«Երեք ընկեր»՝ «վատ հորինված կյանքում» - Mediamax.am

exclusive
4354 դիտում

«Երեք ընկեր»՝ «վատ հորինված կյանքում»


Վանուհի Բաղմանյանը
Վանուհի Բաղմանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


«Էդիթ պրինտ» հրատարակչությունը բացառիկ իրավունք է ձեռք բերել հայերեն թարգմանելու եւ հրատարակելու Էրիխ Մարիա Ռեմարկի բոլոր ստեղծագործությունները:

 

Առաջինն այս շարքում հրատարակվել է գերմանացի գրողի «Երեք ընկեր» վեպը` Վանուհի Բաղմանյանի բնագրային թարգմանությամբ:

 

Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի եւ Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերներն ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքներն եւ ճակատագրերը շատ նման են իրար:

 

«Երեք ընկեր» վեպի մասին զրուցել ենք Վանուհի Բաղմանյանի հետ:

 

- Երբ թարգմանելու առաջարկը ստացա, Բելգիայում էի, եւ դրանից մի քանի օր առաջ բելգիացի մի խումբ ուսանողների հետ հենց Ռեմարկ ու Հեմինգուեյ էինք քննարկում: Երբ «Էդիթ Պրինտ»-ն առաջարկեց Ռեմարկ թարգմանել, անակնկալի չեկա, որովհետեւ պատահականությունների չեմ հավատում: Բայց երջանկացա, ինչ խոսք:

 

«Երեք ընկեր» վեպը գրքերի իմ ամենասիրելի տասնյակում իր պատվավոր տեղն ունի: Ցանկացած ստեղծագործության մեջ ինձ գրավում է սթափ լավատեսությունը, եւ վանում՝ ինքնամոռաց ողբը: Այս վեպում լավատեսությունն ամենաբնական գույներով ընդգծվում է քաղաքական քստմնելի իրադարձությունների համատեքստում, հետեւաբար՝ ավելի ցանկալի ու ավելի շոշափելի դառնում:

Վանուհի Բաղմանյանը Վանուհի Բաղմանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Թարգմանության ընթացքում երկակի կյանք եմ ապրել՝ մասամբ ՝ իմ, մասամբ էլ՝ Ռեմարկի իրականության մեջ: Ռեմարկ թարգմանելու գլխավոր դժվարությունը նրան չդավաճանելն է: Այս առումով պատասխանատվությունս չափազանց մեծ էր, քանի որ Ռեմարկը շատ պարզ ոճով իր ապրածն է ներկայացնում: Թարգմանության դժվարությունը հենց այս պարզության մեջ է:

 

-Ինչո՞ւ  թարգմանությունների մեկնարկը տրվեց հենց այս վեպով:

 

-Մեկնարկային գործի ընտրությունը կատարել է հրատարակչությունը: Արդեն ավելի ուշ իմացա, որ այս վեպը «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր Մկրտիչ Կարապետյանի ամենասիրելի գիրքն է, եւ ըստ էության, այս հանգամանքը նույնպես որոշակի դեր է խաղացել հենց այս գործը՝ որպես մեկնարկ ընտրելու հարցում:

 

- Վեպն առաջին անգամ հայերեն է հրատարակվել խորհրդային տարիներին: Ինչո՞վ է առանձնանում Ռեմարկի հանրահայտ վեպի նոր թարգմանությունը, ի՞նչ տարբերություններ է տեսնելու ընթերցողը:

 

- Խորհրդային տարիների թարգմանությունը՝ Շահեն Թաթիկյանի կողմից, խորհրդային շրջանի փակ վարագույրներից ճնշված տիպիկ թարգմանություն է: Բնագրում կան նկարագրական հատվածներ, որոնք բացակայում էին եղած թարգմանության մեջ: Նոր թարգմանության մեջ, իհարկե, դրանք վերականգնվել են: Լեզվական դիտանկյունից էլ պիտի շեշտեմ, անշուշտ, ռուսաբանությունների հաճախադիպությունը, հնացած կետադրությունը:

 

- Իր ժամանակին ինչպե՞ս է ընդունվել վեպը: Բավական ուշացումով է հրատարակվել Գերմանիայում:

 

- Ռեմարկը հալածվել է, նրա գրքերը հրապարակավ վառում էին Գերմանիայում: Մինչ 1933 թ. Ռեմարկը ներկայացրել է վեպի մաքրագիրը՝ «Պատ» վերնագրով, եւ միայն 1936-ից է, որ հրապարակվել է «Երեք ընկեր» վերնագրով: Երբ 1937-ին վեպն Ամստերդամում տպագրվեց գերմաներեն, իսկ հաջորդ տարի ռեժիսոր Ֆրենկ Բորզեյգը համանուն ֆիլմը նկարահանեց, Ռեմարկին վտարեցին են Գերմանիայից: Ճիշտ է, կյանքի վերջին տարիներին Գերմանիայի կառավարությունը նրան հրավիրեց Գերմանիա, նա չվերադարձավ: Գերմանիայում վեպը հրատարակվել է միայն 1951-ին:

 

- Վեպի հերոսները, դեպքերը իրական հի՞մք ունեն:

 

- Վեպն ամբողջովին իրական հիմք ունի: Գլխավոր հերոսը՝ Ռոբբին, նույն ինքը՝ Ռեմարկն է: Ռեմարկը 1916-ին զորակոչվում  է բանակ, հաջորդ տարի մեկնում է Արեւմտյան ռազմաճակատ, ամիսներ անց՝ ծանր վիրավորվում: Այս ամենն ամենայն ճշգրտությամբ արտացոլված է վեպում: Վեպի մնացյալ հերոսները նույնպես իրական են:

 

Ռեմարկի կինը թոքախտով էր տառապում, կնոջ տառապանքները եւ պատերազմի կործանարար հետեւանքը ներկայացրել է Պատի՝ Պատրիսյա Հոլմանի կերպարի միջոցով: Եվ հենց այս իրական հիմքն է, որ ընթերցողին ոչ մի տողի նկատմամբ անտարբեր չի թողնում:

 

- Պատերազմի հետեւանքները, հետպատերազմյան դժվարությունները, գործազրկությունը, քաղաքական ընդվզումների տեսարանները, այսպես ասած՝ «ինքնահոշոտման ժամանակաշրջանը» մեր իրականության հետ են զուգորդվում: Նաեւ ա՞յս առումով հետաքրքիր կլինի վեպը հայ ընթերցողին:

 

- Վերջերս կարդում էի Ավստրիայում հրատարակվելիք «Հայ արդի պոեզիայի անթոլոգիա»-ի նախաբանը՝ գրված ավստրիացի հրատարակիչ, գրող Ռեգինա Հիլբերի կողմից, որտեղ նա գերմանագիր գրող էսսեիստ Վանուհի Վահանյանին հարց է տալիս՝ ինչո՞ւ են անընդհատ նույն մոտիվները վերադառնում՝ պատերազմ, կռիվ, ինչո՞ւ է «հայրենիք» հասկացությունն անպայման զուգորդվում «հայրենազուրկ» հասկացությանը: Վանուհի Վահանյանն իրավամբ նկատում է. «Մինչ հայաստանցի գրողն արթնանալուն պես առաջինը լսում կամ դիտում է լուրերը՝ իմանալու, թե անցած գիշեր սահմանին քանի զոհ է գրանցվել, եւ թե հիմա էլ որ վտանգներն են  հայրենի երկնից առկախ, եվրոպացի գրողն արթնանում է ոչ այլուր, քան Կոսմպոլիսում ու փորձում է տեղավորվել բաժնետիրական վարկերի օրվա չափաբաժնում, տատանվում է խոսքի ռադիկալության եւ նեղճակատ քաղքենու դրսեւորումների արանքում…»:

 

Պատերազմի սարսափը՝ երբե՛ք  անցյալ չդարձող իր հարաներկա հետեւանքներով, չի լքում մեզ: Ուստի այս վեպը մեզ շատ սրտամոտ է: Մնում է՝ վեպի մշտարթուն լավատեսությունն էլ մեզ չլքի:

 

- «Քանի դեռ Քյոսթերը կա, ես չեմ մեռնի: Ու քանի մենք երկուսս կանք,Պատը չի կարող մեռնել»: «Պայքա՛ր, պայքա՛ր. ահա միակ բանը, որ պիտի անես այս կռվում, որում վերջիվերջո պարտվելու ես: Պայքար այն փոքրիկ բանի համար, ինչ սիրում ես»: Ինչպե՞ս գլուխ հանել այս հակասությունից, պարտությունն անխուսափելի է, եւ վեպն էլ ավարտվում է Պատի մահով, բայց նաեւ պայքա՞րն է անխուսափելի:

 

- Վեպում կա մի հատված, երբ Պատը, առողջարանում մահամերձ պառկած, Ռոբբիին ասում է. «Ինձ թվում է՝ այս ամենը վերջ չունի»: Ռոբբին պատասխանում է. «Այո՛, կյանքն այնքան վատ է հորինված, որ անգամ վերջ չունի, վերջը չեն կարողացել հորինել»: Պատը, չնայած իր վիճակին, դարձյալ ինքն իր դեմ ու իր հիվանդության դեմ պայքարելով, հարցնում է. «Մի՞թե այս ծաղիկներն էլ են վատ հորինված»: Ռոբբին ասում է. «Տեսնո՞ւմ ես, խնդիրն էլ հենց դա է, ամեն բան, առանձին վերցրած, պարզապես հիանալի է, բայց ամբողջության մեջ փուչ բան է»: Հերոսները պայքարում էին պահի երջանկության, մանրուքների պարգեւած ուրախության համար: Նրանք բազմաթիվ պարտություններ տեսած մարդիկ էին: Մի պարտությունից մինչեւ մյուսը հաղթանակն էր, նրանց հաղթանակը, երբ քահ-քահ ծիծաղում էին կյանքի երեսին, չէ՞ որ Ռոբբին է ասում՝ «Քսաներորդ դարի երեսին կա՛մ պետք է ծիծաղել, կա՛մ լուրջ ընդունելով՝ ինքնասպան լինել»:

 

- Ռոբերտը սկզբում փորձում էր հեռավորություն պահել Պատից, բայց երբ պետք է նրա կողքին լինել, ոչինչ չի խնայում: Անգամ պատրաստ է հիվանդանալ, միայն մոտ լինի Պատին: Կարելի՞ է ասել, որ  պատերազմ, մահեր տեսած Ռոբերտը վերափոխվո՞ւմ է:

 

-Ռոբբին, այո՛, շատ կարծր բնավորություն ուներ: Բայց Ռեմարկն ինքն է խոստովանում՝ «Սերը փչացնում է բնավորությունը»:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին