Անհետացումն ու սերը` Ջոն Գրինի «Թղթե քաղաքներում» - Mediamax.am

exclusive
4181 դիտում

Անհետացումն ու սերը` Ջոն Գրինի «Թղթե քաղաքներում»


Լուսանկարը` Isabelle G Photography

Լուսանկարը` Amy Geliebter


Քվենթին Ջեյքոբսենը ամբողջ կյանքում հեռվից սիրել է սքանչելի, արկածասեր Մարգո Ռոթ Սպիգլմենին: Ու երբ աղջիկը, նինջայի հագուստով, բացում է նրա պատուհանը ու հետո մագլցում նրա կյանք՝ հրավիրելով մի հետաքրքիր ու արտասովոր վրեժի արշավի, նա համաձայնում է:

 

Ամերիկացի հանրահայտ գրող Ջոն Գրինի «Թղթե քաղաքները» վեպը հայ ընթերցողին է ներկայացնում «Էդիթ պրինտ» հրատարակչությունը` Ալինա Միրզոյանի թարգմանությամբ: «Նյու Յորք թայմսի» #1 բեսթսելլերների հեղինակ Ջոն Գրինի գրքերը թարգմանելու եւ հրատարակելու հեղինակային իրավունքները ձեռք բերելու համար հրատարակչության ծրագրերի ղեկավար Շավարշ Կարապետյանը անձամբ է նամակ գրել Ջոն Գրինին: Ավելի վաղ հրատարակվել էր «Աստղերն են մեղավոր» վեպը:

 

Հաջորդիվ անդրադառնալու են ամերիկացի գրողի վերջին ստեղծագործությանը, որ հրապարակվել է 2017թ. հոկտեմբերին 10-ին ու արդեն հասցրել է համաշխարհային բեսթսելլեր դառնալ:

 

«Թղթե քաղաքները» ամերիկյան երիտասարդության մասին է, պատկերում է նրանց ձգտումները, խնդիրները, կենսակերպը, ընկերների, շրջապատի, ծնողների հետ ունեցած հարաբերությունները: Որքանո՞վ է հետաքրքիր, ի՞նչ կարող է ասել հայ երիտասարդ ընթերցողին:

 

«Էդիթ պրինտ» հրատարակչության ծրագրերի ղեկավար Շավարշ Կարապետյանի կարծիքով` որոշ տարբերություններ կարելի է տեսնել կապված մտածողության հետ, բայց մարդկային էությունը, ճանապարհը, որով անցնում է նոր կյանք մտնող դեռահասը, հետաքրքիր և ուղենիշային կարող է լինել յուրաքանչյուրի համար:

Լուսանկարը` Amy Geliebter

«Գրքի հերոսը մանկուց սիրում է մի աղջկա, ով առաջադեմ հայացքներ ունի, ինքնուրույն է, առանձնահատուկ, հեղինակություն է վայելում հասակակիցների շրջանում: Տղայի համար նա անհասանելի կերպար է, բայց երբ աղջիկը, հանգամանքների բերումով, մոտենում է տղային ու անսպասելի անհետանում, տղան որոշում է գնալ նրա հետեւից: Վերջում, երբ հանդիպում են, հասկանում են, որ իրենց ճանապարհները չեն կարող հատվել», - ասում է Շավարշ Կարապետյանը:

 

Արթուն գիշերվան հաջորդում է նոր օրը, եւ Քյուն գնում է դպրոց ու հայտնաբերում, որ մշտապես հանելուկ Մարգոն հիմա արդեն առեղծված է դարձել: Բայց Քյուն շուտով պարզում է, որ նա հուշումներ է թողել… հենց իր՝ Քյուի համար: Առաջնորդվելով կցկտուր ուղենիշներով՝ որքան մոտենում, այնքան ավելի է հեռանում աղջկանից, որին կարծում էր, թե ճանաչում է:

 

Հարց է առաջանում` Ջոն Գրինի վեպը  անհետացմա՞ն, թե՞ սիրո պատմություն է: Շավարշ Կարապետյանի բնորոշմամբ` այն ավելի շատ մի ճանապարհի պատմություն է, որտեղ արծարծվում է թղթե քաղաքների խորհուրդը. «Այդ քաղաքներում ամեն ինչ թղթից է, ամեն ինչ անհետանում է, ինչպես Մարգոն անհետացավ,  ինչպես քաղաքը գոյություն չուներ կամ գոյություն ուներ միայն քարտեզի վրա: Այն, ինչ մնաց հերոսներին, դեպի նպատակը տանող ճանապարհն էր: Նպատակակետը թղթից էր»:

 

Ալինա Միրզոյանն ի լրումն ասում է, որ ամերիկացի գրողը պարզ գրելաոճով բարդ մտքեր է արտահայտում: Խորհրդավոր այս պատմությունն իր պարզությամբ գրավում է երիտասարդներին, հետաքրքիր է դարձնում ընթերցանությունը, միաժամանակ  մտածելու տեղիք տալիս:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին