«Լոլիտա»՝ ավերիչ կրքի ինքնանկարը - Mediamax.am

exclusive
13104 դիտում

«Լոլիտա»՝ ավերիչ կրքի ինքնանկարը


Լուսանկարը` Yolanda Polaroid

Լուսանկարը` Անտարես

Զավեն Բոյաջյանը
Զավեն Բոյաջյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Lobasheva


Բոլոր ժամանակների ամենաաղմկահարույց գրքերից մեկը համարվող Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան» (Lolita) հայ ընթերցողի սեղանին է Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը` «Արգելված գրքեր» մատենաշարով:

 

«Լոլիտան» համարվում է 20-րդ դարի գրականության ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը: Տեղ է գտել Time ամսագրի՝ դարի 100 լավագույն վեպերի ցանկում: Վեպը տարբեր ժամանակ տարբեր երկրներում արգելքների է հանդիպել: Նաեւ ստիպել է մեծ ուշադրություն դարձնել Նաբոկովի տաղանդին՝ դարձնելով նրան Եվրոպայի եւ Ամերիկայի ամենահայտնի գրողներից մեկը: «Հաջողության գրավականը վեպի գեղարվեստակա՞ն արժանիքն է, թե՞ նրա շուրջ հյուսվող աղմուկը» հարցի պատասխանը միանշանակ չէ:

Լուսանկարը` Անտարես

- «Լոլիտան» բացառիկ գրական երեւույթ է ամենից առաջ այն առումով, որ երկուստեք վիթխարի հաջողության է արժանացել, այսինքն՝ թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների շրջանում,-ասում է Զավեն Բոյաջյանը:- Պարզապես շարքային ընթերցողներն ավելի շատ տուրք են տվել վեպի սենսացիոն կողմին եւ էրոտիզմով շղարշված սյուժեին, իսկ մասնագետները բարձր են դասել Նաբոկովի ստեղծագործության գեղարվեստական մակարդակն ու որակը: Ըստ էության, «Լոլիտան» վեպի օրինակելի մոդել է, ինչի մասին էլ վկայում են գրքի երկարակակեցությունը (առաջին անգամ լույս է տեսել 1955-ին), մշտապես բարձր վարկանիշային դիրքը լավագույն գրական գործերի ընտրանիներում եւ անժխտելի ազդեցությունը ժամանակակից վիպագրության վրա:

 

- Ի՞նչ ժանրի վեպ է:

 

 - «Լոլիտան» այնքան բազմապլան կամ բազմաշերտ վեպ է, որ դա անհնար է դարձնում որեւէ հստակ ու որոշակի ժանրային սահմանում: Դեռահաս աղջկա նկատմամբ հասուն տղամարդուն համակած ավերիչ կրքի տարեգրությունը Նաբոկովի մատուցմամբ կարելի է ընկալել որպես արտառոց սիրավեպ կամ էրոտիկ պատում, դրա գրոտեսկային պարոդիա, կլինիկական կամ պաթոլոգիկ դեպքի նկարագրություն, դետեկտիվի կամ թրիլերի տարրերով արկածալի ոդիսական, գլուխկոտրուկ, որի առանձին մասերը հետզհետե ի մի են գալիս, ֆրոյդիստական կնիքով դրոշմված ինքնանկար գիտակցության հոսքի սկզբունքով (որքան էլ Նաբոկովը քամահրական վերաբերմունք ուներ սեփական բնորոշմամբ «վիեննացի հեքիմի» հանդեպ), երգիծական վեպ, որի թիրախը հասարակական պայմանականություններն ու ստանդարտներն են, ընդունված բարքերն ու կեղծ բարեպաշտությունը, փիլիսոփայական շեշտերով հագեցած դրամատիկ պատմություն մեծ սիրո տենդագին փնտրտուքի, անհնարին զգացման, մարդուն վիճակված էկզիստենցիալ մենության ու տրտմանքի մասին: «Լոլիտան» այս ամենից ոչ մեկն էլ չէ, բայց այս ամենն է միաժամանակ:

 

- Լոլիտան նախատիպ ունի՞:

 

- Վեպի հայերեն թարգմանությանը կցված են վերջաբան եւ վաթսուն էջ կազմող հանգամանալի ծանոթագրություններ, որտեղ «Լոլիտա»-ի մասին ստեղծված ահռելի գրականության եւ սեփական դիտարկումներիս հիման վրա լուսաբանել եմ գրքին վերաբերող գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ Նաբոկովի ստեղծագործական խոհանոցին առնչվող շատ հետաքրքիր փաստեր: Որոշ գրականագետներ երեւան են բերել Լոլիտայի ոչ միայն իրական, այլեւ գրական ինչ-ինչ նախատիպերի, որոնք գուցեեւ օգնել են Նաբոկովին կամ մանրամասներ տրամադրել իր դեռատի հերոսուհու տպավորիչ կերպարը կերտելիս, բայց բուն իմաստով Լոլիտայի նախատիպ գոյություն չունի, նրան բնորոշող նիմֆետ հասկացությունը եւս Նաբոկովի հորինածն է եւ նրա վեպից հետո միայն որպես բառ մտավ շրջանառության մեջ: 

Զավեն Բոյաջյանը Զավեն Բոյաջյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

- Նաբոկովը թարգմանել է «Լոլիտան» անգլերենից ռուսերեն: Նա մտավախություն ուներ, որ  թարգմանչի ձեռքում «Լոլիտայի» ռուսերեն տարբերակը կարող էր վերափոխվել, գռեհիկանալ: Ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել ինքներդ` Նաբոկովի բարդ լեզուն փոխանցելու, նաեւ գռեհկացումից (ինչից զգուշանում էր հեղինակը) խուսափելու համար:

 

- Նաբոկովի լեզվի վերարտադրումը չեմ վախենա դժոխային փորձություն կոչել թարգմանչի համար: Պերճ ու շռայլ բառամթերք, գունեղ, հեգնոտ ոճ, միջտեքստային աղերսներ բազմաթիվ գրական գործերի ու հեղինակների հետ, զուգահեռներ, մեջբերումներ ու արձագանքներ, խոր ենթատեքստ, մանրամասներով բեռնված երկարաշունչ նախադասություններ, նորահնար ու սակավածանոթ բառեր, անթերիության չափ հղկուն ոճ, մշտական էսթետիզմ, խոսքի բանաստեղծական դրոշմ, մեծ հակում բառախաղի եւ ալիտերացիոն,  հնչյունային խաղերի հանդեպ. այս ամենը վիճակվել է հաղթահարել՝ շարունակ հետեւելով կողմնացույցի նման ճիշտ ուղին մատնանշող հեղինակին: Նա եղել է իմ փրկագոտին ամեն կարգի որոգայթներից: Բնականաբար, վեպի անգլերեն բնագրի հետ մեկտեղ ձեռքիս տակ ունեցել եմ նաեւ Նաբոկովի ռուսերեն թարգմանությունը, ինչպես նաեւ «Լոլիտա»-ին վերաբերող այն գրականությունը, որ կարող էր քիչ թե շատ օգտակար լինել: Ի դեպ, ռուսերեն «Լոլիտան» որոշակիորեն տարբեր է անգլերեն օրինակից նախ եւ առաջ լեզվաոճական կողմով. բավական հնաբույր է (Նաբոկովը քսան տարեկանում հեռացել էր Ռուսաստանից եւ 1938-ից վեր այլեւս ոչինչ չգրեց ռուսերեն, բացառությամբ «Այլ ափեր» ինքնակենսագրության, ուստի նրա ռուսերենը, որքան էլ շքեղ, բայց արդեն հնացած էր), մինչդեռ անգլերեն «Լոլիտա»-ի լեզուն անհամեմատ ժամանակակից է, շատ ավելի թարմաշունչ: Մի խոսքով, ուրախ եմ, որ ինձ բախտ վիճակվեց թարգմանել այսօրվան ավելի համահունչ «Լոլիտան»:

 

- Ինչպե՞ս է հեղինակն ինքը վերաբերվում իր վեպին: Ի՞նչ  էր ուզում ասել այս վեպով:

 

- Հայտնի է, որ Նաբոկովը «Լոլիտան» համարում էր իր լավագույն անգլերեն գրվածքը, եւ ժամանակը ցույց տվեց, որ նա չէր սխալվում: Իմ ընկալմամբ այս վեպը վերջին հաշվով, խորքային, փիլիսոփայական առումով խաբուսիկության, երկակիության, հարաբերականության մասին է: Սադրանքի, էպատաժի դիմելով՝ Նաբոկովը ցույց է տալիս, որ նույնիսկ իր ընտրած սկանդալային սյուժեի պարագայում ոչինչ միանշանակ չէ, ուստի անհնար է ուղղագիծ դատողություններ անել ու պարզ սահմանումներ տալ. առողջն ու հիվանդը, արդարն ու մեղավորը, գայթակղիչն ու զոհը, բարոյականն ու անբարոն պայմանական հասկացություններ են, որոնք տեսանկյունից կախված՝ կարող են հեշտությամբ տեղերը փոխել ամեն ինչ պարուրող ռելյատիվիստական մշուշում:  Այս անմիանշանակությամբ են ներթափանացված վիպական կառույցի բոլոր մակարդակները՝ ժանրը, սյուժեն, ոճը, բովանդակությունը: Եվ ես կարծում եմ, որ հենց նույն անմիանշանակությունն էլ «Լոլիտա»-ի կենսունակության գաղտնիքն է, քանի որ տարատեսակ ընթերցումների ու մեկնակերպերի լայն ասպարեզ է ընձեռում:

 

- Բայց  գրողը դատաապարտո՞ւմ է, թե՞ բացատրում այսպես կոչված` մեղսունակ սիրո օրինաչափությունը: Հերոսների (Համբերթի, նաեւ Լոլիտայի) վարքը պայմանավորված էր մանկությա՞մբ, պաթոլո՞գիա էր, թե՞ ընտրություն:

 

- Բանն էլ հենց դա է, որ այդ հարցերից ոչ մեկը միանշանակ պատասխան չունի, կամ վեպի յուրաքանչյուր ընթերցող պիտի իր հետեւություններն անի ըստ սեփական դատողության ու պատկերացումների: Ամեն դեպքում, դատապարտման մասին խոսք չի կարող լինել, քանի որ վեպը գրված է առաջին դեմքով, հերոսի՝ Համբերթ Համբերթի անունից: Սա ինքնախոստովանանք է, հոգեւոր ինքնամերկացում, որն ի հայտ է բերում նրա ներքին նկարագիրը, մղումներն ու հատկանիշները, ինչպես նաեւ անհաղթահարելի հակումը նիմֆետների հանդեպ: Նաբոկովի հղացմամբ ընթերցողը հնարավորություն ունի ի՛նքը դատելու այս մարդու լավ կամ հոռի կողմերի մասին՝ հենվելով հենց նրա վկայությունների վրա, ուստի ընթերցողը լիովին ազատ է եզրահանգումներ անելու, հեղինակն իր կարծիքներն ու գնահատականները նրա վզին չի փաթաթում, պարզապես տարրալուծվել է իր վեպի հյուսվածքի ու հերոսների մեջ:

Լուսանկարը` Lobasheva

- Իսկ նման թեմայի արծարծումը գրականության մեջ բացասական ազդեցության, գայթակղության վտանգներ չունի՞: Առհասարակ, ինչո՞ւ պետք է կարդալ «Լոլիտան»:

 

- Բնավ չեմ կարծում, թե որեւէ թեմայի արծարծում գրականության կամ արվեստի մեջ կարող է բացասական ազդեցություն ունենալ կամ գայթակղության վտանգ պարունակել, ասենք, ինչ-որ մեկին դրդել դատապարտելի արարքի, եթե այդ մեկն արդեն ի սկզբանե հակված չէ դրան:

 

Ցավոք, արվեստն այդքան ազդեցիկ ուժ չունի կամ այդ ազդեցությունն ավելի շատ սահմանափակվում է հուզական-գեղագիտական ապրումների շրջանակով: Այլապես գրականության կամ արվեստի լավագույն գործերի ազդեցության տակ մեր քաղաքակրթության դեմքն այսօր ավելի մարդասիրական կլիներ: Բայց Ջոն Լենոնին սպանած Մարկ Չափմենի ձեռքին Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» աննման գործն էր: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու պետք է կարդալ «Լոլիտան», համառոտակի այսպես պատասխանեմ. որովհետեւ գլուխգործոց է, շատ յուրօրինակ գիրք՝ այնքան բովանդակալից ու առեղծվածային, որ անհնար է այդ բովանդակությունը սպառել, իսկ առեղծվածը մինչեւ վերջ վերծանել: 

 

- Վեպի հայերեն թարգմանությունը ինչպե՞ս ընդունվեց Հայաստանում:

 

- Առայժմ դրական արձագանքներ եմ ստացել, այն էլ՝ հիմնականում ընթերցողներից եւ միայն հատուկենտ գրականագետներից: Ընդհանրապես ժամանակակից գրականագիտությունը Հայաստանում իմ տպավորությամբ ավելի շատ նիրհում է, քան արթուն է: Նոր գրքերը հազվադեպ են մասնագիտական գնահատականի, էլ չեմ ասում՝ վերլուծության արժանանում: Սա արդեն աչք է ծակում հատկապես վերջին տարիներին ժամանակակից հայ գրականության խիստ աշխուժացման ու նաեւ թարգմանական մեծ բումի ֆոնին. էլ ի՞նչ պիտի լինի, որ քնած գեղեցկուհին արթնանա, ո՞վ պիտի համբուրի:  

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին