Անավարտ մարդ-նախագիծը Դոստոեւսկու «Կրկնակ»-ում - Mediamax.am

exclusive
2314 դիտում

Անավարտ մարդ-նախագիծը Դոստոեւսկու «Կրկնակ»-ում


Լուսանկարը` REUTERS

Դավիթ Մոսինյանը
Դավիթ Մոսինյանը

Լուսանկարը` REUTERS


«Ակտուալ արվեստ մշակութային միությունը» Feresh մատենաշարով լույս է ընծայել Ֆյոդոր Դոստոեւսկու «Կրկնակը» եւ «Գրառումներ ընդհատակից» երկերը: 

Թարգմանության եւ առաջաբանի հեղինակը Վարդան Ֆերեշեթյանն է, խմբագիրը՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Մոսինյանը: Գրքում տեղ գտած վիպակները հայերեն հրատարակվում են առաջին անգամ: 

Մեդիամաքսի զրուցակիցը Դավիթ Մոսինյանն է:

 

-«Կրկնակը» («Двойник»,1846) իր ժամանակին միանշանակ չի ընդունվել, եւ՛ բարձր գնահատականի է արժանացել, եւ՛ քննադատվել է: Ի՞նչ կարող ենք ասել վիպակի մասին այսօր: 

 

-Այո, «Կրկնակը» ժամանակին համարվել է «Մեռած հոգիներ»-ին հավասար անգերազանցելի ստեղծագործություն, բայց միեւնույն ժամանակ խիստ քննադատվել է, թեպետ քննադատությունները հիմնականում նշում էին տեքստի ձանձրալի լինելը, ինչը կամ ինչի շուրջ ծավալված վերլուծությունները, մեղմ ասած, հեռու են փիլիսոփայական խորությունից։ Այդ վիպակը, ինչպես եւ Դոստոեւսկու ողջ ստեղծագործությունը միշտ արդիական է բառիս բուն իմաստով… առնվազն քանի դեռ անավարտ է մարդ-նախագիծը, քանի դեռ մարդը մինչեւ վերջ չի ակտուալացրել ինքն իրեն։ 

 

 

 

«Կրկնակում» ներկայացվում է մարդու երկատումը, իր իդեալի եւ չստացված ներկայի հակադրությունը, իսկ այդ թեման հավերժ ակտուալ է։ Իսկ Դոստոեւսկու՝ հետագա դարերի վրա ունեցած ազդեցությունը առանձին ու մեծ խոսակցության նյութ է, եթե նույնիսկ թեման սահմանափակենք միայն «Կրկնակով»։ 

 

- Ինչու՞ պետերբուրգյան պոեմ:

 

- «Պետերբուրգյան պոեմ» ենթավերնագիրը Դոստոեւսկին ավելացրել է երկրորդ հրատարակության մեջ, որտեղ փորձել էր հաշվի առնել հնչած քննադատությունները եւ սրբագրել վիպակը։ Պոեմ բառն ընդգծելով՝ Դոստոեւսկին, ըստ էության, հեռաձայնում եւ հղում էր Գոգոլին, որը եւս իր վեպը՝ «Մեռած հոգիները», պոեմ էր անվանել (ի դեպ, Դոստոեւսկու մասին խոսելիս՝ գրեթե միշտ ներկա է լինում Գոգոլը. կամ որպես նախորդ, կամ որպես հակադիր բեւեռ)։ Պոեմն առավել կենտրոնացվածություն ու խտություն է ենթադրում. եւ այս առումով թե՛ Գոգոլը, թե՛ Դոստոեւսկին համոզված էին իրենց այդ տեքստերի՝ կենտրոնական լինելու հարցում։ Իսկ պետերբուրգյան՝ քանի որ Դոստոեւսկին պետերբուրգյան մշակույթի ներկայացուցիչ ու կայացնող էր։

 

- «Կրկնակը» անհատի, թե հասարակության նկարագիրն է: Ո՞վ է քննադատության-ծաղրի կիզակետում՝ հերո՞սը, թե՞ հասարակությունը:

 

- Ի տարբերություն Դոստոեւսկու առաջին վիպակի՝ «Խեղճ մարդիկ»-ի, որն առավելապես սոցիալ-հոգեբանական կողմնորոշվածություն ունի, այս երկրորդ վիպակն արդեն խոր փիլիսոփայական շերտերով է հագեցած։ Այս առումով, սա սոսկ անձի երկատման նկարագրություն չէ, ոչ էլ ընդամենը խեղաթյուրված հասարակության բնութագրություն։ Ըստ իս, «Կրկնակում» մտածված է մարդու կայացման ճանապարհի խոչընդոտները։ Ասում են՝ իսկական գրողը կյանքում ընդամենը մի բան է գրում. Դոստոեւսկու պարագայում դա առավել եւս այդպես է։ Մարդու ինքնահաղթահարման փիլիսոփայությունը երեւում է «Խեղճ մարդիկ»-ից մինչեւ «Կարամազով եղբայրներ»։ Այնպես որ, սա մարդու փիլիսոփայությունն է, որտեղ կա եւ՛ անհատը, եւ՛ հասարակությունը։

 

- Հերոսը նախատի՞պ է ունեցել: Իսկ հենց իր գրողի ապրումների հետ չի՞ զուգորդվում «Կրկնակը»... Մյուս կողմից՝ ամեն ոք կարող է տեսնել այստեղ իր ապրումները՝ վախ, շփոթություն, անհետանալու ցանկություն, պայքար ինքն իր դեմ, հասարակության դեմ ինքնության կորուստ, ընդհուպ՝ անձի երկատում:

 

-Երկատման թեմային առաջիններից մեկը անդրադարձել է գերմանացի գրող Հոֆմանը, որի ստեղծագործություններին Դոստոեւսկին, անշուշտ, ծանոթ էր։ Սակայն նրանց աշխարհայացքները, թեմային անդրադառնալու ոճերը տարբեր էին: Հոֆմանի տեքստերում գրոտեսկը ամեն դեպքում գերակշռում է ողբերգության, լրջության նկատմամբ։ Ինչ վերաբերում է ֆիզիկապես նախատիպի առկայությանը, սովորաբար շրջանառվում են ռուս գրող Բուտկովի (նրա եւ «Կրկնակի» հերոսի՝ Գոլյադկինի անուն-հայրանունները նույնն էին՝ Յակով Պետրովիչ) եւ գրողի հոր անունները։ 

 

Դավիթ Մոսինյանը Դավիթ Մոսինյանը

 

 

Բայց եթե նույնիսկ այդպես է, դա ընդամենը փոքրիկ խթան է գրողի համար. ոչ թե նախատիպը կա, դրա համար գրվել է գործը, այդ գործը պիտի գրվեր, այդ պատճառով գտնվել է որոշակի նախատիպ։ Թերեւս այդպես է բոլոր մեծ գրողների պարագայում։ Գոլյադկինը վերջին հաշվով մեզնից յուրաքանչյուրն է, այդ թվում՝ Դոստոեւսկին ինքը… գոնե կյանքի մի ինչ-որ շրջանում։ Գոլյադկինի ազգանունն էլ պատահական չէ. հիմքում «աղքատ» բառն է։ Ուրեմն, սա ներքնապես աղքատ մարդու հոգեբանության բացահայտումն է եւ դրանով իսկ ինքնահաղթահարման ուղու ցուցանումը։

 

- «Կրկնակները» հանդիպում են նաեւ գրողի ա՞յլ գործերում:

 

- Այո, գրեթե ամենուրեք։ Իհարկե՝ այլ ձեւով ու, այսպես ասած, «փաթեթավորմամբ»։ «Գրառումներ ընդհատակից»-ի հերոսը եւս կրկնակ է, եւս երկատված է։ Իսկ ավելի ուշ շրջանի վեպերում երկատումը ներկայացվում է երկու տարբեր հերոսների տեսքով. օրինակ, Իվանը եւ սատանան «Կարամազով եղբայրներ»-ում, Ռասկոլնիկովը եւ Սվիդրիգայլովը՝ «Ոճիր եւ պատիժ»-ում եւ այլն։ 

 

Լուսանկարը` REUTERS

 

Ընդհանրապես մարդու մեջ աստվածայինի եւ սատանայականի բախումը հենց Դոստոեւսկու թեման էր. Դոստոեւսկին հենց դրանով է Դոստոեւսկի։ Պատահական չէ, որ իր ամենասիրած երկու կտավները Ռաֆայելի «Սիքստինյան տիրամայրն»  է եւ Հանս Հոլբայն Կրտսերի «Մեռած Քրիստոսի մարմինը դագաղում»-ը: 

 

-Նույն գրքում զետեղված է նաեւ «Գրառումներ ընդհատակից» («Записки из подполья», 1864թ.) վիպակը: Ինչո՞վ է առանձնանում այս ստեղծագործությունը: 

 

-Արդեն ասացի, որ «Գրառումներ ընդհատակումից»-ի հերոսը եւս երկատված գիտակցություն ունի։ Վեպը սկսվում է «Ես հիվանդ մարդ եմ» արտահայտությամբ. հիվանդ մարդ, որը երազներ ունի, եւ այդ երազներն իրեն հնարավորություն են տալիս ամենաառողջ մարդու աչքերով նայել բոլորին։ 

 

«Գրառումներ ընդհատակից»-ի անկումային տրամադրության մեջ նկատելի են հիվանդ գիտակցության՝ ինքն իր ողբերգականությունը հայտնաբերելու եւ իր ճահճից դուրս գալու ու բացարձակին առնչվելու ձգտումները։ Բայց այդ երկու ստեղծագործությունները մի գրքում զետեղելը ունի նաեւ այլ, ավելի շուտ տեխնիկական կողմ. այդ երկու մեծ ստեղծագործությունները դեռեւս թարգմանված չէին հայերեն, եւ թարգմանիչը թարգմանեց գրեթե միաժամանակ։ Թեեւ պետք է նշել, որ Դոստոեւսկու մեկ այլ շատ կարեւոր վեպ՝ «Նվաստացվածներն ու անարգվածները», կարծեմ եւս թարգմանված չէ։

 

- Թարգմանության մասին ի՞նչ կասեք:

 

- Դոստոեւսկի թարգմանելը հեշտ գործ չէ, քանի որ պահանջում է ոչ միայն լեզվական խոր իմացություն, այլեւ մարդու նրբահյուս հոգեբանության զգացողություն։ «Կրկնակի» եւ «Գրառումներ ընդհատակից»-ի թարգմանությունների հեղինակը Վարդան Ֆերեշեթյանն է։ Նա գրող ու բավականին փորձառու թարգմանիչ է եւ կարողացել է հայերեն փոխադրել Դոստոեւսկու ստեղծագործության միջավայրն ու կշռույթը։ 

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին