Սեփական հողից կտրվելու դժոխքը՝ Ստայնբեքի «Ցասման ողկույզներում» - Mediamax.am

exclusive
3411 դիտում

Սեփական հողից կտրվելու դժոխքը՝ Ստայնբեքի «Ցասման ողկույզներում»


Լուսանկարը` Russell Lee

Անուշ Սեդրակյանը, «Զանգակ»-ի թարգմանական ծրագրերի ղեկավար Արթուր Մեսրոպյանը եւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը
Անուշ Սեդրակյանը, «Զանգակ»-ի թարգմանական ծրագրերի ղեկավար Արթուր Մեսրոպյանը եւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը

Լուսանկարը` Զանգակ

Արամ Արսենյանը
Արամ Արսենյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Մարտիրոս Սարյանը նկարում է Ջոն Ստայնբեքին
Մարտիրոս Սարյանը նկարում է Ջոն Ստայնբեքին

Լուսանկարը` Մ. Սարյանի տուն-թանգարան

Լուսանկարը` Զանգակ


 

«Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել ամերիկացի գրող, լրագրող, Նոբելյան մրցանակակիր Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» վեպը: Այն Օքլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ, դժվարությամբ ընտանիք կերակրող հողագործների մասին է, որ բռնելով գաղթի ճանապարհը` իրենց «երազանքի» արեւմուտքում` Կալիֆոռնիայում,  հանդիպում են դաժան ընդունելության եւ համտեսում ցասման դառը ողկույզները:

Ստայնբեքի` 1939-ին գրած վեպը կարճ ժամանակ անց արժանացել է Ազգային գրքի եւ Պուլիտցերյան մրցանակների:

 

«Ցասման ողկույզները» հայերեն է թարգմանել Արամ Արսենյանը, շապիկը ձեւավորել է Մարիամ Կանայանը:

Լուսանկարը` Զանգակ

Բանաստեղծ, թարգմանիչ Վահե Արսենի կարծիքով, Ամերիկան այսօր չէր լինի այսքան հզոր ու կայացած, եթե Ստայնբեքը չգրեր «Ցասման ողկույզները»:

 

Գրականագետ, թարգմանիչ Անուշ Սեդրակյանի մեկնաբանմամբ` գրականության կայացման ճանապարհը ավտոմատ դառնում է պետության կայացման ճանապարհը.

 

«Եթե ունես այն գրականությունը, որ կարողանում է մշակութային հենք լինել քո պետության համար, դու հաստատապես օրհնված ես: Ստայնբեքը կարող է լինել ինչ-որ առումով ոչ պոպուլյար, ինչ-որ առումով սոցիալիստ կամ կոմունիստ, բայց կոնկրետ մեր` հայկական մտածողության մեջ նա արձագանքում է մի ֆրազով, որ բոլորիս շատ հասկանալի է ու ըմբռնելի. եթե մարդուն հանում են իր հողից ու տանում են նույնիսկ դրախտ, այդ դրախտը դառնում է նրա դժոխքը»:

Անուշ Սեդրակյանը, «Զանգակ»-ի թարգմանական ծրագրերի ղեկավար Արթուր Մեսրոպյանը եւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Անուշ Սեդրակյանը, «Զանգակ»-ի թարգմանական ծրագրերի ղեկավար Արթուր Մեսրոպյանը եւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը

Լուսանկարը` Զանգակ

Անուշ Սեդրակյանի կարծիքով`  ստայնբեքյան այդ փիլիսոփայությունը նախ եւ առաջ մեզ մի բան է սովորեցնում` այն ճանապարհը, որն անցել է Ամերիկան, մենք` հայերս, արդյո՞ք անցել ենք:Դա մեղքի, ճշմարտության եւ պատասխանատվության գիտակցման ճանապարհն է. «Ստայնբեքն ասում է` դու մեղավոր ես, եթե քո մեղքն ընդունել ես, դրանից հետո արդեն կարողանում ես անցնել առաջ: Ինձ համար չկա ավելի հստակ փշրված ամերիկյան երազանք, քան ստայնբեքյան վեպում է: Ամերիկան իր սահմանադրության մեջ խոստանում է, որ բոլորը երջանկությանը հետեւելու իրավունք ունենք, բայց Ամերիկան մոռացել է մի բան, որ յուրաքանչյուրի երջանկությունը տարբեր կերպարանք ունի, այսինքն` չի կարելի երջանկությունը միասնական ներկայացնել ու ըմբոշխնել»: Ըստ այդմ`«Ցասման ողկույզները» գրականագետը բնութագրում է որպես բարեխիղճ ռեալիստական վեպ, եւ եզրահանգում` ինչ-որ մեկը պետք է լինի բարեխիղճ, որպեսզի նրա հետեւից մյուսը դառնա հանճարեղ:

Արամ Արսենյանը Արամ Արսենյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Ստայնբեքի լեզուն, ոճը համարվում է բարդ, դժվարամարս ու դժվար փոխանցելի:

 

Արամ Արսենյանի խոսքով` «Ցասման ողկույզները» այն վեպերից է, որ թարգմանելիս անկախ քեզնից դառնում ես համահեղինակ. «Լեզվական մի քանի շերտեր կան, նույնիսկ միեւնույն հերոսը տարբեր դիրքի, հարազատության աստիճանի մարդկանց հետ տարբեր լեզվով է խոսում: Թարգմանությունը նույնիսկ տառապալից էր՝ այն առումով, որ ամեն նախադասության հետ ինքս մտնում էի այդ իրադրությունների մեջ, ցասումը կարծես ինձ էլ էր փոխանցվում»: Թարգմանիչը համաձայն չէ տեսակետին, որ գրքում արծարծվող որոշ գաղափարներ հնացած են ու ժամանակավրեպ. 

 

«Այն գրեթե 70 տոկոսով արտացոլում է մեր այսօրվա իրականությունը` բանկեր, տոկոսներ, մարդկանց հողի ստրուկ դարձնել, հետո հողից կտրել: Երևի, նաև դա էր ինձ վրա շատ ազդում: Մյուս առումներով հաճելի աշխատանք էր»:

 

«Ցասման ողկույզները» համարվում է 20-րդ դարի ամերիկյան գրականության լավագույն վեպերից մեկը: Այն այսօր էլ սիրված ու պահանջված է Միացյալ Նահանգներում, նաև ներառված է ուսումնական ծրագրում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Դեսպանի խոսքով` գրեթե բոլոր ամերիկացիներն այս գրքի ուղերձն անգիր գիտեն` մարդիկ գուցե շատ ներքեւում հայտնվեն, բայց երբեք չեն պարտվում:

Մարտիրոս Սարյանը նկարում է Ջոն Ստայնբեքին Մարտիրոս Սարյանը նկարում է Ջոն Ստայնբեքին

Լուսանկարը` Մ. Սարյանի տուն-թանգարան

1963-ին Ջոն Ստայնբեքը այցելել է ԽՍՀՄ եւ եղել է նաեւ Հայաստանում: Նա ամենուր ջերմ ընդունելության է արժանացել. Հովհաննես Շիրազը նրան հյուրընկալել է իր տանը, իսկ Մարտիրոս Սարյանը ստեղծել է նրա դիմանկարը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին