Շարլոթ Սալոմոնի նոթերը` Դավիդ Ֆոենկինոսի չափածո վեպում - Mediamax.am

exclusive
3823 դիտում

Շարլոթ Սալոմոնի նոթերը` Դավիդ Ֆոենկինոսի չափածո վեպում


Դավիդ Ֆոենկինոսը
Դավիդ Ֆոենկինոսը

Լուսանկարը` Babelio.com


«Անտարես» հրատարակչությունը ներկայացնում է հեղինակավոր «Գոնկուր» մրցանակի արժանացած Դավիդ Ֆոենկինոսի «Շարլոթ» վեպը՝ Նվարդ Վարդանյանի թարգմանությամբ:

 

Դավիթ Ֆոենկինոսը ծնվել է Փարիզում 1974-ին: Ավարտել է Սորբոնի համալսարանը: Սովորել է նաեւ Փարիզի ջազային դպրոցում: Համարվում է Ֆրանսիայի վերջին 30 տարվա ամենահայտնի վիպագիրներից մեկը: Մոտ երկու տասնյակ վեպերի հեղինակ է:

 

Դավիդ Ֆոենկինոսը հայերեն ներկայացվում է առաջին անգամ: 

 

Վեպը ներշնչված է Շարլոթ Սալոմոնի կենսագրական ստեղծագործությունից: Երիտասարդ գերմանացի գեղանկարչուհուն սպանել են քսանվեց տարեկանում, երբ նա սպասում էր իր զավակի լույս աշխարհ գալուն: Հիմնական սկզբնաղբյուրը նրա ինքնակենսագրական վեպն է՝ «Կյա՞նք, թե՞ թատրոն»:

 

Շառլոթի մայրը, մորաքույրը, մեծ մայրը եւ ազգականներից շատերը ինքնասպանությամբ են ավարտում կյանքը: Գիրքը կարդալուց հետո հարց է առաջանում` եթե գեղանկարչուհին հոլոքոստի զոհ չդառնար, ինքնասպա՞ն էր լինելու: 

 

Նվարդ Վարդանյանի կարծիքով` հեղինակն ինքը հարցականի տակ է վերցնում այդ հարցը.

 

«Շառլոտը փորձում է ինքնասպան լինել, բայց մտածում է, որ մեծ տատ, մեծ հայր ունի, որոնք իր կարիքն են զգում ու հետ է կանգնում այդ որոշումից: Նա կարողանում է խուսափել երկրորդ, երրորդ անգամ համակենտրոնացման ճամբար ընկնելուց: Գիտակցելով գլխին կախված վտանգը` ամբողջ ջանքը ներդնում է ավարտելու իր աշխատանքները (գեղանկարներ, նոթեր), եւ հազիվ ավարտած դրանք` պահ է տալիս իր բժշկին`ասելով` «Սա իմ ողջ կյանքն է»: Շառլոթը հոգեպես շատ ամուր էր, ի վերջո, երեխա պետք է ունենար, եւ իր ամբողջ էությունը տալու էր այդ երեխային: Այնպես որ, Ֆոենկինոսի հետ այնքան էլ համաձայն չեմ, երբ կասկածում է` ինքնասպան կլինե՞ր Շառլոթը, թե՞ կշարունակեր ապրել»:

Լուսանկարը` Անտարես

Թեեւ վեպը սկսվում է իրար հաջորդող ինքնասպանությունների շղթայով եւ ավարտվում է հերոսուհու մահով,  դրանում չկան տխուր, հուսահատեցնող շեշտադրումներ:

 

«Հեղինակը աշխատում է սենտիմենտալիզմից դուրս գալ, քանի որ այն խեղճություն  է առաջանում: Ես միշտ այն համարել եմ դաժան ժանր: Սենտիմենտալիզմը հատուկ է գերմանացի SS-ականներին, որ կարող են հուզվել դասական երաժշտություն լսելիս, բայց երբ խոսքը մարդկային կյանքին է վերաբերում, ծայրահեղ դաժան լինել: Ֆոենկինոսը խուսափում է ծանր պատմությունն ավելի ծանրացնել հույզերի նկարագրությամբ: Կերպարներն իրենց գործողության մեջ են հուզականություն դնում», - ասում է Նվարդ Վարդանյանը:

 

Ինչ վերաբերում է ոճական առանձնահատկությանը, թարգմանչի բնորոշմամբ`  «Շառլոթը» երկարաշունչ չափածո վեպ է` կարճ ընդհատված տոնայնությամբ:

Նվարդ Վարդանյանը Նվարդ Վարդանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

«Հեղինակին հեշտ չի տրվել այս ծանր պատմությունը մեկ շնչով ներկայացնելը, բայց երկար մտորումներից հետո ելքը գտնում է... Նա պետք է շունչ քաշի ամեն մտքից հետո, որ կարողանա առաջ ընթանալ, պետք է դադար տա իր արտահայտած ամեն մտքից հետո: Վեպի յուրաքանչյուր բանաստեղծական տողը մեկ պարբերությամբ է, այսինքն` հարաբերականորեն արած ընդմիջումից հետո նա շարունակում է շարադրանքը: Բանաստեղծական ամեն տող վերջակետով է  ավարտվում»,- ասում է Նվարդ Վարդանյանը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին