքը, որ վրացական մշակույթի ուղիղ կրողն եմ եղել՝ ծնվել եւ 18 տարի ապրել եմ Վրաստանում:

 

Հիմնականում բարդությունները լեզվամտածողության հետ էին կապված. հատկապես ժարգոնային արտահայտությունների թարգմանության պարագայում:

 

Կարծում եմ, հայ ընթերցողը կսիրի այս վեպը, ուրախ կլինեմ, որ ծանոթանան նաեւ հեղինակի մյուս գործերին, որոնք մեկը մյուսից լավն են: Ես սիրով պատրաստ եմ Դաթո Տուրաշվիլու ցանկացած գործի թարգմանությանը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին