Ճարտարապետի հոգու երկվությունը Մկրտիչ Արմենի «Երեւան» վեպում - Mediamax.am

exclusive
11420 դիտում

Ճարտարապետի հոգու երկվությունը Մկրտիչ Արմենի «Երեւան» վեպում


Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից

Լուսանկարը` Անտարես

Արամ Պաչյանը
Արամ Պաչյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Մկրտիչ Արմենը
Մկրտիչ Արմենը

Լուսանկարը` Մ. Արմենի լուսանկարը Մեդիամաքսին տրամադրել է Արամ Պաչյանը

Արքմենիկ Նիկողոսյանը
Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Անտարես» հրատարակչությունը Մկրտիչ Արմենի «Երեւան» վեպով նոր մատենաշար եմ սկսում՝«անՎՐԵՊ»: Նախաձեռնության հեղինակ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոր մատենաշարով ներկայացվելու են  գրականության պատմության լուսանցքում մնացած, հանիրավի մոռացված կամ անտեսված արժեքավոր գործեր: 

Արքմենիկ Նիկողոսյանը Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Հիմնական հետազոտական աշխատանքն ինքս եմ անում: Կոնկրետ «Երեւանի» պարագայում ինձ շատ են օգնել Հրաչյա Սարիբեկյանն ու Արամ Պաչյանը: «Երեւանն» առաջին անգամ հրատարկվել է 1931 թվականին, Մոսկվայում: Երկար տարիներ արգելված է եղել: Հետագայում եւս գրեթե չի շրջանառվել եւ չի ներկայացվել Մկրտիչ Արմենի ստեղծագործական նվաճումների համատեքստում:

Մկրտիչ Արմենը Մկրտիչ Արմենը

Լուսանկարը` Մ. Արմենի լուսանկարը Մեդիամաքսին տրամադրել է Արամ Պաչյանը

-Դուք նշել եք, որ Երեւանը» իր ենթատեքստում, կարելի է ասել, նաեւ Ալեքսանդր Թամանյանի գործունեության մասին է, եւ ցույց է տալիս, թե ինչ հրաշքներ են քանդվել թամանյանական Երեւան ստեղծելու համար: Ստացվում է` մենք չէի՞նք կարող նորն ունենալ առանց հինքը քանդելու, ինչ-որ բան  զոհելու:

 

-Ստացվում է այդպես, որովհետեւ բացի ճարտարապետական մտահղացումներից, մենք գործ ունենք նաեւ համակարգերի հետ, որտեղ գաղափարաբանությունը թիվ մեկ դերակատարում ունի: Վեպում գործում են երկու ճարտարապետ`գործող ճարտարապետ Գուրգեն Փարսադանյանը եւ Լենինգրադից հրավիրված Արշակ Բուդաղյանը: Հետաքրքիրն այն է,  որ երկուսն էլ արտաքնապես շատ նման են: Ըստ ամենայնի` Մկրտիչ Արմենը ուզեցել է այս երկու ճարտարապետների կերպարով արտացոլել մեկ ճարտարապետի հոգու երկվությունը: Նրանցից մեկը տեսնում է քաղաքն իր ամբողջ շքեղությամբ, քաղաքի ավանդույթները, ճարտարապետական ոճերը, կառույցներ, որոնք պետք չէ քանդել եւ ամեն անգամ, երբ մտովի հիշում է, ուզում  այցելել,  դուռը բացվում է ու տեսնում է դրանք քանդված: Հարցն այն է, որ Արեւելքը խրհրդային գաղափարաբանության մեջ համաբանվում էր աղաների, բեկերի, խաների կերպարների հետ եւ խորհրդանշում էր ճոխություն, ցոփություն, զեխություն: Խորհրդային գաղափարաբանությամբ` ճարտարապետը չպետք է ստեղծեր քաղաքի ինչ-որ ոճ, որը կհիշեցներ ցոփ ու շվայտ աշխարհը:

 

Կարծում եմ, որ վեպը քննադատություն չէ Ալեքսանդր Թամանյանի հասցեին, այլ ավելի շատ այդ ներքին դրամատիզմի արտացոլումն է: Ամեն դեպքում, ինչքան էլ մենք բարձր գնահատենք Թամանյանի աշխատանքը, ըստ Մկրտիչ Արմենի`Երեւանի գլխավոր ճարտարապետը ստեղծել է խորհրդային քաղաք: Իմ կարծիքով` դա է վեպի գաղափարախոսությունը եւ Թամանյանին ուղղված քննադատության սլաքը: Մյուս կողմից էլ `Մկրտիչ Արմենը  ցույց է տալիս, թե ինչ հրաշքներ են քանդվել թամանյանական Երեւան ստեղծելու համար: Նույն Ծածկած Շուկան, որի ճարտարապետական տեսքն աղավաղելու համար ժողովուրդն այդքան մեծ աղմուկ բարձրացրեց, կառուցվել է եւս մի շատ կարեւոր, ճարտարապետական նշանակություն ունեցող կառույցի փոխարեն: Տեսեք պատմության զավեշտը. մենք այսօր պայքարում ենք մի բանի համար, որ չքանդվի, երբ որ ժամանակին պայքարել ենք, որ դա չկառուցվի:

Լուսանկարը` Անտարես

-Կարելի ՞է ասել, որ վեպը տալիս է վիճելի հարցերի պատասխաններ, օգնում  վերանայել, վերաարժեվորել մեր քաղաքի անցյալը:

 

-Վեպը  կտա շատ հարցերի պատասխաններ, Թամանյանի կերպարի ողբերգությունը, նրա մեծությունը ընկալելու հնարավորություն: Մյուս կողմից`սա այն բացառիկ վեպերից է, որ գրվել է 1931 թվականին, երբ Երեւանը ամբողջությամբ դեռ չէր կառուցվել եւ հինն այդքան չէր ավերվել: Նաեւ ունի ազգագրական մեծ նշանակություն, որովհետեւ գրեթե միլիմետրի ճշտությամբ վերականգնում է քսանականների վերջի, երեսունականների սկզբի մեր մայրաքաղաքի ամբողջական պատկերը`իր թաղամասերով, շենքերով,  այգիներով, իրեն բնորոշ կենցաղով:

 

-«Երեւանը» արժեքավոր է ավելի շատ որպես վավերագրությո՞ւն, թե՞ գեղարվեստական գործ:

 

-Եթե մի քիչ նոստալգիկ տեսանկյունից նայենք, վեպը շատ կարեւոր է որպես վավերագրություն, բայց, կարծում եմ, խորագետ ընթերցողները կաշխատեն վերանալ դրանից եւ կարդալ վեպը` որպես գեղարվեստական բարձրարժեք ստեղծագործություն:  Հրաչյա Սարիբեկյանը վեպի վերջաբանում նշում է վեպում առկա մոդեռնիզմի տարրերի մասին: Ըստ էության` դա խորհրդահայ առաջին մոդեռնիստական վեպն է, ընդ որում այնպիսի հնարքների, մոտեցումների կիրառմամբ, որ զարմանալի են 30-ականների համար: Կարծում եմ` վիպագրության հանդեպ այսօրվա ամենախստապահանջ ընթերցողին անգամ Մկրտիչ Արմենի «Երեւանը» հաճույք կպատճառի:

 

***

 

Մկրտիչ Արմենի «Երեւանի» ուրիշ Երեւանը

 

«Երեւան» գրքի մասին զրուցել ենք նաեւ արձակագիր Արամ Պաչյանի հետ:

 

-Գիրքը մի առ ժամանակ արգելվել է, հետագայում արդեն անտեսվել: Ինչո՞վ կարելի է բացատրել թե' մեկը, թե' մյուսը:

 

-Նախ, որպես ընթերցող ուզում եմ շնորհակալություն հայտնել Հրաչյա Սարիբեկյանին, ով տարիներ առաջ պատմեց Մկրտիչ Արմենի` ինձ համար շատ սիրելի դարձած «Երեւան» վեպի մասին եւ շնորհակալություն հայտնել «Անտարես» հրատարակչությանը, Արքմենիկին: Կատարած գեղեցիկ աշխատանքով նրանք վեպին երկրորդ կյանք տվեցին, մի հրաշալի առիթ եւս մտորելու արեւելահայ արձակի անցած ճանապարհի շուրջ:

 

Մկրտիչ Արմենն իր վեպն ավարտել է 1931-ին, այսինքն, ստալինյան ռեպրեսիաների նախօրեին եւ «Երեւանը» ընթերցելուց հետո միանգամից պարզ է դառնում, որ այն չէր կարող սպրդել գրաքննության մամլիչից: Խորհրդային Հայաստանում 1931-33 թվականներին ո՞վ բարեհաճությամբ կընդուներ մի մոդեռնիստական գործ, որը կասկածի տակ է առնում նոր կառուցվող սիստեմի, դրա աշխարհընկալման բնույթը: Եվ այստեղ ամենակարեւոր՝ թե ինչպես է Արմենը դա անում: Վեպում նա հրաժարվում է խոսել սիստեմի լեզվով: Արմենը խոսում է գրականության լեզվով, կիրառելով մոդեռնիստական վիպարվեստի հետաքրքրական կողմերը, դրանով հարստացնելով առաջին հերթին մեր արձակի հնարավորությունները, մատնանշելով նոր, կենսական ուղիներ: Իսկ թե ինչու է անտեսվել. կարծում եմ մի պարզ պատճառով՝ անկախությունից ի վեր, տասնամյակներ շարունակ համահավաք չի վերափոխվել, չի մտածվել ո՛չ կրթական համակարգը եւ ո՛չ էլ հայ գրականությունը: Ես Մկրտիչ Արմենի վեպը պարտադիր կարգով կընդգրկեի համապատասխան ֆակուլտետների գրականության ծրագրերի մեջ:

Արամ Պաչյանը Արամ Պաչյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

-Վեպն  ի՞նչ ունի ասելու այսօրվա ընթերցողին: 

 

- Դժվար հարց է, որովհետեւ այսօրվա ընթերցողին ճանաչելը այդքան էլ հեշտ գործ չէ: Բայց միանշանակ՝ այն ընթերցողի համար, ում հետաքրքիր է հայ գրականությունը, հայ գրականության պատմությունը, այն քաղաքացուն, ում հետաքրքիր է Երեւանի անցյալը, մեր քաղաքի մոռացված հիշողությունը, Երեւանի ճարտարապետությունը, դրա շուրջ ծավալված եւ դեռ այժմ էլ շարունակվող բանավեճերը, առհասարակ 20-րդ դարի մոդեռնիստական արվեստը, Արմենի վեպը արժեքավոր ու անսպասելի բացահայտում կլինի:

 

-«Երեւանը» հարցերի պատասխան է տալիս, թե՞ նոր հարցեր է առաջ բերում: Առհասարակ, ինչո՞վ է առանձնանում Երեւանին նվիրված այլ գործերից:

 

- Վեպի էջերում պահպանված է քաղաքի թե՛ վավերագրական, եւ թե՛ գեղարվեստական հիշողության մի նմուշ, պատկեր, որն իր բնույթով միակն է: Իհարկե մոտավորապես հենց այդ տարիներին քաղաքը գրելու առանձին դեպքեր եղել են՝ ակնարկներում, էսսեներում, հուշագրություններում, նույնիսկ վեպերում՝ (Ս. Զորյանի «Սպիտակ քաղաքը», Դեմիրճյանի «Նոր մոնումենտալը»), բայց չեմ հիշում մի դեպք, երբ վեպում հին քանդվող ու նոր կառուցվող քաղաքը լինի գլխավոր, առանցքային կերպարներից մեկը՝ իր խառնվածքով, բաղնիսներով, գերեզմանատներով, նեղլիկ փողոցներով, քարավաններով նաեւ նոր կառույցներով, դրանց շուրջ եղած խոհերով: Մ. Արմենը իր վեպում խիստ կարեւոր հարցեր է բարձրացնում: Օրինակ, քաղաքի ճարտարապետության հարցը, որի ներսից բխում է Արեւելք-Արեւմուտք կապակցությունը, համակարգային այլակերպությունները, մշակութաբանական, քաղաքակրթական հակադիմությունը, վեպում արծարծվում են օրիենտալիզմի դրսեւորումները: Եվ ինձ համար եւս մի նշանակալի արարք՝ «Երեւան» վեպում կասկածի տակ է առնվում իրականությունը: Իրականության գերիշխանությունը իր տեղը զիջում է երազին: Կասեի վեպում պատմողներից մեկը՝ հենց երազն է: Ահա մի հարցի ամբողջական պատասխան, որ տալիս է Արմենը՝ երազը ինչ-որ պահից սկսած կարող է շրջել իրականությունը եւ պատկերահանել դրա անիմանալի կողմը:

 

-Ի՞նչ գտար «Երեւանում»` որպես գրող, քաղաքացի:

 

-Շատ բաներ: Գտա ինձ հոգեհարազատ մի գրողի, որը դեռ 1929-33 թվականներին մտածել է արձակի ձեւի, նոր ճանապարհների, ուրիշ հնարավորությունների շուրջ: Հիմա շատ հետաքրքված եմ, կուզեի իմանալ՝ արդյոք Մկրտիչ Արմենը ամբողջապես ծանո՞թ էր սյուրռեալիստներին, մասնավորապես, 1924-ին ֆրանսիայում լույս տեսած «Սյուրռեալիզմի մենիֆեստին», որը ինչ-որ առումով կարելի է ասել նաեւ երազի մանիֆեստն էր, կամ Ջոյսին ու Պրուստին…

 

Վերջապես գտա մի քաղաք, քաղաքի մի դիմագիծ, որը ջնջվել է, մատնվել մոռացության: «Երեւանում» ես գտա ուրիշ Երեւան, որի համար շնորհակալ եմ Մկրտիչ Արմենին եւ նրա վեպին:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին