«Անավարտ այս գիրքը պատմական կատարյալ մի արարք է» - Mediamax.am

exclusive
3845 դիտում

«Անավարտ այս գիրքը պատմական կատարյալ մի արարք է»


Լուսանկարը` Ellie Louise

Մարկ Բլոկի դիմանկարը
Մարկ Բլոկի դիմանկարը

Լուսանկարը` Հեղինակ՝ Էռնեստ Պինյո-Էռնեստ

Սմբատ Հովհաննիսյանը
Սմբատ Հովհաննիսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


«Սարգիս Խաչենց», «Փրինթինֆո» եւ «Անտարես» հրատարակչությունները «Իմացություն. Գրադարան» մատենաշարով հրատարակել են Աննալների պատմագիտական դպրոցի հիմնադիր հայրերից մեկի՝ 20-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն պատմագետ Մարկ Բլոկի «Պատմության պաշտպանական, կամ Պատմաբանի արհեստը» անավարտ կոթողային աշխատությունը: 

 

Ֆրանսերենից թարգմանությունը Շուշան Մակարյանինն է: Առաջաբանը եւ ծանոթագրությունները՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սմբատ Հովհաննիսյանինը: 

 

Բլոկն այս երկը սկսել է գրել 1941–1943 թվականներին՝ մշակման աշխատանքները շարունակելով անգամ գերության մեջ (1944): Հրատարակվել է հետմահու (1949)՝ Լյուսիեն Ֆեւրի ջանքերով: Մեդիամաքսի հետ զրույցում Սմբատ Հովհաննիսյանը նշեց, որ Բլոկի ոչ բոլոր ձեռագրերն են հասանելի եղել Ֆեւրին, եւ նա տեքստային որոշ փոփոխություններ է արել. «Գրքի հրատարակության հիսնամյակի կապակցությամբ Մարկ Բլոկի որդին՝ Էտիեն Բլոկը, լույս է ընծայել աշխատության նոր՝ ֆեւրյան խմբագրումից զերծ տարբերակը, որն էլ հիմք է ծառայել հայերեն թարգմանության համար: Ի դեպ, Էտիեն Բլոկի հրատարակած տեքստը դեռեւս չունի անգլերեն եւ ռուսերեն թարգմանություններ»: 

 

...Օտար(ի) փորձառությամբ վեր հանել եւ երկխոսել սեփական «ուրիշի» հետ

- «Ո՞րն է այն գիրքը, որ պետք է յուրաքանչյուր ոք ընթերցի» հարցին ի պատասխան դուք՝ որպես պատմության տեսաբան, առաջարկել եք նախ եւ առաջ կարդալ ֆրանսիական Աննալների պատմագիտական դպրոցի բոլոր ներկայացուցիչների գործերը, այդ թվում՝ Մարկ Բլոկ: Ցանկը մեծ է, այդ ցանկում ինչո՞վ է առանձնանում Մարկ Բլոկը: Ի՞նչ է տալիս այն արդի  հայ պատմագիտությանը:

 

- Նախ եւ առաջ նկատի ունենալով այսօրվա Հայաստանը, ավելի կոնկրետ՝ հայաստանյան պատմագիտության վիճակը, որը Խորհրդային կարգերի փլուզումից ի վեր կանգնել է հասկացությունների վերաթարմացման, սկզբնաղբյուրների հետազոտության նոր մեթոդների եւ, ի մասնավորի, պատմագիտական հետազոտությունների հին հարացույցների վերանայման անհրաժեշտության առջեւ: Մանավանդ երբ (խորհրդային) մարքսիստական պատմագիտական հայեցակարգի՝ հարցականի տակ դրվելու կամ անգամ մերժվելու արդյունքում ի հայտ է եկել նաեւ պատմագիտական (եւ ոչ միայն) հետազոտական հայեցակարգերի ու գործիքակազմի համալրման-արդիականացման հիմնախնդիրը: Գերակայող են դառնում միմյանց հետ չհարաբերվող միտումները, որի արդյունքում պատմագիտական աշխատությունները լցվում են կա՛մ երկիմաստություններով, կա՛մ էլ թյուրիմացություններով: Մի բան, որը պայմանավորված է ոչ միայն «գաղափարախոսական բեռից ու բեւեռացումից» ձերբազատմամբ, այլեւ ու ոչ պակաս միջգիտակարգային կապերի քայքայմամբ՝ անխուսափելիորեն հանգեցնելով պատմագիտության ճգնաժամին: Ուստի Բլոկի աշխատությունը, որը դեռ չի կորցրել իր արդիականությունն ամբողջ աշխարհում (ինչի վկայություն են նորանոր հրատարակություններն ու վերահրատարակությունները տարբեր լեզուներով), պատմագետի համար հույժ կարեւոր է ինչպես իբրեւ ուղեցույց, այդպես եւ պատմաբանի՝ իր «արհեստը» վերստին արժեւորելու առիթ եւ հնարավորություն: 

 

Ժակ Լը Գոֆֆի ձեւակերպմամբ՝ Բլոկի գիրքը «մեկնակետ է եւ ոչ հանգրվան»: 

 

Մյուս կողմից նկատի ենք ունեցել նաեւ այն, որ հայերենով  դեռ չունենք պատմատեսական որեւէ ստեղծագործություն, որով կամ որի միջոցով հնարավոր կլիներ ինչպես մտածել, այդպես եւ վերամտածել պատմությունը հայերեն: Սա նշանակում է, որ հայաստանյան պատմագիտությունը հարկ է համաշխարհային պատմագիտության հետ երկխոսային հարաբերությունների տիրույթ վերադարձնել նաեւ թարգմանություններով, որի արդյունքում հնարավոր կլինի պատմագիտական մեթոդական-մեթոդաբանական, տեսական-հետազոտական եւ լեզվական-լեզվամտածողական պաշարները  ոչ միայն համալրել, այլեւ արդիականացնել: Նախ՝ քանի որ պատմագիտության մեջ անտեսվել կամ պատմության փիլիսոփայությանն է ստորադասվել պատմության տեսությունը, ապա՝ բազմաթիվ տեսություններ մնացել են «չմտածված», «խոպան»: Մի բան, որի արդյունքում մեզանում պատմության տեսությունն իր տեղը զիջել է պատմության փիլիսոփայությանը, կամ, որ ավելի վատ է, դրանք նույնացվել են: Բանն այն է, որ պատմագետի լեզուն, ժամանակի ընթացքում կտրվելով, դուրս մնալով գործնական կիրառություններից, վերածվում է ավելորդաբանություններով ծանրաբեռնված կառույցի, որը ոչ այն է փիլիսոփայություն է, ոչ այն է գրականություն: Իսկ Բլոկի «Պատմության պաշտպանական, կամ Պատմաբանի արհեստը» կոթողային աշխատությունը հիրավի լավագույն մեկնարկային այն ստեղծագործություններից է, որը հնարավորություն է տալիս մի կողմից՝ հարաբերվել պատմության տեսական եւ գործնական փոխլրացական ամբողջի հետ, մյուս կողմից՝ օտար(ի) փորձառությամբ վեր հանել եւ երկխոսել սեփական «ուրիշի» հետ: Այդպիսով՝ թարգմանական նման աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի նաեւ կայուն եզրաբանական, կամ, ծայրահեղ դեպքում, եզրույթների շուրջ քննարկումների դաշտ ստեղծել՝ հանգելով մի որոշակիության կամ անգամ մի կայուն անորոշության: Այլ կերպ ասած՝ հնարավոր կլինի հաղթահարել նաեւ պատմագիտական եզրույթների քաոսը: 

 

 

 

Այսպես կարելի է շարունակել Բլոկի աշխատության արդիականության թեման, բայց բավարարվենք այսքանով:

 

- Մասնագիտական արժեքավոր գրականությունը հիմնականում հասանելի չէ հայերեն: Այս առումով թարգմանական դաշտում մեծ բաց կա,  եւ հավանաբար դժվար է կատարել ընտրությունը՝ որ հեղինակի որ աշխատությունը ներկայացնել հայ ընթերցողին: Ըստ այդմ՝ ինչո՞ւ Մարկ  Բլոկ եւ ինչո՞ւ «Պատմության պաշտպանական, կամ Պատմաբանի արհեստը»: 

 

- Դժվարությունն իրականում ոչ այնքան մասնագիտական գրականության բազմազանությունից որեւէ հեղինակի նախապատվությանը տալու մեջ է կամ ընտրելու, որքան այդ ստեղծագործությունը հայերեն թարգմանելու, հայերենով հնչեցնելու:  Իսկ թարգմանական բացը նախ եւ առաջ պայմանավորված է համապատասխան թարգմանիչների բացակայությամբ, թարգմանական դպրոցների (բարձրագույն իմաստով) բացակայությամբ. ավելի շատ են այն թարգմանիչները, որոնք «ամեն ինչ» թարգմանում են, եւ հազվադեպ են մասնագիտացած թարգմանիչները: Ընդ որում՝ հազվադեպ են նաեւ այնպիսի թարգմանիչները, որոնք խիստ հետեւողական են եւ պատասխանատվությամբ լեցուն իրենց աշխատանքի նկատմամբ: 

 

Մյուս կողմից, թերեւս, նման պատմագիտական տեքստերի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ դրանք եկամտաբեր չեն, ինչպես գրական ստեղծագործությունները, որոնք ավելի լայն զանգվածների են հետաքրքրում, եւ որոնք նաեւ շատ են գովազդվում: Ուշագրավ է նաեւ այն, որ պատմագիտական երկերի թարգմանությանն ուղղված դրամաշնորհներ գրեթե չկան, քանի որ դրանք ավելի շատ տուրք են տալիս «նորաձեւությանը»: 

 

Ինչ վերաբերում է մասնագիտական գրականության ցանկին, իրոք, այն մեծ է, բայց արդեն փորձեցի հիմնավորել, թե ինչու սկսեցինք Բլոկից: Հավելեմ նաեւ, որ նախատեսված է թարգմանել Աննալների դպրոցի եւ այլ հեղինակների գործեր եւս, ինչպես Լյուսիեն Ֆեւրի «Մարտեր պատմության համար», Ֆեռնան Բրոդելի «Պատմության մասին», Ֆիլիպ Արիեսի «Պատմության ժամանակը», բայց եւ Ֆիլիպ Արիեսի «Մարդը մահվան հանդիման»,  Ժակ Լը Գոֆֆի «Միջնադարյան Արեւմուտքի քաղաքակրթությունը», Ռոժե Շարտյեի «Գրային մշակույթը եւ հասարակությունը» եւ բազմաթիվ այլ ստեղծագործություններ: Էլ չեմ ասում, որ աննալականներից զատ կարելի է այլոց եւս ներգրավել, ինչպես Հայդն Ուայթի «Մետապատմությունը», Կարլո Գինզբուրգի «Առասպելներ, խորհրդանիշներ, հետքեր. առասպել եւ պատմություն», Էդուարդ Քարրի «Ի՞նչ է պատմությունը» եւ բազմաթիվ այլ աշխատություններ:

 

«Պատճառները պատմության մեջ եւ, ի դեպ, այլ ոլորտներում, չեն կանխադրվում: Դրանք փնտրվում են...»

- Ընթերցողների ի՞նչ շրջանակ է ենթադրում Մարկ  Բլոկի այս աշխատությունը, եւ ի՞նչ արձագանքներ կան:  

 

- Դատելով սոցիալական ցանցերում (մասնավորապես ֆեյսբուքում) եղած արձագանքներից՝ կարելի է ասել, որ շատերի համար այն անչափ սպասված նորություն էր: Արձագանքները բազմազան են՝ սկսած «ե՞րբ կլինի վաճառքում» հարցից, վերջացրած տեքստի հանրահայտ որեւէ հատվածի հայերեն հնչեցում-թարգմանությունից: Մի բան, որը խոսում է մի կողմից՝ Բլոկի ոչ այնքան անհայտության, մյուս կողմից՝ նրա պահանջվածության մասին: 

 

Սմբատ Հովհաննիսյանը Սմբատ Հովհաննիսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Ինչ վերաբերում է ընթերցողներին, կարող եմ ասել, որ գիրքն ուղղված է ընթերցողների ավելի լայն շրջանակի, քան կարելի է ենթադրել վերնագրից. այն ուղղված է ինչպես պատմագետներին, այդպես եւ պատմություն ուսուցանողներին, պատմություն սիրողներին, բայց եւ ոչ պատմագիտական կրթություն կամ մասնագիտացում ունեցողներին: Գիրքն ուշագրավ է հատկապես պատմության եւ այլ գիտակարգերի (անգամ ոչ հումանիտար) լծորդման բազմաթիվ հնարավորությունների եւ արդյունքների դիտանկյունից:

 

- Իսկ քանի որ հայերեն թարգմանությունն արված է ֆեւրյան խմբագրումից զերծ տարբերակի համաձայն, նկատելի՞ են արդյոք էական տարբերություններ, թե ոչ:  

 

- Հարկավ, տարբերություններ կան, բայց չէի ասի, թե դրանք էական են, անգամ կասեի, որ երբեմն Բլոկի տեքստը Ֆեւրի գրչի տակ ավելի դիպուկ է դառնում: Բայց ես ուրախ եմ, որ հետագայում Բլոկի որդին՝ Էտիեն Բլոկը, հրատարակեց Բլոկի բուն տեքստը՝ առանց խմբագրման: Սա առանձին հետազոտության թեմա է: Ընդ որում՝ Էտիենի կազմած տեքստը, որից եւ արվել է թարգմանությունը, տողատակերում ցույց է տալիս Ֆեւրի խմբագրումները: Իսկ եթե դրանց հավելում ենք ընդարձակ ու բավականին մանրակրկիտ ծանոթագրությունները, ապա հնարավոր է դառնում տեքստի հիպերտեքստային ընթերցումը: 

 

Գրքի չգրված գլուխներն են վեցերորդ՝ «Բացատրությունը պատմության մեջ» եւ յոթերորդ՝ «Կանխատեսության հիմնախնդիրը»  գլուխները: 

 

Անչափ ուշագրավ է գրքի անավարտ հինգերորդ գլխի վերջին նախադասության՝ «Պատճառները պատմության մեջ եւ, ի դեպ, այլ ոլորտներում, չեն կանխադրվում: Դրանք փնտրվում են...» եւ, կտակի համաձայն, նրա գերեզմանաքարին փորագրված Dilexit veritatem (Նա սիրում էր ճշմարտությունը) արտահայտչության խորհրդանշական զուգորդումը: Թերեւս սա նկատի ուներ Լը Գոֆֆն իր առաջաբանում, երբ նշում էր, թե «Անավարտ այս գիրքը պատմական կատարյալ մի արարք է»:

 

«Պատմագրությունն ինձ համար գիտական արձակի տեսակ է»

 

-Թարգմանությունն ուղեկցվում է ընդարձակ ուսումնասիրությամբ եւ հանգամանալից ծանոթագրություններով: Ի՞նչ աշխատանք  է պահանջվել, ի՞նչ դժվարությունների եք հանդիպել ուսումնասիրությունը կատարելիս:  

 

- Դժվարությունները բազմաթիվ էին, ինչպես բոլոր նման դեպքերում՝ թե՛ թարգմանական (որը հրաշալիորեն հաղթահարել է Շուշան Մակարյանը), թե՛ մեկնաբանական: Ինձ համար հատկապես դժվար էր Բլոկի՝ հիշողությամբ մեջբերված տեքստերի բնօրինակների վերականգնումը, քանի որ դրանք մեծ մասամբ բնագրերից տարբերվում էին: Հիմնականում կարողացել եմ գտնել դրանք եւ ծանոթագրել:  

 

Դժվարություններից էր նաեւ հենց հետազոտության վերնագիրը՝ «Apologie pour l'histoire»: Հայերենում մի կողմից՝ ունենք «apologie»-ին համարժեք «ջատագովություն», մյուս կողմից՝ «պաշտպանական» բառերը. ֆրանսերեն «apologie» բառը հին հունարեն բառի համարժեքն է, որը բառացի նշանակում է «պաշտպանական խոսք (նաեւ փաստարկված պնդում)», նաեւ «ջատագովություն», որն ունի գրեթե նույն նշանակությունը («դատական պաշտպանություն, բարեխոսություն», «միջնորդություն»): Բայց եւ մյուս կողմից՝ մեր իրականության մեջ ջատագովությունը գրեթե բացառապես կիրառված է քրիստոնեական իմաստով, եւ ժամանակի ընթացքում ձեռք է բերել ավելի շատ կրոնական իմաստային երանգներ, մինչեւ անգամ՝ «քարոզ կամ քարոզչություն», «գովաբանություն» (թերեւս բառի վերջին «գով»-ի պատճառով, որը կորցրել է իր նախնական «ասել, խոսք» իմաստները եւ ակտիվ է միայն «գովաբանություն, գովեստ» իմաստներով): Իսկ վերջին ժամանակներում բառն, կրոնական երանգին զուգահեռ, նշանակում է նաեւ առհասարակ քարոզչություն, կուրության հասնող ջերմեռանդություն, նույնիսկ կիրառվում է PR-ի իմաստով: Միով բանիվ՝ նախընտրեցինք թարգմանել «պաշտպանական», որը զերծ  է Բլոկի մտադրությանն անհարիր նշված նրբերանգներից: Ի դեպ՝ Լը Գոֆֆն, իր առաջաբանում անդրադառնալով վերնագրին՝ «apologie»-ին բացատրում է նախ եւ առաջ՝ իբրեւ «պատմության պաշտպանություն», քանի որ այն գործադրված է «գրքում հիշատակված բացահայտ հարձակումների, եւ, մասնավորաբար, Պոլ Վալերիի գրոհների դեմ», հետո՝ պատմության պաշտպանությունը նաեւ այն պատմաբաններից, «որոնք պատմությանը ծառայելու համոզմունքով վնասում են նրան»: 

 

Այդպիսի դժվարություններից էր նաեւ որոշ եզրույթներ հայերեն թարգմանելը, մասնավորապես «mentalité» եզրույթը: Մանրամասնությունների մեջ չմտնելով՝ ուղղակի նշեմ, որ Բլոկը կիրառել է  «mentalité» եւ «attitude mentale» եզրույթները, որոնք չէր կարելի թարգմանել մեկ հասկացությամբ՝«մտակեցվածք»-ով, հատկապես երբ վերջինը («attitude mentale») բառացի թարգմանվում է հենց «մտակեցվածք»: Ուստի այդ նրբերանգները պահպանելու համար  հարկ եղավ արդեն մեկ ուրիշ եզրույթ՝ «մտայնությունը» կիրառել «mentalité»-ի համար: Բայց սա էլ հենց խնդրահարույց էր, քանի որ «մտայնություն» եզրույթը ժամանակի ընթացքում զրկվել էր իմաստային այն շերտերից, որոնք ենթադրում է ֆրանսերեն եզրույթը, եւ պահպանել միայն «դիտավորություն», «կանխամտություն» կամ «մտադրություն» նշանակությունները: Բայց եւ մեր պատմաբաններից ոմանք ժամանակին կիրառել են «մտայնություն» եզրույթը եւ հասկացել այն, ինչ նկատի ունեին Աննալների դպրոցի ներկայացուցիչները (այդպիսի ուշագրավ վկայություններ կան Լեոյի աշխատություններում, որին առանձին հոդվածով կանդրադառնամ առաջիկայում): Այդպիսով՝ ընտրեցինք «մտայնությունը»՝ եզրույթը վերաօժտելով կորցրած իմաստով:  

 

Մարկ Բլոկի դիմանկարը Մարկ Բլոկի դիմանկարը

Լուսանկարը` Հեղինակ՝ Էռնեստ Պինյո-Էռնեստ

 

Իսկ ծանոթագրությունները կազմելիս ինձ համար ուղենշային թարգմանություններ են եղել նախ եւ առաջ Պլոտինոսի «Էննեադները» (հին հունարենից թարգմանել, հետազոտել և մեկնաբանել է Ալբերտ Ստեփանյանը), Շառլ Դիլի «Բյուզանդիայի պատմության հիմնախնդիրները» (ֆրանսերենից թարգմանել է Շուշան Մակարյանը, հետազոտել եւ ծանոթագրել է Հրաչ Բարթիկյանը) եւ Շեքսպիրի «Համլետը» (անգլերենից թարգմանել, հետազոտել եւ ծանոթագրել է Արամ Թոփչյանը): Երբ ինձ առաջարկվեց Մարկ Բլոկի աշխատության խմբագրման, հետազոտության եւ ծանոթագրման աշխատանքը, ես աչքիս տակ ունեի հատկապես դրանք եւ մտածում էի՝ «Կամ այդպես եմ անելու, կամ էլ առհասարակ չեմ անի»: Կարծում եմ՝ կարողացել եմ կատարել իմ առջեւ դրված չափանիշներին համապատասխան: Ի դեպ՝ Բլոկի գիրքն այդպիսի ընդարձակ եւ մանրակրկիտ ծանոթագրություններ չունի այլ լեզուներով հրատարակություններում, միայն ռուսերենն է, որ ունի ավելի ընդարձակ, սակայն  ոչ այսչափ մանրակրկիտ ծանոթագրություններ: Խոսքը վերաբերում է հատկապես Բլոկի՝ հիշողությամբ մեջբերվող հատվածների բնօրինակներին, որոնց մասին արդեն խոսեցի:

 

Այստեղ անպայման պետք նշեմ նաեւ թարգմանչի՝ Շուշան Մակարյանի տքնաջան աշխատանքը, որի արդյունքում ունենք հրաշալի հայերենով թարգմանված զիլ մի գործ, որը բառապաշարի ընդգրկունությամբ, լեզվական ճկուն խաղերով ֆրանսերեն տեքստը հայերեն հնչեցրել է բառ(երի)ի կենդանի նրբերանգներով: Այս գործում լուրջ աջակցություն էր եւ հրատարակության խմբագիր Սերգեյ Խաչիկօղլյանի աչալուրջ եւ հետեւողական ընթերցումն ու նրա արած առաջարկները:

 

- Դուք եւ՛ պատմաբան եք,  եւ՛ բանաստեղծ, գրական ստեղծագործության մեջ կարեւորում եք ինտելեկտուալ հույզը եւ նշում եք աշխատանքի եւ հորինումի հազվագյուտ համադրության մասին, որ քչերին է տրված («Ձեզ մի զրկեք ինքներդ ձեզանից ավելի հեռուն գնալու հաճույքից…»,Գրանիշ): Պատմագիտությունը, թվում է՝ թվեր է, փաստեր: Որքա՞ն կարեւոր է ստեղծագործելու՝ հորինումի ունակությունն այս դեպքում:  

 

- Ինչպես ինքներդ ասացիք՝ թվում է: Պատմագիտությունն իրականում թվերից, փաստերից ու եղելություններից անդին ընկած իմաստն է, ավելի ճիշտ՝ իմաստների փունջը: Դեռ Դիոնիսոս Հերակլացին էր պատմությունը բնորոշում իբրեւ «իմաստասիրություն ըստ օրինակների»:

 

Իսկ ինտելեկտուալ հույզը կարեւորում եմ ոչ միայն պոեզիայի մեջ, այլեւ (ոչ պակաս) պատմագիտության, քանի որ համոզված եմ՝ պատմագետի աշխատանքը ենթադրում է մտքի անվերջանալի մշակում եւ կատարելագործում: Բառերը, լինեն բանաստեղծական, թե պատմագիտական, միջոց են համապատասխան վիճակ առաջացնելու համար. պոեզիայի համար դրանք ինտելեկտուալ հույզի այլ ռիթմավորում են ենթադրում, արձակի կամ գիտական արձակի համար՝ այլ: Իսկ պատմագրությունն ինձ համար գիտական արձակի տեսակ է, որը տեղեկութային հիշողությունը լիցքավորում է պատմականությամբ: 

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին