Դոստոեւսկու թուլությունները եւ «Ամառը Բադենում» - Mediamax.am

exclusive
5355 դիտում

Դոստոեւսկու թուլությունները եւ «Ամառը Բադենում»


Դրվագ «Ոճիր և պատիժ» ներկայացումից
Դրվագ «Ոճիր և պատիժ» ներկայացումից

Լուսանկարը` Tommy Ga-Ken Wan

Լուսանկարը` Անտարես

Դոստոեւսկու արձանը
Դոստոեւսկու արձանը

Լուսանկարը` vsevolodionov


Լեոնիդ Ցիպկինի «Ամառը Բադենում» փաստագրական վեպը ներկայացնում է Ֆյոդոր Դոստոեւսկու ճանապարհորդությունն ու կյանքը Գերմանիայում կնոջ՝ Աննայի հետ՝ միահյուսվելով հեղինակի դատողություններին ու մեկնաբանություններին, մինչ նա նույն ճանապարհն է անցնում գրեթե հարյուր տարի անց: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը` Լեռնիկ Դալլաքյանի թարգմանությամբ: Խմբագիրը Զավեն Բոյաջյանն է:

 

«Ամառը Բադենում» վեպը համարվել է «վերջին հիսնամյակում Ամերիկայում տպագրված ամենահանճարեղ անհայտ ստեղծագործությունը»: Ցիպկինը բժիշկ-հետազոտող էր,  բազմաթիվ գիտական հոդվածների եւ հայտնագործությունների հեղինակ: Գրել սկսել է ավելի ուշ: Գրողի փառքը, սակայն, շրջանցել է նրան: Վեպի առաջին դրվագը տպագրվել է Նյու Յորքում՝  «Նովայա գազետա»  ռուսական շաբաթաթերթի 1982 թ. մարտի 13-ի համարում, իսկ 13 օր անց Ցիպկինը մահացել է:

 

- Բարեբախտաբար «Ամառը Բադենում» վեպը անհայտ չի մնացել,- ասում է Զավեն Բոյաջյանը: - Ցիպկինը այն սակավաթիվ գրողներից է գրականության պատմության մեջ, որն իրեն գրող չի համարել, մինչդեռ պարզվել է, որ շատ տաղանդավոր գրող է: Եվրոպայում եւ Ամերիկայում նրա անունն ավելի հայտնի է, քան Ռուսաստանում, թեեւ, ամեն դեպքում, հռչակավոր գրողների թվին դժվար թե դասենք:

 

-Ցիպկինի վեպն ավելի շատ գեղարվեստակա՞ն իրապատում  է, թե՞ գրող-բժշկի հոգեվերլուծություն: Եվ ի՞նչ նոր բան կարող է ասել ընթերցողին:

 

-Կարծում եմ` առաջին հերթին գեղարվեստական գործ է, ուղղակի գեղարվեստական գրականության ընդունված ստանդարտներից բավական տարբեր: Եթե նույնիսկ ուրիշ կողմ չվերցնենք, զուտ ոճի, պատկերման, սյուժեն կառուցելու առումով հեղինակը յուրօրինակ գեղարվեստական հնարքներ է կիրառել:

 

Խոսքը հատկապես  երկարաշունչ անվերջանալի նախադասությունների մասին է: Վեպը կազմված է ընդամենը 11 պարբերությունից եւ միայն 34 վերջակետ ունի, այսինքն` բավական ծավալուն այս ստեղծագործության մեջ խոսքն ընթանում է հեղեղի, չընդհատվող հոսքի սկզբունքով, որը նման է մոդեռնիզմին հատուկ գիտակցության հոսքին:

Լուսանկարը` Անտարես

Վեպը հետաքրքիր է նաեւ այն առումով, որ կենտրոնական կերպարը ներկայացվել է նորովի: Դոստոեւսկու մասին ամեն ինչ գրվել է, մեկնաբանվել, նա ամենից շահարկված, վերլուծված գրողներից մեկն է, եւ դժվար է, ասենք, նրա կյանքի փաստերով զարմացնել ընթերցողին: Մինչդեռ Ցիպկինին հաջողվել է  նրան պատկերել միանգամայն այլ տեսանկյունից: Դասական հեղինակները վերածվում են հուշարձանների, մենք դադարում ենք նրանց ընկալել որպես կենդանի մարդկանց, դադարում ենք ընկալել այն ստեղծագործական ազդակները, դրդապատճառները կամ մարդկային նկարագրի առանձնահատկությունները, որ արտացոլվել են նրանց գործերում: Իսկ այս վեպն առաջին հերթին ներկայացնում է Դոստոեւսկու հենց մարդկային դիմագիծը, կենդանի խառնվածքը, բնորոշ հատկանիշները, թուլությունները, թափանցում է նրա կերպարի եւ կյանքի ամենախոր գաղտնարանները, կնոջ հետ ունեցած հարաբերությունների ինտիմ ոլորտը: Եվ այս ամենը ինքնանպատակ չէ, տուրք չէ սենսացիային, որովհետեւ մեր աչքի առաջ, ի վերջո, բացահայտվում է հանճարեղ գրողի մի դիմանկար, որը ոչ միայն զերծ չէ թուլություններից ու արատներից, այլեւ կեղեքվում է այդ ամենից` խաղամոլությունը լինի, թե մի ուրիշ բան, որը բնավ էլ հաճելի տպավորություն չի թողնում:

 

Սա գրողական համարձակության խնդիր է նախ եւ առաջ, որովհետեւ կարել էր այդ ամենը ջրի երես հանել, բայց գեղարվեստական առումով ձախողել, տանուլ տալ:

 

-Դոստոեւսկու եւ Ցիպկինի կենսագրության մեջ ընդհանուր եզրեր կան: Ինչպես եւ գրքում է պատկերված, Դոստոեւսկին պայքարում է տաժանավայրից մնացած  հիշողությունների, խաղամոլության, խղճի խայթի, էպիլեպսիայի, աղքատության, պարտքերի, ստորացումների դեմ: Ցիպկինի հայրը, մայրը, քույրը, եղբայրը ստալինյան ռեպրեսիաների զոհ էին դարձել: Ցիպկինն ինքը ռեժիմի հալածանքներից չի խուսափել, եւ գիրքը գրել  է այն ընթացքում, երբ փորձել է մեկնել ԱՄՆ, բայց թուլտվություն չի ստացել  (1977-1980):  Այնուամենայնիվ, ինչո՞ ւ էր ազգությամբ հրեա Ցիպկինը ներհյուսում իր եւ ճամփորդող Դոստոեւսկիների պատմությունը` միաժամանակ անդրադանալով Դոստոեւսկու հրեատեցության հանգամանքին:

 

-Կարծում եմ, որ վերջին հանգամանքը վճռորոշ  դեր է խաղացել վեպը գրելու գործում, եւ ակնհայտ է, որ Ցիպկինը փորձել է հատկապես հրեայի տեսանկյունից վերլուծել, հասկանալ մեծ գրողին:

 

Այո, Դոստոեւսկին ավելի քան անբարենպաստ կարծիք ուներ հրեաների մասին, դա երբեք չի թաքցրել, արտացոլել է իր գործերում: «Ամառը Բադենում» վեպի վերջին էջերում, երբ երեւան են գալիս, ավելի հստակվում գիրքը գրելու շարժառիթները, Ցիպկինը չի թաքցրել, թե ինչու է այդպես խորամուխ եղել Դոստոեւսկու կենսագրության մեջ, պրպտել գրողի աշխարհայացքի թնջուկներն ու նրա մոլուցքները: Նա շեշտում է, որ խոսքը մի հանճարեղ գրողի մասին է, որը հրեաներին չի սիրել, բայց ամենից շատ հենց հրեաներն են քննել, գնահատել նրա ստեղծագործությունն ու բարձր դասել:

 

Կարծում եմ՝ սա միշտ գրավել է Ցիպկինին, եւ նա փորձել է հասկանալ այս պարադոքսի ներքին շերտերը, փորձել է վերլուծել, վեր հանել աստառը` ինքն էլ ազգությամբ հրեա լինելով: Այս հանգամանքը հետաքրքիր է, բայց գրքի միայն մի կողմն է: Ըստ էության, խոսքը  բազմաշերտ ստեղծագործության մասին է, որը ներառում է ե՛ւ վեպի, ե՛ւ էսսեի, եւ խոհափիլիսոփայական արձակի տարրեր, եւ այս ամենի համաձուլվածքի շնորհիվ է, որ նման ուշագրավ արդյունք է ստացվել:

 

-Գրքի վերջում  պատկերվում են Դոստոեւսկու մահն ու անմահությունը: Գրողը մահվան մահճում էր, երբ սկսվում է մարդկանց անվերջանալի, անկասելի հոսք: Մինչ այդ տեսնում ենք գրողի ձախողումները, եւ ավելի շատ ժամանակի հայտնի գրողների (Տուրգենեւ, Նեկրասով, Բելինսկի…) անբարեհաճ վերաբերմունքը, քան գնահատականը:

 

- Գիրքը ճանաչողական մեծ նշանակություն ունի. ռուս գրականության պատմությունն ուսումնասիրելով հազիվ թե կարելի է այդքան կենդանի ու տպավորիչ պատկերացնել Դոստոեւսկու հարաբերություններն իր շրջապատի, անվանի ռուս գրողների հետ: Իսկ այդ ամենը կարեւոր է ոչ միայն Դոստոեւսկու կերպարն ընկալելու, այլեւ նրա ստեղծագործության ակունքները, ենթատեքստերը պարզաբանելու իմաստով: 

Դոստոեւսկու արձանը Դոստոեւսկու արձանը

Լուսանկարը` vsevolodionov

Դառնալով ձեր ասածին` ամբողջ գրքում ականատես ենք Դոստոեւսկու խաղամոլության ճակատագրական խնդրին, գրողի եւ նրա կնոջ բարդ հարաբերություններին, որ անընդհատ կարծես փլուզվելու եզրին են, բայց այդ մարդիկ շարունակ ուժ են գտնում իրենց սերը պահպանելու, միասին մնալու: Ականատես ենք նաեւ գրողի նկարագրի այլեւայլ բացասական կողմերի, որոնք կարող են նույնիսկ տհաճ զգացողություններ կուտակվել: Բայց Դոստոեւսկու մահը վերջակետ է դնում այն բոլոր մանր, անէական, երկրորդական բաներին, այն թերություններին, որոնք հատուկ էին նրան որպես մարդու, բայց չեն կարող բնորոշել որպես հանճարեղ գրողի: Գրքի վերջում, երբ Դոստոեւսկին անցնում է անմահների կարգը, նրա դիմագիծը պարզվում է, զուլալվում, մաքրագործվում, եւ մենք գրքի հեղինակի հետ ապրում ենք այդ մաքրագործման, կատարսիսի պահը: Հոյակապ վերջակետ է:

 

-Այս պատմության անբաժանելի մասը Անյայի եւ Դոստոեւսկու սերն է, որ ոչ մի կետում չի ընդհատվում: Ի՞նչ դեր ուներ Աննա Գրիգորեւնան գրողի կյանքում:

 

- Ժամանակի շատ ռուս գրողներ եւ գրականագետներ (գրքում դա երեւում է) ի վիճակի չէին Դոստոեւսկու հանդեպ անկողմնակալ լինել, ճիշտ արժեւորել նրան եւ ընդհանրապես ըմբռնել, որ խոսքը հանճարի մասին է: Իսկ այդ կինը, որը հասարակ սղագրուհի էր, հասկանում է դա, եւ իր կյանքը, սերը զոհաբերում առօրյայում շատ անգամ անտանելի այս մարդուն` հանուն հենց նրա հանճարեղության: Նա նույնքան  հետաքրքիր կերպար է, որքան Դոստոեւսկին, այս երկու կերպարներն էլ փաստորեն վեպն առաջ են տանում:

 

-Ի՞նչ կասեք թարգմանության մասին: 

 

-Այս գրքի պարագայում գործ ունենք թարգմանչական պարադոքսի հետ, որովհետեւ ես միշտ համարել եմ, որ թարգմանությունը որոշակի փորձառության, հմտության հետ կապված գործ է.  նույնիսկ շատ օժտված մարդիկ, երբ այդ փորձառությունն ու հմտությունը չունեն, հաճախ վրիպում են:  Սա, որքան գիտեմ, Լեռնիկ Դալլաքյանի առաջին մեծ թարգմանությունն է: Որպես առաջին գործ շատ հասուն ու հմուտ  աշխատանք է: Նույնիսկ փորձառու թարգմանիչը կդժվարանար Ցիպկինի խճճուն, բարոկկոյական ոճը,  գրելու բարդագույն եղանակը վերարտադրել: Իսկ թարգմանիչը ջանք չի խնայել ամենայն հավատարմությամբ (որքանով համեմատել եմ բնագրի հետ) ընտիր հայերենի փոխանցել գրքի լեզվաոճական առանձնահատկությունները: Միշտ էլ հաճելի զուգադիպություն է, երբ տաղանդավոր գրողը հանդիպում է տաղանդավոր թարգմանչի:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին