Խորհրդային ֆենթզի` Մկրտիչ Արմենի ձմեռային հեքիաթի գույները - Mediamax.am

exclusive
4002 դիտում

Խորհրդային ֆենթզի` Մկրտիչ Արմենի ձմեռային հեքիաթի գույները


Donna Coburn
Donna Coburn

Լուսանկարը` Donna Coburn

Ալվարդ Ջիվանյանը
Ալվարդ Ջիվանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն


«Զանգակ» հրատարակչությունը «Հայ մանկապատանեկան գրականություն» մատենաշարով ընթերցողին է ներկայացնում Մկրտիչ Արմենի «Գույնզգույն թագավորությունը» հեքիաթ-վիպակը (նկարազարդել է Նաիրա Մուրադյանը):

 

Հավերժ ձմռան թագավորությունում ապրող Կատպիսի բնակիչները երեխաներից գաղտնի են պահում Գույնզգույն Թագավորության գոյությունը: Մինչդեռ ոգեւորված պառավ Խարունայի պատմություններից՝ երեխաներն Իլե Տրապնայի առաջնորդությամբ ճանապարհ են ընկնում՝ սեփական աչքով տեսնելու այդ կախարդիչ գույների եւ համերի թագավորությունը:

 

Մեր զրուցակիցը բանասիրական գիտությունների դոկտոր, հեքիաթագետ, թարգմանիչ, «Հայ մանկապատանեկան գրականություն» շարքի նախագծի հեղինակ Ալվարդ Ջիվանյանն է:

Ալվարդ Ջիվանյանը Ալվարդ Ջիվանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

- «Գույնզգույն թագավորությունը»  հեքիաթ-վիպակը  խորհրդային տարիներին երկու հրատարակություն է ունեցել, սակայն ընթերցողը գրեթե ծանոթ չէ այս ստեղծագործությանը:  Ինչո՞ւ է հեքիաթը մնացել ստվերում:

 

- Գրականագետների մի մասին ծանոթ էր այն: Մնացել է ստվերում, որովհետեւ հասցեագրված էր պատանի  ընթերցողին, բայց հրատարակվել էր երկերի լիակատար ժողովածուի մեջ: Սովորաբար երկերը, որ հայտնվում են այդ միջավայրում, արդեն սահամանափակում են ընթերցողների շրջանակը: Որպեսզի գիրքը հասնի մանուկ ընթերցողին, պետք է առանձին հրատարակությամբ լույս տեսնի, եւ իհարկե, համապատասխան տեսքով:

 

-Կարո՞ղ ենք զուգահեռ անցկացնել Անդերսենի «Ձյունե թագուհին» հանրահայտ հեքիաթի եւ «Գույնզգույն թագավորության» միջեւ:

 

- Այս ստեղծագործություններն ընդհանուր գծեր ունեն, բայց արմատապես տարբեր են: Նախ «Ձյունե թագուհին» սեղմ է, ավելի փոքր ծավալ ունի (ճիշտ է, որպես հեքիաթ երկարաշունչ է, թերեւս Անդերսենի ամենաերկար հեքիաթներից է), ունեցել է հազարավոր հրատարակություններ տարբեր լեզուներով: Այդ հեքիաթի մասին խոսվել է, գրվել, Անդերսենի հեղինակությունը` որպես մանկագրի, չենք կարող համեմատել Մկրտիչ Արմենի հանրահայտության հետ: Ամբողջ աշխարհում` քրիստոնյա մշակույթում երկու-երեք հեքիաթագիր կա, որոնց անունները գիտեն բոլորը` առանց բացառության, նրանցից մեկը` Անդերսենն է:

 

Դժվարանւմ եմ ասել, թե նույն հաջողությունը կունենա, բայց շատ կարեւոր է մերը ունենալը: Մանավանդ  «Գույնզգույն թագավորությունը» ես որոշ վերապահումով համարում եմ խորհրդային հրաշապատում (ֆենթզի), որ գալիս է լրացնելու այդ ժանրում առկա բացերը:

 

- Մկրտիչ Արմենը սցենարիստի կրթություն ուներ:  Գուցե դրանով պայմանավորված` հեքիաթը կարդալիս թվում էր` «տեսնում» եմ պատկերները:

 

- Կարծում եմ, չեք սխալվել: Կան գլուխներ, որոնց տեքստերը տեսանելի են, պատկերային մտածողությունն է այստեղ: Հաշվի առեք, որ սա գունային հեքիաթ է, ճիշտ է` սպիտակի գերակայությամբ, բայց գույնն այս հեքիաթում գրեթե կերպար է, անգամ եթե վիճակագրորեն մոտենանք գրքին, այսինքն` չափենք: Ոճագիտության մեջ այսպիսի հասկացություն կա` չափում են ոճը. որ բառերն են ավելի հաճախ գործածվում, որ գույնը: Թագավորությունը կոչվում է գույնզգույն, բայց սպիտակի թագավորությունն է իշխում մինչեւ ամփոփիչ գլուխը, երբ այդ սպիտակը նահանջում է, որպեսզի գույներ հայտնվեն: Այսինքն` նախորդ գլուխներում բնապատկերները սպիտակ են: Կարծում եմ` Մկրտիչ Արմենը հայ գրականության մեջ, որպես բնապատկերների մեծ վարպետ, ուսումնասիրված չէ ինչպես հարկն է: Համենայն դեպս, որքանով ինձ հայտնի է, այս մասին քիչ է խոսվել, «Գույնզգույն թագավորությունը» վիպակի մասին ընդհանրապես քիչ է գրվել, եթե իհարկե, որեւէ բան գրվել է:

 

- Դուք հարցազրույցներից մեկում նշել եք, որ չկա ապաքաղաքականացված գրականություն, նույնիսկ` ապաքաղաքականացված  մանկական գրականություն: Մկրտիչ Արմենի վիպակում պատկերված Սպիտակ թագավորությունը բնորոշում է  խորհրդային միությունը: Մյուս կողմից` այսօր էլ այն շատ բան ունի ասելու ընթերցողին: Կարո՞ղ ենք ասել, որ ավելի համընդհանուր խնդիր է վեր հանված` բոլոր ժամանակներին բնորոշ:

 

- Մեծ գործերը արտաժամանակային են, եթե վերաբերեն միայն այն ժամանակահատվածին, որի ընթացքում գրվել են կամ հրատարակվել, դրանք չեն համարվի մեծ գրական երկեր: Մկրտիչ Արմենը ժամանակակիցն է երկու խոշոր ֆենթզի հեղինակների` Թոլքինի եւ Լուիսի, որի գործում նույնպես կա չարի թագավորությունը խորհրդանշող`ձյունով ծածկված հավերժական մի աշխարհ: Բնականաբար, նա խորհրդային իշխանության հետ որեւէ առնչություն չուներ: Ձյունապատ, անգարուն թագավորությունը չարի թագավորությունն է, անկախ նրանից, թե որ երկրում է, եւ այս առումով, իհարկե, կարելի է ընդհանրացնել ու «Գույնզգույն թագավորությունը» համարել արդիական նաեւ այլ ժամանակների համար:

 

Բայց այս հեքիաթում պատկերված սառցե ձյունապատ աշխարհը առաջին հերթին աքսորավայրի անդրադարձն է, որովհետեւ Մկրտիչ Արմենն ինքը աքսորված է եղել երկար տարիներ եւ այն քիչ բախտավորներից է, որ վերադարձել է աքսորավայրից:

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

-Սովորաբար հեքիաթները բարի ավարտ են ունենում, սակայն այս հեքիաթում չարին հաղթելու համար գին վճարվեց:  Իրե Տրապնան (Անպարտը) գույնզգույն թագավորությունը վերադարձրեց կյանքի գնով:

 

-Այստեղ երեւի թե Անդերսենի հետ անցկացված զուգահեռականը արդարացված կլինի, իհարկե` ոչ «Ձյունե Թագուհու» առումով, այլ մյուս հեքիաթների: Ես ավելի տեսանելի եմ համարում ընդհանրությունը Օսկար Ուայլդի հեքիաթների հետ, երբ մեծ ձեռքբերումն անխուսափելիորեն ուղեկցվում է զոհաբերությամբ: Չմոռանանք, որ սրանք հեղինակային հեքիաթներ են, խորապես քրիստոնեական հեքիաթներ: Օսկար Ուայլդի «հանգուցյալ» Երջանիկ արքայազնը զոհաբերում է ամեն ինչ օգնելու  համար նեղության մեջ հայտնվածներին:

 

- Տերեւ, ծաղիկ, միրգ կծու, թթու, կանաչ. սրանք կախարդական բառեր են Սպիտակ Թագավորության բնակիչների համար: Կարծես հեղինակն ուզում է, որ գնահատեք կյանքը, շրջակա աշխարհը, այն ամենն  ինչ ունես, եւ ինչը տրվում է անհատույց: Կա՞ նման շեշտադրում:

 

- Այո, կա նման շեշտադրում: Մարդու բնությունից է գալիս մշտապես դժգոհ լինելը: Այնտեղ կա նաեւ մի նրբություն, որ կուզենայի մատնանշել` բառերի, լեզվի շատ հետաքրքիր ու խորքային ընկալումը: Դրանք նոր ստեղծված բառեր են, քանի որ այն, առարկաները, որոնք այդ բառերը մատնանշում են, երեխաներին` գրքի հերոսներին անծանոթ են: Դուք էլ կարծես նորովի եք ընկալում դրանց գեղեցկությունը: Սովորական բառերը հանկարծ դիտվում են անսովոր, եթե իհարկե, նույնանում եք գրքի հերոսների հետ:

 

- Հերոսների անունները ներկայացված են հակառակ գրությամբ (Տրապնա-Անպարտ,  Նուրիս-Սիրուն, Տրիսնա-Անսիրտ, Տավա Նեմա-Ամենավատ, Վալտաշ-շատ լավ եւ այլն) եւ շատ բան են ասում պատմության մասին:

 

- Դա  ոճական հնար է, բառակազմական, նոր, խոսող անձնանունների հնար, եւ

փոքր-ինչ քողարկված ձեւով է հանդես գալիս: Կարելի եւ չնկատել: Պատանի հասակում ես կարդացել ու չեմ նկատել դա: Շատ բան չենք կորցնում, բայց իհարկե, գիրքը լիարժեք վայելելու, ընկալելու համար ցանկալի է իմանալ, որ այդ անունները շրջված են: Ֆենթզի գրականության մեջ դա ընդունված հնար է, որը Մկրտիչ Արմենը հրաշալիորեն կիրառել է: Ըստ էության` բառախաղ է, լեզվախաղ, որ մեծ հեղինակները սիրում են վայելել:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին