«Խորհրդավոր պարտեզը», առեղծվածներով լի տունն ու Մերի Լենոքսը - Mediamax.am

exclusive
7059 դիտում

«Խորհրդավոր պարտեզը», առեղծվածներով լի տունն ու Մերի Լենոքսը


Դրվագ «Խորհրդավոր պարտեզ» ներկայացումից
Դրվագ «Խորհրդավոր պարտեզ» ներկայացումից

Լուսանկարը` Ron Foreman

Ալվարդ Ջիվանյանը
Ալվարդ Ջիվանյանը

Լուսանկարը` Զանգակ

Լուսանկարը` Զանգակ

Լուսանկարը` Զանգակ

Դրվագ «Խորհրդավոր պարտեզ» ներկայացումից
Դրվագ «Խորհրդավոր պարտեզ» ներկայացումից

Լուսանկարը` Ron Foreman

Դրվագ «Խորհրդավոր պարտեզ» ներկայացումից
Դրվագ «Խորհրդավոր պարտեզ» ներկայացումից

Լուսանկարը` Ron Foreman


Տասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, եւ հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Տան աղախիններից մեկը նրան հայտնում է, որ կալվածքի պարսպապատ պարտեզներից մեկը տարիներ ի վեր կողպված է, իսկ բանալին թաղված հողի տակ: Առեղծվածներով լի է նաեւ յորքշիրյան հին ու մռայլ տունը:

 

Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի «Խորհրդավոր պարտեզը» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1911-ին` միաժամանակ Լոնդոնում եւ Նյու Յորքում, թարգմանված է տասնյակ լեզուներով: Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի ամենասիրված ու ամենաթարգմանված

մանկագիր հեղինակներից է:

 

«Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել «Խորհրդավոր պարտեզը», Ալվարդ Ջիվանյանի թարգմանությամբ:

 

Մեր զրուցակիցը Ալվարդ Ջիվանյանն է:

 

- «Խորհրդավոր պարտեզը» ունեցել է նաեւ խորհրդային հրատարակություն: Կա՞ զգալի տարբերություն հին եւ նոր թարգմանությունների միջեւ:

 

- Անշուշտ տարբերություն կա: Խորհրդային տարիներին (առաջին թարգմանությունը լույս է տեսել 1981 թվականին) շատ դժվար էր տեղեկություն քաղել անունների, վերջիններիս  ծագման, ճիշտ արտասանության մասին: Վեպը խիստ անգլիական է: Կան բաներ, որոնք կարիք ունեն շատ ստույգ ընկալվելու եւ հայերեն համարժեք  ներկայացվելու:

Ալվարդ Ջիվանյանը Ալվարդ Ջիվանյանը

Լուսանկարը` Զանգակ

Այդ առումով այսօր թարգմանչի համար գերազանց պայմաններ են ստեղծված՝ առցանց ինֆորմացիա կա, գրքերի առատություն, բնագրային տարբեր` խնամքով ծանոթագրված հրատարակություններ, որոնք նպաստել են, որպեսզի թարգմանությունը համարժեք լինի ոչ միայն լեզվական, այլեւ միջմշակութային տեսանկյունից:

 

- Ի՞նչ կասեք գրքի  ձեւավորման մասին:

 

- Խորհրդային թարգմանությունը բավականին անշուք էր ձեւավորված, թեեւ պարտավոր եմ նշել, որ լավ թարգմանություն էր (թարգմ.` Արմեն Ղուկասյանի): Ներկա հրատարակությունն ունի նույն տեսքը, ինչ անգլիալեզու հրատարակությունը:

Լուսանկարը` Զանգակ

Նկարազարդումը Ինգա Մուրինն է: Գրեթե բոլոր էջերին կան մեծ ու փոքր նկարներ՝  գլխատառերի կողքին, անկյուններում: Շատ գեղեցիկ ձեւավորում է:

 

-Իբրեւ մանկական երկի հերոսուհի ինչպիսի՞ն է Մերի Լենոքսը, ինչո՞վ է առանձնանում:

 

 - Յուրահատուկ կերպար է, անսովոր՝ հատկապես հայ ընթերցողի համար: Հնդկաստանում ծնված-մեծացած երեխա, որ  վաղ հասակից զրկվել է ծնողներից եւ տեղափոխվել է Անգլիա: Անգլիական վեպերում շատ կան պատմություններ, երբ վեպի սկզբում հայտնվում է հերոսը, որը ծնողներ չունի: Դա, ըստ երեւույթին, ժողովրդական հեքիաթից ժառանգած հատկանիշ է:

Դրվագ «Խորհրդավոր պարտեզ» ներկայացումից Դրվագ «Խորհրդավոր պարտեզ» ներկայացումից

Լուսանկարը` Ron Foreman

Հեղինակը սկզբում նշում է Մերիի բնավորության թերությունները, բայց իր հետաքրքրասիրության, համառության շնորհիվ հերոսուհին էվոլյուցիա է ապրում: Վեպը կարելի է համարել նաեւ խրատական. ինչպե՞ս  պետք է մարդը հաղթահարի իր բնավորության թերությունները, նույնիսկ եթե փոքրահասակ երեխա է: Չմոռանանք, որ վիկտորյական դարաշրջանի վեպ է, ինչը նշանակում է, որ ստեղծագործությունը պետք է ոչ միայն գեղագիտական հաճույք պատճառի ընթերցողին, այլեւ դաստիարակի նրան:

 

- Գրքում տեսնում ենք նաեւ բնության ուժը:

 

- Այո, հերոսուհին հայտնվում է Անգլիայում եւ մեծանում է պարտեզի միջավայրում, ինչը մեծ ազդեցություն է ունենում նրա բնավորության ձեւավորման հարցում: Բնության գրկում մեծացած երեխան բոլորովին այլ խառնվածք ունի, քան դրանից զրկված իր հասակակիցները:

 

-Մերին մտածում է, որ ինչ-որ տեղ պետք է  խորհրդավոր պարտեզը տանող դուռ լինի: Պարտեզը խորհրդանշում  է ե՞լք, ճանապա՞րհ:

 

- Ըստ էության՝ այո: Եթե հերոսուհին այդ պարտեզում չձեւավորվեր, չկայանար, տանտիրոջ գրեթե հաշմանդամ որդին` Քոլինը, չէր կազդուրվի: Մյուս կողմից, հիշեք, որ պարտեզը տան հանգուցյալ տիրուհունն էր՝ տղայի մորը, եւ ինչ-որ տեղ այն խորհրդանշում է հանգուցյալ ծնողի հոգին կամ տարաշխարհիկ ներկայությունը:

Դրվագ «Խորհրդավոր պարտեզ» ներկայացումից Դրվագ «Խորհրդավոր պարտեզ» ներկայացումից

Լուսանկարը` Ron Foreman

Վեպում բանահյուսական հեքիաթի տարրեր կան. շատ ունենք հեքիաթային դիպաշարեր, որտեղ մահացած հերոսը կերպարանափոխվում է բույսի կամ կենդանու եւ օգնում է իր որբ երեխային: Սա բանահյուսական այդ մոտիվի գրական զարգացումն է:

 

- Չէի ասի, թե շեշտադրված, բայց  որոշակի անդրադարձ կա նաեւ սոցիալական խնդիրներին:

 

-Կա, թեեւ ավելի պակաս չափով, քան նույն հեղինակի «Փոքրիկ արքայադուստր» վեպում, որ «Զանգակը» նույնպես հրատարակել էր: Այն ամբողջությամբ սոցիալական թեմատիկ միջուկ ուներ, եւ կարելի է ասել, հացի խնդրի մասին էր, բայց երեխաների միջավայրում:

Լուսանկարը` Զանգակ

«Խորհրդավոր պարտեզում» այս հարցը այդքան սրված չէ, մյուս կողմից՝ հեղինակը շարունակաբար ցույց է տալիս համեստ ընտանիքում մեծացած տղայի՝ Դիքոնի իրազեկությունը, բացառիկ գրագիտությունը, կարծես քարոզում, որ կարելի է ապրել համեստ կյանքով, բայց արժանապատիվ:

 

-Ի՞նչ արձագանք է գտել գիրքը:

 

- Կարծում եմ՝ սպասված գիրք էր ու հաճելի անակնկալ: Սպասված նրանց համար, ովքեր ծանոթ էին վեպին, եւ անակնկալ նրանց համար, ովքեր չգիտեին այս գրքի մասին: Կան ընթերցողներ, ովքեր «Խորհրդավոր պարտեզը» գերադասում են «Հարրի Փոթերից»: Միգուցե դա պայմանավորված է վեպի հանդարտությամբ, մեր կյանքին ավելի մոտ լինելու հանգամանքով: Կուզենայի շեշտել նաեւ հավատի խնդիրը, ոչ միայն հավատի՝ որպես հավատք, այլեւ սեփական ուժերին վստահելու, ճիգ գործադրելու շնորհը: Բացառիկ դրական գիրք է:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին