Գոլդինգի «Ճանճերի տերը»՝ երբ զարթնում է ներքին գազանը - Mediamax.am

exclusive
5999 դիտում

Գոլդինգի «Ճանճերի տերը»՝ երբ զարթնում է ներքին գազանը


Երեխաները թաքնվել են օդային ռմբակոծումից Քիշնեւի արվարձանում, 1941թ.
Երեխաները թաքնվել են օդային ռմբակոծումից Քիշնեւի արվարձանում, 1941թ.

Լուսանկարը` Բորիս Յարոսլավցեւ

ճանճերի տերը
ճանճերի տերը

Լուսանկարը` Անտարես

Արտաշես Էմինը
Արտաշես Էմինը

Լուսանկարը` անձնական արխիվից

Վիլյամ Գոլդինգը
Վիլյամ Գոլդինգը

«Անտարես» հրատարակչությունը «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով ներկայացնում է Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» (Lord of the flies) վեպը: Առաջին հայացքից «անմարդաբնակ կղզի» թեմայի հերթական տարբերակ թվացող այս պատմությունը հեղինակի փիլիսոփայական ընդհանրացման ձիրքի շնորհիվ դառնում է որոշակի հանգամանքներում մարդկային քաղաքակրթության այլասերման եւ կործանման սթափ զգուշացում: Վեպի կերպարները երեխաներ են, որոնք  միջուկային պատերազմի ժամանակ ինքնաթիռի վայրէջքի արդյունքում հայտնվում են անմարդաբնակ կղզում: 

 

Գիրքը համաշխարհային ճանաչում է գտել որպես անգլիացի արձակագրի լավագույն ստեղծագործությունը: Առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1990-ին: Վեպն անգլերենից թարգմանել է Արտաշես Էմինը:

 

Մեզ հետ զրույցում  նա նշեց, որ գրքի թարգմանությունը բավականին դժվար էր, բայց եւ  հետաքրքիր.

 

«Հեշտ թարգմանություն չի լինում, եւ եթե ուզում ես հաջողված լինի, միշտ պետք է հաղթահարես, այլ ոչ թե խուսանավես: Թարգմանիչը նման է դերասանի, մեկի գրածը պետք է ուրիշին հասցնի, կերպարի մեջ  մտնի, որ կարողանա թարգմանել: Գրքում երեխաներից մեկը օդանավի ձեւեր էր տալիս ու ձայներ հանում: Այդ տեսարանը թարգմանելու համար պետք է ինքդ էլ նույնն անես:  Հիշում եմ, որ  պարբերաբար տեղից վեր էի թռչում,  նմանակում, ինչ-որ ձայներ հանում, որ ճիշտ թարգմանեմ»:

ճանճերի տերը ճանճերի տերը

Լուսանկարը` Անտարես

«Ծայրահեղ չեն արդյո՞ք գրքում տեղ գտած պատկերները, երեխաների աշխարհը թվում է պետք է ավելի անմեղ լիներ» հարցին անդրադառնալով` Արտաշես Էմինը նկատեց, որ գրքում  ներկայացված է մարդկության մոդելը.

 

«Երեխաները շփվել էին մեծերի աշխարհի հետ, ըստ իս` ամեն ինչ փոխառել, սովորել էին: Երեխան նույն մեծ մարդն է նախապատրաստական փուլում: Նրանք կրկնօրինակում են այն, ինչ տեսնում են: Եթե ասում ես մի բան, անում մեկ այլ բան, երեխան արածով կառաջնորդվի: Տեսնում է, չէ՞: Պետք  չէ նրանց թերագնահատել»:

Արտաշես Էմինը Արտաշես Էմինը

Լուսանկարը` անձնական արխիվից

Թարգմանիչը հավելեց նաեւ, որ եթե մի բան ուզում ես շոշափելի կերպով ի ցույց դնել, պիտի մի փոքր ավելի սուր ներկայացնես: Բացի այդ, ինչպես գրքի առաջաբանում նկատում է գրականագետ Վահրամ Դանիելյանը, Գոլդինգը  դասավանդել է արական դպրոցում եւ ծանոթ է տղաներից բաղկացած կոլեկտիվի յուրօրինակ վարքին: Վեպում տեղ գտած շատ նրբերանգներ հենց իր կյանքի այդ փորձառության ժամանակ կուտակած դիտարկումներն են: Գրականագետը նշում է նաեւ, որ վեպը լույս է տեսել 1954-ին`երկրորդ աշխարհամարտի ավարտից մոտ մեկ տասնամյակ անց, եւ իր վրա կրում է պատերազմին մասնակցած եւ բազմաթիվ արհավիրքներ ականատեսած Գոլդինգի մեծ հիասթափության կնիքը մարդ արարածի հանդեպ:

 

«Վեպի բազմաթիվ վերլուծությունները եւ հենց ինքը`հեղինակը, ընդգծում են, որ արտաքին չարիքի, գազանի բացակայությունը առիթ է դառնում, որ տղաների մեջ գլուխ բարձրացնի իրենց մեջ թաքնված ներքին գազանը: Շատ արագ սասանվում է որոշումներ կայացնելու նրանց ընտրած դեմոկրատական մոդելը, եւ իշխանությունը, ընտրության մեխանիզմը շրջանցելով, իր ձեռքն է վերցնում տղաներից մեկը, ով ավելի ուժեղ ու ճարպիկ է գտնվում: Ստեղծվում են երկու հակամարտող խմբեր, որոնցից մեկը հետեւողականորեն ոչնչացնում կամ բռնի ուժով ենթարկեցնում է իրեն մյուս խմբի անդամներին: Այսպիսով պարզվում է, որ գազանը ոչ թե ուրիշ տեղ է, այլ հենց իրենց`քաղաքակիրթ ու ամեն ինչում «լավագույնը» հանդիսացող անգլիացիների մեջ», - նշում է գրականագետը:

 

Գրքի` երեխաների վրա ունեցած ազդեցության մասին Վահրամ Դանիելյանը հետաքրքիր դիտարկում է անում. ««Ճանճերի տերը» ընդգրկված է բրիտանական դպրոցների ծրագրացանկում, ինչը բազմաթիվ քննադատությունների առիթ է տալիս: Նման տեքստի առկայությունը դպրոցականի սեղանին կարծես այդքան էլ միանշանակ որոշում չէ, որովհետեւ երեխաներին Գոլդինգը ամենեւին էլ դրական լույսի տակ չի ներկայացրել, եւ իրենց տարեկիցների մասին այս պատմության ընթերցանությունը կարող է ոչ միանշանակ հետաքրքրությունների մղել»:

Վիլյամ Գոլդինգը Վիլյամ Գոլդինգը

 

1954 թվականին հրատարակվելուց առաջ գիրքը մերժվել է 21 հրատարակչի կողմից: Ի վերջո,  «Faber & Faber» հրատարակչությունը համաձայնվել է տպագրել այն, պայմանով, որ հեղինակը հանի գրքի առաջին մի քանի էջերը, որտեղ նկարագրված են միջուկային պատերազմի սարսափելի տեսարանները: Արդյունքում անհասկանալի է, թե որ պատերազմի ժամանակ են տեղի ունենում իրադարձությունները, չի նշվում նաեւ ավիավթարի պատճառը:

 

1990-ականներին «Ճանճերի տերը» տեղը է գտել Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի կազմած 20-րդ դարի ամենավիճահարույց  գրքերի հարյուրակում, ավելի ուշ «Time» ամսագիրն ընդգրկել է այն 1923-ից հետո լույս տեսած անգլիական ստեղծագործությունների լավագույն հարյուրյակի մեջ:

 

Վիլյամ Գոլդինգը 1980-ին ստացել է Բուկեր մրցանակաբաշխության ժյուրիի գլխավոր պարգեւը, իսկ 1983-ին դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր:

 

Արմինե Սարգսյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին