Եվրոպան փնտրում է այն, ինչ մեր գրողներն առայժմ չեն առաջարկում - Mediamax.am

exclusive
2965 դիտում

Եվրոպան փնտրում է այն, ինչ մեր գրողներն առայժմ չեն առաջարկում


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

Լուսանկարը` REUTERS


Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ գրեթե ցանկացած գիրք կարելի է գտնել ու գնել օնլայն հարթակներում, պայմանավորվածություններ ձեռք բերել հրատարակիչների ու հեղինակների հետ, գրքի միջազգային ցուցահանդեսներն ու տոնավաճառները շարունակում են մնալ պահանջված:

 

Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցել է Լայպցիգի Գրքի միջազգային տոնավաճառին, որն ամենախոշորներից է։ Առջեւում Բոլոնիայի մանկական գրքի, Լոս Անջելեսի, Մոսկվայի, Իրանի եւ  Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսներն են։

 

Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն ասում է, որ տարվա սկզբին բոլոր հրատարակչություններին տեղեկացնում են նախատեսվող միջոցառումների մասին։ Որպես կանոն՝ մասնակցելու ցանկություն է հայտնում է 5-7 հրատարակչություն ու մեկ գրական գործակալ։ Նախարարությունը վարձակալում է տաղավարը, ձեւավորում այն, պատրաստում տպագիր նյութերը։ Մնացած ծախսերը հոգում են մասնակիցները։

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն

«Մեր հիմնական թիրախը ոչ թե գրողներն են, այլ՝ հրատարակիչները։ Նրանք ունեն գրողներին ընտրելու իրենց մեթոդները (հրատարակչությունների հետ աշխատող գրականագետներն ընտրում են այն գրողներին, որոնց արժե թարգմանել)։ Գրողների գործառույթն առաջնային չէ, թեեւ կան ցուցահանդեսներ, ինչպիսին Լայպցիգինն է, որի ընթացքում գրողների մասնակցությամբ կազմակերպվում են քննարկումներ»,-Մեդիամաքսին ասում է մշակույթի փոխնախարարը։

 

Շեշտադրումները փոխվել են

 

Տարեցտարի մասնակցության նպատակները փոխվում են։ Նախկինում տոնավաճառներին ու ցուցահանդեսներին հայաստանյան հրատարակիչները հիմնականում մասնակցում էին հեղինակային իրավունքներ ձեռք բերելու եւ արտասահմանյան գրողներին հայերեն թարգմանելու համար: Վերջին տարիներին շեշտադրումները փոխվել են։ Առաջնային խնդիրը հայ հեղինակներին թարգմանաբար օտարալեզու ընթերցողին ներկայացնել է։ 

 

Այդ նպատակով մշակույթի նախարարությունը նախաձեռնել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը։ Աջակցելու է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ գրականություն:

 

«Մենք բոլոր ցուցահանդեսներին որոշակի հուշող տեղեկություններ ենք ներկայացնում մի խումբ գրողների վերաբերյալ, որպեսզի նրանք, ովքեր ուզում են ծանոթանալ մեր գրականությանը, կարողանան նախնական պատկերացում կազմել։ Բայց սահմանափակում չկա, կարող են հրատարակել նաեւ այլ գրողների։ Ամենակարեւոր գործոնն այն է, որ հրատարակչությունն ունենա բավարար տարածման ցանց, որովհետեւ մեր նպատակը գրքի հրատարակված լինելը չէ, այլ՝ առավելագույն տարածումը։ Նաեւ թարգմանչի վերաբերյալ տեղեկություններ են ներկայացնում, թարգմանությունից մի հատված։

Լուսանկարը` REUTERS

Մենք ֆինանսավորում ենք միայն թարգմանությունը։ Մնացած ծախսերը հոգում են իրենք։ Այս կերպ հրատարակչությունը պետք է հոգա գրքի առավելագույն վաճառքի մասին, որպեսզի ծախսերը հատուցի։ Սրանով մենք լուծում ենք գրքի տարածման խնդիրը»,- ասում է Ներսես Տեր-Վարդանյանը։

 

Առաջնահերթությունը՝ ժամանակակից գրողներին

 

Հրատարակիչների ներկայացրած հայտերը քննում եւ որոշում է կայացնում  նախարարությանը կից ձեւավորված մասնագիտական հանձնաժողովը։ Տարեկան բյուջեն մոտ 20 մլն դրամ է, բայց պայմանավորված հայտերի քանակով՝ կարող է փոփոխվել։ Յուրաքանչյուր գրքի թարգմանության համար հատկացվում է մոտ 5-10 հազար դոլարին համարժեք դրամ։ Կախված տեքստի ծավալից՝ նվազագույն շեմը կարող է ավելի ցածր լինել։ Առաջնահերթությունը տրվում է ժամանակակից գրողների ստեղծագործությունների թարգմանությանը։ Ծրագրում ներառվելու են նաեւ սփյուռքահայ գրողներն ու այլազգի հեղինակների՝ Հայաստանի մասին ստեղծագործությունները։

 

«Եվրոպան այսօր հասել է մի աստիճանի, որ փնտրում է այլ մշակույթների եւ կյանքի այլ դրսեւորումների արտահայտչամիջոցներ, այդ թվում՝ այլ ժողովուրդների գրականություն։ Նրանց հետաքրքիր է իրենց իրականությունից դուրս աշխարհում տեղի ունեցողը։ Հիմա Եվրոպայում շատ տարածված է փոքր ժողովուրդների թարգմանված գրականությունը։ Ինձ շատ են հարցնում՝ իսկ դուք ժամանակակից ի՞նչ գրականություն ունեք, որ կարելի է թարգմանել ու ներկայացնել մեր երկրում, մեր ընթերցողին։ Ի վերջո, գրաշուկան բիզնեսի մի տեսակ է, որը նոր արտադրանքի կարիք ունի, որն այլ ժողովուրդների մշակույթն է։ Ես վստահ եմ, որ ճիշտ մեխանիզմի գոյության պարագայում մեր գրականությունը հետաքրքիր է լինելու»։ 

Լուսանկարը` REUTERS

Բովանդակությունը պիտի ծնվի երկխոսության արդյունքում

 

Պահանջարկը մեծ է, բայց այլազգի ընթերցողին հետաքրքրող ու ընկալելի բովանդակություն առաջարկել Հայաստանը դժվարանում է: Հայ գրողների ստեղծագործություններում հիմնականում հայկական իրականությունն է: Օտարներին հետաքրքրող գործեր կան, բայց քիչ են:

 

«Մեր գրողների թիրախը պետք է դառնա ոչ միայն հայ ընթերցողը, այլեւ՝ այլ մշակույթի կրողը։ Ես մասնագետներից շատ եմ լսել, որ մենք խոսում ենք մեր արժեքների, մեր իրականության մասին, բայց դրանք այն լեզվով կամ այն բովանդակությամբ չեն, որ հետաքրքրեն եվրոպական կամ այլ մշակույթների ներկայացուցիչներին:

 

Բայց համոզված եմ, որ բովանդակությունը եւս պիտի ծնվի երկխոսության արդյունքում, այլ լեզուներով թարգմանվելու, գրողների՝ միջազգային ասպարեզում ավելի շատ ներկայանալու, այլ ժողովուրդներին, մշակույթներին ծանոթ լինելու արդյունքում։ Մենք շատ չունենք այն գրականությունն ու գրողներին, որոնք այսօր պատրաստ են թարգմանության։ Կան, բայց ոչ այնքան, ինչքան ցանկանում ենք», - ասում է Ներսես Տեր-Վարդանյանը:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին