Իրական «ես»-ի փնտրտուքը Կորտասարի «Ցատկախաղ»-ում - Mediamax.am

exclusive
5435 դիտում

Իրական «ես»-ի փնտրտուքը Կորտասարի «Ցատկախաղ»-ում


Ալիս Տեր-Ղեւոնդյանը
Ալիս Տեր-Ղեւոնդյանը

Լուսանկարը` Տիգրան Մատնիշյան

Լուսանկարը` Աննա Աբրահամյանի

Խուլիո Կորտասարը
Խուլիո Կորտասարը
Խուլիո Կորտասարի գերեզմանը
Խուլիո Կորտասարի գերեզմանը

Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» վեպը բազմաշերտ խաղ է, որի ընթերցանությունը կարող է լինել «գծային», «թռիչքաձեւ»՝ ըստ հեղինակի առաջարկած աղյուսակի, եւ իհարկե, ընթերցողի նախընտրած հերթականությամբ:

 

Արգենտինացի գրողի ամենահայտնի վեպը թարգմանվել է շուրջ 40 լեզվով: Միայն Լատինական Ամերիկայի երկրներում տարեկան 30 հազար օրինակ է վաճառվում:

 

Հայ ընթերցողին գիրքը ներկայացնում է «Անտարես» հրատարակչությունը:

1963 թվականին լույս տեսած «Ցատկախաղը» ընկալվեց որպես իրական հեղափոխություն եւ համարվում է «լատինամերիկյան բում» կոչված երեւույթի հիմնաքարերից մեկը, Մեդիամաքսի հետ զրույցում ասել է Ալիս Տեր-Ղեւոնդյանը՝ նա է «Ցատկախաղը» թարգմանել իսպաներենից:

 

- Կառուցվածքային ու լեզվական տեսակետից այս գործը, ջախջախելով  վեպի մասին եղած կարծրատիպերը, դուրս էր դասական վեպի մասին եղած պատկերացումներից:

Հեղինակն ընթերցողին դրդում է հարցադրումների ու ներքաշում գաղափարների քննարկման մեջ։ Արձակագիրը կոտրում է այն  կարծրատիպը, որ ընթերցման միակ հնարավոր ձեւը «գծայինն» է, ներկայացնում է մտքերին հատուկ «թռիչքայնությունը»։ Վերանայում է սերն ու սիրային հարաբերությունները նկարագրող  լեզուն, հնարավորին չափ խուսափում է «գեղեցիկ» ֆրազներից ու քերականության գերիշխանությունից:

Ալիս Տեր-Ղեւոնդյանը Ալիս Տեր-Ղեւոնդյանը

Լուսանկարը` Տիգրան Մատնիշյան

Ժամանակակից վեպի մասին մտորումները «Ցատկախաղի» օրգանական մասն են կազմում, արտահայտվելով Կորտասարի ալտեր-էգո՝  վեպի կերպարներից մեկի՝ Մորելլիի բառերով։ Նա դեմ է արտահայտվում փակ վեպի կառուցվածքին եւ ասում, որ պետք է «…արմատախիլ անել կերպարների ու իրավիճակների ցանկացած կանոնակարգվածություն: Մեթոդը՝ երգիծանք, անվերջանալի ինքնաքննադատություն, համարժեքության բացակայություն, ոչ մեկին չենթարկվող երեւակայություն»: 

 

XX դարի կեսերին «բաց ստեղծագործության» գաղափարն արդեն «օդում» կար՝ Ումբերտո Էկոյի համանուն գործը լույս է տեսել 1962 թվականին։ Նույն թվականին Կորտասարը (որը գրել է վեպը 1959-1961թթ.) «Ցատկախաղը» հանձնել է «Սուդամերիկանա» հրատարակչությանը։

 

Վեպում իմաստային իրական «ես»-ի փնտրտուքը ինքնին խաղ է, հանուն որի բազմաթիվ խաղեր են խաղացվում եւ ստեղծվում են նորերը, իսկ խաղացողները՝ կերպարներն են, հեղինակն ու ընթերցողը։

 

- Վեպի հռչակը ապահովել է գրական արժանի՞քը, թե՞  փորձարարական բնույթը:  Եվ ի՞նչ ազդեցություն է թողել այս «խաղը» գրականության վրա:

 

- «Ցատկախաղը» կարելի է բնութագրել որպես խաղերի խաղ: Այնպես որ վեպը, չնայած իր ընդգծված ինտելեկտուալ ուղղվածությանը, գրավում է ցանկացած ակտիվ ընթերցողի:

 

«Ցատկախաղի» հրապուրանքներից մեկը կերպարների փարիզյան դեգերումներն են, գրեթե լուսանկարչական ճշգրտությամբ նկարագրված փողոցներով, հրապարակներով, կամուրջներով, գետափներով ու սրճարաններով։ Այդ երթուղիները հետաքրքրական են դարձնում վեպը նաեւ «սովորական» ընթերցողի համար, որը հանուն սյուժեի խոնարհաբար հաղթահարում է վեպի «փիլիսոփայությունները»։

Լուսանկարը` Աննա Աբրահամյանի

Ի դեպ, Ջեյմս Ջոյսի ուլիսեսյան Դուբլինի օրինակով գոյություն ունեն  փարիզյան «ցատկախաղային» երթուղիներ, որոնցով մինչ օրս անցնում են Կորտասարի երկրպագուները։

 

Ընթերցողները նաեւ փորձարկում են «Տեսնես կհանդիպե՞մ Մագային» բառերով սկսվող խաղը, որի «կանոնը» պայմանավորվածության անորոշության մեջ է, ըստ որի «պետք էր հանդիպել [փարիզյան] թաղամասերից մեկում առանց տեղը ճշտելու, բայց որոշակի ժամի»։

 

Հեղինակը նաեւ հրապուրում է տարատեսակ լեզվական խաղերով՝ սկսած մտացածին լեզվի ու նոր բառերի ստեղծումից մինչեւ բառարանային բառերից նոր կառուցվածքների կերտումը։ 

 

Երբ Կորտասարը սկսել էր գրել վեպը 1959 թ․իսպաներենի առջեւ նույն խնդիրն էր ծառացել, որը հիմա հաղթահարում է հայերենը․ կարիք էր զգացվում հյութեղ, անկաշկանդ խոսակցական լեզուն մոտեցնել գրականին, ներբերել էրոտիկ լեզուն (չընկնելով ոչ  բժշկական եզրաբանության, ոչ էլ ՝ գռեհկաբանությունների գիրկը), դարձնել այն ճկուն ու մարսելի մի լեզու։

Խուլիո Կորտասարը Խուլիո Կորտասարը

 

Վեպի հայտնի գլուխներից մեկը գրված է հնարովի գլիգլիկո լեզվով։ Այս բոլորովին մտացածին լեզուն հնարավորություն է տալիս նորաստեղծ բառերի շղարշի տակ նկարագրել սեռական հարաբերության մանրամասները: Որոշ բառեր ճանաչելի են, որովհետեւ օգտագործված են ծանոթ բառարմատներ, մյուս՝ անհասկանալի բառերի իմաստը կարելի է կռահել նախածանցներից ու վերջածանցներից։ Հեղինակը չէր պատրաստվում այս բավական վերացական լեզուն դարձնել կիրառելի։ Սա պարզապես հրաշալի իմպրովիզացիա է, Կորտասարի բազմաթիվ խաղերից մեկը։

 

Կորտասարի եւ շատ ուրիշ լատինամերիկյան գրողների այս փորձերն իրենց արդյունքը տվեցին ՝ այսօր ոչ մի ընթերցողի այլեւս չի զարմացնում ժամանակակից իսպաներենի ճկունությունը, գունեղությունն ու անկաշկանդ լինելը։

 

-Դուք,  իհարկե, դասական եղանակով եք ընթերցել-թարգմանել գիրքը:  Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչը կփոխվի խաղի եւ դասական եղանակով ընթերցման դեպքում:

 

-Երբ առաջին անգամ կարդացի վեպը՝ Արգենտինայում, ընտրեցի «թռիչքային» ձեւը։ Թարգմանելիս հետեւում էի դասական տարբերակին, իսկ խմբագրելիս ստուգում էի նաեւ «ցատկերի» ճշգրտությունը՝ տեքստի հատվածների ներդաշնակությունը։

 

Իսկ ընթերցողը պետք է պատրաստ լինի, որ ընթերցման երկու եղանակները բոլորովին տարբեր տպավորություն կթողնեն նրա վրա: Անշուշտ, բոլորովին պարտադիր չէ վեպը կարդալ երկու ձեւով, սակայն վերընթերցելու ցանկության պարագայում խորհուրդ կտայի ընտրել ձեր կարդացածի մյուս տարբերակը:

 

Վեպն ավարտելուց հետո Կորտասարը գլուխները դասավորել է այն հերթականությամբ, ինչպես որ կցանկանար անձամբ ընթերցել եւ այն այդպես էլ հրատարակվել է, գրեթե առանց փոփոխությունների:

 

-Լեզվական արկածները, բառախաղերը չե՞ն բարդացնում արդյոք ընթերցումը, եւ ինչպե՞ս է հաջողվել դրանք թարգմանել: Առհասարակ, թարգմանելիս ի՞նչն էր դժվար, ի՞նչը հեշտ: 

 

-Ինձ շատ օգնեց հեղինակի ապրած երկրներն ու քաղաքները ճանաչելը: Բառերի «իմաստային ամպը»՝ տեղը, որտեղ այն կիրառվում է եւ առաջացրած ասոցիացիաները այս գործի համար հատուկ կարեւորություն ունեն: Դրանց թվին է պատկանում, օրինակ, «լունֆարդոն»՝ յուրահատուկ խոսակցական, «փողոցային» եւ տանգոյի բառերին հատուկ վառվռուն, սուր ու կծու լեզուն, որն այդքան բազմազան հնարավորություն է տալիս մեկ-երկու բառով դիպուկ եւ հումորով ներկայացնել իրավիճակի սրությունը կամ ողբերգականությունը։ Բացի այդ կան շատ տիպիկ, զուտ արգենտինյան արտահայտություններ, որոնց իմաստը պետք է շատ հստակ պատկերացնել: Վեպում առկա բազմաթիվ լեզվական խաղերը նույնպես ունեին իրենց բարդությունները:

Խուլիո Կորտասարի գերեզմանը Խուլիո Կորտասարի գերեզմանը

 

Մեկ այլ մարտահրավեր է երկում կիրառված կետադրությունը, որը չի ենթարկվում քերականական կանոններին, ստիպում է ընթերցողին ընդունել պատումի յուրահատուկ «տարուբերող» ռիթմը։ Հեղինակը մշտապես նշել է, որ պետք է պահպանվեն իր գրած ծավալուն նախադասությունները (որոնք երբեմն մինչեւ 1.5-2 էջ են), պարզաբանելով, որ ցանկանում է ընթերցողի մոտ առաջացնել ջազային «սվինգ»-ի զգացողություն: Կորտասարը պատմում է, որ եղել են դեպքեր, երբ սրբագրիչները ավելացրել են  37 ստորակետ մի էջի վրա, որոնք նա, իհարկե, պահանջել է վերացնել:

 

Ընդհանուր առմամբ ես համաձայն եմ «Ցատկախաղ»-ի հրեա թարգմանչի՝ Լորամ Մելսերի հետ, որն այս վեպի թարգմանությունը որակել է որպես «Էվերեստ բարձրանալու նման մի բան»: Դա հատկապես ճիշտ է այն տեսանկյունից, որ այս գործի «հորիզոնական» թարգմանությունը պարզապես բացառված է եւ միայն «ուղղահայաց» թարգմանությունն է հնարավոր, որը ներառում է բազմաթիվ եւ բազմակողմանի հետազոտություններ:  

 

-Խաղը՝ խաղ, բայց ընթերցողը միշտ էլ ուզում է իմանալ, թե ինչ եղավ հետո: Եվ նույնքան հաճախ էլ գրական ստեղծագործությունները ընթերցողին են թողնում եզրակացությունը, բայց հիմնականում դրանք շատ տեսանելի են:  Դուք գրքի առաջաբանում բերում եք Մագայի անհետացման օրինակը, երբ ընթերցողին մնում է միայն կռահել, թե ինչ է նրան պատահել, ինքնասապա՞ն է եղել, ճամփորդու՞մ է, վերադարձել է  Մոնտեվիդեո՞, թե՞ մնացել է Փարիզում Օլիվեյրայի մյուս սիրուհուն՝անբուժելի հիվանդ Պոլային խնամելու: Եվ, փաստորեն, թեմային վերաբերող անցուդարձերը այնպես են ներկայացված, որ  հնարավոր են բոլոր տարբերակները: Չե՞ք կարծում՝ որ  ընթերցողին այս անորոշությունը կարող է զայրացնել, հիասթափեցնել:

 

- Հեղինակի մտահղացումը հենց դրանում էր կայանում, որ ընթերցողը հանգի իր եզրակացությանը։ Հավատացեք, վեպն ընթերցելուց հետո ոչ ոք կասկածների մեջ չի ընկնում, պարզապես «փաստարկներ է» ունենում այս կամ այն տարբերակի օգտին։

 

- Հեղինակը հորդորել է ընթերցողին՝ չծանոթագրել իր տեքստը,  այնուամենայնիվ, կա՞ր ծանոթագրության անհրաժեշտություն:

 

-Հեղինակը հորդորել է թարգմանիչներին՝ չծանոթագրել իր տեքստը, այդ թվում նաեւ օտար լեզուներով բազմաթիվ մեջբերումները, նախ՝ չծանրաբեռնելու համար էջերը եւ հետո՝ ակնկալելով գրգռել ընթերցողի հետաքրքրասիրությունն ու ստիպել նրան սեփական ուսումնասիրություններն ու ընթերցումները կազմակերպել։

 

Վեպում տեղ գտած վիթխարի քանակությամբ հեղինակների անուններն ու ստեղծագործությունները (գրականության, երաժշտության, փիլիսոփայության, հոգեվերլուծության եւ այլ ոլորտներից) մի ամբողջ աշխարհ են ներկայացնում։

Եթե դրանց գումարենք ակնարկների ահռելի քանակը, ապա պարզ է դառնում, որ հայերեն թարգմանությունը պետք է ծանոթագրվեր։ Բայց այն ընթերցողներին, ովքեր չեն զլանա հղումների հետքերով գնալ, բացահայտումների մի ամբողջ աշխարհ է սպասում, որն այսօր շատ ավելի հասանելի է համացանցի շնորհիվ:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին