Աննի Էռնոն, հայկական դուրսը եւ պատումի պրկված թաղանթը - Mediamax.am

exclusive
14336 դիտում

Աննի Էռնոն, հայկական դուրսը եւ պատումի պրկված թաղանթը


Դրվագ Աննի Էռնոյի «Տարիները» վեպի բեմադրությունից
Դրվագ Աննի Էռնոյի «Տարիները» վեպի բեմադրությունից

Լուսանկարը` Gaëtan Bailly

Կյանքը Նորմանդիայում
Կյանքը Նորմանդիայում

Լուսանկարը` Fred Vignolles

Կյանքը Նորմանդիայում
Կյանքը Նորմանդիայում

Լուսանկարը` Fred Vignolles

Կյանքը Նորմանդիայում
Կյանքը Նորմանդիայում

Լուսանկարը` Fred Vignolles

Կյանքը Նորմանդիայում
Կյանքը Նորմանդիայում

Լուսանկարը` Fred Vignolles

Կյանքը Նորմանդիայում
Կյանքը Նորմանդիայում

Լուսանկարը` Fred Vignolles

Լուսանկարը` Անտարես


«Անտարես» հրատարակչությունը Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ լույս է ընծայել ֆրանսիացի արձակագիր Աննի Էռնոյի «Տեղը» վիպակը:

 

Աննի Էռնոն երիտասարդությունն անց է կացրել Իվըտոյում՝ Նորմանդիայում: Ֆրանսիայի բարձրագույն կրթության ազգային մրցույթում ստանալով գրականության դասախոսի դիպլոմ՝ դասավանդել է Աննըսիում, Պոնտուազում, ինչպես նաեւ հեռակա ուսուցման ազգային կենտրոնում: Բնակվում է Վալ-դ՛Ուազում`Սերժիում: Նրա երկերը մեծ ճանաչում են վայելում: «Տեղը» վիպակի համար արժանացել է հեղինակավոր Ռընոդո մրցանակին: Վիպակի գլխավոր հերոսը հեղինակի հայրն է:

 

Մեր զրուցակիցը Շուշանիկ Թամրազյանն է:

 

Աննի Էռնոն եւ մեր, հայկական դուրսը

 

- Ինչո՞ւ Աննի Էռնո եւ ինչո՞ւ «Տեղը» վեպը:       

 

- Իմ սիրելի հեղինակներից է: Վաղուց էի ուզում թարգմանել: Աննի Էռնոյի արձակի մեջ ինձ կախարդում է արտաքին աշխարհի, մեծ դրսի հեւքը, թրթիռը: Տողը ճեղքում է լեզվական, իմաստային կաղապարները, գրկում մեծ քաղաքի սալահատակները, առափնյակները, գավառական քաղաքի տնամերձ այգիներն ու նորմանդական խրճիթների տրտմությունը:

Լուսանկարը` Անտարես

Էռնոյի արձակը չափազանց կենդանի է ինձ համար: Իր նոբելյան բանախոսության մեջ ֆրանսիացի մեծ վիպասան Կլոդ Սիմոնն ասում է, որ գրողին գրող է դարձնում ոչ թե իրականությունը պատկերելու մարմաջը, այլ գրվածքի ուրույն կախարդանքը: Աննի Էռնոն շատ տարբեր է Կլոդ Սիմոնից, բայց ես կասեի, որ տարօրինակ օրինաչափությամբ՝ խոսքի մոգությամբ, յուրատեսակ կախարդանքով օժտված այդ գրվածքների հետ է, որ մենք մի պահ անասելիորեն մոտենում ենք կենսաթաղանթին, իրականության կենդանի զարկերակին, ասես խոսքը առթաղանթում է կյանքի հետ: Սա ինձ համար շատ թանկ զգացողություն է: Ես սա եմ ակնկալում մեծ գրականությունից. խոսքի առինքնող կախարդանքը, որ մեզ ստիպում է ինքնամոռաց հանձնվել պատումի հորձանուտներին, հարահոս մեղեդուն:

 

Աննի Էռնոյի արձակին առաջին անգամ ծանոթացել եմ ուսանողական տարիներին, Փարիզում: Ընկերներիցս մեկի տանը գրադարակի վրա տեսա «Արտաքին կյանք» հետաքրքիր վերնագիրը, վերցրի ու սկսեցի կարդալ: Չէի կարողանում կտրվել: Այն տպավորությունն էր, որ այդ տողերում շնչում են փարիզյան փողոցները, հարահոս գետը, մոխրագույն, անծայրածիր դուրսը: Հենց այդ տարիներին էլ ծնվեց այդ միտքը. Աննի Էռնոն եւ Երեւանի փողոցները, Աննի Էռնոն եւ եթե կարելի է ասել՝ մեր, հայկական դուրսը. հնարավո՞ր է այդ կապը, այդ հարաբերությունը:

 

Ինձ թվում է, որ թարգմանիչներն իրենց միշտ նման հարցեր են տալիս՝ ըստ էության շատ պարզ, ֆիզիկական, կենսական: Նման հարցերից է ծնվում թարգմանելու ցանկությունը: Համենայն դեպս՝ ինձ համար:

 

- Իսկ կարեւո՞ր հեղինակ է Աննի Էռնոն ֆրանսիական ժամանակակից արձակի համատեքստում:

 

- Այո՛, հայ ընթերցողին բախտ է վիճակված բացահայտել վերջին տասնամյակների ֆրանսիական արձակի ամենաինքնատիպ ու սիրված գրողներից մեկի ստեղծագործությունը: 1984 թ.-ին «Տեղը» վիպակի համար Էռնոն արժանանում է «Ռընոդո» հեղինակավոր մրցանակին, որ նրան մեծ ճանաչում է պարգեւում: Դրան հաջորդում են մի շարք այլ մրցանակներ, որոնց թվում՝ «Մարգըրիտ Դյուրասի» եւ «Ֆրանսուա Մորիակի» մրցանակները «Տարիները» վեպի համար (2008):

Կյանքը Նորմանդիայում Կյանքը Նորմանդիայում

Լուսանկարը` Fred Vignolles

Ինքնապատումի ժանրում Էռնոն առանձնանում է ֆրանսիացի կին գրողներից, այդ թվում՝ այնպիսի հեղինակություններից, որոնց ժառանգությունը, ազդեցությունը թվում է անշրջանցելի ինքնապատումի ժանրում ստեղծագործողների համար, ինչպես օրինակ՝ Մարգըրիտ Դյուրասը, որի վեպերը որոշ բացառություններով («Moderato cantabile», «Լոլ Վ. Շտայնի հափշտակությունը») ինքնապատում են եւ գրվածքի ինքնաբավ հրճվանքով խաղում են հորինվածքի եւ իրապատման փխրուն սահմանեզրին: Թերեւս, մերօրյա Դյուրաս կարելի է համարել Քրիստին Անգոյին. մտասեւեռման նույն ուժը, վարիացիաների նույն տարերքը, ինքնառասպելի նույն կիրքը: Այս առումով՝ Աննի Էռնոն շատ ինքնուրույն է: Նա ինքնապատումի ժանրում սկիզբ է դնում նոր որակի. սեփական պատմության շարադրանքը փնտրել ոչ թե ներաշխարհի թաքնված խորքերում, ենթագիտակցության լաբիրինթոսներում, այլ դրսում՝ օտար, անանուն դեմքերի, արտաքին իրականության փաստերի մեջ: Սա շատ ինքնատիպ մոտեցում է: Իզուր չէ, որ ֆրանսիացի գրաքննադատները նրան համարում են «հասարակական օրագրության» հիմնադիր: Իհարկե, բոլոր այս բնորոշումները պայմանական են, ինչ-որ չափով՝ թերի, բայց կարեւորն այն է, որ Էռնոն մեզ եւս մեկ անգամ օգնում է բացահայտել ինքնապատումի խորին ճշմարտություններից մեկը. անանձնական «ես»-ի որոնումը, այն «ես»-ի, որ ուրիշն է, ինչպես ասում էր Արթուր Ռեմբոն:

 

- Մինչ հոր մասին պատմությունը շարադրելը, Աննի Էռնոն նշում է, որ իրավունք չուներ սկզբից եւեթ արվեստն ընտրելու, ոչ էլ փորձելու զգլխիչ կամ հուզիչ որեւէ գործ ստեղծել: Որքանո՞վ է հավատարիմ Էռնոն իր այս որոշմանը: Ի՞նչ նշանակություն ունի «Տեղը» որպես իրապատում եւ որպես արվեստի գործ:

 

- «Տեղը», իհարկե, արվեստի գործ է: Թեեւ հեղինակի հայացքն այնքան խիստ է իր ներքին ճշմարտության որոնման ճանապարհին, այնքան անողոք ցանկացած գրական-գեղարվեստական պայմանականության, գեղագիտական հնարանքի հանդեպ, որ պատումի թաղանթը երբեմն անասելի պրկվում է: Թվում է՝ այն մոտեցել է անկարելի մի սահմանի: Աննի Էռնոն հարցազրույցների մի ժողովածու ունի՝ վերնագրված «Գիրը՝ դանակի նման», որտեղ խոսում է գրվածքի իր ճշմարտության, գրողական իր տեխնիկայի մասին: Իսկապես, Էռնոյի արձակը կարդալիս, առավել եւս՝ թագմանելիս, փնտրում ես աներեւույթ այդ դանակը, որ անվարան կտրում է բոլոր ոճական-գեղարվեստական հնարանքները, որոգայթները, որոնց երբեմն այնքան հեշտությամբ է տրվում գրվածքը: Սա բնորոշ է Էռնոյի բոլոր գործերին:

 

Բայց այս դեպքում ինձ շատ կարեւոր է թվում եւս մի հանգամանք. վիպակը գրվել է անդառնալի կորստից՝ հեղինակի հոր մահից հետո, դրան հաջորդած ութ ամիսների ընթացքում: Աննի Էռնոն նշում է վիպակը սկսելու եւ ավարտելու տարեթվերը. դա կարեւոր փաստ է նրա համար: Ինձ թվում է, որ անդառնալի կորուստներից հետո արվեստի գործերին յուրօրինակ մի փորձություն է վիճակված: Սակավաթիվ են ստեղծագործությունները, որ քննություն են բռնում: Բառերը լռում են, ամենաշքեղ ներդաշնակությունները թվում են ցավալիորեն սահմանափակ, թերի, փակված անհաղթահարելի կաղապարների, վանդակների մեջ, շքեղության, մտքի խաղի նման սին եւ «անիրական», ինչպես գրում է Էռնոն: Մտքում աղոթքներ ես փնտրում կամ արվեստի այն դրսեւորումները, որ հավասարազոր են աղոթքի: Այնպես որ այս համատեքստում ավելի քան հասկանալի է արվեստի նկատմամբ այդ անվստահությունը այն պահին, երբ պետք է փորձես ասել մեկի ներկայությունը, երբ իրավունք չունես ստելու, տրվելու հեշտ, գեղեցիկ խոստովանությունների, զգացմունքներիդ հորդաբուխ արտազեղմանը: Բառերը դառնում են իսկապես դժվար, զարդարանքները թվում են կեղծիք, դավաճանություն:

Կյանքը Նորմանդիայում Կյանքը Նորմանդիայում

Լուսանկարը` Fred Vignolles

«Տեղը» վիպակում վիպարվեստը գրեթե հրաժարվում է պաճուճանքներից: Գնում է մինչեւ վերջին սահման: Բայց արդյունքում... ստացվում է իսկական արվեստի գործ: Արվեստի գործն անհնար է առանց այդ խորքային, ճշմարիտ որոնման, առանց սեփական սահմանների համառ զննության:

 

Պայմանական, անհեթեթ, բայց եւ անխուսափելի սահմանները

 

- Կենսագրական տարրեր ունեն Էռնոյի նաեւ մյուս գործերը: Ինչպես եւ նշել եք վերջաբանում`Աննի Էռնոն գրական ասպարեզ է մուտք գործել հենց ինքնապատումի ժանրին պատկանող «Դատարկ պահարաններ» վեպով, որ անմիջապես իր վրա է բեւեռել քննադատի եւ ընթերցողի ուշադրությունը: Ինչո՞վ է առանձնանում «Տեղը» հեղինակի մյուս գործերից:

 

- Ժանրային-ոճական առումով՝ այստեղ ինքնապատումը հիմնված է բացառապես ինքնակենսագրական հենքի վրա, մտացածին դրվագները կամ տարրերը բացակայում են: Բովանդակային առումով՝ այն առանձնանում է հարցադրման խորությամբ: Ինչպես նշեցի, վիպակը պատմում է հոր եւ աղջկա խոր կապի եւ աղջկա հասարակական վերելքի հետեւանքով վրա հասած օտարման մասին: Վիպակը նաեւ հեղինակի հոր դիմանկարն է՝ անսպասելիորեն գեղեցիկ, օժտված խոր հոգեբանական շերտերով: Բայց առկա է նաեւ շատ ավելի ընդգրկուն մի հարցադրում. հոր եւ դստեր սիրո եւ նրանց բաժանող անջրպետի պատմությունը խորհրդածություն է նաեւ մարդկային ճակատագրի եւ մարդկանց իրարից բաժանող սահմանների մասին՝ այնքան պայմանական, անհեթեթ, բայց եւ անխուսափելի: Արդարացնելով հոր փայփայած հույսերը՝ աղջիկը քայլ առ քայլ հայտնվում է փայլեցված մի աշխարհի ողորկ, բայց ամուր դռների հետեւում: Գծված է սահմանը՝ անընդունելի, բայց իրական: Սահմանը դստեր եւ հոր, սեփական հասարակական դիրքի դեմ լռելյայն պայքարող կծկված խոսելաձեւի եւ նոր, նրբակիրթ ֆրանսերենի, ներկայի եւ մանկության, քո եւ քո միջեւ: Իսկ սա մի հարցադրում է, որ ո՛չ ժամանակ է ճանաչում, ո՛չ էլ աշխարհագրական սահմաններ: Թարգմանելիս մի պահ մտքումս Հրանտ Մաթեւոսյանի հերոսներն էին, ասենք՝ «Աշնան արեւի» Արուսի կամ փոքր տղայի ներքին դրաման:     

 

- «Մի բացատրություն խիզախեմ. գրելը վերջին միջոցն է, երբ դավաճանել ես» (Ժան Ժընե). գիրքը սկսվում է այս բնաբանով: Ի վերջո, ո՞րն է ինքնապատումի նպատակը, դա ինքնամաքրման փո՞րձ է, չասվածը ասելու միջո՞ց («Գուցե ես գրում եմ, որովհետեւ այլեւս ոչինչ չունեինք իրար ասելու»):

 

- Իհարկե, գրվածքը միշտ էլ, գոնե՝ մասամբ, չասվածը ասելու մղում է, այս դեպքում՝ կավելացնեի՝ ճշմարտությունն ասելու մղում: Մի կյանքի, մի ճակատագրի, մի ներկայության ճշմարտությանը մարմին տալու, այն ապրեցնելու իղձ: Միակ բանը, որ կարող ես անել, երբ անզոր ես փրկել: Աննի Էռնոն չի հավատում գրվածքի հրաշագործ կամ մաքրագործող ուժին: Սրա հետ գուցե դժվար է համաձայնել, համենայն դեպս՝ ինձ համար դժվար է, բայց դա հեղինակի հայացքն է: Գրվածքը չի փարատում տրոհումը, հետին թվով չի ամոքում օտարումը: Այս առումով՝ դիպուկ է գրքի բնաբանը՝ ֆրանսիացի հանրահայտ արձակագիր եւ թատերգակ Ժան Ժընեից մեջբերվող տողերը, որոնք մեզ հուշում են, որ երբ արդեն ոչինչ չես փրկել, մնում է միայն գրել: Բեկված կապի մասին պատմելը, ավաղ, չի վերացնում բեկումը:

Կյանքը Նորմանդիայում Կյանքը Նորմանդիայում

Լուսանկարը` Fred Vignolles

Ինձ թվում է՝ վիպակը կարդալուց հետո ընթերցողի ամենախոր ապրումներից մեկը անդառնալիի, անուղղելիի զգացումն է ու նաեւ տարօրինակ, անբացատրելի երախտագիտությունը, որ զգում ես հեղինակի նկատմամբ: Երախտապարտ ես, որ մարմին են տվել մի կյանքի, մի ճակատագրի ճշմարտությանը՝ խուսափելով պատումի բոլոր հնարավոր կեղծիքներից, ծուղակներից: Ծնունդ տալ, «կյանք տալ». հատկանշական է հեղինակի օգտագործած բառը. «Ես վերջապես կյանք տվեցի այն ժառանգությանը, որ ստիպված էի եղել թողնել շեմքին քաղքենի եւ կիրթ աշխարհ մուտք գործելիս»,- գրում է Էռնոն վիպակի վերջին էջերից մեկում: Ինձ թվում է՝ այս տողերը մեծ հստակությամբ արտահայտում են ինքնապատումի առաքելությունը՝ ըստ Աննի Էռնոյի:

 

- Օտարումը ինչ-որ առումով հաղթահարվա՞ծ էր: «Ուտում էինք պատուհանի տակ դրված սեղանի շուրջը` չորսով, երեխան` ծնկներիս: Գեղեցիկ, հանդարտ մի երեկո. պահ, որ նման էր թողության»:

 

- Իմ ամենասիրած հատվածներից  է. աղջիկն իր փոքրիկ երեխայի հետ մի քանի օրով այցելում է ծնողներին: Երեկոյան ընթրիքի պահն է: Ու հանկարծ թվում է՝ աղջկա նոր կենսակերպից առաջ եկած խզումը, չտրված հարցերը, չասված խոսքերը... ամենը մի պահ ջնջվում է, սահմանները դադարում են գոյություն ունենալ... Վիպակում նման մի քանի առկայծումներ կան, որ մեծ պայծառություն են սփռում պատումի վրա:

 

-Մյուս կողմից`կենսապատում լինելուց զատ, կարելի է ասել, որ «Տեղը» արտացոլում է նաեւ իր ժամանակի բարքերը, կենսաձեւը, խնդիրները: Այն հեռու է ներանձնային, ինքն իր համար ստեղծված գրականություն լինելուց: Ավելին` յուրաքանչյուր ոք ընտանեկան հարաբերությունների նրբերանգներում կարող է գտնել, ճանաչել, տեսնել ինքն իրեն:

 

-Ուրախ եմ, որ այդպիսին է ձեր՝ ընթերցողի տպավորությունը: Իհարկե, դա Աննի Էռնոյի ինքնապատումի առանձնահատկությունն է. այն եսակենտրոն չէ, մտասեւեռված չէ: «Տեղը» վիպակի հերոսուհին ուրիշների պատմության մեջ է փնտրում իր եւ հոր ընդհատված երկխոսությունը: Այստեղ չկան քնարական ներսուզումներ, առաջին հայացքից՝ փաստերի, բարքերի, իրողությունների պարզ արձանագրություն, որ մեզ ներկայացվում են վճիտ, վավերագրող հայացքով: Բայց բանն այն է, որ պատկերվող իրողություններն աշխարհագրորեն շատ հեռու են մեզնից: Թարգմանելիս ինձ վախեցնում էր այն, որ հայ ընթերցողը չի ցանկանա շփման եզրեր փնտրել այդ ամենի հետ: Բայց երբ այն վերջապես հանձնեցի առաջին ընթերցողների՝ հարազատներիս դատին, պարզվեց, որ, ինչպես ասում եք, յուրաքանչյուրն այդտեղ «գտել, ճանաչել է իրեն», իր սեփական ընդհատված երկխոսությունը...

 

- «Դպրոցում, երբ ինչ-որ խնդիր չէինք հասկանում, մեզ անվանում էին պատերազմի զավակներ»: Այս եւ այլ դրվագներում կարո՞ղ ենք գտել նաեւ մեր իրականությանը բնորոշ, մեծ ծանոթ իրողություններ:

 

-Այո՛, պատերազմ ապրած սերնդի մասին այդ հակիրճ հիշատակումը շատ դիպուկ է: Մերօրյա ֆրանսիացի ուսանողը, օրինակ, կդժվարանա հասկանալ, կիսել իր հասակակից հայ երիտասարդի ապրումները՝ կապված ապրիլյան պատերազմի, սահմանամերձ բախումների, աղետի մշտարթուն սպառնալիքի հետ: Բանակում ծառայող եղբայրների, զոհվող տղաների, հերոսության, անձնազոհության, սխրանքի, դավաճանության, փոքրոգության պատմությունները նրան կթվան խորթ, լավագույն դեպքում՝ պարուրված տարաշխարհիկ, առասպելական մի փայլով: Այսօր ֆրանսիացուն Արցախում տիրող իրադրությունը հասկանալի դարձնելու համար մենք ասում ենք, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն, որ մեր զինվորները ենթակա են ամենօրյա ահաբեկչության... մի խոսքով՝ փորձում ենք խոսել նրանց հասկանալի լեզվով, համարժեքներ փնտրել նրանց ծանոթ երեւույթների մեջ... Սա էլ յուրօրինակ սահման է մեր եւ մեր ժամանակների ֆրանսիացու միջեւ. ասել, որ այն չկա, կեղծիք կլիներ: Մինչդեռ Երկրորդ աշխարհամարտի ականատես յոթանասունամյա կամ ութսունամյա ֆրանսիացու հետ նման լրացուցիչ ջանքերի կարիք չկա:

Կյանքը Նորմանդիայում Կյանքը Նորմանդիայում

Լուսանկարը` Fred Vignolles

Մի ուրիշ բան, քանի որ հարցնում եք մեզ ծանոթ իրադրությունների մասին. գեղջկական  կյանքը պատկերող դրվագներն ընթերցելիս զարմանում ես, օրինակ, որ նման բան հնարավոր է եղել Ֆրանսիայում  30-40 թվականներին: Նորմանդական գյուղն իր դժվար, անուրախ առօրյայով գրեթե չի տարբերվել մեր գյուղերի կենսակերպից: Զարմացա եւ անկեղծ ասած՝ մի քիչ էլ ուրախացա:

 

- Իսկ մեզ անծանոթ, անհասկանալի իրողություննե՞ր...

 

- Այո՛, փոխարենը կան բաներ, որ մեզ համար ավելի դժվար է հասկանալ, օրինակ՝ քաղքենության եւ կրթության համադրությունը: Մեզ համար կրթությունը, գիտելիքին, արվեստին հաղորդակից դառնալու պահանջը միշտ էլ եղել է ազգային ինքնությունը, հոգեւոր ժառանգությունը պահպանելու խնդիր, ես կասեի՝ կենսական բնազդ, ձուլվելուց, բնաջնջումից խուսափելու միջոց: Դա գիտակցել են մինչեւ իսկ հասարակության ամենախոցելի խավերին պատկանող ամենապարզ մարդիկ: Հայ ժողովրդի պատմության ամենավտանգված պահերին ծնողները փորձել են իրենց զավակներին լավագույն կրթությունը տալ՝ նրանց համար կայուն հասարակական դիրք ապահովելու ոչ մի երաշխիք չունենալով, պարզապես՝ ի նշան հավատարմության նվիրական մի երազի, նվիրական արժեքների, հանուն շարունակության: Գուցե հիմա ինչ-ինչ բաներ փոխվել են: Բայց դարեր շարունակ այդպես է եղել: Եւս մի բան. հաճախ հասարակական որոշակի դիրքի հասնելը պայմանավորված է եղել ոչ թե ստացած կրթությամբ, մակարդակով, արվեստի իմացությամբ, այլ բոլորովին այլ գործոններով: Այսինքն՝ մենք չունենք եւ չենք ունեցել ձեւավորված բուրժուազիա, համենայն դեպս՝ այն ընդգրկմամբ եւ դրսեւորումներով, որոնք բնորոշ են իր դարավոր ավանդույթներն ունեցող ֆրանսիական բուրժուազիային: Կարող ենք խոսել առանձին, ավելի նեղ երեւույթների մասին, ինչպես օրինակ՝ խորհրդային տարիների իշխանամետ մտավորական քաղքենությունը՝ բաղկացած ռուսախոս կարիերիստներից, որոնց համար գուցե պատվի հարց էր, «դասակարգային առանձնաշնորհի» պես մի բան տարին մի քանի անգամ մասնակցել մեծ պրեմիերաներին... եւ այլն...

 

Բայց շատ պարզ, պատմական-քաղաքական պատճառներով դա չի վերածվել որոշակի բուրժուական ավանդույթի: Ինձ թվում էր, որ հայ ընթերցողի համար ամենաանհասկանալի պահերից մեկը դա է լինելու. ինչո՞ւ է հերոսուհուն այդքան սին եւ կեղծ թվում ձախակողմյան քաղքենի մտավորականի կենցաղը, առօրյան, որով ապրում է իր ամուսնու ընտանիքը, ի՞նչ վատ բան կա որեւէ առօրյա իրադրության ժամանակ Սյուլի Պրյուդոմ ցիտելու մեջ, ինչպես մենք կարող ենք Թումանյան կամ Տերյան ցիտել... Բայց այդ «ինչպես մենք»-ը այս դեպքում չի գործում, սա է խնդիրը: Չի գործում, որովհետեւ չես կարող դա ուղղակիորեն փոխադրել հայ իրականություն:

 

Այս հարցերի պատասխանն ունենալու համար պետք է շատ լավ ճանաչել ֆրանսիական հասարակությունը, կարողանալ կերպարներին տեղակայել ֆրանսիական իրականության մեջ, առնչված լինել այն շրջանակների հետ, որտեղ արվեստի հետ շփումը, գիտելիքը դառնում են սոսկ հասարակական որոշակի դիրք, գերազանցություն հաստատելու միջոց...

 

Անխուսափելի կորստյան ապրումը` անողոք պարզությամբ

 

- Այո, դուք նկատում եք, որ հոր նվիրական երազի`աղջկա հասարակական վերելքի տրամաբանական ավարտը հոր եւ աղջկա օտարումն է: Օտարումը երեւում է նաեւ գրքի վերջում` հերոսուհու եւ նրա նախկին աշակերտուհու հանդիպման տեսարանում: Հայրն ուզում էր, որ աղջիկն իրենից լավը լինի: «Սա էր գուցե նրա մեծագույն հպարտությունը կամ մինչեւ իսկ` գոյության արդարացումը. ես պատկանում էի մի աշխարհի, որն արհամարհել էր իրեն»: Ինչպես նշեցիք, հերոսուհին այդ աշխարհը անվանում է «քաղքենի եւ կիրթ»: Առհասարակ ինչպիսի՞ն է նրա մոտեցումը արհեստական, անխուսափելի անջրպետներին, տեղը գտնելու ճիգերին:

 

- Սթափ, իրատեսական, խորը: Աննի Էռնոն ցույց է տալիս ինչպես պարտադրվող անջրպետների ողբերգականությունը, այնպես էլ անխուսափելիությունը: Դրանց վրա է հիմնված, ցավոք, ցանկացած հասարակություն: Մտավորականի դերն է խորհրդածել դրա շուրջ, վկայել այդ մասին, հնարավորինս խոր եւ ճշմարիտ հայացքով պատկերել դա, փորձել մերժել այդ սահմանները, բայց, ավաղ, դա նրան չի օգնում հատ-հատ մտապահել իր բոլոր ուսանողների ճակատագրերը, կիսել նրանց բոլորի դժվարությունները: Միեւնույն է, բախվում ես սեփական գոյության, սեփական անձիդ սահմաններին:

 

- «Չէր հաջողվում տրվել ընթերցանությանը, այդ հաստափոր գրքի էջերից մեկի հետ հայրս կդադարեր ապրել»: Մահը, հոր կորուստը ընկալելու այս եղանակի մասին ի՞նչ կասեք:

 

- Կասեմ, որ հերոսուհու, այս դեպքում՝ հեղինակի ընկալումները պատկանում են իրեն, բխում են իր ներաշխարհից: Հարազատի մահվան, անդառնալիի ապրումը շատ անհատական է եւ ամենատարբեր, այդ թվում՝ անբացատրելի դրսեւորումներ կարող է ունենալ յուրաքանչյուրի մոտ: Արդյո՞ք հերոսուհու ապրումը համոզիչ է պատկերված. սա այլ խնդիր է: Այո՛, այն ավելի քան համոզիչ է: Ավելին՝ կասեմ, որ շարադրանքի տեսանկյունից այն անվրեպ է: Ընդամենը մի բարդ համադասական նախադասությամբ, որում բացակայում են զգացմունք, ներապրում արտահայտող բայերը կամ բառերը, մեզ ամբողջ խորությամբ, ես կասեի՝ անողոք պարզությամբ ներկայացվում է անխուսափելի կորստյան ապրումը:

 

- «Իսկ ի՞նչ սահման է հաստատում վիպակը գրվածքի եւ թարգմանչի միջեւ»: Սա ձեր իսկ հարցադրումն է, որի պատասխանը կհետաքրքրի ընթերցողին: Իբրեւ հավելում, դուք վեպի առանձին նախադասությունների մասին ասում եք, որ դրանց ամփոփած ներքին բովանդակությունը երբեմն այնքան խիտ է, որ այն կարելի է արտահայել տասնյակ էջերով: Այդ մեկ նախադասության ներքին բովանդակությունը չկորցնելու համար ի՞նչ ճիգ էր պահանջվում թարգմանչից:

 

- Ի՞նչ ճիգ էր պահանջվում. հնարավորինս մոտիկ մնալ բնագրին: Ոչ միայն բառաշարին, այլ՝ ներքին ռիթմին: Սա իսկապես մեծ խնդիր էր ինձ համար: Կհաջողվե՞ր հայոց լեզվի ներդաշնակություններում հնչեցնել Էռնոյի սեղմ, հատու, խիտ, բայց այնքան արտահայտիչ նախադասությունների ռիթմականությունը: Սառցե մեղեդին. ասես առաջ շարժվես մերկասառույցի վրայով, եւ պետք է ամեն ինչ անես, որ չսայթաքես: Մի բառ ավել, մի բառ պակաս, քնարական մի հնչերանգ, որ բացակա է բնագրում, Էռնոյի գրվածքը դա չի ներում: Իհարկե, սա չի նշանակում, որ թարգմանիչը դատապարտված է բառացի թարգմանության եւ դրանից առաջ եկող թյուրիմացություններին ու փակուղիներին: Ո՛չ, Աննի Էռնոյի խիտ գրվածքի դեպքում բառացի թարգմանությունը հաճախ նույնպես անհնար է: Խոսքը ներքին ռիթմականության բանալին գտնելու, դա վերստեղծելու մասին է՝ երբեմն հայոց լեզուն հասցնելով իր հնարավորությունների, իր սահմանների ծայրակետին: Մի օրինակ. «D’un seul coup, avec stupeur, «maintenant, je suis vraiment une bourgeoise » et « il est trop tard»./ «Հանկարծ ապշանքով. «Հիմա ես իսկապես բուրժուա եմ» եւ «Շատ ուշ է»: Բնագրում հեղինակի խոսքի մեջ զեղչված է բայը. «Հանկարծ ապշանքով»: Հայերենի կանոնիկ շարահյուսությունն ասես պահանջում է որեւէ բայ ներմուծել նախադասության կազմ. «Հանկարծ ապշանքով մտածեցի», կամ «մտքում ասացի», բայց այդ դեպքում կորցնում ես ֆրազի զարկերակը: Եվս մի օրինակ. «Plus tard, au cours de l’été, en attendant mon premier poste, « il faudra que j’explique tout cela »/«Ավելի ուշ՝ ամռանը, առաջին նշանակմանս սպասելիս. «Ես պետք է բացատրեմ այս ամենը»: Շատ եմ աշխատել ռիթմի վրա, իսկ արձակի մեջ ռիթմաստեղծման հիմնական միջոցը շարահյուսությունն է:

Կյանքը Նորմանդիայում Կյանքը Նորմանդիայում

Լուսանկարը` Fred Vignolles

Ինչ վերաբերում է բովանդակային խորքին, Աննի Էռնոյի այնքան սակավախոս արձակում ենթատեքստը էական դեր է խաղում, այո՛: Յուրաքանչյուր նախադասության տակ մի ամբողջ ներքին տեքստ է թաքնված, իսկապես: Բայց չի կարելի բնագիրը «ջրիկացնել», հեղինակի փոխարեն բացել փակագծերը, որովհետեւ բառը կորցնում է իր առեղծվածը, պատումը զրկվում է կախարդանքից: Պարզապես պետք է երբեք չկորցնես ենթատեքստը՝ իմաստային թյուրընկալումներից խուսափելու համար:

 

Եվ վերջապես սահմանի մասին. ճիշտ է, գրել եմ իմ վերջաբանում, որովհետեւ հեղինակն է այն պարտադրում: Արձակագիրն իր ընթերցողին ստիպում է որոշակի հեռավորությունից շփվել իր հետ այնպես, ինչպես նա ինքը որոշակի հեռավորություն է հաստատում իր եւ սեփական պատումի միջեւ: Աննի Էռնոյի գրվածքն առինքնող է եւ միաժամանակ հեռու: Հեղինակն ինքը երբեք չի տրվում զգացմունքային, քնարական զեղումների, ընթերցողն էլ իր հերթին զգուշանում է, խուսափում է սեփական զգացմունքները, զեղումներն այդտեղ փնտրելուց, նույնանալուց: Եվ ես սիրում եմ այդ հեռավորությունը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին