Թռիչքն ու սպանված Մոցարտները՝ Էքզյուպերիի «Մարդկանց երկրում» - Mediamax.am

exclusive
5627 դիտում

Թռիչքն ու սպանված Մոցարտները՝ Էքզյուպերիի «Մարդկանց երկրում»


Լուսանկարը` Vladimir Bedran

Շուշանիկ Թամրազյանը
Շուշանիկ Թամրազյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Էդիթ պրինտ

Շավարշ Կարապետյանը
Շավարշ Կարապետյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Անտուան դը Սենտ Էքզյուպերին իր -Lockheed-F-5B ինքնաթիռի խցիկում
Անտուան դը Սենտ Էքզյուպերին իր -Lockheed-F-5B ինքնաթիռի խցիկում

Լուսանկարը` John Phillips

Լուսանկարը` Giorgio Fonda

Սենտ Էքզյուպերիի թռիչքը 1944 թվականին
Սենտ Էքզյուպերիի թռիչքը 1944 թվականին

Լուսանկարը` John e Annamaria Phillips Foundation


«Էդիթ պրինտ» հրատարակչությունը Շուշանիկ Թամրազյանի բնագրային թարգմանությամբ  լույս է ընծայել Ֆրանսիացի հանրահայտ գրող եւ օդաչու Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գիրքը:

 

«Մարդկանց երկիրը» լույս է տեսել 1939-ի փետրվարին: Նույն տարվա մայիսի 25-ին Ֆրանսիայի ակադեմիան Էքզյուպերիի ստեղծագործությունն արժանացրել  է արձակ երկի համար սահմանված բարձրագույն մրցանակին: Գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ:

 

«Մարդկանց երկիր» գրքում կարող են տեսնել նաեւ «Փոքրիկ իշխանի» նախապատմությունը»

 

«Էդիթ պրինտ» հրատարակչության ծրագրերի ղեկավար Շավարշ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խորհրդային տարիներին մեկ գրքով հրատարակվել են Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր», «Գիշերային թռիչք» եւ «Փոքրիկ իշխան» ստեղծագործությունները, թարգմանվել են ռուսերենից եւ բավականին վատ:

 

- Էքզյուպերին 20-րդ դարի մեծագույն գրողներից է: Հայաստանում հայտնի է «Փոքրիկ իշխան» վիպակով:  Ուզում էինք, որ հայ ընթերցողը ծանոթանա նաեւ մյուս գործերին: «Փոքրիկ իշխանի» սիրահարները «Մարդկանց երկիր» գրքում կարող են տեսնել նաեւ «Փոքրիկ իշխանի» նախապատմությունը:

 

-«Փոքրիկ իշխանը» համարվում է աշխարհում ամենավաճառված գրքերից մեկը։ Ի՞նչ տարածում ունի «Մարդկանց երկիրը» :

 

- Այդ առումով «Մարդկանց երկիրը» եւ առհասարակ  Էքզյուպերիի մյուս գործերը շատ հեռու են «Փոքրիկ իշխանի» գրանցած հաջողությունից: Գեղարվեստական առումով չեն զիջում, բայց մի փոքր բարդ են, մի քանի անգամ ընթերցելու կարիք է լինում հեղինակի խոսքն ըմբռնելու համար:

Շավարշ Կարապետյանը Շավարշ Կարապետյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

- Բարձունքը, բնության արհավիրքները, վտանգները հաղթահարելու դրվագները կարծես զուգորդվում են մարդկային կյանքի դժվարությունների հետ: Գրքի հերոսը օդաչու է, բայց թռիչքը վերապրելու համար անպայման չէ ինքնաթիռ նստել:

 

- Այստեղ խոսքը ոչ թե ինքնաթիռի, այլ հոգու թռիչքի մասին է: էքզյուպերին երբ օդանավով բարձրանում էր երկինք, ազատ էր արձակում նաեւ հոգին: Ընկերները, կինը նշում են, որ նա ուր գնում էր, ամբողջ հոգով էր գնում, ինչ անում էր, անում էր ամբողջ հոգով: Հոգու թռիչք ունենալու համար մաքուր ու պարզ սիրտ է պետք: Կարծում եմ, Էքզյուպերիի բոլոր գործերի առանցքը մարդկային հոգու թռիչքն է:

Լուսանկարը` Էդիթ պրինտ

- Եթե ոչ թե այլաբանորեն, այլ ուղիղ համատեքստով ենք նայում գրքում տեղ գտած պատմություններին, տեսնում ենք, որ ֆրանսիացի գրողի կյանքը շարունակ մազից է կախված եղել:

 

- «Մարդկանց երկրի» բոլոր էսսեները փաստագրություններ են` ներկայացված գեղարվեստորեն: Բավական է միայն ասել, որ  որպես օդաչու աշխատելու տարիներին Էքզյուպերին ենթարկվել է 19 ավիավթարի, բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել: Վերջին թռիչքի ժամանակ (որից նա այլեւս չի վերադարձել), ինքնուրույն չի կարողացել հագնվել, նստել ինքնաթիռ: Իր կապերը, ծանոթություններն է բանեցրել երկինք թռչելու համար: Նա չէր կարող ապրել առանց թռիչքի: Նամակներից մեկում նշում է, որ իր երկիրը պատերազմի մեջ է եւ հոգու ազնվությունը թույլ չի տալիս այդ ամենին կողքից նայել:

Սենտ Էքզյուպերիի թռիչքը 1944 թվականին Սենտ Էքզյուպերիի թռիչքը 1944 թվականին

Լուսանկարը` John e Annamaria Phillips Foundation

- Գրքի վերջաբանը առավել քան լուսավոր է, ու թվում է`այլ կերպ լինել չէր կարող: 

 

- Այլ ավարտ չէր կարող լինել, որովհետեւ դա իր թռիչքն է:  Թռիչքն իր էությունն է:

 

Այդ զգացողությունը փոխանցում է նաեւ ընթերցողին: Այդպիսին են նրա բոլոր գործերը: Դեկտեմբերին լույս կտեսնի «Գիշերային թռիչքը», այնուհետեւ հերթականությամբ` «Ռազմական օդաչուն» «Նամակ պատանդին»  եւ վերջին գործը` «Ցիտադելը»:  Անչափ ուրախ եմ, որ մեր հրատարակչությունն է ստանձնել այս թարգմանությունները:

 

«Ի՞նչ կմտածեր Էքզյուպերին այսօր. թարգմանելիս այս հարցն ինձ ոչ մի պահ չի լքել»

 

Շուշանիկ Թամրազյանի կարծիքով` կան հեղինակներ, որ ցանկացած թարգմանիչ երազում է թարգմանել: «Էդիթ պրինտի» առաջարկը` «Մարդկանց երկիրը» թարգմանելու նա մեծ ուրախությամբ ընդունել է:

 

- Նաեւ հաճելիորեն զարմացա, որ այսօր կան հրատարակչություններ, որ ընտրում են հեղինակին եւ որոշում տպել՝ անկախ շուկայի կամայականություններից եւ թելադրանքներից:

 

-«Մարդկանց երկրի» բնագրային թարգմանությունը շա՞տ է տարբեր խորհրդային տարիների հրատարակությունից:

 

- Առաջին անգամ երկն ընթերցել եմ բնագրով, ուսանողական տարիներին: Գիտեի, որ թարգմանաբար կար, որովհետեւ հայրս, հարազատներս կարդացել էին: Բայց կարծեմ՝ ռուսերեն էր: Գուցե սխալ եմ: Ինչեւէ, չեմ համեմատել հին հրատարակության հետ:

Շուշանիկ Թամրազյանը Շուշանիկ Թամրազյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

- Գրքում տեղ են գտել հեղինակի տարբեր տարիներին գրված պատմվածքները, հուշերը, խոհագրությունները, բայց առանցքում կարծես հեղինակը չէ: Տպավորություն ունեմ, որ յուրաքանչյուր ոք այս պատումներում տեսնում է իր թռիչքը` վտանգներով, ծուղակներով, անկումներով ու վերելքով:

 

-Այո՛, Էքզյուպերին այստեղ ամբողջացնում է տարիների ընթացքում գրված պատմվածքները, ակնարկները: Ամենից հաճախ դրանք անմիջականորեն իր կամ իր ընկերների հետ կատարված դեպքեր, արկածներ են, որոնք հանգեցնում են խոհափիլիսոփայական նուրբ ընդհանրացումների: Հեղինակը փորձ անգամ չի անում՝ թաքցնելու, որ ամենի հիմքում անձնական ապրումն է. պարբերաբար կրկնվում են «ես», «մենք» անձնական դերանունները: Ամբողջ պատումը շարադրված է առաջին դեմքով:

 

Ինձ համար՝ որպես գրքի թարգմանչի, դժվար է մոռանալ, որ պատումի ետեւում ինքը՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերին է՝ իր հիրավի անկրկնելի ճակատագրով: Բայց հասկանում եմ, որ ընթերցողի մոտ կարող է այն տպավորությունն առաջանալ, որ գրողն իր հարեւանն է կամ հենց ինքը՝ մի ուրիշ կյանքում. Էքզյուպերին խոսում է համամարդկային արժեքներից եւ մի լեզվով, որ մերձեցման, ընկալման հատուկ ջանքեր չի պահանջում:

 

Այդ հայացքը՝ հառված անհունին, որ վարանում է հրաժեշտ տալ

 

- Էքզյուպերիի հերոսն այն մարդն է, որ առանց ուտելիքի պաշարի, քառասուն  աստիճան սառնամանիքի տակ երկու, երեք, չորս օր քայլելով դիմադրում է ձյան մեջ քնելու գայթակղությանը, որովհետեւ «Կինս... հավատում է, որ քայլում եմ: Ընկերներս հավատում են, որ քայլում եմ: Բոլորը վստահում են ինձ: Ստորություն կլինի, եթե չքայլեմ»:

 

- Գիտե՞ք, որն էր ինձ համար «Մարդկանց երկրի» ամենաուժեղ ապրումը. կյանքի եւ մահվան սահմանագծին կանգնած մարդու ներքին խոսքը, ներապրումը: Այդ հայացքը՝ հառված անհունին, որ վարանում է հրաժեշտ տալ: Ակնթարթներ, երբ մարդու կյանքն իսկապես մազից է կախված, ու հանկարծ նա զգում է, որ անասելիորեն մոտեցել է կյանքի, գոյություն ունեցող ամենի առեղծվածին, գրեթե սերտաճած է կենդանության թաղանթին, ինչպես նորածին երեխան:

 

Ամբողջ տիեզերքը մի սրտի բաբախյուն է, որ կդիմանա, ինչպես Գիյոմեն է ասում, կամ՝ ոչ: Մի ընդհատ շնչառություն: Մերմոզի, Գիյոմեի, պատումի հերոսի, այս դեպքում՝ Էքզյուպերիի ձայներն անապատում միահյուսվող արձագանքների խմբերգ են հիշեցնում...

   

- ...Այսպիսով` օդաչուի մեծությունը նրա պատասխանատվության զգացո՞ւմն է, գրքում էքզյուպերիի այս միտքը հաստատող բազմաթիվ օրինակների ենք հանդիպում:

 

-Այո՛, Էքզյուպերին մերժում է իր կյանքի հետ խաղացող ցլամարտիկի հերոսական կարծրատիպը: Հերոսությունը, խիզախումը, ըստ նրա, ոչ թե մահն արհամարհելն է, ճակատագրին ձեռնոց նետելը, այլ կյանք արարելը՝ ընդդեմ մահվան, ընդդեմ անէության: Էքզյուպերին ամեն անգամ այնպես է երկինք բարձրանում՝ դժվարին հանձնարարությունը կատարելու, ասես բառեր կորզի անէությունից՝ կանգնած բացակա իմաստի վիհի առջեւ: Այդ խորին պատասխանատվությունը, բայց եւ մենությունը: Անվերջանալի մի մենախոսություն անապատում, որ փորձում է կենդանության մի քանի շող կորզել ոչնչից: Եվ սա հատուկ է ոչ միայն «Մարդկանց երկրին», այլ առհասարակ՝ Էքզյուպերիի ողջ ստեղծագործությանը՝ «Գիշերային թռիչքին», «Ռազմական օդաչուին» եւ մյուս գործերին:

Անտուան դը Սենտ Էքզյուպերին իր -Lockheed-F-5B ինքնաթիռի խցիկում Անտուան դը Սենտ Էքզյուպերին իր -Lockheed-F-5B ինքնաթիռի խցիկում

Լուսանկարը` John Phillips

-Էքզյուպերին ասում է` «Օդաչու ընկերները սփռված են աշխարհով մեկ եւ սովոր են երկար սպասել հանդիպմանը»: Հեռավորությունը, վտանգներն ավելի են ամուր, ավելի ինքնատի՞պ են դարձնում ընկերությունը: «Իսկապես, երբեք ոչ մի բան չի կարող փոխարինել հեռացած ընկերոջը: Հին ընկերը մի բան է, որ հնարավոր չէ հորինել»:

 

- Էքզյուպերին օդագնացության իր ընկերների մասին խոսում է, ասես անանուն մի ուխտի ջահակիրների: Նրանք կարող են հանդիպել տարին մի անգամ, բայց կան, սփռված են աշխարհով մեկ, եւ նույն հավատամքի թրթիռն անտեսանելիորեն փոխում, վերստեղծում է աշխարհը նրանց շուրջ: Էքզյուպերին գրում է սպառողական հասարակության դեմ 30-40 տարիներին, երբ այս հասկացությունը դեռ վերջնականապես չէր ձեւավորվել: Խոսում է «հարմարավետ» կյանքի զնդանի, հարմարվողականության մասին՝ առանց այս բառն օգտագործելու, խոսում է «քաղքենիների» եւ «բյուրոկրատների» մասին: Սրանք են նրա օգտագործած բառերը: Մեր ուշադրությունն է բեւեռում մի փաստի վրա, որ ըստ իս՝ ճշմարիտ է մնում դեռեւս այսօր. եթե ժամանակակից մարդուն չտանջեր այլուրի, ավելի բարձրի, ինքնահաղթահարման պահանջը, «հարմարավետության մեր դարում» ի՞նչը կստիպեր նրան Սահարայի անապատում՝ ծայրահեղ դժվար պայմաններում, փնտրել իր շրջիկ ընտանիքը:   

   

Այդ ամենը կարող էր վերամբարձ թվալ, եթե հորինվածք լիներ

 

-«Օդաչուն կոչված է իր փոստային առաքումները պաշտպանել երեք նախաստեղծ աստվածությունից` լեռից, ծովից, փոթորկից»: Շուշանի՛կ, առօրյա կյանքում մարդը ստիպված է այնքան ճղճիմ, մանր, անկարեւոր բաներից պաշտպանվել, որ կյանքն էլ, մարդու էությունն էլ մի տեսակ մանրանում են: Գուցե սրանո՞վ է տարբեր էքզյուպերիի աշխարհը: Դաստիարակչական նշանակություն չասեմ, բայց «մարդկանց երկիրը» հրաշալի օրինակ է մարդկանց երկրի բնակիչների համար:

 

-Այո՛, թարգմանելիս բազմիցս առիթ եմ ունեցել՝ ինքս ինձ ասելու, որ այդ ամենը կարող էր վերամբարձ թվալ, եթե հորինվածք լիներ: Բայց Էքզյուպերիի դեպքում ստեղծագործությունն ու մարդու ճակատագիրը բացարձակապես համընկնում են՝ նույնիսկ՝ վախճանը: Ինչպես Փոքրիկ Իշխանը կամ «Գիշերային թռիչքի» Ֆաբիենը, ինքն էլ ի վերջո անհետանում է երկնքում՝ մարտական դժվարին հանձնարարությունը կատարելիս: Իսկ ռազմական նպատակով հինգ թռիչք կատարելու հանձնարարությունը նա տառացիորեն կորզել էր հրամանատարությունից, որը որոշել էր առողջական լուրջ խնդիրների պատճառով Էքզյուպերիին արգելել թռիչքներ կատարել:

 

- էքզյուպերին հիշում է այգեպանի մահը, ով մտահոգվում է, թե իրենից հետո ո՞վ է ծառերն էտելու: «Իր ետեւից նա մի ամբողջ անմշակ հողամաս էր թողնում: Անմշակ մոլորակ: Քնքուշ մի սեր էր նրան կապում բոլոր հողամասերի ու հողագնդի բոլոր ծառերի հետ»: Էքզյուպերին հենց այդ այգեպանը չէ՞:

 

-Այո՛, ավելորդ է ասել, որ Էքզյուպերին մարդակենտրոն հասարակության մշակույթի կրողն է: Այդ հասարակությունում անհատը դեռեւս մշակ է կամ «այգեպան», որի տնկած յուրաքանչյուր ծաղիկը դառնալու է համընդհանուր պարտեզի ժառանգությունը: Մարդիկ դեռեւս չեն տառապում հիշողության կորստով կամ հիշողությունը ջնջելու, պարզապես վերացնելու մոլուցքով: Էքզյուպերին խոսում է նաեւ մի հասարակության մասին, որտեղ մեքենան միշտ էլ մնում է ընդամենը նպատակին հասնելու միջոց: Իսկ նպատակը բացառապես մարդկային է եւ ծառայում է մարդուն, նա միամիտ ժպիտով մեզ հիշեցնում է, որ այն մարդիկ, ովքեր վախով են հետեւում տեխնիկական առաջընթացին, միջոցները խառնում են նպատակների հետ: «Ինձ թվում է, որ նրանք, ովքեր չափից դուրս սարսափում են տեխնիկական առաջընթացից, խառնում են նպատակներն ու միջոցները: /.../ Բայց մեքենան նպատակ չէ: Մեքենան ընդամենը միջոց է»: Իսկ ի՞նչ կմտածեր Էքզյուպերին այսօր. թարգմանելիս այս հարցն ինձ ոչ մի պահ չի լքել:

 

Ինձ տանջում է սպանված Մոցարտը այդ մարդկանցից յուրաքանչյուրի մեջ

 

- Գրողի հայացքը միայն դեպի երկինք չէ ուղղված: Գրքի վերջում տեսնում ենք, որ  թշվառության մեջ ապրող ամուսնական զույգի մանկանը նայելով՝ նա մտածում է, որ Մոցարտը դատապարտված է: Ասում է՝ «ինձ տանջում է սպանված Մոցարտը այդ մարդկանցից յուրաքանչյուրի մեջ»:

 

-Այո՛, Էքզյուպերին խորհում է մարդու եւ նրա ճակատագրի շուրջ՝ հենց երկրի վրա: Պատահական չէ գրքի վերնագիրը. «Terre des hommes »՝ «Մարդկանց երկիր»: Եվ ոչ թե մոլորակ կամ երկրագունդ: Էքզյուպերին հիշատակում է մեզ բոլորիս միավորող նպատակներ գտնելու անհրաժեշտությունը: Բայց ուսանելին այն է, որ ըստ նրա՝ այդ միավորումը ոչ թե պետք է հանգեցնի համահավասարեցման, զանգվածային ցածրարժեք, հեշտ արվեստի եւ մշակույթի հաղթարշավին, այլ խոնարհվի գեղեցիկի, բացառիկի, տաղանդի յուրաքանչյուր դրսեւորման առջեւ, ինչպես ձեր հիշատակած դրվագում: Մարդու կայացման գործում Էքզյուպերին չի թաքցնում իր թերահավատությունը քաղաքական ուժերի, գաղափարախոսությունների նկատմամբ.

 

«Ի՞նչ իմաստ ունեն մեզ համար մարդու կայացմանը նպաստող քաղաքական դրույթները, եթե մեզ ի սկզբանե հայտնի չէ՝ ովքեր են այդ մարդիկ: Ո՞վ է ծնվելու: Մենք պարարտացվող նախիր չենք, եւ մի աղքատ Պասկալի լույս աշխարհ գալն ավելի ծանրակշիռ փաստ է, քան մի քանի բարգավաճ անանունների ծնունդը»:

 

Էքզյուպերին անընդհատ ասում է «մենք», բայց դա յուրաքանչյուր անհատի մեջ նրա թաքուն ստեղծագործությունը գնահատող «մենք»-ն է: Միավորվել՝ հանուն բարձր արվեստի, հանուն գեղեցիկի, հանուն ինքնատիպի հաղթանակի. սա է Էքզյուպերիի հասարակության կատարելատիպը: Ցավոք, հետպատերազմական տարիներին, երբ Էքզյուպերին այլեւս չկար, քաղաքակիրթ աշխարհը բոլորվին այլ սցենարով էր զարգանալու: Որպես կանոն՝ հարուստ երկրներն աստիճանաբար իրենց նպատակը պարտադրելու էին աղքատ երկրներին, եւ դա հռչակելու էին համընդհանուր, եղբայրական նպատակ: Իսկ սա, համաձայնեք, շատ հեռու է Փոքրիկ Իշխանի պատանեկան ջինջ երազից:

Լուսանկարը` Giorgio Fonda

-Ի՞նչ կասեք թարգմանության ընթացքի մասին:

 

-Հեշտ չէր: Դրանից երկու-երեք ամիս առաջ ավարտել էի  ֆրանսիացի արձակագիր, Նոբելյան մրցանակակիր Կլոդ Սիմոնի «Քամին» վեպի թարգմանությունը. վեպ, որ նույնպես յուրովի արծարծում է մարդկայինի, մարդու ճակատագրի հարցը՝ հետամուտ բոլորովին այլ գեղարվեստական մեթոդի եւ գեղագիտության: Անցումը կտրուկ էր: Բայց ես սովոր եմ իրարից շատ տարբեր, ամենակարեւորը՝ ինձ համար սիրելի հեղինակների թարգմանել: Իսկ Էքզյուպերիին սիրում ենք բոլորս՝ ամենատարբեր պատճառներով. մարդը, հերոս-քաղաքացին, նրա անցած ուղին, Փոքրիկ Իշխանը: Անձամբ ես միշտ մտածել եմ, որ միայն Փոքրիկ Իշխանի ջրանկարները բավական են, որ Էքզյուպերին ուղեկցի ինձ ամբողջ կյանքում: Մեծ է պատասխանատվությունը. «Մեր սիրելի Էքզյուպերին, եւ ահա՝ «Մարդկանց երկիրը» հայերեն»:

 

Առաջին հայացքից՝ թվում է՝ Էքզյուպերին գրում է պարզ, անպաճույճ լեզվով: Բայց խաբուսիկ է այդ պարզությունը: Շատ են ինքնատիպ համեմատությունները, մակդիրները, կրկնությունները, հեղինակային շարահյուսության դեպքերը, օրինակ՝ շաղկապով սկսվող նախադասությունները, որոնք, իհարկե, պետք է պահպանել: Բայց ներքին լարումը դրանով չէր սահամանափակվում. իմ մեջ պարբերաբար ծնվում էր այս հարցը. «Ի՞նչ կասեր Էքզյուպերին այսօր մարդկանց երկրի մասին...»: Եվ սա ուրախ հարց չէր:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին