Երկրորդ ջրհեղեղը, հոգնած Նոյն ու ընկերասեր պինգվինները - Mediamax.am

exclusive
6094 դիտում

Երկրորդ ջրհեղեղը, հոգնած Նոյն ու ընկերասեր պինգվինները


Դրվագ «Տապանը մեկնում է ժամը 8-ին» ներկայացումից
Դրվագ «Տապանը մեկնում է ժամը 8-ին» ներկայացումից

Լուսանկարը` Darek Zon

Մարիամ Եփրեմյանը
Մարիամ Եփրեմյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Ուլրիխ Հուբը
Ուլրիխ Հուբը

Լուսանկարը` CARLSEN հրատարակչություն

Լուսանկարը` Զանգակ


Աստված էլի դժգոհ է աշխարհից` մարդկանցից ու կենդանիներից: Աշխարհը երկրորդ անգամ ողողվում է ջրով: Ուլրիխ Հուբի «Տապանի մոտ ժամը ութին» վիպակում համաշխարհային ջրհեղեղի մասին պատմությունն ուղեկցվում է չարաճճի, կռվարար ու ընկերասեր պինգվինների արկածներով: Մինչ պինգվինները վիճում են` կա՞ իսկապես մեծ, հզոր ու անտեսանելի Աստվածը, սկսում է ջրհեղեղը: Ճիշտ ժամանակին աղավնին հասցնում է նրանց տալ Նոյան տապանի տոմսերը:

 

Գերմանացի դերասան, ռեժիսոր եւ դրամատուրգ Ուլրիխ Հուբը համաշխարհային ջրհեղեղի պատմությանը անդրադարձել է 2006-ին, երբ գերմանական հրատարակիչներից մեկը տեղի թատրոններին առաջարկում է բեմադրել կրոնական թեմայով մանկական ներկայացումներ: 

 

Հուբի ներկայացրած սյուժեն արժանանում է «լավագույն մանկական թատերգություն» մրցանակին եւ սկսում  հաղթարշավը եվրոպական թատրոններում` գրավելով թե' փոքրահասակ, թե' մեծահասակ հանդիսատեսի համակրանքը: 2008-ին հրատարակվում է Հուբի հանրահայտ պիեսի հիման վրա գրված համանուն վիպակը:

 

«Զանգակ» հրատարակչությունը «Տապանի մոտ ժամը ութին» վիպակը  ընթերցողին է ներկայացնում Մարիամ Եփրեմյանի թարգմանությամբ (նկարազարդումը` Յորգ Մյուլեի):

 

Մեր զրուցակիցը Մարիամ Եփրեմյանն է:

 

- Տապանը մեկնում է ժամը ութին: Փրկության տոմսերը, սակայն, երկուսն են: Ճամպրուկները կապող պինգվինները որպեսզի փրկեն երրորդ պինգվինին, որոշում են ճամպրուկում իրերի փոխարեն տեղավորել իրենց փոքրիկ ընկերոջը: Հուբի վիպակի հիմքում աստվածաշնչյան պատմություն է, բայց կարծես ավելի շատ շեշտադրվում է ընկերասիրության ու հավատարմության գաղափարը:

 

- Հեղինակը Աստծո մասին գաղափարը երեխաներին հասկանալի լեզվով մատուցելու խնդիր ունի: Այդ պարզությունը փոխանցելը նաեւ թարգմանության բարդություններից մեկն էր, ինչպե՞ս թարգմանես, որ գրավիչ լինի եւ երեխաներին հասկանալի: Գիրքն ընթերցելիս տեսնում ես, որ Աստված հեռու գաղափար չէ, բավական մոտ է ու ընկալելի:

Մարիամ Եփրեմյանը Մարիամ Եփրեմյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

- Տապանի բնակիչները խախտում են սահմանված կանոնները: Կա հստակ ակնարկ առ այն, որ մարդկային էությունը երբեք չի  փոխվում: Հազիվ թե դա հասցեագրված լինի մանուկ ընթերցողին: 

 

- Ցանկացած հեքիաթ այդպիսին է: Հեքիաթները մեզ միշտ տալու բան ունեն: «Փոքրիկ իշխանը» կարդում են եւ' մեծերը, եւ' փոքրերը: Փոքր տարիքում ընկալում են որպես հեքիաթ, մեծ տարիքում` զարմանալի բացահայտումներ անում: Չէի ասի, որ այս գիրքը միայն մանուկների համար է, միայն նրանց կհետաքրքրի, որովհետեւ ինքս թարգմանելիս այնպիսի~ բավականություն եմ ստացել: Սովորաբար թարգմանելիս նյութը բաժանում եմ որոշակի մասերի ու հատվածաբար աշխատում: Այս գրքի դեպքում այդ սխեմային չէի հետեւում ու բավականին շուտ ավարտեցի թարգմանությունը:

 

-Ըստ Ձեզ` ինչո՞ւ է Հուբը անդրադառնում աշխարհի երկրորդ կործմանը` շրջանցելով պատմականը`առաջին ու ըստ ամենայնի համաշխարհային միակ ջրհեղեղը:

 

- Շատ գրքեր են աստվածաշնչյան սյուժեների վրա կառուցվում: Ինձ թվում է`բոլոր պատմությունները կան Աստվածաշնչում, նոր պատմություն չենք կարող հորինել:

Ուլրիխ Հուբը Ուլրիխ Հուբը

Լուսանկարը` CARLSEN հրատարակչություն

Առաջին ջրհեղեղի մասին շատ է խոսվել: Աշխարհը ջրով մաքրելու երկրորդ փորձը  զուտ գեղարվեստական հնարք է: Ընտրվել է այս տարբերակը: Աստված էլի դժգոհ է աշխարհից` մարդկանցից ու կենդանիներից: Նոյն արդեն ծեր է, հոգնել է, բայց ստիպված է երկրորդ անգամ անցնել նույն ճանապարհը: Այս գրքում Նոյին օգնում է աղավնին, նա է հավաքում տապանի բնակիչներին, ղեկավարում ճամփորդությունը:

 

-Աղավնու եւ պինգվինի հանկարծահաս սերն ինչի՞ համար է:

 

- Դա  հեղինակի լուծումն է, որ ոչ ոք մենակ չմնա: Կարծում եմ` ենթատեքստեր փնտրել պետք չէ: Համոզված եմ, երեխաների մոտ նման հարցեր չեն էլ առաջանում:

 

- Պինգվինները բարձրացնում են հարցեր, որ հավանաբար պտտվում է շատ փոքրիկների գլխում: Հեղինակը սակայն չի շտապում տալ դրանց պատասխանը: Ջրհեղեղի փրկվելուց հետո անգամ տապանի բնակիչները տարակուսում են` Աստված կա՞:

 

- Հեղինակը, երբ գրում է ինչ-որ գիրք, առաջին հերթին, կարծում եմ, փորձում է գտնել իր իսկ հարցերի պատասխանը: Հեղինակը չի գրում զուտ ինքն իր համար, ու դա իներտ, զուտ մեկուսացած ինչ-որ բան չէ: Ոչ էլ գրում է միայն ընթերցողների համար ու գրելուց հետո ինքն արդեն չկա: Այս գրքում երեւում է նաեւ հեղինակի տարակուսանքը` կա՞, թե՞ չկա Աստված: Նա մարդ-պինգվին-Աստված հարաբերությունը ներկայացնում է պարզ, զվարճալի լեզվով ու հնարավորինս անկեղծ: Այս պատմությունը առանձնանում է նաեւ նրանով, որ մենք տեսնում ենք ոչ թե աստվածաշնչյան մեկնաբանությունը, այլ տապանի բնակիչների վերաբերմունքը այդ ամենին: Աստվածաշնչում հայացքը դրսից է, այստեղ ներսի հայացք է:

 

- Թարգմանության ընթացքի ու դժվարությունների մասին ի՞նչ կասեք:

 

- Հայերենում խոսակցական եւ գրական լեզվի տարբերությունը շատ է: Եթե շատ գրական ես թարգմանում, ստացվում է քարացած լեզու, կարող են առաջին մի քանի բառից հետո չկարդալ: Այս գրքի պարագայում խնդիրը կրկնակի բարդ էր, որովհետեւ երեխաների համար է: Գուցե սա ինչ-որ մեկի կարդացած առաջին գիրքն է,  պետք է այնպես անես, որ դրանից հետո էլի ուզենա կարդալ: Թարգմանելիս մտածում էի մորեղբորս աղջկա եւ ընկերուհուս տղայի մասին, մտածում էի`ինչպե՞ս կպատմեի նրանց, ինչպե՞ս կընկալեին նրանք: Փորձել եմ  հերոսների խոսքը մի քիչ ավելի իրենց հարիր դարձնել, պինգվինը խոսում է պինգվինի լեզվով, աղավնին` աղավնու: Մնացյալ տեքստը ավելի հղկված ու ոճական առումով ավելի բարդ է, քան հերոսների խոսքը: Փորձել եմ այնպես անել, որ կենդանի պատմություն դառնա, ընթերցողը կարողանա մտնել տապան ու կենդանիների հետ մինչեւ վերջ գնալ:

Լուսանկարը` Զանգակ

Հեքիաթի պատումի լեզուն, ժամանակաձեւերը գտնելու խնդիր կար նաեւ: Գերմաներենում ժամանակաձեւերը քիչ են, հայերենը ավելի լայն հնարավորություն է տալիս, ու պետք է գտնել ամենահամապատասխանը: Շատ կարեւոր է նաեւ կողքի հայացքը: Իմ բախտը բերել է, որովհետեւ հայրս` Ավագ Եփրեմյանը բանաստեղծ է, ես ցանկացած խնդրի դեպքում ընդամենը գնում եմ կողքի սենյակ: Այնքան սիրուն է պինգվինների ինքնաբուխ երգը հայրենիքի կարոտի մասին: Այդ բանաստեղծությունը հայրիկիս օգնությամբ եմ թարգմանել, ու դա իմ ամենասիրելի հատվածն է:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին