«Փեակների տարաբախտություն»՝ սիրելով իրար կործանող մարդիկ - Mediamax.am

exclusive
5067 դիտում

«Փեակների տարաբախտություն»՝ սիրելով իրար կործանող մարդիկ


Լուսանկարը` Maria G. C.

Դիանա Համբարձումյանը
Դիանա Համբարձումյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Զանգակ


«Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել Դիանա Համբարձումյանի նոր`«Փեակների տարաբախտություն» վեպը Շվեդիայում բնակվող հայ ընտանիքի մասին: Հեղինակի բնորոշմամբ`երկրի սոցիալ-հասարակական, քաղաքական ու բարոյական աղճատված դեմքը նույնությամբ պատկերագրվում է երկրի մարդկանց դեմքին:

 

- Արդյո՞ք «Փեակների տարաբախտություն» վեպն իրական հենքի վրա է ստեղծվել,  կենսագրական կամ ինքնակենսագրական տարրեր կա՞ն գրքում:

 

- Իմ կարծիքով` «իրական հենքը» ցանկացած գեղարվեստական տեքստի կմախքն է, անգամ ֆանտաստիկ ժանրի երկերում որեւէ մեկի կենսագրության կամ հենց հեղինակի ինքնակենսագրության փաստեր կարելի է որոնել ու գտնել: Ի վերջո, կենսագրությունը ո´չ միայն միագիծ ու առաջընթաց եղածն է, այլեւ զուգահեռ ու հետադարձ լինելին, որը եղածից շատ առաջ ո´չ այլ ինչ էր, քան` լինելի: Ավելին, մարդու երեւակայությունը, եթե զորում է ցանկալին իբրեւ վավեր պատկերել, ուրեմն, մտքի աչքով տեսածը մարմնի աչքով էլ կտեսնվի: Եվ, ուրեմն, այո, «Փեակների տարաբախտությունը», որքան վավեր է ժամանակի ու տարածության ու մի երրորդ չափումի մեջ, նույնքան երեւակայածին է` ցանկալին իրականի փոխարեն ու իրականի պես հրամցնելու տեսակետից:

 

-Վեպի հենց սկզբում իր ընտանիքի պատմությունը ներկայացնող աղջնակը` Մանեն, ասում է, որ սա կարող էր լինել նաեւ քո´ (ընթերցողի) պատմությունը: Ար հայրիկը, Սկալդինա-Նարեն, Հովանը, Թումասը, Հայաստանի տատիկը, Մանեն ընդհանրակա՞ն կերպարներ են: Ընդհանրակա՞ն է հայրենիքից հեռու ապրող հայի երկփեղկված իրականությունը:

 

-Իմ ճանաչած աշխարհում այսօր ավելի շատ են ընդհանուր օրինաչափ իրողությունից զատվող բացառությունները, քան համատարած սահմանումով կանոնակարգվածները: Բացառություններ կան, որ տեղով մեկ օրինաչափություն են մատնանշում:

Լուսանկարը` Զանգակ

Կերպարներս իմ ու այլոց կենսափորձի, իմ դիտողունակության եւ երեւակայության արգասիքն են, ուրեմն եւ, ընդհանրական են այնքան, որքան ընդհանուրի մեջ երեւելի է եզակին ու բացառիկը, այնպես, ինչպես բոլոր արեւածաղիկները ձգվում են դեպի արեւը, բայց ոչ բոլորն են պտղաբերում: Պտղաբերող արեւածաղիկը առանձնահատուկ օրինաչափություն է, ճիշտ այնպես, «ինչպես հայրենիքից հեռու ապրող հայի երկփեղկված իրականությունը» յուրովի օրինաչափ է:

 

-Սխալների կամ մեղքերի համար մարդը երբեմն կյանքով է հատուցում, երբեմն` հոգեկան հավասարակշռությունը կորցնելով, ինչը եւ տեսնում ենք գրքում: Բայց անխուսափելի է ոչ միայն հետեւանքը,  այլեւ պատճա՞ռը` ապրած կյանքը`համեմված կրքերով, սխալներով, փախուստով:

 

-Մեղքի ու պատժի ոչ սահմանումն է մերը, ոչ էլ իրարով պայմանավորելը: Թե հետեւանքն է մեղք, թե պատճառը. մեզ մեղքի մղողն արդեն մեղք է գործում, բայց ոչ պակաս մեղք է նաեւ պատիժը: Հիմա «Փեակների տարաբախտություն» վեպում փեակների` փրկողների մեղքը փրկելն է, իսկ պատճառը փրկվողի` Ոդիսեւսի մեղքն է: Ու Նարեի` «փրկողի» մեղքը Արին «փրկելով»` կործանելն է, ավելին` կործանվելն է: Հովանի «պատժելն» էլ մեղքի մեջ թաթախվել կնշանակի, ու դեռ հարց է` ով է խստագույնս պատժվում. պատժո՞ղը, թե՞ պատժվողը: Իսկ որ մեղքի պատճառն էլ անխուսափելի է, վեպը պատմող աղջիկը մոր «Անհետացող օրեր»-ից է պեղում ու մեզ հրամցնում. «Հովանի որոշումը կա, որովհետեւ լինելու պատճառ ունի»:

 

-Դրական կամ բացասական հերոսներ չկան գրքում: Բայց կարծես ոչ շահեկանորեն առանձնանում է ծայրահեղ, անկանխատեսելի Հովանը, ով կարող է հաշվարկով ամուսնանալ, սիրուհի ունենալ, հանուն շահի հոգեւորական դառնալ, հանուն կորցրած սիրո կամ ունեցվածքի` սպանել:

 

-Ճիշտ ու ճիշտ ասածիդ պես է. դրական ու բացասական հերոսներ չկան գրքում: Գրքում եղածները ոչ մի իմաստով հերոսներ չեն, տանուլ տված մարդիկ են, իրենք իրենցից պարտված, իրար սիրող ու սիրելով իրար կործանող մարդիկ են: Չէ, ոչ մեկը «շահեկանորեն» չի առանձնանում, որ մի քիչ սրտիդ աչքը բաց նայես, կտեսնես, որ Հովանն էլ է զոհ, անգամ սպանելով` Հովանը դահիճ չի դառնում, Հովանի կորուստները նույնքան ողբերգական են, նույնքան հոգիդ բերանդ հանող, որքան Արի, Նարե-Սկալդինայի եւ Շուշոյի տարաբախտ ճակատագրերը:

Դիանա Համբարձումյանը Դիանա Համբարձումյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Իրար սիրող այս միայնակներն ակամա թշնամանում ու կորցնում են իրար ոչ թե որովհետեւ «հակահերոսներ» են, այլ որովհետեւ անկարող են դիմադրել ու հաղթել այն «յոթգլխանի վիշապին», որի անունն անարդարություն է. երկրի սոցիալ-հասարակական, քաղաքական ու բարոյական աղճատված դեմքը նույնությամբ պատկերագրվում է երկրի մարդկանց դեմքին:

 

-Բարությունը Հայաստանի տատիկի տեսքն ունի, Երեւանը ծաղկած ծիրանենիների հոտ ունեցող տաք քաղաք է: Նույնիսկ ափսեները լվանալու զուտ հայկական ձեւի նկարագրության մեջ, կարծում եմ, անսահման սեր կա հայրենիք-երկրի հանդեպ:

 

-Կա, սերը շատ է էս գրքում, բայց դժվար տրվող, դառնորեն կուլ գնացող պատառի նման է էդ սերը, որ ամեն վայրկյան ինքնաոչնչացման սպառնալիքի տակ է հայտնվում ու կործանում սիրողներին: Հայրենիք-երկրի սերը ու էդ սիրուց զրկվելն է հենց այս վեպի մարդկանց տարաբախտության պատճառը:

 

-Ինչո՞ւ «Փեակների տարաբախտություն»: Պատահական չեն նաեւ հերոսների անունները` Նարե, Ար:

 

-Հունական դիցաբանության մեջ հայտնի փեակների երջանիկ ցեղը հայտնի էր նավաբեկյալներին փրկելու իր կամքով ու կարողությամբ: Ոդիսեւսին ապահով Իթակե հասցնելուց հետո փրկողները կործանվում են: Այս զուգահեռը միանգամից ընդգծվեց մտքիս մեջ, երբ Շվեդիայում տեսած-չտեսածս, լսած-չլսածս, հասկացած-կռահածս հետ բերեցի ու հասցրի Հայաստան: Էլի ճիշտ ես, պատահական բան չկա ոչ մի տեղ, առավել եւս` գրականության մեջ. Արն ու Նարեն հայոց հեթանոս դիցարանի վկայողներն են, իսկ երբ արմատախիլ են, Նարեին մոռացած Սկալդինայի դեմքին գծված լուռ անտարբերությունն այլ բան է վկայում արդեն` փախուստ եւ ուրացում եւ կորուստ. «…նրա փոս ընկած աչքերը խոնարհ հետեւում էին լողափի սորացող ավազին, հորիզոնում անհետացող նավերին ու դեպի երկինք հեռացող որորներին»:

 

-Մանեն իր ընտանիքի պատմությունը գրում է որպես նախատեսվող ֆիլմի սցենար: Դուք ունեցե՞լ եք նման մտադրություն` գրել վեպ, որը կարող է նաեւ էկրանավորվել:

 

-Շվեդիայի միջնադարյան Վիսբի քաղաքում իմ ապրածն ու զգացածը նման էր գունագեղ հեքիաթի, որտեղ ավերակներն ու վարդերը կինոյի տեսարաններին հարիր տրամադրություն էին ստեղծում, կինո, որի կադրերն ակնթարթորեն սահում ու փոխվում էին հայաստանյան իրականության մեջ հայտնի` բրտորեն սիրելի ու քնքշորեն ատելի կյանքին: Ես միշտ երազել եմ գրել իմ պատկերացրած էն պինդ վեպը, որը ոնց էլ շուռումուռ տաս, կտրտես, նոր ոտ ու ձեռ ավելացնես, գլուխն ու մարմինը ծռմռես, ինքն իր նման լինի: Հիմա ես էս վեպը էն ազնիվ մտադրությամբ եմ գրել, որ երբ կինո նկարողը գա ու սկսի կսմթել, ձաղկել ու կապտեցնել նրան, ինքը դիմանա էդ «ավերումներին» ու մնա:   

 

-Վեպում Մանեն մտադիր է, հայերեն գրելուց հետո, գրածը թարգմանել շվեդերեն: Դուք կուզեի՞ք` այս վեպը թարգմանվեր շվեդերեն:

 

-Եթե ասեմ` այո, անկեղծ կլինեմ: Վեպում տեսարաններ կան, որտեղ խոսք ու զրույցը շվեդերեն է ընթանում, բայց քանի որ հայերեն գրված վեպ է, միջավայրը տեսանելի եւ իրական դարձնելու համար եմ միայն տեղ-տեղ շվեդերեն խոսք գործածել, մինչդեռ շվեդերեն թարգմանված վեպում այս տիպականացումը պահպանելու նպատակով հարկ կլինի օգտվել երկաստիճան թարգմանական եղանակից, որը բնագրային շվեդերենը հմտորեն կփոխադրի եւ կհյուսի թարգմանվածքի շվեդերենին: Հաղթահարելու խնդիր կլինի նաեւ բարբառային եւ ժարգոնային լեզվաշերտի, ինչպես նաեւ օտարաբանությունների համարժեք թարգմանությունը: Հին սովորույթ է. թարգմանչի ստվերը կրնկակոխ հետեւում է գրողին: 

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին