Ֆոլքների «բացակայությունը» «Ես այնժամ, դեռ մահամերձ» վեպում - Mediamax.am

exclusive
6785 դիտում

Ֆոլքների «բացակայությունը» «Ես այնժամ, դեռ մահամերձ» վեպում


Լուսանկարը` Դրվագ «Ես այնժամ, դեռ մահամերձ» ֆիլմից

Լուսանկարը` Դրվագ «Ես այնժամ, դեռ մահամերձ» ֆիլմից

Լուսանկարը` Անտարես

Սիրարփի Ենգիբարյանը
Սիրարփի Ենգիբարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Ֆոլքների «Ես այնժամ, դեռ մահամերձ» (1930) վեպը: Այն մի ծեր ֆերմերի` տասը օր ձգվող թաղման պատմություն է:

Հայերեն հրատարակվում է առաջին անգամ: Գիրքը բնագրից թարգմանել է Սիրարփի Ենգիբարյանը: Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

- Վեպը կառուցված է հերոսների մենախոսություններով, հեղինակային տեքստը բացակայում է: Իսկ տեսանելի՞ է Ֆոլքների հայացքը, վերաբերմունքը` խղճահարությունը, դատապարտությունը, զարմանքը, սերը կամ հակակրանքը: Որովհետեւ, կարծում եմ, ընթերցողի մեջ այս բոլոր զգացողությունները շարունակ հաջորդում են իրար:

 

-Ո՛չ, բնավ տեսանելի չէ. գրողը կարծես տեսախցիկը ամրացրել ինչ-որ տեղ ու ընթերցողին իրականության արտացոլքին հանդիման մեն-մենակ թողնելով՝ մի կողմ է քաշվել՝ ասես ինքը չի ընտրում, թե ով կամ ինչը կհայտնվի կադրում: Եվ սա այն պարագայում, երբ «Ես այնժամ, դեռ մահամերձ»-ի մասին խոսելիս Ֆոլքներն ասել է, որ վեպի առաջին բառը թղթին հանձնելիս արդեն գիտեր, թե որն է լինելու վերջին բառը: Համաշխարհային գրականության մեջ սա իր երկից հեղինակի մեծագույն «բացակայություններից» մեկն է:

 

- Ընտանիքի մայրը մահից առաջ, հասկանալով, որ ուժերը հատել են, ամուսնուն հանձնում է երեխաների խնամքին: Անսը սակայն գրքի վերջում զարմացնում է` նոր կյանք սկսելու իր պատրաստակամությամբ: Կնոջ հուղարկավորումից անմիջապես հետո նա «հպարտ, ատամներն ու ամեն ինչը տեղը» երեխաներին ծանոթացնում է տիկին Բանդրենի հետ: Ու թեեւ Անսը ընթերցողի համակրանքին չի արժանանում, վերջաբանը կարելի է գոհացուցի՞չ  համարել:

 

- Ոչ մի դեպքում չէի ասի, որ վերջաբանը գոհացուցիչ է. այն զարհուրելի է եւ երիցս այդպիսին է իր անսպասելիությամբ. աչքիդ չես հավատում, ապշահար ես մի որոշ ժամանակ: Զավակներին կողոպտելուց, հոգեպես ու մարմնապես հաշմելուց հետո թվում է՝ Անսը էլ ոչնչով չի զարմացնի, սակայն հենց այս վերջին արարմունքն է ամբողջացնում վեպի խճանկարային ձեւվածքը եւ լիարժեք հանգուցալուծում տալիս պատումին, որում ընդգծված կարեւորագույն մեկ մոտիվ կա՝ խոսքի եւ գործի միջեւ ընկած անդունդը, որում կյանքեր են խորտակվում:

 

-Անսը շատ վաղուց խոսք էր տվել կնոջը` մահից հետո հուղարկավորել իր հարազատ քաղաքում, ինչի համար ընտանիքից պահանջվում է տասնօրյա տանջալի, գրեթե անհնար, խելահեղ ճամփորդություն սայլով: Ընտանիքը կատարում է մոր ցանկությունը` անտեսելով դժվարությունները, շրջապատի կարծիքը, քանդված կամուրջները, դիակից տարածվող գարշահոտը: Նաեւ ոչ ոքից օգնություն չխնդրելով, որովհետեւ. «Ադին չէր ուզի, որ մենք մեկն ու մեկին պարտական մնանք»: Սա նշանակում է, որ մարդն ուժե՞ղ է հանգամանքներից: Այս եւ այլ դրվագները գալիս են հաստատելու ֆոլքներյան բանաձեւո՞ւմը`«Ես հավատում եմ, որ մարդը ոչ թե ուղղակի կհամբերի, այլ կհաղթի»: 

 

- Անսի տված խոստումը սյուժեի առանցքն է, ծավալվող գործողությունների առերեւույթ մոտիվացիան, ուստի թվում է՝ հենց կնոջ թաղումը պիտի դառնա պատումի կուլմինացիան, մանավանդ Ձեր նշած իսկապես որ խելահեղ ճամփորդության ֆոնին: Բայց թաղման մասին տող անգամ չկա վեպում, Ադիի մենախոսությունից էլ պարզ է դառնում, որ կինը ամուսնուց այդ խոստումն առել է վրեժ լուծելու համար: Սա նշանակում է, որ թվացյալ նպատակը, հանուն որի ընտանիքը զոհեց այդքան բան ու «հերոսություններ» գործեց, սոսկ միջոց էր, Անսի տված խոստումն էլ՝ պարապ հնչյուն, ինչպես իր բոլոր խոսքերը:

Լուսանկարը` Դրվագ «Ես այնժամ, դեռ մահամերձ» ֆիլմից

Սա նշանակում է, որ բախտի բերմամբ այդքան դժվարություններից պրծած մարդը կարող է բնավ էլ ուժեղ չլինել՝ իր մանր շահերից մի քայլ վեր կանգնելու համար: Գիրքը պատմում է այդպիսի, մեղմ ասած, ոչ ուժեղ մարդկանց մասին, պատկերում է դառը իրականություն, որի մասին մեծ արվեստագետը չի կարող չխոսել, եւ Ֆոլքների՝ վերը նշված խոսքը թերեւս կարելի է լրացնել հետեւյալ կերպ.  «Այո՛, իրականությունը տխուր է, դառն է, իրականությունը իրականում կարող է բազմապատիկ ավելի ահավոր ու քստմնելի լինել, քան մենք ենք պատկերում մեր գրքերում, բայց այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ մարդը ոչ թե ուղղակի կհամբերի, այլ կհաղթի»:

 

-Աստված ներկա է գրեթե բոլոր հերոսների մտքերում ու յուրաքանչյուրը յուրովի է ընկալում նրան: Աստծո մասին մտորումները որքանո՞վ են լույս սփռում իրենց`կերպարների վրա:

 

-Հետաքրքիր հարցադրում է… Ադին եւ Թալը, օրինակ, Աստվածաշնչից մեջբերումներ չեն անում, նրանց խոհերը Աստծո մասին անմիջական զրույցի ձեւ ունեն: Փոքրիկ Վարդըմենը, որին բացի Դարլից ոչ ոք հարկ չի համարում բան բացատրել, Աստծուն հղում է անում իրականությունը ինքնուրույն հասկանալու ճիգերում հուսահատվելիս: Իսկ Քորայի, Անսի եւ Ուիթֆիլդի ներքին խոսքում Աստվածաշնչի այն տողերն են առկա, որ, կոպիտ ասած, ձեռնտու են այդ հերոսներին. նրանք Աստծուն հիշում են սեփական ակնկալիքները կամ արարքները (Անսի առումով կարելի է ասել նաեւ չարարքները) արդարացնելու համար. ընդգծենք՝ իրենք իրենց աչքին արդարացնելու, որովհետեւ երբ բանը հասնում է բուն արարքներին, տեսնում ենք, որ այդ տողերն էլ նրանց հոգու մեջ եղած բացը լրացնելու միջոց են, «թղթե ծածկոց», որի ներսից այդ հերոսները ակամա հենց իրենք իրենց են «մատների վրա խաղացնում», այսինքն՝ ոչ միայն առօրյա բառերը, այլեւ Աստծո կենդանի խոսքն է մեռած նրանց համար: Դառնալով Ձեր հարցին՝ կարծում եմ, որ Աստծո մասին մտորումները էապես լրացնում են  կերպարների նկարագիրը:

 

-Հերոսներից մեկը` Քորան, Դարլի՝ մահամերձ մորը նայելու տեսարանը ամենաանուշ բանն է համարում, ասում է, որ դա վերադարձնում է հավատը մարդու նկատմամբ եւ ցույց տալիս լիառատ սերն Իր ստեղծածների հանդեպ: Սիրո մասին ուղղակի չի խոսվում այս գրքում, բայց հիմքում, ամենահիմքում սե՞րն է:

 

-Ընդհակառակը՝ անտարբերությունն է, մերձավորի հանդեպ սիրո բացակայությունը:

 

-Կյանքի եւ ժամանակի Ֆոլքներյան բանաձեւման մասին ի՞նչ կասեք: «Կյանք-ը շատ-շատ է, որ մի կինը ծնի» (Դարլ): «Բայց ինձ համար բանը չէր վերջացել: Վերջանալ նկատի ունեմ սկսվելու ու ավարտվելու իմաստով որովհետեւ էն ժամանակ ինձ համար չկար որեւէ բանի սկիզբ եւ ավարտ» (Ադի):

 

-Ինձ թվում է, որ Դարլի միտքը պետք է հենց բառացի էլ հասկանալ՝ կյանքի համար միայն ծնվելը բավական չէ, ու միայն ծնելն էլ բավական չէ կյանք տալու համար. կյանքը պետք է ամբողջանա, պետք է ապրվի: Իսկ դա հնարավոր եւ կյանքի ընթացքը՝ ժամանակն էլ իմաստավոր է, երբ հիմքում սեր ունի, այսինքն՝ էությամբ է կապված այլ կյանքերի հետ, ոչ թե փուչ խոսքով. Ադիի կյանքը լի է փուչ խոսքերով, որոնց համեմատ վայրի սագերի կանչն ավելի իմաստալից է այդ կնոջ համար, քանի որ ավելի շատ բան է ասում կյանքի մասին: Այդ պատճառով Ադիի կյանքի ժամանակն էլ է փուչ՝ չունի սկիզբ ու ավարտ, նա երբեք չի ապրել, նա ողջ կյանքում է մահամերձ:

 

-Առանձնահատո՞ւկ է Բանդրենների ընտանիքը, թե՞ ամերիկյան ագարակատիրոջ ընտանիքի սովորական նկարագրություն է:

 

-Այո՛, առանձնահատուկ է: Ամերիկյան սովորական ագարակատիրոջ ընտանիքի, ըստ իս, ավելի նման է Վերնըն Թալինը, կամ թեկուզ Սամսոնինը, Արմսթիդինը ու Գիլեսփիինը, որոնց բոլորի աչքին էլ Բանդրենների պահվածքն ու նիստուկացը տարօրինակ է:

 

-«Ախր սրանք բոլորն էնպիսի աչքերով են, որ կարծես տարիք չունեն ու աշխարհում ամեն ինչ գիտեն ինչ-որ կերպ»,- Դյուի Դելի մասին մտածում է դեղագործը, ում օգնությանն է դիմում դեռատի աղջիկը` հղիությունը ընդհատելու համար: «Չարքաշ կյանք է նրան բաժին ընկել….կյանքը չի ստեղծվել հեշտ լինելու համար. մարդիկ բարի լինելու ու մեռնելու պատճառ չէին ունենա»:»: Սա եւս դեղագործի` մարդկության սառը հայա՞ցքն է:

 

-Ո՛չ, չեմ կարծում, թե Ֆոլքները այս վեպում դեղագործի կամ մեկ այլ կերպարով ընդհանրացում է անում կամ խորհրդանշան ստեղծում: Վիրջինիայի համալսարանում իր հանդիպումների ժամանակ լսարանի հարցերին պատասխանելիս նա բազմիցս նշում է, որ գրողը նախեւառաջ մարդու՛ մասին է գրում է, առանձին մարդ էակների պատմությունն է անում, իսկ սիմվոլները լոկ օժանդակ միջոց են: Եվ ըստ իս՝ այս վեպում պետք չէ այլաբանություններ փնտրել, դա խեղաթյուրում է այս պատումի խորապես ռեալիստական էությունը:

 

-Կա՞ն  ընդհանուր եզրեր մեր հայկական իրականության հետ:

 

-Այդ հիմքով համեմատություն անելը երեւի տեղին չէ. վեպում ազգային, պատմական կամ սոցիալ-մշակութային իրողությունը չէ պատումի բուն նյութը: Ամենուրեք էլ՝ մի տեղ շատ, մի տեղ քիչ, կան անտեսված երեխաներ, բարյացակամ հարեւաններ, ինչպես նաեւ քաղքենիներ, ակամա ու կամա ստախոսներ, մորթապաշտներ, բղջախոհներ, ծույլեր, գծուծներ եւ մահացու մեղքերի մեջ թաղված այլ մարդիկ:

 

-Ի՞նչ կասեք թարգմանության ընթացքի մասին:

 

-Թերեւս մեծ հանդգնություն էր այս վեպի թարգմանությունը հանձն առնելը, քանի որ չունեմ բանասիրական կրթություն, անգլերենին վարժ չեմ տիրապետում, սա անգլերենով վեպ կարդալու ընդամենը երկրորդ փորձառությունս էր եւ ավելին՝ Ֆոլքներն ինձ հոգեհարազատ գրողներից չէ: Բայց չորս հանգամանք ինձ մղեցին անելու այս հանդուգն քայլը, որը ընթերցողական մեծ բավականություն ու մեր փառահեղ մայրենիով հիանալու եւս մեկ հնարավորություն պարգեւեց ինձ: Նախ՝ վեպի վերնագիրը. պարզելով, որ այն մեջբերում է «Ոդիսական»-ի Տասնմեկերորդ Երգից, համեմատեցի պոեմի համապատասխան հատվածի՝ հին հունարենից հայերեն ու անգլերեն թարգմանությունները եւ հիացած ու զարմացած մնացի դրանց համընկնմամբ. հայերեն հատվածի ճիշտ նույն տողում Ֆոլքների երկի վերնագրի թարգմանությունն էր, եւ այս լեզվական իրողությունը, ճիշտ է, նման էր հեծանիվ հայտնագործելու, բայց ես չուզեցի այսպես ասած անտեր թողնել իմ հայտնաբերած «հեծանիվը»:

Սիրարփի Ենգիբարյանը Սիրարփի Ենգիբարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Երկրորդ հանգամանքը պայմանավորված էր վեպի եւ դրա ռուսերեն թարգմանության համեմատությամբ, երբ անհնար էր ափսոսանք չապրել թե՛ Ֆոլքների տեքստի, թե՛ ռուսաց լեզվի համար, որի հարստությունն ու մեծ հնարավորությունները այդչափ խեղճ ու աղքատիկ էր օգտագործել թարգմանիչը՝ վերնագրից սկսած մինչեւ վերջին գլուխները բավականին անբարեխիղճ ու ինքնագլուխ մոտեցում ցուցաբերելով բնագիր տեքստին, կարծես որակապես ու քանակապես կողոպտած լինելով դրա ֆակտուրան: Որակապես, որովհետեւ անտեսված են իմաստային եւ ոճական նրբությունները, նույնիսկ սխալ թարգմանված բառեր կան, քանակապես էլ, որովհետեւ դժվարթարգմանելի ու բարդ ֆրազները բաց են թողնված կամ հորինված: Սա կարծես մարտահրավեր լիներ՝ իմ մայրենիով լեզվական այս բազմաշերտ հյուսվածքը լավագույնս փոխադրելու եւ Ֆոլքներին արժանին հատուցելու:

 

Երրորդ՝ կարեւորագույն հանգամանքը լեզվազգացողական, գուցե ավելի շատ ինտուիտիվ-կռահական է. երբ առաջին անգամ կարդում էի Քորայի մենախոսությունը՝ երկրորդ գլուխը, իսկույն այն զգացողությունը տիրեց, թե հայերեն եմ կարդում, եւ սա այն պարագայում, որ գրեթե ամեն յոթերորդ բառի համար բառարան էի բացում: Քորան ամենատիպային կերպարն է՝ կյանքում հաճախ հանդիպող, ուստի իսկույն ընկալում ես նրա՝ քաղքենի գեղջկուհու խոսելաոճը, կռահում ասելիքի իմաստը, իսկ բառարանը սոսկ ճշգրտում է կռահածդ նշանակությունը: Եվ սա կարծես մյուս հերոսների խոսքի ոճական յուրահատկությունները զգալու, ուստի եւ հասկանալու փորձ անելու բանալի դառնար ինձ համար: Եվ չորրորդ հանգամանքը իմ՝ բարբառի կրող լինելն է, ինչը մայրենիդ ավելի խորը զգալու եւս մեկ հուն է բացում մտքիդ համար. եթե բարբառախոս չլինեի ու այդպիսի միջավայրում էլ մեծացած չլինեի, չէի կարողանա թարգմանել խոսակցական բառուբանով հարուստ այս երկը:

Լուսանկարը` Անտարես

Փորձել եմ բովանդակությամբ ու ձեւով հնարավորինս համարժեք թարգմանություն անել՝ իմաստի եւ ոճի առումներով հավատարիմ մնալով բնագրին: Բարբառային բառերն ու դարձվածքները բարբառով են թարգմանվել, բառախաղերը՝ բառախաղով, ալիտերացիոն կառույցները՝ ալիտերացիայով, հանգավոր հատվածները՝ հանգով, արխայիկ ֆրազների համար փորձել եմ գրաբարյան տարբերակներ գտնել: Եթե եղել են արտառոց, ամերիկացու ականջին խորթ կամ աղավաղված բառեր, փորձել եմ հայերենում եւս հազվագյուտ, հայի ականջին խորթ եւ սխալ արտասանվող համարժեքներ գտնել:

 

Հրաշալին այն է, որ մեր հայերենը հնարավոր էր դարձնում այս ամենը՝ նույնիսկ մի քանի տարբերակով: Թարգմանության ողջ ընթացքում այն տպավորությունն էր, որ այս վեպը ստեղծվել է հայերեն թարգմանվելու համար, եւ մտածում էի, թե անկախ սյուժեից՝ զուտ լեզվական առումով ի՜նչ հոյակապ տեքստեր կստեղծեր Ֆոլքները, եթե հայերեն գրեր:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին