Վազգեն Սարգսյան. «Էս ի՞նչ եք անում, տղերք» - Mediamax.am

exclusive
26182 դիտում

Վազգեն Սարգսյան. «Էս ի՞նչ եք անում, տղերք»


Վագգեն Սարգսյանը
Վագգեն Սարգսյանը

Լուսանկարը` Հերման Ավագյան

Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը
Վագգեն Սարգսյանը
Վագգեն Սարգսյանը

Լուսանկարը` Հերման Ավագյան

Լուսանկարը` Հովիկ Չարխչյանի արխիվից

Վագգեն Սարգսյանը
Վագգեն Սարգսյանը

Լուսանկարը` Հերման Ավագյան


Հրապարակվել է Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների եւ հրապարակախոսության ժողովածուն: Վազգեն Սարգսյանի մահվանից գրեթե 20 տարի անց տպագրված այս ժողովածուն սկսում է «Հացի փորձություն» վիպակով,  ավարտվում՝ 1999-ի հոկտեմբերին լույս ընծայված «Պատմության սկիզբն ու շարունակությունը»   հրապարակախոսական հայտնի հոդվածով:

 

Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը: Կազմի ձեւավորումը՝ Մկրտիչ Մաթեւոսյանին է:

 

- Վազգեն Սարգսյանը գրականությանը շատ լուրջ էր վերաբերվում, ինչի ապացույցը հեղինակի այն տեսակետն է, թե գրող կարող է համարվել նա, ով գոնե Բակունցի «Միրհավի» նման մի պատմվածք է գրել: Այս խոսքերը նա ասաց, երբ առաջին անգամ հրավիրել էին գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը կայացած համաժողովին: Ասաց եւ իջավ ամբիոնից,- Մեդիամաքսի հետ զրույցում ասաց գրքի խմբագիր, երիտասարդ գրող Արմեն Սարգսյանը: Նա ասում է, որ Վազգեն Սարգսյանի գրականությունը կարելի է բնութագրել որպես արարատյան ֆոլկլոր իր հյուսվածքով:

«Շատ լավ պատմող է: Ու այնպես է պատմում, որ գերեզմանափոր Գառնիկը դառնում է հարեւանդ»:

 

Արմեն Սարգսյանը Արմեն Սարգսյանը

 

 

- Ժողովածուն ի՞նչ սկզբունքով եք կազմել:

 

-Պատմվածքների կողքին ընդգրկվել են այնպիսի հրապարակախոսություններ, որոնք ունեն բարձր գեղարվեստական արժեք: Այդ էջերի դատողությունները օրհասական են ու բացառիկ վերլուծական միտք ունեն:

 

- Ի՞նչ կասեք  վերնագրի ընտրության մասին:

 

- Երբ որոշեցի կազմել այս ժողովածուն, վերնագիր դեռ չէի ընտրել ու միայն գիրքն ամբողջացնելուց հետո եկավ «Էս ի՞նչ եք անում, տղե՛րք»-ը, որը լավագույն բնութագրումն էր՝ ուղղված Վազգենի հրապարակախոսության հասցեատերերին:

 

Շնորհակալ եմ հեղինակի ընտանիքին եւ հատկապես եղբորը՝ Արամ Սարգսյանին՝ ինձ խմբագրի պատասխանատու գործը վստահելու համար: Կարծում եմ՝ լավ է ստացվել, Սպարապետին արժանի:

 

***

 

Մի ոչնչացրեք այն, ինչը այլեւս չի վերականգնվի

 

1998-99-ին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի և Վազգեն Սարգսյանի կապը ստեղծվել է գրքի միջոցով:

 

- Առաջին՝ «Հացի փորձությունը» գիրքը լույս տեսնելուց հետո մորս միջոցով անձնապես ծանոթացա իր հետ: Այնպես ստացվեց, որ Վազգենի գրքի հանրային առաջին քննարկումը ես եմ կազմակերպել Վեդու շրջանային գրադարանում: Վազգենի արձակի մասին խոսելիս՝ իմ կարծիքը միշտ պիտի սուբյեկտիվ լինի` այդ շրջանում իր գրեթե բոլոր գործերի ստեղծման պրոցեսը տեսել եմ: Մենք (մի խումբ գրողներ, գրասերներ՝ Սոնա Մկրտչյան, Կարինե Աշուղյան, Աշոտ Ստեփանյան և ուրիշներ) հավաքվում էինք իրենց տան ներքեւի հայտնի նկուղում, ինքը ձեռագիրը ընթերցում էր, միասին քննարկում էինք: Նույնիսկ շատ գործեր կան, որոնց նախատիպերին գիտեմ, դրա համար եմ ասում, որ ընթերցելիս մի քիչ ուրիշ աչքով եմ նայում այդ գործերին, քան սովորական ընթերցողը կկարողանար ընկալել:

 

Լուսանկարը` Հովիկ Չարխչյանի արխիվից

 

Գիտեմ նաեւ իր գրական նախասիրությունները:  Հատկապես 80-ականների վերջին, 90-ականների սկզբին Վազգենը շատ տպավորված էր ռուսական արձակով՝ Շուկշին, Բիկով, Աբրամով... Ազդեցություն չասեմ, բայց այն, ինչ նրանցից վերցրել է, լավագույնն իր գործերի մեջ տեսնում եմ: Մյուս կողմից էլ Վազգենին պետք է դիտարկել 80-ականների գրական դաշտի համատեքստում: Մի հետաքրքիր գրական հոսանք էր պատրաստվում ձեւավորվել, որը, ցավոք, այդպես էլ չձեւավորվեց հայտնի իրադարձությունների պատճառով: Երկիրը փոխվեց, փոխվեցին նաեւ տրամադրությունները:

 

Մարդասիրությունը՝ ազգային նկարագրով. այդ շրջանի արձակագիրները հիմնական շեշտադրումներն այդպես էին անում, նրանք կարող էին փոքրիկ դրվագների ասպեկտով համամարդկային կարեւորագույն խնդիրներ բարձրացնել: Վազգենի նույնիսկ այն փոքրածավալ գործերում, որ պատմվածք ենք անվանում (ես ժանրային իմաստով դրանք ավելի շատ նովելներ կդիտարկեի՝ դեպքերի արագ ընթացքի ու անսպասելի վերջաբանի իմաստով) այդ շեշտադրումները անխտիր կտեսնեք:

 

Այդ տարիներին շրջանում մի թերթ էի խմբագրում, խնդրեցի պատմվածք գրել, մի գիշերում գրեց, ուղարկեց, տպագրեցինք: Փոքրիկ հումորային ստեղծագործություն էր միջին չինովնիկի մասին, որի նախատիպն էլ գիտեինք: Նույնիսկ այդ զավեշտալի պատմության, քննադատող շեշտադրումների մեջ նա պահպանել էր հերոսի մարդկային արժանապատվության խնդիրը՝ քննադատել, բայց չոչնչացնել մարդուն: Ինչպես որ նյարդային բջիջները անհնար է վերականգնել, այդպես էլ գրականության մեջ կան բջիջներ, որոնք եթե ոչնչացրիր, այլեւս ոչ մի գնով վերականգնել չի լինի: Վազգենի ամբողջ գրականությունը դրա կոչն էր. մի ոչնչացրեք այն, ինչը այլեւս չի վերականգնվի:

 

Վագգեն Սարգսյանը Վագգեն Սարգսյանը

Լուսանկարը` Հերման Ավագյան

 

Հետագայում Վազգենի մոտ հրապարակախոսական շեշտադրումը արձակի մեջ ավելի գերակշռող եղավ, ինչպես օրինակ «Հավերժական շարժիչ» ստեղծագործության մեջ, որտեղ հրապարակախոսությունը միաձուլվել է գրականության հետ, կոնկրետ խնդիրներ է բարձրացնում՝ պահպանելով գեղարվեստի շունչը: Շատ եմ ցավում, որ Վազգենի գրականությունը շարունակություն չունեցավ:

 

Մի առիթով պատմել եմ, որ պաշտպանության նախարարությունում աշխատելու ժամանակ պատահական ձեռքս ընկավ իր անձնական նոթատետրը ու նկատեցի, որ այնտեղ փոքրիկ գրառումներ է անում, որոնք գուցե ինչ-որ ժամանակ, երբ ազատ լիներ, կարող էին դառնալ նոր պատմվածք, նոր վիպակ, նոր վեպ:

 

-Այդ գրառումները, եթե նույնիսկ չեն ամբողջացել, նո՞ւյնպես արժեքավոր  են,  գուցե  հրապարակման նյու՞թ դառնան:

 

-Իհարկե արժեքավոր են, ցանկացած գրառում պատմական ու գրական արժեք է ներկայացնում, բայց թե որտեղ են այդ գրառումները, նոթատետրը, չգիտեմ: Հիշում եմ՝պատերազմական թեմայով ֆիլմի սցենար էինք պատրաստում: Ինքն անձամբ ամբողջ սցենարը կարդաց, նշումներ արեց (այդ ձեռագիրն իր նշումներով ինձ մոտ է): Իր այդ հետեւողականությունը՝ նայել, տեսնել, շտկել, գրական նրբերանգներ ավելացնել, երկխոսություններին միջամտել, վկայում էր, որ իր մեջ դեռ կար, ապրում էր գրողը: Ոչ մի կերպ չէր ուզում նահանջել ու բոլոր հնարավոր առիթները օգտագործում էր՝ նորից գալու, խառնվելու, տեր կանգնելու այդ ամեն ինչին:

 

- «Պարտքի զգացում» ակնարկում Վազգեն Սարգսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ՝ գրող կոչվելու իրավունք ունեն բացառապես այն ընտրյալները, ովքեր, ասենք, «Միրհավի» մակարդակով թեկուզ մեկ գործ են գրել»:

 

- Նա հասկանում էր՝ գրողը ոչ պաշտոն է, ոչ կոչում, ոչ աշխատանքի ձեւ, ոչ էլ մասնագիտություն: Դա մի բան է, որ քեզ պետք է շնորհի ընթերցողը: Նա քեզ կճանաչի որպես գրող, ուրեմն գրող ես, չի ճանաչի, ինչ կոչումներ ուզես անվանդ տակ շարի, դա որեւէ նշանակություն չի ունենա: Ընթերցողն է «ստեղծում»  գրողին: Դրա համար էլ Վազգենի այդ համեստ դիրքորոշումն իր գրական կարողությունների մասին ինձ համար շատ հասկանալի է:

 

- Կարծում եք՝ ըստ արժանվույն ճանաչում-գնահատու՞մ ենք նրա գրականությունը:

 

- Վազգենի պետական գործչի փառքն ու հնարավորությունները ստվերեցին նրա գրական դիրքը: Սակայն կան գրողներ, առանց որոնց ներկայության դժվար է  պատկերացնել տվյալ ժամանակահատվածի գրականությունը: Եթե խոսք բացվի 80-ականների արձակի մասին, ու անուններ տրվեն՝ Վարուժան Այվազյան, Վրեժ Իսրայելյան եւ այլք, ինչպե՞ս կարելի է շրջանցել Վազգեն Սարգսյանի անունը: Այդ շրջանում նա եւս գույն, համ ու հոտ էր տալիս գրական միջավայրին:

 

- Ինքն իր մասին կարծես երբեք չի գրում, թեեւ ներկա է բոլոր գործերում:

 

- Դա գրողի լավագույն հատկանիշներից է, երբ իր անձը չէ գլխավոր հերոսը: Հիմա շատ ենք տուժում դրանից, եսակենտրոն գրականություն է ստեղծվում, մարդը պատմում է իր ապրումների, հույզերի մասին՝ մոռանալով շրջակա աշխարհը:

 

 

 

Վազգենը արձանագրում էր այն, ինչ կա, բայց քանի որ ցանկացած գրող ինքն իր ստեղծագործությունն է, ցանկացած ստեղծագործություն նախ եւ առաջ գրողն է, ապա մենք հեշտությամբ կարող ենք Վազգենին որոնել իր գործերի մեջ: Բոլոր հերոսների մեջ նա մի բեկոր կա, մի դրվագ կա, մի բջջի չափ կա: Բոլոր դեպքերը, որ տեսել ու արձանագրել է, հենց այդ արձանագրման պրոցեսի մեջ ինքն արդեն կա:

 

-Իր ո՞ր գործն էր շատ սիրում:

 

- Չեմ հիշում, որ իր ստեղծագործություններից որեւէ մեկին առավելություն տար: Ընդհակառակը, ինքը միշտ դժգոհ էր նախորդից, եւ միշտ ջանում էր, որ հաջորդն ավելի լավը լինի: Ասում էր՝ այ, տեսե՛ք, մի բան եմ գրելու, մյուսների վրա ստվեր նետի: Շատ հետաքրքիր էին մեր քննարկումները: Լսում էր մեր կարծիքները, բայց սկզբնապես նախատրամադրվածություն ուներ, դիրքերն անմիջապես չէր զիջում, կռիվ էր տալիս ամեն բառի, ամեն արտահայտության, ամեն պատկերի համար: Բայց հետո, երբ տպագրվում էր գործը, մենք տեսնում էին շտկումները: Ցավոք, վերջին շրջանի գործերի վրա դարձյալ աշխատելու հնարավորություն չունեցավ: Մի առիթով ասաց, որ ինքը աշխարհի ամենադանդաղ գրող հեղինակն է, շատ դանդաղ էր ստեղծագործում, ամեն բառի վրա երկար մտածելով:

 

Գրականությանը նայել սիրո ու ցավի միջոցով

 

- «Աշուն, հայկական բակ», «Վերջին գիժը» եւ շատ այլ ստեղծագործությունները միաժամանակ ստիպում են ընթերցողին եւ՛ տխրել, եւ՛ ծիծաղել:

 

- Ինքը կյանքում էլ էր այդպիսին, զավեշտալին շուտ ընկալելու ու դրա մասին շատ սրամիտ արտահայտվելու մեծ ընդունակություն ուներ: Երբ հումոր ես տեսնում, թվում է, թե դրա մեջ կյանքին թեթեւ նայելու մղում կա: Իրականում՝ ողբերգությունը թեթեւացնելու, ողբերգության հարվածն իր վրա վերցնելու եւ այդ հարվածից մյուսներին չվնասելու ցանկություն կա: Նույն հումորի կողքին մեկ էլ այնպիսի հոգեկան անհուն տխրություն կնկատես, հոգեկան ցավագին ճիչ, որ կզարմանաս, թե այս ահռելի տղամարդու մեջ որտեղի՞ց այսքան նուրբ սիրտ: Հենց այդ երկու ծայրահեղությունների հակադրությունն է, որ իր գրականությունը դարձնում է գեղեցիկ:

 

Վագգեն Սարգսյանը Վագգեն Սարգսյանը

Լուսանկարը` Հերման Ավագյան

 

- «Մեր կարճատեւ կյանքի ընթացքում շատ հաճախ չե՞նք հանդուրժում անպատասխան ապտակներ». այս տողերով ավարտվում է «Ապտակ» պատմվածքը: Անարդարության դեմ ընդվզումը ցայտուն կերպով ընդգծված է նաեւ «Առաջին անգամ» պատմվածքի մեջ, որտեղ կապույտ աչքերով տղան առաջին անգամ մարդ է սպանում:

 

- Արդարամտութունը, յուրաքանչյուրին արժանին մատուցելու ներքին պահանջը իր մոտ եղել է միշտ ու բոլոր հարաբերություններում: Շատ արդար լինելը շատ խոցելի հատկանիշ է, դրան կարող են տարբեր մեկնաբանություն տալ: Դրա համար շատերը չկարողացան նրա այդ արդարամտությունը ճիշտ ընկալել, դրա մեջ ուրիշ երանգներ տեսան: Մարդկային ողբերգության թեման գուցե թե Վազգենի ամբողջ գրականությունով անցնող կարմիր գիծն է: Եթե մարդիկ ուզում են Վազգեն Սարգսյանի գրականությունը հասկանան, թող այդ գրականությանը նայեն սիրո ու ցավի միջոցով:

 

- «Էս ի՞նչ եք անում, տղերք» գիրքը տպագրվեց Թավշյա հեղափոխության օրերին: Խորհրդանշական էր վերնագրի ընտրությունը: Էլ չասենք, որ գրքում տեղ գտած հայտնի հրապարակախոսությունների ամեն մի նախադասությունը կարծես այսօրվա մասին լինի:

 

- Վազգենը կարողանում էր իր երկրի, ժողովրդի, պետության ապագան տեսնել լայն կտրվածքով, այլ ոչ թե տվյալ իրավիճակում: Ասում էր՝ 21-րդ դարը մերը պետք է լինի, չէր ասում՝ առաջիկա հնգամյակը: Մեծ-մեծ ժամանակային կտրվածքների մեջ էր այդ ամենը տեսնում: Հենց դրանում էր իր մեծությունը: Իր ասածը այն է, ինչը մենք կոչում ենք բացարձակ ճշմարտություն, իսկ ճշմարտությունը ժամանակային քննություն չունի:

 

Մարդկային պատմությունը պարուրաձեւ պտտվում է, ամեն ինչ նորից գալիս է դարձ ի շրջանս յուր, ամեն ինչ կրկնվում է: Այն սխալները, որ թույլ ենք տվել, վտանգ կա, որ նորից թույլ կտանք: Այն թռիչքն ու հաղթանակները, որ ունեցել ենք, նորից ունենալու հնարավորություն կա: Ընդամենը կամք, ուժ ու գիտակցություն է պետք ճիշտ ճանապարհը ընտրելու համար:

 

Ունենք Արցախի խնդիր, փորձում ենք հասկանալ, որը պետք է լինի մեր դիրքորոշումը, բայց ոչ մեկի մտքով չի անցնում վերընթերցել Վազգենի 90-ականներին ասած խոսքերը արցախյան հիմնախնդրի, դրա լուծման տարբերակաների մասին: Գուցե օգնի՞, գուցե դուռ բացի այդօրվա մտածողների, արտաքին քաղաքականությունը կանխորոշողների համար: Չարենցին ենք հիշում, Թումանյանին, հետքայլ ենք կատարում, գնում ենք պատմության խորքը, բերում մեր մեծերին, ասում ենք՝ կանգնի մեր առաջին շարքում ու մեզ ուղղորդի: Այդպիսի ուղղորդող այսօր կարող է լինել նաեւ Վազգեն Սարգսյանը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին