«Ֆարենհայթ 451»` փորձելով կանխել ապագան - Mediamax.am

exclusive
6877 դիտում

«Ֆարենհայթ 451»` փորձելով կանխել ապագան


Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

Լուսինե Հարոյանը
Լուսինե Հարոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն


«Զանգակ» հրատարակչությունը Լուսինե Հարոյանի թարգմանությամբ լույս է ընծայել Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը («Fahrenheit 451»): 1953-ին հրապարակված այս վեպը Բրեդբըրիի ամենահայտնի ստեղծագործությունն է։

 

451 աստիճանն` ըստ Ֆարենհայթի, թղթի բռնկման ջերմաստիճանն է։ Արգելված գրքերը ենթակա են այրման։ Այդ աշխատանքով զբաղվում են հրշեջները՝ մտնելով խախտողների տուն եւ այրելով ամեն ինչ:

 

Մեր զրուցակիցը Լուսինե Հարոյանն է:

 

-Վեպն առաջին անգամ հայերեն է հրատարակվել 1986-ին` Լեւոն Անանյանի թարգմանությամբ: Ինչո՞վ է առանձնանում  Բրեդբըրիի հանրահայտ վեպի նոր թարգմանությունը, ի՞նչ տարբերություններ է տեսնելու ընթերցողը:

 

-Ես կարող եմ ասել իմ փորձառության մասին: Թարգմանելիս փորձում ես կիսել հեղինակի խոհերը, կոդազերծել տեքստը ոչ միայն տեքստի մակարդակում, այլ նաեւ հեղինակի ապրած ժամանակաշրջանի այն միտումների համատեքստում, որոնց անդրադարձել է հեղինակը: Թեեւ շատ հավակնոտ կհնչի ասել, թե կարողանում ես դա անել ամբողջովին: Երբեք չես իմանա` որքան մոտեցար տեքստին, որովհետեւ, մեկ է, քո միջով ես անցկացնում այն: Այս իմաստով յուրաքանչյուր թարգմանություն արդեն իսկ ոտնձգություն է բնագրի հանդեպ: Յուրաքանչյուր թարգմանական արարք բառիս ամենաուղղակի իմաստով մեղսագործության արարք է, որովհետեւ ամբողջովին իրականանում է այն դողացող գծի վրա, որտեղ հեղինակը զրուցում է ընթերցողի հետ, իր ընթերցողի:

 

Որպես թարգմանիչ՝ կանգնում ես հեղինակի ամենաանմիջական, բայց միեւնույն ժամանակ ամենաանթափանց հույզերն իր ընթերցողին ավանդելու դողացող գծին, եւ պարտավոր ես գիտակցել, որ լծվել ես անթարգմանելին թարգմանելու, անմեկնելին մեկնելու, այն ավելորդ երրորդը լինելու անշնորհակալ գործին:

Լուսինե Հարոյանը Լուսինե Հարոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Թարգմանությունն, այսպիսով, բնագրին հնարավորինս մոտ լինելու հավակնությունն ունի, եթե թարգմանիչն ամենայն խորությամբ գիտակցում է իր արարքի ողջ անհեթեթությունը, եւ իր ընթերցողը ստեղծելու պատրանքներ չունի: Կատարյալ թարգմանություններ չկան, եւ դա է պատճառ է, որ միեւնույն ստեղծագործությանը մեկից ավելի թարգմանական անդրադարձներ են լինում:

 

Լուսահոգի Լեւոն Անանյանը հրաշալի է թարգմանել այս գործը: Երկու թարգմանությունների դեպքում էլ, հնարավորինս բնագրին մոտ լինելու ջանք է դրվել:  Իհարկե, նույնը լինել չեն կարող. դու քո կրծքի տակ տրոփող սրտով ես թարգմանել, նախորդ թարգմանիչն` իր: Շատ կարեւոր է նաեւ, որ գրքերն այսօր ռուսական ավանդույթով չեն «ճամփորդում»` նոր միայն գալիս մեր իրականություն: Շատ կարեւոր է, ի վերջո, այդ ավանդույթից ազատվել եւ ունենալ բնագրային թարգմանություններ:

 

- Վերնագրում արդեն իսկ փոփոխությունն ակնհայտ է:  «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»-ն դարձել է «Ֆարենհայթ 451»:

 

-Ինձ թվում է վերնագիրը շատ հարիր է այսօրվա կյանքի ռիթմին: Մեր կյանքի զարկերակն այս վերնագրի մեջ կա` «Ֆարենհայթ 451»: Եթե ընթերցողը անգլերեն գիտի  եւ բնագրի լեզուն զգում է, անգլերենի ճկունությունն ու զարկերակը նույնպես կզգա վերնագրում:

 

-Վեպը ժամանակին գրաքննության է ենթարկվել, որոշ հատվածներ փոփոխվել են, կրճատվել: Ամբողջական օրինակը հրատարակվել է 1980-ին: Ինչո՞վ  էր պայմանավորված քննադատության ալիքը:

 

- Սա կապիտալիզմի բարքերը քննադատող կամ վերծանել փորձող գիրք է, որը գրվել է կապիտալիզմի հենց սրտում: Բնականաբար, լուրջ քննադատության պետք է ենթարկվեր: 

 

 -Կար կարծիք, որ վեպը քննադատում է ընդհանուր գրաքննությունը, սակայն Բրեդբըրին ինքը հերքել է դա. հարցազրույցներում մեկում նա ասել է, որ «Ֆարենհայթը» պատմություն է նրա մասին, թե ինչպես է հեռուստատեսությունը անհետաքրքիր դարձնում գրքի ընթերցանությունը: Այսինքն` մեծ հաշվով այն զանգվածային մշակույթի՞ քննադատություն  է:

 

-Ավելի խորը, քան զանգվածային լրատվամիջոցների եւ բոլոր տեսակի զվարճանք ապահովող միջոցների քննադատությունը: Կարծում եմ` նա հստակ այդ ամենի հետեւում տեսնում էր քաղաքական ժեստ, միտում` հասարակությունն այդպիսին դարձնելու: Այնպիսին, որպիսին կա այսօր` սպառողական հասարակություն, որը գործիք է կապիտալիզմի համար:

 

- Գրքերի ոչնչացման մեկ այլ տարբերակի են առնչվում վեպում: Ասվում  է, որ հրկիզողների կարիքը հազվադեպ է զգացվում, մարդիկ ինքնակամ այլեւս գիրք չեն կարդում։

 

- Դա կարծեմ հրկիզապետն է ասում գրքի գլխավոր հերոսին՝ հրշեջ Գայ Մոնթագին: Իրականում այդ հասարակության այլանդակությունն ամբողջովին մերկանում է հենց այստեղ: Հենց սա է սպառողական հասարակության ամբողջ ճգնաժամը: Մարդիկ արդեն ինքնակամ չէին ուզում գիրք կարդալ: Հենց նոր նշածս քաղաքական ժեստը տասնամյակների ընթացքում մարդուն վերածեց սպառողի, զվարճանքի տուրք տվող ռոբոտի:

 

-Վեպը  գիտաֆանտաստի՞կ ժանրում է:

 

-Սոցիալական ֆանտաստիկա է: Հեղինակը սոցիալական հասարակություն է ստեղծել,  սրել է այդ հասարակության բոլոր բացասական միտումները եւ ներկայացրել  սոցիալական մի մետաիրականություն` վեպին հզոր մոգական պատկերայնություն տալու համար:

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

Գիտական հղումները` մեխանիկական շունը, ուղղաթիռիները, որ ցանկացած պահի վերածվում են մեքենաների` հանցագործներին փնտրելու, հալածելու գործընթացն ավելի արագացնելու համար, խորհրդանշական են: Վեպում գիտատեխնիկական զարգացման շեշտադրում չկա: Սոցիալական ֆանտաստիկան է սրված:

 

-«Պատկերել մանրամասները, նոր մանրամասներ։ Լավ գրողները սերտ շփման մեջ են կյանքի հետ։ Միջակները սոսկ հպանցիկ սահում են մակերեսով, իսկ վատերը բռնաբարում են այն եւ թողնում ճանճերին կեր»,- գրքի որակի այսպիսի սահմանում է տրվում գրքում: Ասում է նաեւ. «Այս գիրքը ծակոտիներ ունի, շնչում է։ Դիմագիծ ունի։ Կարելի է ուսումնասիրել մանրադիտակով։ Եվ դուք նրա մեջ կգտնեք կյանք, եռուն կյանք, որ հորդում է ձեր առջեւ իր անսպառ բազմազանությամբ»: Ի՞նչ է ասում հեղինակն այս սահմանումներով:

 

-Կարծում եմ ուզում է ասել այն, ինչ բոլոր ժամանակներում հաստատված աքսիոմա է. արվեստը, տվյալ դեպքում գրականությունը, քեզ մատաղ անելու պես բան է, զոհաբերում ես քեզ, ոչնչանում ես այդ գրականության մեջ, որ ստեղծես այն, ինչ արժանի է բազմահազար կամ միլիոնավոր ընթերցողների դատին ներկայացնելու համար: Չես կարող բարեկեցիկ կյանքով ապրել, լինել բարեպաշտ ու գրականություն ստեղծել: Պետք է լինես կյանքի երակի, կյանքի ռիթմի մեջ, լավ ու վատ կողմերը տեսնես, զգաս, ապրես, որ քեզ իրավունք վերապահես կամ հավակնություն ունենաս գրականություն մեջ լինելու:

 

-Դեպի ապագա տանող ուղին  ինչպիսի՞ն է` ըստ Բրեդբըրիի:

 

-Բրեդբըրին այդքան խոսում էր գրքերի այրումից, բայց լավատես էր: Նա հավատում էր փոքրաթիվ ինտելեկտուալներին, որոնց վրա կառուցվում է մարդկության պատմությունը: Ինքը ամբոխներին հավատացող հեղինակ չէ, ոչ էլ այս գիրքը հղում է անում այդպիսի հավակնությունների: Հիշո՞ւմ եք` ասում էր գիրք-մարդիկ են  մարդկության ավանդույթը տանելու դարերի միջով: Այսինքն, ինչ ուզում են անեն, ինչքան էլ սպառողական հասարակությանը կարողանան կառավարել, մեկ է, լինելու են փոքրաթիվ ինտելեկտուալները, որոնք ավանդած արժեքները ավանդույթի ուժով տանելու են ապագայի միջով: Նա հավատում էր ինտելեկտուալ ազատությանը եւ այն փոքրաթիվ մարդկանց, ովքեր կարող էին ինչ-որ բան փոխել, հակառակ գնալ իրենց հասարակության մեջ ընդունված կործանարար միտումներին: Եվ ինձ համար այդպիսի պատկերացումն ամենեւին էլ նաիվ չէ, որովհետեւ երբ դիտարկում ենք մարդկության պատմությունը, տեսնում ենք, որ այդպես էլ կա:

 

- Թարգմանական դժվարությունների մասն ի՞նչ կասեք:

 

- Մեծ փորձություն եւ փորձառություն է, երբ  2015-ին թարգմանում ես հիսունականներին գրված մի գիրք 2000-ակաների մասին: Այսինքն՝ հետարդիական իրադրության մեջ փորձում ես թարգմանել մի գիրք, որը փորձել է կանխագործել այդ իրադրությունը: Թարգմանում ես մի հեղինակի, ով ժամանակի իր միավորի մեջ, գրել է քո ժամանակի մասին, եւ դու թարգմանելիս զգում ես, որ իր կողմից որպես թիրախ ընտրված ժամանակը շարունակականության միտում ունի:

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

Քո տեսլականում հայտածվում է էլի մի հիսուն տարի այն կողմ ձգվող ժամանակը՝ Բրեդբըրիի կանխագործած ժամանակը, եւ դու սարսափով բացահայտում ես, որ ոչ բոլոր ծածկագրերն ես կոդազերծել: Վեպն ինձ այդ առումով է գայթակղել: Իրենում ապագային անընդհատ ձգտելու միտում կա: Իսկ լեզվի հետ կապված դժվարությունները մարտահրավերներ էին, որոնք հաճույքով եմ հաղթահարել:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին