«Մեծ Արջը». ձայնի կամ ձայների սիմֆոնիա - Mediamax.am

exclusive
4729 դիտում

«Մեծ Արջը». ձայնի կամ ձայների սիմֆոնիա


Daniela Ionesco
Daniela Ionesco

Լուսանկարը` Daniela Ionesco

Շուշանիկ Թամրազյանը
Շուշանիկ Թամրազյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Շուշանիկ Թամրազյանի հետ մեր զրույցը ֆրանսիացի գրող եւ թարգմանիչ Իվ Բոնֆուայի «Մեծ Արջը» (La Grande Ourse) գրքի մասին է: Գիրքը լույս է ընծայել«Նաիրի» հրատարակչությունը:

 

-Շուշանիկ, 2000-ից Իվ Բոնֆուայի գրքերը ներկայացնում եք հայ ընթերցողին: Մեր նախորդ զրույցը «Ժամը ներկա» գրքի շուրջ էր: Կա՞  ներքին, գուցե նաեւ բովանդակային կապ Բոնֆուայի գործերի միջեւ: Գուցե ժողովածուն ընկալելու համար պետք է ծանոթ լինել նաեւ նախո՞րդ գործերին:

 

-Այո, ինչպես ցանկացած ճշմարիտ արվեստագետ, իր բանաստեղծական շարքերով, երազապատումներով ու խոհագրություններով Իվ Բոնֆուան ստեղծում է զարմանալի ամբողջական, ներդաշնակ աշխարհ, որ գրքից գիրք հարահոս խոսքի մի հուն է գծում մեզ համար: Բայց կարծում եմ՝ ժողովածուն կարող է եւ պե՛տք է հուզի նաեւ հեղինակի նախորդ գրքերին անծանոթ ընթերցողին: Դա ճշմարիտ արվեստի գործի առանձնահատկությունն է. հուզել նույնիսկ ամենաանտեղյակ ընթերցողին կամ ունկնդրին:       

 

-Ինչո՞վ է առանձնանում «Մեծ Արջը»:

 

-Պատասխանեմ՝ վկայակոչելով ընթերցողի իմ առաջին, անմիջական ապրումը. առանձնանում է ամեն ինչով: Ժողովածուն ինձ հեղինակն էր առաքել փոստով, գրքի հրատարակությունից հետո՝ 2012-ին: Եվ հիշում եմ, թե ինչպես համալսարանում՝ լսարանի պատուհանի առջեւ, մեծ հուզմունքով ու անհամբերությամբ բացեցի ծրարն ու սկսեցի թերթել: Ապրիլը նոր էր սկսվել, երկնքում առաջին ծիծեռնակներն էին: Այդ տողերն ինձ ցնցեցին իրենց պարզ, ծակող խորությամբ. «Դու միշտ նախընտրել ես բառերը իրերից:», կամ. «Ալո: Էլի Դո՜ւք:/Այո... Ուզում եմ ներողություն խնդրել Ձեզնից: /Ներողությո՞ւն, ինչու՞: Որ գոյությո՞ւն ունեք»: Հանգամանքների բերումով քսան տարուց ի վեր շփվում էի այդ ստեղծագործության հետ, ու այն զգացողությունը, որ ինչ-որ մեկն այդ տողերը հատուկ գրել է քեզ համար, որովհետեւ գիտի, թե նախօրեին ինչ մտքեր ես ունեցել, որովհետեւ անկարելի մի ներզգացողությամբ ամեն ինչ գիտի քո մասին, նոր չէր... Բայց այս անգամ այդ ամենին մի ուրիշ, անհասկանալի հույզ էր միախառնվում... Զգում էի, որ տողերը բարձրանում են վերեւ՜-վերեւ՝ ասես հրաժեշտ տալով երեւույթների, նշանակությունների խիտ ցանցերին: Իվ Բոնֆուայի ստեղծագործությունը միշտ էլ մերժել է զարդարանքները՝ շնչելով ասես ներքին, անճիգ մի շողանքով: Այս ժողովածուում ավելի, քան երբեւէ, բանաստեղծական լեզուն դառնում էր թափանցիկ: Բայց էլի ուրիշ մի բան. այդ խոր ձայնը գալիս էր ասես ապակայունացնող, անսահմանելի մի «վերեւից» ու չէր խոստանում կանգ առնել, մնալ տեղում: Ամեն կերպ ուզում էի պահել, բայց տողերը բարձրանում էին՝ անվերջ, տարերայնորեն, ապրիլյան գունատ, սառը երկինքը ճեղքելով... Ու կոկորդս սեղմվեց. խոր, անբացատրելի ու միաժամանակ հզոր զգացողություն էր: 

 

Հիմա փորձեմ «օբյեկտիվորեն» պատասխանել ձեր հարցին՝ ինչով է առանձնանում ժողովածուն. «Մեծ Արջը» ձայնի կամ ձայների սիմֆոնիա է: Ասես աշխարհը մի պահ հրաժարվեր նշանակելուց, համենայն դեպս՝ փախչեր մեզ ծանոթ, մեզ ենթարկվող նշանակություններից, եւ բառերի ու երեւույթների միջեւ բացված անջրպետում մնային միայն զրնգուն ձայների համաստեղություններ, որոնց վրա հարկ է երկար հակվել, փորձել գտնել դրանց կենդանի զարկերակը, որպեսզի իմաստը վերսկսվի կամ ոչ... Թվում է՝ ճգնաժամային, եթե ոչ աղետալի մի իրադրություն. նշանակության ճգնաժամ, տեսնելու, լսելու, անվանելու, երեւույթի եւ բառի համապատասխանության ճգնաժամ, բայց գրվածքի խորքում բացված այդ «ճգնաժամային» խոռոչում ընթերցողը հանկարծ հասկանում է, որ ավելի քան երբեւէ, ինքը մոտիկ է կյանքի վերածին կամ նորածին շնչառությանը: Որ բանաստեղծության, ես կասեի՝ բանաստեղծականի գերխնդիրը հենց այդ շնչառությունն է, որ պետք է չընդհատվի:

 

-Գիրքը երկխոսությո՞ւն է: Հենց սկզբից լսվում են հերոսների՝ կնոջ եւ տղամարդու ձայները: Հերոսների հետ խոսում են նաեւ երեւույթները:

 

-Այո, ես այն անվանում եմ չընդհատվող խոսակցություն: Բանաստեղծությունները երկխոսություն են՝ տղամարդու եւ կնոջ ձայնի համար, որոնց ասես տրված է վերստին սահմանել, ճանաչել, փրկել աշխարհն այն անձուկ միջանցքում, որ մնում է սկզբի եւ ավարտի միջեւ: Երկխոսությունը պտտվում է երեք հիմնարար գործողության շուրջ՝ լսել, տեսնել, անվանել: Երեքն էլ հավասարապես ճգնաժամային են. «Ասա՛ ինձ անունդ:/Անո՞ւնս: Մի՞թե դու գիտես, թե ինչ է անունը»: Կամ. «Այդ ի՞նչ աղմուկ է: Ոչինչ չլսեցի... /Դե ո՛չ, լսեցիր»: Տեսնելու փորձերը նույնպես բախվում են խոչընդոտների. «Որտե՞ղ ենք: Էլ չեմ տեսնում քեզ...»: Եվ շուտով հասկանում ենք, որ տեսնելու, լսելու, անվանելու այդ դժվարությունը ոչ թե ինչ-որ թյուրիմացության, թյուրընկալման արդյունք է, այլ պարզապես անվերջանալի այդ երկխոսությունը կարծես շերտ առ շերտ բարձրանում է գիտակցության մակարդակներով, աստիճանաբար լքում երեւութականի սահմանները, սարսափելի մոտենում է ամպերին...    

 

-Գրքում չկա տարածություն, ժամանակ, այնուհանդերձ, նկատել եք, որ չնայած վերժամանակյա եւ վերտարածական ընդգրկմանը՝ բոլոր բանաստեղծություններում կա հույժ առօրեական, մինչեւ իսկ կենցաղային մի հենք...

 

- Այո, ակնհայտ է, որ այդ Օրփեոսն ու Եվրիդիկեն, որ բարձրանում են սահմանելի իրականության մակարդակներով եւ պետք է «չշրջվեն», դուրս են ժամանակային եւ տարածական չափումներից: Միեւնույն ժամանակ՝ յուրաքանչյուր բանաստեղծության մեջ առկա են առօրեական, երբեմն՝ կենցաղային իրադրություններ. մանկության խաղերը, պարանին չորացող լվացքը, հեռախոսային խոսակցություն... Նրանք խոսում են առօրեական լեզվով, առաջին հայացքից սա թվում է պարզ երկխոսություն, բայց հանկարծ ծագում են արտառոց, պատկերներ, ձեւակերպումներ, որ ապակայունացնում են առօրեականի հյուսվածքը. «աստղ յոթը», պատուհանի փեղկի մեջ ահագնացող դեմքը, դռան ետեւում դարանած գույների խաղը... Առօրեական եւ վերժամանակյա հյուսվածքների այս համադրությունը յուրօրինակ հնչեղություն է հաղորդում ժողովածուին:    

 

- Բառի կարեւորությունը... Տարաձայնությունները գլուխ բարձրացրին այն ժամանակ, երբ «քիչ-քիչ ավարտին մոտեցավ իրերի եւ խոսքի փոխհամաձայնեցվածությունը»: Բոնֆուան վախենում է, որ բառերը կկորցնե՞ն իրանց իմաստն ու նշանակությունը:

 

- Բանաստեղծի մտավախությունը ոչ թե բառերի իմաստազրկումն է, այլ դրանց ներփակումը հասկացության, կոնցեպտի կաղապարի մեջ: Վերածվելով սոսկ ընդհանրական հասկացության՝ բառն աստիճանաբար հեռանում է զգայուն իրականության փաստերից, երեւույթներից, մինչդեռ ի սկզբանե այն ծնվել է իրականությունն անվանելու, ինչպես Արթուր Ռեմբոն էր ասում՝ «անհարթ իրականությունը գրկելու» մղումից: Վերածվելով սոսկ լեզվական պայմանական նշանի՝ բառը կորցնում է իրականություն արարելու, ներկայություն դառնալու իր զորությունը, երբ բանաստեղծ-արարիչն ասում է լույս, եւ լույս է ծնվում: Բառը կորցնում է նախաստեղծ «Բանի» շողանքը, որի հույլերը թաքնված են ցանկացած կենդանի խոսքի հատակում: Բանաստեղծությունը, որտեղ բառը նաեւ մեղեդի է ու պատկեր, մեզ հնարավորություն է տալիս մոտենալ յուրաքանչյուր բառի խորքում տրոփող այդ կյանքին, եւ ներսուզումների այդ հատակում երեւույթն ու անվանումն ասես նորից մի պահ կարող են փարվել իրար:

Շուշանիկ Թամրազյանը Շուշանիկ Թամրազյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

- «Աստված գալիս է, ուրեմն, թափառելու այն վայրերում, որտեղ ոմանք փորձում են «Համլետը» հասկանալ»: «Ինչ-որ տեղ` մեր աշխարհի սահմաններից անդին, մի Աստված կար, որ բավարարված չէր իր արարչագործությամբ/.../հիմա նա ստիպված էր նկատել եւ մեծ տագնապով հասկանալ, որ գոյություն ունի մի իմաստ, որը խուսանավում է իրենից, մի գաղտնիք, որի բանալին այդպես էլ չի գտնի»: Աստծո մասնակցությունը կյանքին, կերպարներին ինչպե՞ս եք բացատրում: Կյանքը`արարչագործությունը` ստեղծագործությունը ապրում է ինքնուրո՞ւյն կյանքով: Սրա մասի՞ն է խոսքը:

 

- Դուք հղում եք «Դիգամմա» ժողովածուի ամենախորհրդավոր ու տպավորիչ տեքստերից մեկին՝ «Աստված Համլետի մեջ» ստեղծագործությանը: Այն բազմաշերտ է: Բայց երկու բան են ինձ առանձնապես հուզել. Իվ Բոնֆուան Աստծո այդ բանաստեղծական կերպարն օժտում է մարդկային հատկանիշներով. օրինակ՝ նա ունի ենթագիտակցություն, որ չի ենթարկվում իրեն, դժվարընթեռնելի կամ անմեկնելի է նույնիսկ իր՝ Աստծո համար: Աստծուն տանջում է իր հղացած արարածների հույզերը, ապրումները մինչեւ վերջ ընկալելու ու դրանց տիրապետելու հուսահատ ցանկությունը: Իր իսկ ստեղծած էակների մեջ մարմնավորվելու ձախողվող փորձերը նրան բերում են թատրոն: Իվ Բոնֆուայի պոեզիան ավելի քան մարդակենտրոն է: Եվ թերեւս այդ տեսանկյունից կարելի է ընկալել Աստծուն մարդեղացնելու այս փորձը: Բայց այդ տխուր Աստծո հուսահատ, մենավոր դեգերումներին հետեւելիս մտքումս նաեւ Լերմոնտովի «Դեւն» էր: Ակնհայտ է, որ Բոնֆուան այստեղ իր ընթերցողին աստվածաբանական խորհրդածություն առաջարկելու ոչ մի նպատակ չունի, Աստվածն այս դեպքում բանաստեղծական հղացք է, կերպար, նա նկատի ունի ցանկացած արարչի, ստեղծագործողի... Իսկ ստեղծագործության ուղերձը, այո, թերեւս այդպես կարելի է մեկնաբանել. արարչագործությունն առեղծված է հենց իր՝ արարչի համար, որ անվերջորեն փորձում է այն վերծանել, մոտենալ նրան ու ի վերջո հրաժարվում է նշանները վերծանելու ապարդյուն փորձերից...

 

-«Ես հավատում եմ այն գեղեցկությանը, որ սկսվում է աշխարհի ետեւում»... Սա դո՞ւրսն է, մեկ ա՞յլ իրականությունը, փախո՞ւստ, աներեւո՞ւյթը:

 

-Իվ Բոնֆուայի ստեղծագործության մեջ մշտապես առկա է «այլուրի» կախարդանքը: «Դուրս», «օտար եզերք», «անդին». դրան կարելի է տարբեր անվանումներ տալ: Այլուրի այդ թրթիռը զարմանալի է այդքան սթափ բանաստեղծական եզերքում: Դա յուրօրինակ անհանգստություն է հաղորդում Իվ Բոնֆուայի գրվածքին, ռիթմականությանը, որ ինձ անչափ հուզում էր երիտասարդ տարիներին եւ շարունակում է հուզել: Բայց կարծում եմ՝ «Մեծ Արջի» այդ տողերում «աշխարհի ետեւ» բառակապակցությունը նշանակում է աներեւութական աշխարհը: Այն գեղեցկությունը, որ սկսվում է երեւութականից անդին:

 

- Ժողովածուում տեղ գտած բանաստեղծություններից ո՞րը կառանձնացնեիք:   

 

- Անկեղծ ասած՝ բոլորը: «Աստված Համլետի մեջ» եւ «Ձայն անձրեւի աղմուկում» գործերը թարգմանել եմ «Ժամը ներկա»-ին զուգահեռ, նույնիսկ՝ «Ժամը ներկա»-ից առաջ: Կարդացի, եւ ակնհայտ էր, որ այդ գործերը պետք է իրենց վայրը գտնեին հայերենի ներդաշնակություններում... Դրանք հայերենի մեղեդայնությամբ լսելն ու հարազատներիս համար ընթերցելը վերածվել էր մտասեւեռման:

 

Բայց վերջին հաշվով բոլոր գործերն էլ առանձնանում են, որովհետեւ յուրաքանչյուր գործի լուսանցքներում նաեւ իմ առօրեական ապրումն է, այն վայրը կամ վայրերը, որտեղ աշխատել եմ տեքստերի վրա, այն ժամերը, որոնց ընթացքում թարգմանվել է ստեղծագործությունը: Եվ դրանք միշտ էլ թանկ են, անկրկնելի:

 

-Նշել եք, որ անչափ դժվար է որսալ «Մեծ Արջի»` թերեւս Իվ Բոնֆուայի ամենադժվար թարգմանվող ժողովածուներից մեկի երաժշտական բանալին:

 

-«Մեծ Արջը» ձայնի կամ ձայների պոեզիա է: Այս գործերը թարգմանչից պահանջում են «բացարձակ լսողության» պես մի բան՝ ձայները մի տիրույթից մյուսը փոխադրելու համար, այնպես, որ ձայնը հնչի: Բանաստեղծությունների կինն ու տղամարդն անուն չունեն, ֆրանսերեն լեզվում նրանց տարբերում ենք՝ իգական եւ արական սեռերի քերականական կարգի շնորհիվ. օգտագործվում են արական եւ իգական անձնական դերանունները, «բարեկամ» գոյականը՝ արական եւ իգական սեռերով. «ami/amie»: Հարկավոր էր դա ինչ-որ կերպ վերստեղծել հայերեն լեզվով: Հերոսներն իրար դիմում են եւ՛ «դու»-ով, եւ՛ «դուք»-ով, անցումները սահուն են, անսպասելի, երբեմն դա նման է բազմապատկվող հայելային անդրադարձների: Երբեմն էլ փոխվում է խոսքի աղբյուրը. առարկաները, երեւույթներն են դիմում հերոսներին, սկսում խոսել, հարցեր առաջադրել: Այս սահանքները թարգմանչից պահանջում են ծայրագույն ուշադրություն եւ հարգանք բնագրի նկատմամբ:

 

- Միայն մի տեղ կա հստակ սյուժե, պատումը երիտասարդ բացառիկ կնոջ մասին, որ բացառիկ, «մեծ ձայն» ունի, բայց երգում է միայն ժամերգությունների ժամանակ, որովհետեւ ամուսնուն խնամելու համար թողել է կարիերան ու հաշմանդամ դարձած ամուսնու հետ ծերանում է իր տանը` աշխարհի ծայրին: Իրակա՞ն պատմության մասին է խոսքը: Բոնֆուան ասում է նաեւ, որ որպեսզի ճանաչելի դարձնի այդ ձայնը, կարող է միայն գրել, բայց «գրել նշանակում է ներփակված մնալ ինքդ քո մեջ», երբ «ոչինչ չես տալիս, միայն վերցնում ես»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս դիտարկումը:

 

- Արդյոք սա իրակա՞ն պատմություն է. այդ հարցին թերեւս միայն ինքը՝ բանաստեղծն է կարող պատասխանել: Ինձ համար ցանկացած բանաստեղծություն հեղինակի ներքին կենսագրությունն է, ու երբեւէ չեմ փորձել պարզել՝ ով է «մեծ ձայնի» տեր այդ երգչուհու նախատիպը: Հայտնի է Իվ Բոնֆուայի անսահման հիացմունքը կյանքից վաղաժամ հեռացած բրիտանացի օպերային երգչուհի Կաթլայն Ֆերյեի նկատմամբ՝ իր այնքան բացառիկ ձայնով ու ճակատագրով: Բայց ընթերցողի իմ ներընկալումն ինձ հուշում է, որ երգչուհու կերպարը մտացածին է, նրա մեջ գուցեեւ տարբեր դիմագծեր են համադրվում, միահյուսվում: Յուրաքանչյուրին կյանքում գոնե մի անգամ վիճակվում է հարաբերվել բացարձակ գեղեցիկի հետ, որ իսկապես վեր է երեւութականի սահմաններից, թեեւ արտաքուստ կիսում է մեզ հետ մեր պարզ, անշուք առօրյան: Իվ Բոնֆուան հրաշալի է սահմանում գեղեցիկի վերառաքող այդ ուժը, որ բարձրանում է «մյուսներից վեր՝ չլքելով սակայն խոնարհներին ու միամիտներին, չհանձնելով նրանց սովորական երաժշտությանը»: Իվ Բոնֆուայի ստեղծագործության մեջ ընթերցողը մերթ ընդ մերթ հանդիպում է բացարձակի այս խորհրդավոր օրրաններին, որ թաքուն առկայծում են գրվածքի խորքում, եւ դա բացառիկ հույզ է: Ճիշտ է, հեղինակը մեզ պարբերաբար հիշեցնում է, որ միայն «աշխարհի նյութի մեջ է» աճում բացարձակը՝ «այդ փոքր ծաղիկը»՝ ասես ինքն էլ վախենալով առեղծվածային այդ ճառագման կախարդանքից կամ հնարավոր որոգայթներից: Ինչ վերաբերում է գրվածքի ձախողմանը, որ այդպես էլ չի հաղթահարում անձնական «ես»-ի պատնեշները, չի փրկում ձայնը մոռացությունից, այս հարցադրումը հնչում է Իվ Բոնֆուայի ողջ ստեղծագործության մեջ: Հիշո՞ ւմ եք «Ժամը ներկայի» ամենատպավորիչ տողերից մեկը. «Խոսքը չի փրկում, երբեմն երազում է»: Բայց թերեւս որոշ երազներ այնպիսի աներեր պայծառությամբ են արձանագրում իրենց ձախողումը, որ մի պահ տեղի են տալիս ամբարտակները, պատնեշները ծառս են լինում, եւ տողերը հորդում են սահմանից անդին: 

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին