«Չքնաղ նոր աշխարհն» ու երջանիկ հասարակության պատրանքը - Mediamax.am

exclusive
4508 դիտում

«Չքնաղ նոր աշխարհն» ու երջանիկ հասարակության պատրանքը


Լուսանկարը` Karl Addison

Լուսանկարը` Karl Addison

Լիլիթ Հայրապետյանը
Լիլիթ Հայրապետյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


«Զանգակ» հրատարակչությունը Լիլիթ Հայրապետյանի թարգմանությամբ լույս է ընծայել Օլդոս Հաքսլիի  «Չքնաղ նոր աշխարհ» (Brave New World, 1932) վեպը: 20-րդ դարի ֆուտուրիստական արձակի առանցքային դեմքերից մեկի՝ Օլդոս Հաքսլիի անունը ավանդաբար զուգորդվում է գրականության մեջ իր արժանի տեղը գտած ժանրի՝ դիստոպիայի հետ, նախորդում է Ջորջ Օրուելի, Ռեյ Բրեդբըրիի հայտնի վեպերին, առանձնանում է մարգարեական ճշգրտությամբ նկարագրված ապագայի ահազդու տեսլականով:

 

Վեպի իրադարձությունները ծավալվում են 2541 թվականին:

 

«Մենք տեղափոխվում ենք ապագայի հասարակություն՝ համակարգվող տեխնոլոգիաներով ու սոմա հանգստացնող թրմամիջոցով: Հաքսլին սա համարում էր դիստոպիա, վախենամ՝այսօրվա ընթերցողը դա տեսնի որպես ուտոպիա»,- գրում է «The Independent»-ը:

 

«Չքնաղ նոր աշխարհը» անգլիացի գրողի ամենահայտնի գործն է: Հայերեն թարգմանությամբ հրատարակվում է առաջին անգամ: Լիլիթ Հայրապետյանը նշում է, որ այս գիրքը կարծես սկսել է գրվել գրողի ստեղծագործական ուղու հենց առաջին փորձերից ի վեր:

 

- 1921թ. լույս տեսած «Դեղին Քրոմ» վեպում, հերոսներից մեկը՝ պարոն Սքոգանը մտքեր է հայտնում ապագայի՝ Ռացիոնալ պետության վերաբերյալ, որտեղ մարդիկ տեսակավորված են լինելու ըստ իրենց մտավոր ունակությունների, մասնագիտացված հոգեբանները ուսումնասիրելու են յուրաքանչյուր նորածին երեխայի եւ որոշելու են պատկանելությունը այս կամ այն խմբին: Վերջիններս էլ, հասունանալով, կատարելու են այն գործառույթները, որոնք նախատեսված են լինելու իրենց դասակարգի համար: Դասակարգերը երեքն են լինելու՝ ղեկավարող ինտելեկտուալներ, մոլեռանդներ եւ հոտ: Եվ երբ գլխավոր հերոսը հարցնում է թե ինքը որ դասին կպատկաներ, եթե ապրեր այդ հասարակությունում, Սքոգանը պատասխանում է՝ դու չափազանց անկախ ես հոտին պատկանելու համար, կուրորեն չես հետեւի ոչնչի եւ ոչ էլ բավականաչափ դաժան ես ղեկավարելու համար: Ոչ, դու տեղ չունես այդ հասարակությունում, քո տեղը մահվան խցիկն է:

 

Հաքսլիի ոչ պակաս հայտնի ու արժեքավոր մեկ այլ վեպում՝ «Կոնտրապունկտ»-ում (1928թ.) հերոսներից մեկը, լորդ Էդվարդը, ով կենսաբան է, քննադատում է տնտեսական առաջընթացը եւ կանխատեսում դրա արդյունքում առաջ գալիք բնական աղետները:

 

«Չքնաղ նոր աշխարհը» պարզապես ամփոփումն էր գրողի՝ տարիներ շարունակ խմորվող մտահոգությունների, ինչ-որ առումով ազատագրումը սեւեռուն մտքերից, կատարսիսը, որին հաջորդեցին պոստ-ապոկալիպտիկ «Կապիկն ու էությունը» (1948թ.) եւ ի վերջո «Կղզի» (1962թ.) վեպերը:

 

-Ինչո՞ւ է այսքան ուշացումով հասել մեզ այս ստեղծագործությունը:

 

-Գիրքն իսկապես շատ ուշ է հասել մեզ: Պատճառը Խորհրդային պետությունն էր, որի փլուզումից հետո միայն պարզ դարձավ, որ մենք գրեթե 70 տարի հետ ենք մնացել համաշխարհային գրականությունից: Մեր՝ դեռեւս բալզակյան ու տոլստոյական վեպեր մարսող ընթերցողի ականջին չափազանց օտար էր հնչում 20-րդ դարի վեպը: Բացի այդ, գրքի ռուսերեն թարգմանության առկայությունը այս դեպքում եւս հետաձգում էր հայալեզու Հաքսլի ունենալու կարիքը:

Լիլիթ Հայրապետյանը Լիլիթ Հայրապետյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Թեեւ ռուսերեն լիահավաք թարգմանությունը եւս բավականին ուշ է կատարվել՝ 80-ականներին, եւ խորհրդային գրաքննության ներքո (օրինակ աղավաղվել է հերոսուհու՝ Լենինայի անունը, վերածվելով Լինայնա-յի):

 

 - Լիլիթ, ի՞նչ դժվարությունների եք հանդիպել գիրքը թարգմանելիս:

 

- Բավականաչափ բարդ տեքստ է: Թեեւ քանիցս վերընթերցել էի վեպը ու պատկերացնում էի գործի բարդությունը եւ բազմաշերտությունը, այդուհանդերձ թարգմանությունը իսկական մարտահրավեր էր, որն ինքս ինձ էի նետել ու պիտի պատվով դուրս գայի: Կռվել եմ տեքստի հետ, օրեր շարունակ փնտրել բառեր, ճիշտ բառեր, որոնք հենց այն տեղում պիտի լինեին, որտեղ որ պակասում են, համեմատել ինձ ծանոթ ու կիսածանոթ լեզուներով թարգմանությունների հետ: Ամենից դժվարը չքնաղ աշխարհի նույնքան չքնաղ «բանաստեղծությունները» թարգմանելն էր՝ առանց բնագրից հեռանալու եւ ավելորդ շուք ու գեղարվեստականություն հաղորդելու, երգիծանքով համեմել, բայց թույլ չտալ որ ծիծաղելի հնչեն: Օրինակ, այս մեկը.

 

Ֆո՛րդ մեր, միավորի՛ր տասներկուսին

Համընդհանուր գետի նման,

Որ սլանանք մենք միասին

Արագ, ինչպես քո մեքենան:

 

- Օլդոս Հաքսլին գիտությանն է նվիրվել, հետո ընտրել է գրողի ճանապարհը:Կարծես գիրքը արդյունք է ոչ միայն գրողի երեւակայության, այլեւ գիտնականի՞ հայացքի:

 

- Գրողը հայտնի կենսաբան Թոմաս Հենրի Հաքսլիի թոռն է, նրա երկու եղբայրները եւս ականավոր գիտնականներ են եղել (նրանցից մեկը Նոբելյան մրցանակակիր է): Հաքսլին տեսողության լուրջ խնդիր ուներ, որի պատճառով չի կարողանում շարունակել գիտությամբ զբաղվել, արդյունքում գրող-Հաքսլիի ստեղծագործություններում մշտապես ներկա է գիտնական-Հաքսլին:

Լուսանկարը` Karl Addison

Հաքսլին փաստացի կանխատեսել է մի շարք գիտական ձեռքբերումներ, որոնք այսօր արդեն իրականություն են, օրինակ՝ արտամարմնային բեղմնավորումը, նեյրոլեզվաբանական ծրագրավորումը (NLP):

 

- Հեղինակը ծաղրո՞ւմ է «քաղաքակիրթ» եւ «վայրի» աշխարհները, թե օգնում է արժեւորել մեր ունեցածը: (Վայրենին Աստծուն է ուզում, պոեզիա է ուզում, իրական վտանգ, ազատություն, առաքինություն, մեղք: Նոր աշխարհի բնակիչները նրան ասում են, որ փաստորեն պահանջում է դժբախտ լինելու իրավունք, տգեղ, անկար լինելու իրավունք, սիֆիլիս ու քաղցկեղ ձեռք բերելու իրավունք, քաղցած մնալու, ամեն տեսակի համր ցավից տանջվելու իրավունք: Վայրենին ասում է, որ պահանջում է դրանք բոլորը):

 

- Հաքսլին իրականությունն է արտացոլում, կանգնեցնում ընտրության առաջ. երկուսը մեկում չի լինում, կա՛մ դու ապրում ես Աստծո հետ, կա՛մ առանց Աստծո: Երկու դեպքում էլ կորցնելու բան ունես, բայց ընտրի՛ր. կա՛մ մեկը, կա՛մ մյուսը:

 

- Այլ կողմից եթե նայենք, մարդ արարածը երբեք երջանիկ ու բավարարված չի՞ լինում:

 

- Ինչո՞ւ: Չքնաղ նոր աշխարհում համոզված էին, որ «բոլորն են երջանիկ այսօր»: Լիարժեք բավարարվածությունը բթություն է, որի մեջ ապրում էին գրքի հերոսներից շատերը: Թերեւս ամենից համակրելի հերոսը՝ Հելմհոլց Ուոթսընն էր միայն հասկացել սա եւ իրապես երջանիկ էր, երբ ընտրում էր իր աքսորավայրը:

 

- Ըստ այդմ՝ ի՞նչ կասի գիրքը մերօրյա ընթերցողին:

 

- Եվս մեկ անգամ սպառողական գործառույթներից մի պահ կտրելով՝ կկանգնեցնի վերոհիշյալ ընտրության առաջ:

 

- Երջանիկ քաղաքակիրթ հասարակությունը, ի վերջո, վերածվում է բռնատիրություն կամ այդպիսին էր ի սկզբանե: Կամ գուցե դա գրողի ցանկությո՞ւնն է՝ փշրել «չքնաղ աշխարհը»:

 

- Երջանիկ հասարակությունը պատրանք է, դրա տակ միշտ բռնատիրությունն է պահ մտած: Գրքի հենց առաջին էջերից կարելի է գլխի ընկնել, որ այստեղ նպատակները արդարացնում են միջոցները. երեխաների մեջ ծաղիկների, բնության նկատմամբ ատելություն են սերմանում էլեկտրական հոսանքի օգնությամբ: Իսկ մի՞թե այսօրվա մանուկները՝ սմարթ-տեխնոլոգիաների առաջ նստած ավելի մոտ են բնությանը:

 

Մենք սովոր ենք, որ գիրքը պիտի հուսադրի, պիտի ելք առաջարկի: Սա այդ դեպքը չէ, հեղինակը միայն մատնացույց է անում ապագան, դեպի ուր շարժվում ենք, մնացածը արդեն իմ, ձեր, բոլորիս գործն է, մե՛նք պիտի ելքեր գտնենք, եթե չենք ցանկանում հայտնվել նկարագրված աշխարհներից եւ ոչ մեկում: 

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին