Այն նույն Մյունխհաուզենի արկածներն ու դրաման - Mediamax.am

exclusive
4335 դիտում

Այն նույն Մյունխհաուզենի արկածներն ու դրաման


Դրվագ «Բարոն Մյունխհաուզենը» ներևկայացումից
Դրվագ «Բարոն Մյունխհաուզենը» ներևկայացումից

Լուսանկարը` Nickoll Keen

Լուսանկարը` «Այն նույն Մյունխհաուզենին» մարմնավորած Օ.Յանկովսկու արձանը

Լուսանկարը` Անտարես


«Լուրջ դեմքն այնքան էլ խելքի նշան չէ, պարոնայք: Աշխարհի բոլոր հիմարությունները հենց այդ արտահայտությամբ են արվում: Ժպտացեք, պարոնայք, ժպտացե'ք»: Հանրահայտ այս տողերը ռուս հայտնի դրամատուրգ, արձակագիր Գրիգորի Գորինի «Այն նույն Մյունխհաուզենը» երգիծական պիեսից են: «Անտարես» հրատարակչությունը գիրքը հայ ընթերցողին է ներկայացնում Նունե Թորոսյանի թարգմանությամբ:

 

Թարգմանչի բնորոշմամբ` Գորինի Մյունխհաուզենը վառ երեւակայություն, հումորի նուրբ զգացում եւ խոր փիլիսոփայական միտք ունեցող մարդ է:

 

- Երբ իմացա, որ պետք  է թարգմանվի գործը, մտածեցի, որ ամեն գնով ինքս պիտի ստանձնեմ թարգմանությունը: Պիեսը չէի կարդացել, բայց Գորինի սցենարով նկարահանած ֆիլմը դիտելը իմ կյանքի գեղեցիկ պահերից է եղել: Ինձ հոգեհարազատ էր Գորինի նուրբ հումորը, գեղեցիկ լեզուն, տողատակերում թաքնված ակնարկները:

 

-Մյունխհաուզենն ասում է`քանի որ թռչել չթողեցիք, ստիպված ոտքով պիտի գնամ, ինչը մի ամբողջ կյանք կպահանջի: Սա հասարակության սահմանած տաբուների ու առաջ գնալու հաստատակամությա՞ն մասին է:

 

- Իհարկե, ավելին, տողատակերում այնքան ենթատեքստ կա: Ամեն մեկը կարող է` կախված իր կյանքի փորձից, նախապատմությունից, միջավայրից, որտեղ մեծացել է, տարբեր եզրահանգումներ անել: Ստիպում է մտածել, վերլուծել, վեր հանել մարդկային թերությունները, հասարակության կարծրատիպերը: Արտաքին թեթեւությամբ հանդերձ շատ խոր գործ է, բարի գործ է: 

Լուսանկարը` Անտարես

- Բարոնը աշխարհի ամենաճշմարտախոս մարդն է: Ինչպե՞ս կբացատրեք այս բնորոշումը: Ի վերջո, նրա պատմությունները հնարովի են, անհավանական:

 

- Դա բառախաղի պես մի բան է: Այդ մարդը ոչ էլ ստում է. ուղղակի գրոտեսկի լեզվով ներկայացնում է այն, ինչը ոմանք հաճախ չեն տեսնում, իսկ ոմանք էլ փիլիսոփայական փոխաբերությունները բառացի են հասկանում: Կասեի՝ պիեսը մարտահրավեր է կարծրատիպերին գերի՝ մարդկային երեսպաշտ հասարակությանը։

 

Հիշում եմ՝ Հերման Մելվիլի «Մոբի Դիքի» նախաբանում թարգմանչի խոսքը կարդացի, որը տպավորեց։ Ասում էր՝ երբ հարցնում են, թե ինչու է հավանում այս գործը, պատասխանում է. «Ո՞նց կբացատրես, թե ինչու ես հավանում մայրամուտը կամ ծաղկած ծիրանի ծառը»: Ինձ համար Գորինի պիեսն էլ է այդպես. ավելի շատ հոգով զգալու գործ է, քան տող-տող վերլուծելու։ Առանց մտքի թռիչքի, երեւակայության, կարող ես կարդալ ու անհաղորդ մնալ: Մինչդեռ եթե սրտով կարդաս, այնքան հորիզոններ կբացվեն... Այն գործերից է, որ կարդում ես, ժպտում՝ թախծելով, ու հոգիդ մաքրվում է:

Լուսանկարը` «Այն նույն Մյունխհաուզենին» մարմնավորած Օ.Յանկովսկու արձանը

- Մյունխհաուզենի հնարովի մահից հետո հարազատներն ասում են`մենք բարոնի սխրանքների լիակատար ժողովածուն հրատարակեցինք, նրա անունով նռնակավորների գունդ են անվանել, հիմա հուշարձան ենք կանգնեցնում, սրանից ավել ի՞նչ պիտի լիներ: Սա մահից հետո հերոսացնելու մեծ ծանոթ ավանդույթի՞ն է նման:

 

- Ես չէի ասի` հերոսացնում են: Ավելի շուտ ուզում են երեւալ նրա փառքի շողերի տակ: Մարդկանց եսասիրությունն է, երեսպաշտությունը, երբ մեկը մի բան է անում, հազար հոգի է գտնվում, որ ուզում են օգուտ քաղել դրանից:

 

- Ի՞նչ եք կարծում` գիրքը կհետաքրքրի՞ հայ ընթերցողին:

 

- Դժվար հարց է: Ցավով պիտի ասեմ, որ իմ տպավորությամբ, մեր հասարակության փոքր մասն է իսկապես ընթերցող: Գուցե խորության կամ հումորի զգացման պակասը խանգարեն ըստ արժանվույն գնահատել նուրբ ու իմաստուն այս գործը: Բայց ընթերցել սիրողին չի կարող անհաղորդ թողնել: Գորինի Մյունխհաուզենը բոլոր ժամանակների համար ակտուալ կերպար է: Սովորաբար ժամանակն անողոք է։ Անգամ Շեքսպիրի պես դասականի գործերի մեջ կան այնպիսիք, որ այսօր ժամանակավրեպ են թվում: Բայց օրինակ «Համլետը» երբեք ակտուալությունը չի կորցնի, քանի որ մարդկային այն արատները, որոնց մասին պատմում է, մարդկությանը միշտ բնորոշ կմնան: Նույնն էլ «Այն նույն Մյունխհաուզենը»:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին