Օդիսեաս Էլիտիսի անտիկ եւ նոր Հունաստանների միահյուսումը - Mediamax.am

exclusive
4787 դիտում

Օդիսեաս Էլիտիսի անտիկ եւ նոր Հունաստանների միահյուսումը


Գրաֆիտի Աթենքում
Գրաֆիտի Աթենքում

Լուսանկարը` Maximilien Nguyen

Արամ Թոփչյանը
Արամ Թոփչյանը

Լուսանկարը` Սեւակ Ղազարյան

Լուսանկարը` Սեւակ Ղազարյան

Հայկ Համբարձումյանը
Հայկ Համբարձումյանը
Շուշան Կարապետյանը
Շուշան Կարապետյանը

Լուսանկարը` Սեւակ Ղազարյան


Օդիսեաս Էլիտիսի «Քամին Աստվածամոր» ժողովածուն հայ գրականության եւ հայ ընթերցողի առջեւ բացում է հունական նոր բանաստեղծության խորհրդավոր ու անծանոթ աշխարհը: Գրքում  տեղ են գտել հույն նշանավոր բանաստեղծի տարբեր ժողովածուներից բանաստեղծություններ եւ 1979-ին նրա ընթերցած Նոբելյան բանախոսությունը: Բանաստեղծությունները բնագրից թարգմանել է Շուշան Կարապետյանը:  «Քամին Աստվածամոր» գիրքը լույս  է ընծայել «Արմավ» հրատարակչությունը:

 

Փոքր ժողովուրդների մեծ բովանդակությունը

 

Ժողովածուի խմբագիր,  գրականագետ Հայկ Համբարձումյանը նկատում է, որ Էլիտիսի անունը մեզ շատ բան չի ասում, որովհետեւ հունական նոր պոեզիա ընդհանրապես չի թարգմանվել հայերեն. «Գործ ունենք մի կողմից բարդ, գուցե անհասկանալի մետաֆորների զուգորդումների, մյուս կողմից` շատ մեղեդային, գեղեցիկ ստեղծագործության հետ: Կարծում եմ`  հայ ընթերցողը այսօր այսպիսի ստեղծագործության կարիք ունի»:

Լուսանկարը` Սեւակ Ղազարյան

Անդրադառնալով գրքում տեղ գտած Նոբելյան բանախոսությանը, գրականագետն ասում է, որ դա պոեզիայի մանիֆեստ է այն մասին, թե ինչպես փոքր, բայց հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի բանաստեղծությունը կարող է ներկայացվել նոր բանաստեղծության միջոցներով ու հասկանալի լինել եվրոպացի ընթերցողին:

 

«Էլիտիսը այդ հասկանալիությունը սահմանում է եվրոպացի հույն կերպարի առաձնացմամբ եւ ցավով նշում է, որ հունական պոեզիան քիչ է հասկանալի եվրոպացիներին, առաջին հերթին`լեզվական արգելքի պատճառով: Պետք է շատ թարգմանվի: Սրանք հարցեր են, որ մեզ համար էլ շատ կարեւոր են:

Հայկ Համբարձումյանը Հայկ Համբարձումյանը

 

Ամբողջ ընթացքում, երբ ընթերցում էի բանաստեղծությունները, առաջաբանն էի գրում, ինձ տանջում էր այդ  խնդիրը,  թե ինչպես մենք էլ կարող ենք ազգային մեծ բովանդակությունը`բանաստեղծական ժառանգությունը, միջնադարյան տաղերգությունը, դրանից առաջ` էպիկական բանաստեղծության պատառիկները միահյուսել, ստեղծել ժամանակակից պոեզիա, որ հասկանալի կլինի ոչ միայն հայերին»:

 

Հայկ Համբարձումյանը հույս ունի, որ այս թարգմանությունը ինչ-որ բան կփոխի նաեւ հայ իրականության մեջ:

 

Էական եւ պայմանական կապը հին եւ նոր Հունաստանների միջեւ

 

Շուշան Կարապետյանն Էլիտիսի պոեզիային ծանոթացել է երաժշտության միջոցով, երբ Հունաստանում դասախոսի հորդորով առավոտից երեկո լսել է հույն բանաստեղծի  տեքստերով գրված երգերը:  Ասում է, որ բանաստեղծությունների մեծ մասը անգիր գիտեր ու կարող էր թարգմանել առանց տեքստերին նայելու:

Շուշան Կարապետյանը Շուշան Կարապետյանը

Լուսանկարը` Սեւակ Ղազարյան

«Հույս ունեմ, որ Էլիտիսի պոեզիան գեղեցիկ է նաեւ հայերեն, որովհետեւ հունարեն անսահման գեղեցիկ է, այնքան գեղեցիկ է, որ ինքն իրենով երաժշտություն է»:

 

Պղնձե երկինքն ու գինեգույն ծովը

 

Շեքսպիրի եւ հին հունական մի շարք ողբերգությունների թարգմանիչ Արամ Թոփչյանը նշում է, որ եթե ինքը նախընտրել է ուսումնասիրել հին եւ մեռած հունարենը, Շուշան Կարապետյանն ուսումնասիրել է նոր եւ կենդանի հունարենը:

 

«Հին եւ նոր Հունաստանների միջեւ ընկած այդ մեծ ժամանակահատվածը եւ էական է, եւ պայմանական: Ինչպես նշված է հեղինակի Նոբելյան ճառում եւ Հայկ Համբարձումյանի առաջաբանում` հունական նոր գրականությունը, մասնավորապես` Էլիտիսի պոեզիան, անտիկ եւ բյուզանդական գրականության ավանդույթների շարունակութունն ու վերակերպավորումն  է: Հենց այս շարունակականության շնորհիվ է, որ այս գիրքն ընթերցելիս, Էլիտիսի ինքնատիպ բանաստեղծությունները վայելելու հետ մեկտեղ, հերթական անգամ առիթ ունեցա մտովի տեղափոխվել իմ սիրելի անտիկ աշխարհը:

Արամ Թոփչյանը Արամ Թոփչյանը

Լուսանկարը` Սեւակ Ղազարյան

Էլիտիսի պոեզիայում նորովի են ներկայանում հունական բնապատկերները` իրենց ողջ ուրախ եւ տխուր գեղեցկությամբ, մուգ կանաչ սոճիներն ու արծաթականաչ ձիթենիները, դարչնագույնի զանազան երանգներով կղզիներն ու լեռները, էգեյան ծովի կապույտի, կանաչի եւ զանազան ուրիշ երանգների մեջ մխրճված ապառաժներն ու խութերը: Եվ Էլիտիսը, այս ամենը պատկերելիս, հաճախ օգտագործել է անսպասելի մակդիրներ ու փոխաբերություններ, որոնք ինձ մեկ անգամ եւս հիշեցրին Հոմերոսի նշանավոր այն մակդիրները, որոնցից ամեն մեկը բանաստեղծական մի աշխարհ արժի, ինչպես օրինակ`պղնձե երկինքը կամ գինեգույն ծովը»:

 

Արամ Թոփչյանը հավելում է, որ  բնապատկերները, բնության գեղեցկության տարրերը Էլիտիսի պոեզիայում շատ վարպետորեն միահյուսվում են մարդկային զանազան հոգեվիճակների, ապրումների ու մտորումների հետ, ինչի շնորհիվ այս գրքի ընթերցանությունն իրեն մեծ հաճույք է պատճառել, նաեւ՝ լավ թարգմանության շնորհիվ:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին