Քաղաքացի լեդիի կերպարը` Մոըմի «Երփներանգ շղարշը» վեպում - Mediamax.am

exclusive
5853 դիտում

Քաղաքացի լեդիի կերպարը` Մոըմի «Երփներանգ շղարշը» վեպում


Կադր «Երփներանգ շղարշը» ֆիլմից
Կադր «Երփներանգ շղարշը» ֆիլմից

Լուսանկարը` http://www.romanceeternal.org

Արթուր Մեսրոպյանը
Արթուր Մեսրոպյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` «Զանգակ»


«Երփներանգ շղարշը, որն ապրողները կյանք են անվանում». այս բնաբանով է սկսվում անգլիացի հայտնի գրող Սոմերսեթ Մոըմի «Երփներանգ շղարշը» (The painted veil) վեպը (1925թ.): 

 

«Երփներանգ շղարշը» լույս է ընծայվել «Զանգակ» հրատարակչության «Աշխարհը հայերենով» մատենաշարով: Անգլերենից թարգմանել է Անահիտ Բաբայան-Զեյթունցյանը: Շապիկի նկարի հեղինակը Մարիամ Կանայանն է:

Լուսանկարը` «Զանգակ»

«Երփներանգ շղարշը» հայերեն հրատարակվել է առաջին անգամ: Թարգմանության խմբագիր,  «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի ղեկավար Արթուր Մեսրոպյանը` փորձելով զուգահեռներ անցկացնել մեր իրականության հետ, նկատում է, որ գրքում տեղի ունեցող իրադարձություններից մեզ բաժանում է մոտ հարյուր տարի, սակայն խնդիրները, հիմնահարցերը, որ արծարծվում են գրքում, մեր հասարակության համար այսօր էլ արդիական են:

 

«Օրինակ, ներկայացվում է կնոջ կերպարը հասարակության մեջ` ոչ միայն որպես տնային տնտեսուհի, մայր, այլ նաեւ ավելի ինքնուրույն, պատասխանատվությունն իր վրա կրող լայնախոհ ու անկախ անհատականության: Գիրքը գրվել է Վիկտորիական դարաշրջանի ավարտին, երբ Անգլիայում էլ նշածս որակները որոշակիանում էին ու ձեւավորվում էր անգլիական քաղաքացի լեդիի կերպարը: Մենք մեկ տասնամյակից ավելի է, ինչ այդ փուլն ենք թեւակոխել, երբ աստիճանաբար հայ կինը ավելի շատ է ներգրավվում սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքին եւ փորձում ենք հաղթահարել այդ ընթացքը` հաջողություններով ու անհաջողություններով», - ասում է Արթուր Մեսրոպյանը:

 

Սոմերսեթ Մոըմի պատմության հերոսուհին՝ Քիթին, տեղի տալով մոր հորդորներին, ամուսնանում է երիտասարդ բժշկի` Ուոլթերի հետ, ում հանդեպ անտարբեր է, եւ շուտով սիրավեպ է սկսում մեկ այլ տղամարդու հետ. հետեւանքները լինում են ավելի քան անսպասելի ու անդառնալի: Ուոլթերը կնոջ հետ մեկնում է  Մեյ-թան-ֆու`պայքարելու չինական փոքրիկ քաղաքում բռնկված խոլեռայի համաճարակի դեմ:  Երիտասարդ մանրէաբանը մահանում է գիտափորձի արդյունքում, եւ դժվար է ասել` նրա արարքը անձնազոհություն է, նվիրում, թե ինքնասպանության: 

Արթուր Մեսրոպյանը Արթուր Մեսրոպյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

«Պատճառները մի քանիսն են. եթե միայն անձնազոհությունը լիներ, կնոջը հետը չէր տանի Մեյ-թան-ֆու:  Քիթին կարող էր հետ չգալ: Բայց առաջին հերթին Ուոլթերը պատժում է ինքն իրեն՝ ցանկանալով նաեւ պատժել Քիթիին»,- ասում է Արթուր Մեսրոպյանը, նշելով, որ «painted»-ը թարգմանել են «երփներանգ», որովհետեւ տվյալ պարագայում այն ցույց է տալիս երփներանգությունը, գեղեցիկը, որը հասարակության մեջ ներկայացվում է որպես ֆասադ, որը սակայն իրականությունը չէ: Գիրքը կարդալու ընթացքում շղարշն աստիճանաբար իջնում է, հերոսները կերպարանափոխվում են:

 

Գլխավոր հերոսուհին  պարզունակ տեսակից վերածվում է խելացի ու վերլուծող կնոջ, որը կարողանում է վերարարժեւորել կյանքը, ինքն իրեն եւ շրջապատը: Քիթին բացահայտում է նաեւ ամուսնու ներքին գեղեցկությունն ու հարստությունը, միաժամանակ գիտակցելով, որ չի կարող սիրել նրան:

 

Գրքի առաջաբանում հեղինակն ասում է, որ այս պատմությունը ներշնչված է Դանտեի «Աստվածային կատակերգության» քավարանի հինգերորդ երգի վերջին տողերից: Դա պատմություն է ազնվական տիկին Պիանի մասին, որին ամուսինը կասկածել է դավաճանության մեջ, բայց չի սպանել` վախենալով վերջինիս ընտանիքի հաշվերհարդարից, ուստի տարել է նրան Մարեմմայում գտնվող իր ամրոցի նկուղները` վստահ լինելով, որ թունավոր զեռունները կսպանեն կնոջը: Սակայն երկար է տեւել Պիայի մեռնելը, եւ անհամբեր ամուսինը նրան դուրս է գցել պատուհանից:

 

Սակայն «Երփներանգ շղարշում» Ուոլթերի ոչ թե անմարդկային, այլ մարդկային հատկանիշներն ենք բացահայտվում: Արթուր Մեսրոպյանը նկատում է, որ Դանտեի նկարագրած դեպքերը տեղի են ունենում 11-12-րդ դարի Ֆլորենցիայում. «Մոըմը 20-դ դարի սկզբներն է նկարագրում, եւ նման պատկերները այլեւս համոզիչ ու ժամանակին համարժեք չէին լինի: Սա ընդամենը մոտիվի վերագործարկումն է, որը տեղայնացվում է ըստ գրողի նպատակի, գրական թիրախի:  Պետք չէ զուգահեռները մինչեւ հասցնել նույնականության մակարդակի: Մոտիվը կարող է պահպանվել՝ ստանալով նոր ձեւակերպում: Ի վերջո, չպետք է երբեք մոռանալ, որ Ուոլթերը  ջենթլմեն էր` քաղաքավարի, կրթված մարդ»:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին