«Հայրիկ, դու խենթ ես»՝ Սարոյանի իմաստուն ու զուլալ վիպակը - Mediamax.am

exclusive
17230 դիտում

«Հայրիկ, դու խենթ ես»՝ Սարոյանի իմաստուն ու զուլալ վիպակը


Ուիլյամ Սարոյանը
Ուիլյամ Սարոյանը

Լուսանկարը` Իդա Կար

Ուիլյամ Սարոյանը
Ուիլյամ Սարոյանը
Ուիլյամ Սարոյանը
Ուիլյամ Սարոյանը

Ուիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին ընդառաջ «Անտարես» հրատարակչությունը Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ ընթերցողին է ներկայացնում անվանի գրողի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակի նոր հրատարակությունը: Որդուն՝ Արամ Սարոյանին նվիրված գրքի առաջաբանում Սարոյանը գրում է. «Ես վճռեցի գրել այս գիրքը, որովհետեւ 1953-ին, երբ տասը տարեկան էիր, դո՛ւ խնդրեցիր ինձ, եւ որովհետեւ 1918-ին, երբ ես ինքս էի տասը տարեկան, իմ գրողական հմտությունը հավասարազոր չէր այն ամենին, ինչ որ կուզենայի ասել։ Հիմա՝ վերջապես, գրեցի գիրքս, կամ ավելի ճիշտ՝ հենց դու էլ գրեցիր»:

 

Սարոյանական մատենաշարի ստեղծման, «Հայրիկ, դու խենթ ես» վիպակի առանձնահատկության մասին Մեդիամաքսին պատմում է  Զավեն Բոյաջյանը: 

 

- Ինչո՞վ էր պայմանավորված Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակի վերահրատարակումը առանձին գրքով, եւ ինչո՞ւ հենց այս վիպակը:

 

- Սարոյանի ծննդյան 110-ամյակը պատեհ առիթ էր նրա գործերի իմ թարգմանությունները վերանայելու եւ վերահրատարակելու համար, ինչի մասին վաղուց էի մտմտում: «Անտարես» հրատարակչության  հետ պայմանավորվածություն ունեմ «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը, «Ուեսլի Ջեքսոնի արկածներն» ու «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպերը եւ Սարոյանի ընտիր պատմվածքների մի ժողովածու վերահրատարակելու շուրջ (վերջինս կազմված կլինի եւ՛ ժամանակին գրքերում տպագրված, եւ՛ միայն մամուլում հրապարակված գործերից): Բայց այս ձեռնարկը քննարկումներից հետո ի վերջո ընդլայնվեց՝ հանգելով սարոյանական հատուկ մատենաշար բացելու գաղափարին, ճիշտն ասած, վաղուց հասունացած մի անհրաժեշտություն, որն ի մի կբերի մեծ գրողի ժառանգության լավագույն էջերը: Ավելորդ է նշել, թե նման մատենաշարը ինչ վիթխարի կարեւորություն կունենա մեզ համար Սարոյանի արժանավոր, ուղղակի անգնահատելի ստեղծագործությունն իսկապես յուրացնելու առումով: Մատենաշարը կընդգրկի եւ՛ ժամանակի քննությունը բռնած գործերի վերահրատարակումներ, եւ՛ այդ քննությունն այնքան էլ բարեհաջող չհանձնած գործերի վերաթարգմանություններ, եւ՛, ինչ խոսք, նոր թարգմանություններ, մանավանդ որ Սարոյանի ժառանգության մի զգալի մասը դեռեւս մնում է չհայացված:

 

Խոսքը մեծ նախագծի մասին է, որի իրագործումը տարիների ջանքեր կպահանջի: Ավելացնեմ նաեւ, որ սա կլինի սարոյանական երկերի առաջին հրատարակումը օրինական հիմունքներով, քանի որ մինչեւ օրս դրանք Հայաստանում տպագրվել են  հեղինակային իրավունքի ոտնահարմամբ, փաստորեն գրահենական ճանապարհով: «Անտարեսը» մտադիր է մարքեթինգային նկատառումներով առանձին գործեր, բացի բուն սարոյանական մատենաշարից, լույս ընծայել եւ այլ մատենաշարերով: Այսպես, «Հայրիկ, դու խենթ ես» վիպակի ներկա հրատարակությունը «Օտար գիր» մատենաշարով է, բայց առաջիկայում վիպակը լույս կտեսնի նաեւ William Saroyan նորաստեղծ մատենաշարով, իսկ դրան կհաջորդի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը:

 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է ընտրվել հենց «Հայրիկը», այս գործը, կարելի է ասել, խորհրդանշական արժեք ունի՝ ամփոփելով սարոյանական արձակի ամենաէական հատկանիշներն ու անշփոթելի յուրօրինակությունը:

 

- Հարցազրույցներից մեկում Դուք նշել  եք, որ «Հայրիկ, դու խենթ ես» գիրքը խիստ կարեւոր գործ է եւ պետք է հայ ընթերցողի սեղանի գիրքը դառնա: Ինչո՞վ եք դա բացատրում եւ վստա՞հ եք արդյոք, որ ըստ արժանվույն կգնահատվի ու պահանջարկ կունենա գիրքը:

 

- Բովանդակային խորքով եւ ոճական կատարելությամբ «Հայրիկը» պարզապես մոգական տեքստ է՝ իմաստուն ու զուլալ: Սա իրոք սեղանի գիրք է, որովհետեւ ձգտում է մեկնել կյանքի, աշխարհի, մարդու բնույթի էութենական գաղտնիքներն առակի, առասպելի, արքետիպային պարզ, բայց եւ մշակութաբանորեն խիստ հագեցած ու բազմաշերտ հասկացությունների լեզվով: Ցավոք, գիրքը ինչպես եղել է, այնպես էլ մնում է թերագնահատված, ինչպես Սարոյանի ստեղծագործությունն ընդհանրապես: Անհնար է չհամաձայնել անգլիացի հռչակավոր դերասան եւ գրող Սթիվեն Ֆրայի հետ, որը Սարոյանին համարում է ամենաթերագնահատված գրողներից մեկը:

Ուիլյամ Սարոյանը Ուիլյամ Սարոյանը

 

Հավելենք, նաեւ չընթերցված: Հիրավի, Սարոյանը կարծես քաջ հայտնի է բոլորին, խոսում են նրա մասին, դատողություններ անում ու կարծիքներ հայտնում, բայց ինչպես բազմիցս համոզվել եմ կյանքիս ընթացքում, երբ փորձում ես պարզել, թե խոսակիցդ որքանով է ծանոթ Սարոյանի ստեղծագործությանը, ամենից հաճախ երեւան է գալիս, որ ծանոթությունը մակերեսային ու թռուցիկ բնույթ ունի եւ հենվում է ոչ այնքան բուն ընթերցանության, այսինքն՝ սեփական փորձառության, որքան արդեն վաղուց շրջանառության մեջ մտած ստանդարտ պատկերացումների ու մաշված կարծրատիպերի, այսինքն՝ միջնորդավորված ընկալման վրա: Այլ կերպ ասած՝ քաջածանոթ Սարոյանն իրականում անծանոթ է: Դրա համար էլ շատ կուզենայի, որ «Հայրիկ, դու խենթ ես» վիպակի, ապա եւ սարոյանական այլ գործերի նոր հրատարակությունները հիշյալ պարադոքսը կոտրելու, գրողի ստեղծագործությունը վերարժեւորելու, իրոք ճանաչելու ազդակ դառնային ընթերցանության կարծես նկատելի աշխուժացման այս նոր համատեքստում:  

 

- Ենթադրում եմ, որ վերանայել եք թարգմանությունը: Խմբագրման անհրաժեշտության կա՞ր, ի՞նչ աշխատանք պահանջեց վիպակի նոր հրատարակությունը:

 

- Իհարկե վերանայել եմ. նախորդ հրատարակությունից հետո տարիներ են անցել: Չէի ասի, թե տեքստն էական վերափոխման է ենթարկվել, բայց թարգմանական, լեզվական, խմբագրական շտկումներ եմ արել, ուղղել բոլոր մեծ ու փոքր վրիպակները: Օրինակ՝ հին հրատարակության մեջ «Փողը» գլուխը, կորցնելով իր վերնագիրը, ձուլվել էր նախորդ՝ «Պտուղը»  գլխին. վերջապես հնարավոր եղավ դա ուղղել: Այսօրվա գրավոր հայերենի լույսի տակ վերանայվել է նաեւ կետադրությունը: Ուրախ եմ, որ գրքի ներկայիս տեքստը թե՛ թարգմանական, թե՛ լեզվական առումով ավելի անխոցելի է:     

 

- Հայր եւ որդի հարաբերությունները, տասնամյա տղայի աշխարհընկալումը, գրողական հայացքը ամենատարբեր հարցերի շուրջ (առհասարակ Սարոյանը) ընկալելի՞ են 21-րդ դարի ընթերցողին:

 

- Անկասկած: Սարոյանն առանց փոքրիշատե չափազանցության ժամանակի պատնեշները հաղթահարած գրողներից է, որոնց ընդունված է դասական կոչել, այլ բան է, թե դա աշխարհում ու մեզանում ինչ աստիճանի լրջությամբ է գիտակցվում: «Հայրիկ, դու խենթ ես» վիպակում ականատես ենք Սարոյանի աշխարհազգացողությանն ու գրողական ձեռագրին խիստ բնորոշ օտարման էֆեկտին, երբ քաջածանոթ առարկան կամ ուզածդ սովորական բան դիտարկվում է կողքից, օտարված հայացքով, ասես նորովի, եւ ի հայտ է գալիս մի ամբողջ անհայտ աշխարհ, աննկատ մնացած էություն, միկրոկոսմը վերածվում է մակրոկոսմի:

Ուիլյամ Սարոյանը Ուիլյամ Սարոյանը

 

«Հայրիկի» պատանի հերոսը պատմում է «Աշխարհը» հատկանշական գլխում. «...ես կոպիճները, ջրիմուռի կտորն ու խեցիները լվացի եւ ամեն մեկը շատ ուշադիր զննեցի, շուռումուռ տվի բոլոր կողմերից նայելու համար ու ինչե՜ր, ինչե՜ր ասես, որ չտեսա: Աչքովս էնպիսի մանրուքներ ընկան, որոնք երբեք չէի տեսնի, եթե ուշադիր չնայեի: Ես տեսա, որ ամեն փոքրիկ բան աշխարհում շատ ավելին է, քան թե թվում է: Մի կոպիճ կար՝ կես ընկույզի չափ, սեւ էր ու տեղ-տեղ կարմիր պուտերով. Սպիտակ, մաքուր գիծը նրա մի մասը բաժանում էր մյուսից, կարծես պստլիկ կոպիճը մի ամբողջ աշխարհ լիներ, սպիտակ գիծն էլ ցամաքն էր անջատում ջրից: Կոպիճին նայելիս շատ ու շատ մտքեր գլխովս անցան, ու ես ուրախացա, որ ընդունակ եմ ինձ հանդիպածը էսպես պարզ տեսնելու, փոքրիկ առարկան էսպես մեծ տեսնելու, էնքան մեծ, որքան ուզածդ բանը, ինչ էլ դա լինի եւ ուր էլ լինի»: Մերօրյա մարդը հաճախ արդեն զուրկ է տղայի նշած այս ընդունակությունից, մինչդեռ Սարոյանը գովերգում է ապրելու, ողջ լինելու վայելքը, պարզ ու բնական բաներով հրճվելու կարողությունը, բնաշխարհի ներդաշնակ մասնիկը լինելու այսօր կորուսյալ զգացումը: Այս ամենի անհրաժեշտությունը մեր օրերում ավելի քան զգալի է: Մենք հաճախ ապրում ենք առանց բուն իմաստով ապրելու. բուն կյանքը տեղ չունի մեր կյանքում: Կարճ ասած, ավելի արդիական, ավելի պահանջված գրող 21-րդ դարում դժվար է պատկերացնել:

       

- Տասնամյա տղան եւ՛ Արամն է, եւ՛ ինքը՝ Սարոյա՞նը:

 

- Այո, տղայի նախատիպը կամ ավելի ճիշտ՝ կերպարի ելակետը գրողի որդին է, բայց այս կերպարը դրոշմված է նաեւ Սարոյան գրողի կենսափիլիսոփայության եւ աշխարհընկալման կնիքով: Գրական կերպարը, ինչպես եւ արվեստի գործը, երբեք էլ միանշանակ բաղադրություն չունի, միշտ կոնգլոմերատ է, ամալգամ, ստեղծագործական ալքիմիայի արդյունք:      

 

- Ինչպե՞ս հասկանալ հոր եւ որդու ներդաշնակ հարաբերությունները, որ նկարագրված են գրքում եւ արդեն հետագայում՝ Ուիլյամ եւ Արամ Սարոյանների բարդ, ոչ միանշանակ հարաբերությունները: «Հայրիկ, դու խենթ ես գրքում» կարելի՞ է գտնել այս հարցերի պատասխանը:

 

- Սարոյանն ինքն իրեն սնուցած գրող է, նրա ստեղծագործության կարեւորագույն ակունքներից մեկը, իրոք, իր անձնական կյանքն է: Իսկ այդ կյանքի մեծ դրամաներից մեկը գրողի ցավագին ամուսնալուծությունն էր, լարված հարաբերությունները կնոջ, որդու եւ դստեր հետ: Փաստ է, որ փլուզված ընտանիքը Սարոյանի մի շարք գործերին բնորոշ իրադրություն է: Բայց գրականության մեջ գրողի պատկերած ընտանիքը շատ ավելի մոտ է ներդաշնակ, երջանիկ կամ գոնե հաշտ ընտանիքի մոդելին, նման ընտանիք ունենալու նրա ձախողված ու անհաս երազին, քան դա կարելի է ասել իրական կյանքի մասին: Մինուս նշանի այս վերափոխումը պլյուսի հնարավոր է դարձել գեղարվեստի, անուրջի, երազանքի կամ իդեալի հավելմամբ դառն իրականության հենքին թե ատաղձին, ուստի արդարացի չի լինի հեղինակի եւ նրա մերձավորների վավերական հարաբերությունների ուղղակի, անմիջական արտացոլանքը պրպտել գրական գործի մեջ:  

 

- Ո՞րն է այս վիպակի գլխավոր  առանձնահատկությունը՝ խոսել եւ՛ ուրախ, եւ՛ տխուր բաների մասին, բայց այնպես, որ «մարդիկ ծիծաղե՞ն» («Արի ես ու դու էնպիսի բաներ գրենք, որ մարդիկ ծիծաղեն, թեկուզ երկուսս էլ փող չվաստակենք, որովհետեւ ի՞նչ ուրախություն կմնա կյանքում, եթե մարդիկ չծիծաղեն»):

 

- Այո, Սարոյանը, հակառակ կամ ի հեճուկս ամեն ինչի, գերադասում է, որ «մարդիկ ծիծաղեն», եւ եթե կուզեք, նաեւ սրա մեջ է նրա գրականության ուժը կամ կենսունակությունը:    

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին