«Զրույցներ Կաֆկայի հետ»՝ ավելի լուսավոր Կաֆկայի բացահայտումը - Mediamax.am

exclusive
5205 դիտում

«Զրույցներ Կաֆկայի հետ»՝ ավելի լուսավոր Կաֆկայի բացահայտումը


Արա Առաքելյանը
Արա Առաքելյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Զանգակ


«Զանգակ» հրատարակչությունը Արա Առաքելյանի թարգմանությամբ լույս է ընծայել «Զրույցներ Կաֆկայի հետ: Գրառումներ եւ հիշողություններ» գիրքը: Հեղինակը չեխ բժիշկ, երաժիշտ Գուստավ Յանոուխն է: Կաֆկայի հետ զրույցները Յանոուխը հրատարակության է հանձել տարիներ անց (1951, 1968): Հայ ընթերցողի սեղանին զրույցների 1968 թվականի՝ համալրված հրատարակության թարգմանությունն է:

 

Յանոուխի հուշապատումը համարվում է 20-րդ դարի եվրոպական գրականության մեծագույն գրողներից մեկի՝ Կաֆկայի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող տասնյակ լավագույն գրքերից մեկը: 

 

- Կաֆկայի մասին հուշագրական վիթխարի գրականություն կա: Նրա մասին գրում են մտերիմները, ընկերները: Եվ Յանոուխի գիրքն այս շարքի մեջ կարեւոր տեղ  է գրավում,- Մեդիամաքսի հետ զրույցում ասաց ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արա Առաքելյանը:

 

- Յանոուխը Կաֆկայի ընկերներից չէր: Կաֆկան իր օրագրերում նրան չի հիշատակել: Անգամ կասկածներ կային զրույցների իսկության վերաբերյալ, սակայն Կաֆկայի ամենամտերիմ ընկերոջ, գրող եւ փիլիսոփա Մաքս Բրոդի վերաբերմունքը գրքի հանդեպ մեծապես ցրեց դրանք:

 

Յանոուխը Կաֆկայի հետ ծանոթանում է ապահովագրական ընկերությունում, որտեղ գրողի հետ աշխատում էր նրա հայրը: Նկատելով պատանու հետաքրքրությունը գրականության եւ արվեստի հանդեպ եւ տեղեկանալով, որ նա բանաստեղծություններ է գրում՝ Կաֆկան պատանուն արտոնում է հանդիպել իր հետ: Յանոուխը երաժիշտ է, բժիշկ, գրքի առաջաբանում նույնիսկ նշում է, որ Կաֆկայի ստեղծագործություններից շատերին ծանոթ չէ, ինչն ավելի է մեծացնում հետաքրքրությունը: Յանոուխի համար կարեւորը որոշակի խնդիրների հանդեպ Կաֆկայի վերաբերմունքն է. այս հարցն ինչպե՞ս է ընկալում, այս հարցին ինչպիսի՞ լուծում է տալիս: Այնպես որ, այս գիրքը Կաֆկայի մասին հիշողությունների շղթայում արդարացված երեւույթ է:

Լուսանկարը` Զանգակ

«Պատերազմը եւ հեղափոխությունը չեն հանդարտվել: Ընդհակառակը, մեր զգացմունքների սառեցմամբ  դրանց կրակներն են ուժեղանում»:

 

«Ջահելությունը, որը չի հավատում լուսաբացին, դավաճանում է ինքն իրեն: Եթե սիրում ես ապրել, պետք է հավատաս»:

 

«Այս մարդիկ այնպես ինքնավստահ են, վճռական եւ լավ տրամադրված: Նրանք տիրում են փողոցին եւ մտածում այն մասին, որ տիրում են աշխարհին: Բայց նրանք սխալվում են: Նրանց հետեւում արդեն կանգնած են քարտուղարներ, պաշտոնյաներ, քաղաքագետներ՝ ժամանակակից բոլոր սուլթանները, որոնց իշխանության գալու համար նրանք ճանապարհ են հարթում»:

 

- Կաֆկայի՝ պատերազմի, հեղափոխության, երիտասարդության մասին դատողությունները, զուգորդվում են մեր օրերի հետ: Գուցե որովհետեւ թավշյա հեղափոխության օրերին էի կարդում գիրքը: Կամ գուցե ամենուր եւ միշտ հասարակական, քաղաքական խնդիրները հարեւնման են:

 

- Կաֆկան իր գործերում խիստ հոռետես է. նրա բոլոր վեպերն ավարտվում են մարդու ոչնչացմամբ, Ես-ի եւ իրականության դաժան կռվի մասին է խոսում Կաֆկան, որտեղ մշտապես Ես-ը պարտություն է կրում իրականությունից (կարծում եմ՝ բացառություն է «Ուղղիչ գաղութում» պատմվածքը):

 

Երբ գալիս ենք իրական կյանքի հանդեպ Կաֆկայի վերաբերմունքին, տեսնում ենք շատ ավելի հումանիստական, լուսավոր հայացք: Նա տեսնում է կյանքի թարմացման նախադրյալներ եւ հատկապես՝ երիտասարդության ձեռք: Իրականության այդ գնահատականը հակասության մեջ է վեպերում արտացոլվող իրականության հետ:

 

- Հեղինակի համակրանքը Կաֆկայի նկատմամբ փոխանցվում է ընթերցողին: Կաֆկան խիստ դրական կերպար է, թե՞ դա սուբյեկտիվ մոտեցում է:

 

- Ես թարգմանել եմ Կաֆկայի «Օրագրերը», եւ նրա օրագրային կերպարը ենթադրում է հեռացող, մահվան հետ հաշտվող մեկին: Բայց այդպես չէ, Կաֆկան անընդհատ կառչել է կյանքից: Իրական Կաֆկան, որին մեզ ներկայացնում է Յանոուխը, բոլորովին ուրիշ է:

Արա Առաքելյանը Արա Առաքելյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Հասկանալով իր հիվանդ լինելը, մահվան անխուսափելիությունը, նա փորձել է ապրել այնպես, ինչպես մտածում է. ոչ թե փախուստ կյանքից, այլ անընդհատ դեպի կյանքը: Նույնիսկ կավելացնեմ, որ սրբի կյանք է վարել, բացարձակապես չենք տեսնում մի բան, որ դուրս է բարի, լավ մարդու կերպարից: Երիտասարդը ապշում է այս մարդու առաքինության բարձր մակարդակից: Ինձ թվում է՝ նրա մարդկային, բարոյական կերպարն ավելի բարձր է, քան գրականությունը:

 

- «Ես մենակ եմ, ինչպես Ֆրանց Կաֆկան»: Կաֆկայի այս արտահայտությունը չի՞ մոտեցնում արդյոք նրան իր հերոսներին:

 

- Իհարկե, մենակության կրողն է Ֆրանց Կաֆկան: Մենակությունը կյանքի կենսակերպ է: Օրագրերում է նաեւ ասում՝ ես մենակ եմ, ինչպես Ֆրանց Կաֆկան: Դա ճիշտ դատողություն է, երբ ելնում ենք նրա խորքային հոգեբանության սկզբունքներից, որոնք անխզելիորեն կապված են ոչ թե կենսախնդության, ուրախության, զվարճանքների, ոչ թե խաղի հետ, որ 20-րդ դարի ամենատարածված երեւույթներից  է, որին տրվել են շատ գրողներ, այլ ծայրաստիճան մենակության, ինչին դատապարտել էր ինքն իրեն Կաֆկան՝ կերպարային հատկանիշով:

 

- Ի՞նչ կտա այս գիրքը ընթերցողին:

 

- Զրույցների այս գրքին ընթերցողն անպայման պետք է ծանոթանա, որպեսզի կարողանա Կաֆկայի վեպերի, պատմվածքների մռայլ միջավայրից փոքր-ինչ տեղափոխվել իրական մարդկային կյանք, որտեղ Կաֆկան երեւում է այլ կերպարով, ավելի լուսավոր, ավելի գործնական, ավելի հումանիստական նկարագրով, որը ոչ թե օտարացնում է գրողին սովորական մարդուց, այլ ավելի մոտեցնում է:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին