«Ագնեսը»՝ որպես գրականության եւ կյանքի հակադրություն - Mediamax.am

exclusive
4491 դիտում

«Ագնեսը»՝ որպես գրականության եւ կյանքի հակադրություն


Լուսանկարը` «Զանգակ»

Գայանե Գինոյանը
Գայանե Գինոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


«Զանգակ» հրատարակչությունը Գայանե Գինոյանի բնագրային թարգմանությամբ լույս է ընծայել շվեյցարացի գրող Պետեր Շտամի «Ագնեսը» վեպը: 2017-ին «Ագնեսը» ստացել է «Կոտա», 2000-ին`«Ռայնգաու» գրական մրցանակները: Թարգմանվել է 23 լեզվով: Հայ ընթերցողին ներկայացվում է առաջին անգամ:

 

Մեր զրուցակիցը Գայանե Գինոյանն է:

 

- Ինչպես նշվում  է գրքի անոտացիայում` սովորական թվացող սիրավեպն անկանխատեսելի ընթացք է ստանում…  Ինչո՞վ է առանձնանում «Ագնեսը»: Կարծես Պետեր Շտամը սիրավեպի միջոցով փորձում է պատկերել մարդուն, մարդկային հոգեբանությո՞ւնը:

 

-Այո, սա սիրավեպ է երկու տարբեր մտածելակերպերով ու հայացքներով, տարիքային մեծ տարբերությամբ, խառնվածքով բոլորովին տարբեր եւ տարբեր աշխարհների պատկանող մարդկանց միջեւ: Թե ինչպիսի բարերար ազդեցություն կարող է սերն ունենալ, ականատես ենք լինում վեպի ընթացքում: Տղամարդը՝ եվրոպացի, իր անկախությունն ու պարտավորություններից ազատ լինելը բարձր գնահատելով հանդերձ սիրո ազդեցությամբ փոխվում է, լրիվ ուրիշ մարդ  դառնում:

Գայանե Գինոյանը Գայանե Գինոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Եվ մի սիրո պատմությունը մյուսից ոչնչով չի տարբերվում, այն ընդամենը ծնվում, զարգանում ու մահանում է ամեն մարդու հետ յուրովի:

 

- Հեղինակը անհայտ է մնում ընթերցողին: Նրա մեջ դուք տեսնո՞ւմ եք հենց իրեն` Պետեր Շտամին:

 

-Ոչ: Եվ դա ընդունված ոճ է գրականության մեջ, օրինակ Քրիստոֆ Հայնի «Օտար ընկերը» նովելում համարյա անանուն հերոսը կին է, եւ հասկանալի է, որ հնարավոր չէ նույնացնել տղամարդ գրողին եւ կին հերոսին: Պարզապես առաջին դեմքով պատմությունը ընթերցողի մեջ նույնացվելու ցանկության է դրդում եւ ավելի կենդանի ու մոտ է դառնում ընթերցողին: Բայց միաժամանակ պատրանք է ստեղծում, թե հեղինակն ինքն է գործող անձը:

-Հեղինակը սկսում է գրել իր եւ իր սիրուհու` Ագնեսի հանդիպման պատմությունը: Նրա գրած պատմությունը առաջ է ընկնում իրականությունից եւ այլ ընթացք  ստանում: Ի՞նչ էր դա: Գրի ո՞ւժը: Լինում է այն, ինչ գրվա՞ծ է: Եվ  ինչո՞ւ պատմությունը չէր կարող հեփի-էնդ ունենալ:

 

-Վեպը համեմատում են Օվիդիոսի Պիգմալիոնի հետ, որտեղ արվեստագետը ստեղծում է մի կերպար, որը կենդանանում է: Օվիդիոսից հետո բազմաթիվ փորձեր կան Պիգմալիոնի ստեղծման վերաբերյալ: «Ագնեսը» գրականության եւ կյանքի հակադրությունն է, որտեղ հաղթում է գրականությունը: Պետեր Շտամը չի բավարարվում ծանոթ բանը նորովի պատմելով, նրա վեպը գրականության զորության մասին հուզիչ այլաբանություն է: Եվ հեփի-էնդը հատուկ է միայն հեքիաթներին, իրականությունը միշտ տարբերվում է երազանքից:

 

-Երբ Ագնեսը հեռանում է, հետո վերադառնում, շեշտում է. «Դու ես ինձ լքել եւ դու ես վերադարձել»: Գրքի վերջում դարձյալ հեռանում է Ագնեսը: Ագնե՞սն էր հեռացողը:

 

-Այո, Ագնեսն էր հեռացողը: Չնայած տղամարդն է գրում այս սիրո պատմությունը, բայց Ագնեսը չի դադարում պայքարել կնոջ իր իրավունքների համար, չի հրաժարվում իր իշխող դերից, եւ երբ տղամարդը երկընտրանքի առաջ գտնվելով` երկու ավարտ է գրում, Ագնեսն է վճռում պատմության ելքը:

 

-Ագնեսն ասում է, որ ոչ մի լավ լուսանկար չունի, որում կլինի այնպիսին, ինչպիսին իրականում է: Ագնեսի դիմանկար-պատմությունը նո՞ւյնպես ընթերցողը տարբեր կերպ է տեսնելու:

 

-Ֆիզիկոս Ագնեսը իր սիրելի բյուրեղյա ցանցերը նկարագրում է այսպես՝ առեղծվածայինը կենտրոնի դատարկությունն է, սրանով նա միաժամանակ նկարագրում է իր սեփական կյանքը, որտեղ սերը ընդամենը գրական պատրանք է: Կուզեի նշել Սյորայի կտավի կարեւորությունը եւ այլաբանական նշանակությունը այս վեպում: Ամեն ինչ հեռվից այլ կերպ է երեւում, իսկ մոտենալիս պատկերը փշրվում է ու վերածվում կետերի:

Լուսանկարը` «Զանգակ»

Միայն հեռավորությունից է ամբողջական պատկեր դառնում: Եվ միայն հեռավորությունից կարելի է տեսնել, թե արդյոք Ագնեսի եւ առաջին դեմքով պատմողի ապրածը երջանկություն էր: Եվ գրականությունը կարող է ամեն ընթերցողի կողմից տարբեր կերպ մեկնաբանվել, կախված նրա տարիքից, մասնագիտությունից եւ վերջապես սեռից:

 

-Ի՞նչ կասեք ոճական առանձնահատկության մասին, ըստ այդմ` նաեւ թարգմանական ընթացքի մասին:

 

-Շտամի ստեղծագործությանը հատուկ է զուսպ ու պարզ ոճը, ճոխ ածականների կամ փոխաբերությունների ու համեմատությունների բացակայությունը: Ընդ որում` նրա ստեղծագործության առանցքում ոչ թե բովանդակությունն է, այլ ձեւը, թե ինչպես է պատմվում։ «Ագնես» վեպը առանձանում է սառը, կարճ նախադասություններով, երկխոսությունների առատությամբ, ինչը հատուկ չէ գերմանական գրականությանը:

 

-Փորձե՞լ եք զրուցել հեղինակի հետ: Հետաքրքիր է`ի՞նչ հարց կտայիք նրան:

 

-Հեղինակի հետ չեմ զրուցել, միայն գրքի տպագրության հետ կապված ենք էլեկտրոնային փոստով հաղորդակցվել, շատ ուրախացավ, որ իր վեպը հայերեն է լույս տեսնում: Հրատարակչությունը գրքերը ուղարկել է իրեն, սպասում եմ, գուցե ինչ-որ կերպ արձագանքի: Ի՞նչ հարց: Շնորհակալություն կհայտնեի հանդարտ ու գեղեցիկ գրականության համար, որ ստեղծել ու ստեղծում է:

 

-Պետեր Շտամը «Ագնեսը» սկսել է գրել 29 տարեկանում, եւ հրատարկել է միայն վեց տարի հետո։ Մինչ այդ գրած գործերը հրատարակիչները հրաժարվել են տպագրել: Ի՞նչ գիտեք այս մասին, ինչպե՞ս է Պետեր Շտամն ընդունվում հիմա, եւ ի՞նչ կտա այս գործը մեր ընթերցողին:

 

-Պետեր Շտամը հեղինակ է վեց վեպի, չորս պատմվածքների ժողովածուի եւ բազմաթիվ պիեսների, կատարել է նաեւ թարգմանություններ։

 

Լավ ծանոթ եմ շվեյցարական գերմանալեզու գրականությանը եւ կարող եմ վստահ ասել, որ Պետեր Շտամը ժամանակակից լավագույն գրողներից է: Ինչ վերաբերվում է գրական ուշ գործունեությանը, ապա դա բոլորովին նշանակություն չունի այս կամ այն գրողի վաստակը գնահատելու գործում: Օրինակ, Բերնհարդ Շլինկը, որի «Ընթերցողը» վեպը մեծ ճանաչում ունի աշխարհում, սկսել է գրել 43 տարեկանում: Եվ ինչպես Պետեր Շտամն է ասում, մեծ գրականությունը գնում է իր ուղիով եւ միակ բանը, որ հաշվի է առնվում, գրքերն են:

 

«Ագնես» վեպը թարգմանվել է 23 լեզվով: 2016-ին վեպի հիմա վրա ֆիլմ է նկարահանվել Գերմանիայում: Վեպը Գերմանիայում դպրոցական ավարտական քննությունների պարտադիր ընթերցանության ցանկի մեջ է ներառված Գեորգ Բյուխների, Ֆրանց Կաֆկայի, Մաքս Ֆրիշի եւ այլ հայտնի գրողների ստեղծագործությունների կողքին: Եվ հարյուր հազարավոր աշակերտներ Գերմանիայում այն կարդում են որպես պարտադիր ընթերցանություն: Թե ի՞նչ կտա այս գիրքը հայ ընթերցողին, թող ընթերցողն ինքը որոշի:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին