Հաճոյասեր ընթերցող Բորխեսի «Հավերժության պատմությունը» - Mediamax.am

exclusive
4516 դիտում

Հաճոյասեր ընթերցող Բորխեսի «Հավերժության պատմությունը»


Խորխե Լուիս Բորխեսը եւ լուսանկարիչ Վասկո Սզինետարը
Խորխե Լուիս Բորխեսը եւ լուսանկարիչ Վասկո Սզինետարը

Լուսանկարը` Վասկո Սզինետար

Բորխեսի «Հավերժության պատմությունը»
Բորխեսի «Հավերժության պատմությունը»

Լուսանկարը` «Սարգիս Խաչենց»

Բորխեսի երկերի չորսհատորյակը
Բորխեսի երկերի չորսհատորյակը

Լուսանկարը` անձնական արխիվից

Խորխե Լուիս Բորխեսը 1973 թվականին
Խորխե Լուիս Բորխեսը 1973 թվականին

Լուսանկարը` Արգենտինայի ազգային գրադարան

Հասմիկ Ամիրաղյանը
Հասմիկ Ամիրաղյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


«Սարգիս Խաչենց», «Փրինթինֆո»  եւ «Անտարես» հրատարակչությունները հրատարակել են Խորխե Լուիս Բորխեսի «Հավերժության պատմություն» մեծածավալ ժողովածուն: Թարգմանիչ, առաջաբանի եւ ծանոթագրությունների հեղինակ Հասմիկ Ամիրաղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Սարգիս Խաչենց» հրատարակչության հետ միասին ընտրել են ժողովածուի գործերը, ներկայացրել ենք դրանք արգենտինական «SUR» ծրագրին, որը հովանավորում է արգենտինացի հեղինակների թարգմանությունները, եւ ստացել ենք հանձնաժողովի հավանությունը:

 

-Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվել ժողովածուն կազմելիս: Բարդ չէ՞ր Բորխեսի հսկա ժառանգությունից ընտրություն կատարել:

 

- Բորխեսի գրական ժառանգությունը, իսկապես, հսկայական է. ընտրությունը կատարելիս առաջնորդվել ենք մի սկզբունքով՝ ժողովել ոչ գեղարվեստական երկերը՝ դասախոսությունները, էսսեները, ինքնակենսագրությունը: Գիրքը բավականաչափ ամբողջական պատկերացում է տալիս Բորխեսի ոչ գեղարվեստական արձակի մասին:

 

Անգլիալեզու ժողովածուներից բացի՝ 1996 թվականին «Էմեսե» հրատարակչության լույս ընծայած իսպանալեզու լիակատար չորսհատորյակից ի մի ենք բերել դասախոսությունների եւ էսսեների բոլոր ժողովածուները, որոնք ներկայացրել ենք ամբողջապես, առանց կրճատումների:

Բորխեսի երկերի չորսհատորյակը Բորխեսի երկերի չորսհատորյակը

Լուսանկարը` անձնական արխիվից

Գրողի ոչ գեղարվեստական արձակից սույն ժողովածուից դուրս են մնացել են թերեւս միայն հոդվածներն ու առանձին գրախոսությունները, որոնց անպայման կանդրադառնանք հետագայում: Նախատեսում ենք ձեռնարկել նաեւ գրողի գեղարվեստական էսսեների, պատմվածքների, «Հորինված էակների գրքի» եւ բանաստեղծությունների թարգմանությունը:

 

- Գրքում տեղ են գտել նաև թարգմանություններ անգլերենից: Ո՞ր գործերն են դրանք:

 

- Խիստ կարեւոր ենք համարել թարգմանությունը բնագրից: Ժողովածուի ընդգրկած գրքերից հինգի բնագիրն իսպաներեն է («Հավերժության պատմություն», «Նոր հետազոտություններ», «Յոթ երեկո», «Ինը դանթեական էսսե», «Բորխեսը՝ բանավոր»), երկուսինը՝ անգլերեն: Անգլերենը Բորխեսի ընտանիքի առօրյա շփման լեզուներից էր  (գրողի տատն անգլուհի էր), դա ընթերցանության նրա նախընտրած լեզուն էր, նա բանաստեղծություններ է գրել անգլերեն: 1967-68 թվականներին Բորխեսը հրավիրվել է դասախոսությունների շարք կարդալու Հարվարդի համալսարանում: Անգլիալեզու այդ դասախոսություններն էլ կազմում են հատորի «Բանաստեղծության արհեստը» (This Craft of Verse) ժողովածուն: Անգլերեն է նաեւ «Ինքնակենսագրական էսսեի» (An Autobiographical Essay) բնագիրը, որն արդեն կուրացած Բորխեսը թելադրել է իր ամերիկացի թարգմանիչ Նորման Թոմաս դի Ջովաննիին:

Բորխեսի «Հավերժության պատմությունը» Բորխեսի «Հավերժության պատմությունը»

Լուսանկարը` «Սարգիս Խաչենց»

- Բորխեսի դասախոսությունները, էսսեներն ի՞նչ թեմաներ են ներառում:

 

- Բորխեսի ոչ գեղարվեստական երկերն անդրադառնում են համաշխարհային գրականության, մշակույթի, կրոնի եւ փիլիսոփայության տարատեսակ հարցերին: Ժողովածուի թերեւս ամենից հաճախադեպ նյութերից են ժամանակը, թարգմանությունը, քերտողական արվեստն ու արտահայտչամիջոցները, տարբեր ժողովուրդների դիցաբանությունն ու բանահյուսությունը: Ժողովածուն ընդգրկում է արգենտինյան, եվրոպական, արեւելյան գրականության տարբեր հեղինակների եւ առանձին գործերի նվիրված մի քանի տասնյակ էսսե: Դրանցից մի քանիսն անկյունաքարային են. «Հազար ու մի գիշերը» ծնունդ է տվել տարբեր էսսեների, իսկ Դանթեի «Աստվածային կատակերգությունը» մի ամբողջ ժողովածուի նյութ է դարձել:

 

- Բորխեսն իր գրականության մեջ հազվադեպ է անդրադառնում անձնական դրվագների, և այնուամենայնիվ, նրա գրականության մեջ  արտահայտվո՞ւմ է գրողի ինքնությունը: Եվ ի՞նչ է տալու այդ իմաստով ընթերցողին նրա «Ինքնակենսագրական էսսեն»:

 

- Իսկապես, Բորխեսի գրականությունն աչքի է ընկնում անձնական դրվագների բացակայությամբ, նույնիսկ բանաստեղծություններից շատերը զուսպ են, արձակին մոտ: Այս առումով «Ինքնակենսագրական էսսեն» բացահայտում է գրողի մասին այլ աղբյուրներում չհանդիպող նոր հանգամանքներ, հետաքրքիր դրվագներ: Հայ ընթերցողի ուշադրությունից չի վրիպի, որ Բորխեսի մայրը ամուսնու մահից հետո իսպաներեն է թարգմանել Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը» եւ արժանացել Արգենտինայի հայ համայնքի բարձր գնահատանքին: Էսսեում ներկայացված են Բորխեսի ընտանիքը, մանկությունը, պատանեկությունը, իբրեւ գրողի կայացումը՝ համեմված բորխեսյան ուրույն հուզականությամբ եւ հումորով:

Խորխե Լուիս Բորխեսը 1973 թվականին Խորխե Լուիս Բորխեսը 1973 թվականին

Լուսանկարը` Արգենտինայի ազգային գրադարան

Ինքնակենսագրության մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում տվյալ ժամանակաշրջանում գրողի ընթերցած գրքերն ու նրան հանդիպած գրական գործիչները, որոնց թողած տպավորությունը Բորխեսի պարագայում եւս պետք է դասել անձնական ապրումների շարքը: Մյուս կողմից՝ անձնական հուզիչ մոտիվներ կան նաեւ ժողովածուի մյուս՝ «Կուրություն», «Բանաստեղծի հավատամքը» էսսեներում:

 

- Գրքի առաջաբանում նշել եք, որ Բորխեսն իրեն համարում է առաջին հերթին ընթերցող: Ավելին` ընդունված է Բորխեսին համարել աշխարհի բոլոր ագզային գրականությունների գիտակ եւ բոլոր գրքերի ընթերցող: «Ընթերցողը» տեսանելի՞ է նրա գործերում:

 

- Ընթերցողը տեսանելի է մշտապես: Ընդ որում՝ Բորխեսը միշտ շեշտում է իր՝ հաճոյասեր ընթերցող լինելու հանգամանքը. նա ուսանողներին խորհուրդ էր տալիս կարդալ միայն հետաքրքրող գրքերը եւ չշարունակել ընթերցանությունը, եթե գիրքը չի գրավում, քանի որ «ընթերցանությունը երջանկության տեսակ է, իսկ երջանկությունը պարտադրված լինել չի կարող»: Իր սեփական երկերը ողողված են գրականության պարգեւած երջանկությամբ. նա ընտրում է այն թեմաները, որոնք խանդավառում են իրեն, արդյունքում վարակում է ընթերցողին  իր հետաքրքրասիրությամբ: Բորխեսի գիտելիքների շրջանակը հսկայական է, հակիրճ էսսեում սեղմված ինֆորմացիան՝  ահռելի, բայց ընթերցողը երբեք իրեն ձանձրալի հանրագիտակի առջեւ չի զգում, այլ, ավելի ճիշտ, հետաքրքիր դասախոսի, որն անբռնազբոս ոճով բացատրում է համաշխարհային ստեղծարար ոգու ծնած տարբեր երեւույթներն ու մղում է նոր պրպտումների, հավելյալ իմացության:

Հասմիկ Ամիրաղյանը Հասմիկ Ամիրաղյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

-Ինչպիսի՞ն էր թարգմանության ընթացքը: Ի՞նչ դժվարությունների եք բախվել թարգմանելիս:

 

-Թարգմանությունը որոշակի դադարներով տեւել է 4 տարի (ընթացքում պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսությունս, ընդունվել եմ Բարսելոնայի Պոմպեու Ֆաբրա համալսարան եւ մեկ ուսումնական տարի անցկացրել Իսպանիայում): Վերջին մեկուկես տարին ամբողջությամբ նվիրել ենք խմբագրական աշխատանքին, ծանոթագրությունների պատրաստմանը: Բացի տեքստի բովանդակային բարդություններից, որոնք հաղթահարելուն օգնել է Բորխեսին ու նրա արծարծած հեղինակներին նվիրված վերլուծական նյութերի, հանրագիտարանների, նաեւ հենց  գրողի այլ ստեղծագործությունների ուսումնասիրությունը, դժվարություններ են հանդիպել նաեւ արգենտինյան իսպաներենին հատուկ տեղական որոշ արտահայտությունների թարգմանության ժամանակ, որոնց դեպքում դիմել ենք արգենտինացի մասնագետների օգնությանը:

 

- Պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսան 2010-ին Նոբելյան իր ճառում նշել է, որ փոքր-ինչ ամաչում է` ստանալով մի մրցանակ, որը Բորխեսը չի ստացել: Բորխեսն  ինքը ինչպե՞ս է արձագանքում դրան:  «Հավերժության պատմություն» ժողովածուում ընթերցողը կարո՞ղ է գտնել այս հարցի պատասխանը:

 

- Մեր ժողովածուի մեջ այս հարցին անդրադարձ չկա. այդուհանդերձ, թե՛ Բորխեսը, թե՛ գրողի այրին Նոբելյան հանձնաժողովի անբարեհաճությունը բացատրել են քաղաքական պատճառներով: Ինչպես ներկայացվել է տարբեր հարցազրույցներում, մրցանակի առաջադրված Բորխեսը զրկվում է դրանից Չիլիի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ստանալու նպատակով Չիլի մեկնելուց հետո, որտեղ նրան ընդունում է Պինոչետը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին