Մանկատանը մեծացած ու երեխաներին սեր տվող Հասմիկը - Mediamax.am

exclusive
7090 դիտում

Մանկատանը մեծացած ու երեխաներին սեր տվող Հասմիկը


Հասմիկ Գուրջինյանը
Հասմիկ Գուրջինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Գուրջինյանը
Հասմիկ Գուրջինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Գուրջինյանը
Հասմիկ Գուրջինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Գուրջինյանը
Հասմիկ Գուրջինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Գուրջինյանը
Հասմիկ Գուրջինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը մեկնարկում է «Կյանքը մանկատնից հետո» շարքը, որը կներկայացնի մանկատան նախկին սաների ճակատագրերը՝ 18 տարին լրանալուց հետո, երբ հարազատ դարձած մանկատունը լքելու ժամանակն է: Շարքը կներկայացնի տարբեր ճակատագրեր՝ ինչպես հաջողության հասած ու կայացած, այնպես էլ՝ անօթեւան եւ գործազուրկ մնացած մարդկանց:

 

Էջմիածնի թիվ 10 «Շուշան» մանկապարտեզի դայակը՝ Հասմիկ Գուրջինյանը մեծացել է Գավառի մանկատանը։ Հիմա իր ողջ սերը նա տալիս է 2-3 տարեկան երեխաներին, որոնց հետ աշխատում է։

 

Հասմիկը ձեռքի տարբեր աշխատանքներ է կարողանում անել, երկար տարիներ  զբաղվել է գորգագործությամբ:

 

«Աշխատանքներս ներկայացվել են ցուցահանդեսների, վաճառքի։ Դեռեւս մանկատանը առաջին վարձատրությունս գործած գորգի վաճառքից եմ ստացել։ Սիրով եմ զբաղվում գորգագործությամբ, սակայն հիմա ավելի քիչ, քանի որ տեսողական խնդիրներ ունեմ», - պատմում է Հասմիկը:

Հասմիկ Գուրջինյանը Հասմիկ Գուրջինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոտ 10 տարի է, ինչ Հասմիկն ապրում է «Մեր տունը» հասարակական կազմակերպությունում։ Մեդիամաքսի հետ զրույցում նա խոսել է մանկատանն ապրելու, այնտեղից դուրս գալուց հետո կայանալու բարդությունների եւ 12 տարի անց վերջապես բնակարան ստանալու մասին։

 

«23  տարեկանից ուզում էի աշխատել, որպեսզի տանը չնստեմ։ Անընդհատ գնում էի աշխատանք փնտրելու: Երեխաների շատ-շատ եմ սիրում: Ցանկացա մանկապարտեզում աշխատել, երեխաներին տալ այն սերը, որն ինքս չեմ ստացել: Մանկատանն էլ էի խնամում ինձանից փոքր երեխաներին: Ճիշտ է, երեխաների հետ հեշտ չէ, սակայն լրիվ այլ աշխարհ ես տեղափոխվում։ Մանկապարտեզում աշխատանքի անցնելուց հետո կյանքս լիովին փոխվեց` երեխաներն ինձ այնքան բարի, դրական էներգիա են տալիս։ Իմ երեխաների պես սիրում եմ այդ փոքրիկներին»,- ասում է Հասմիկը։

 

Ապագայի ծրագրեր կազմել նա զգուշանում է, սակայն լիահույս է, որ ունենալու է գեղեցիկ ու սիրառատ ընտանիք։ «Շատ լավ եմ պատկերացնում ընտանիքս: Գիտեմ, որ հետագայում կհանդիպեմ ինչ-որ մեկի, ում հետ կարող եմ ընտանիք կազմել, երեխաներ ունենալ ու նրանց տալ այն ջերմությունը, որն ինքս չեմ ստացել: Կյանքը ցույց կտա՝ ինչպիսի մայրիկ կլինեմ, սակայն փոքրիկների հետ աշխատելու ընթացքում ինձ հաճախ են ասել, որ լավ մայրիկ կլինեմ: Ասում են՝ եթե ուրիշի երեխային այդքան սեր ես տալիս, պատկերացնում ենք՝ ինչպես կվերաբերվես քո երեխաներին։ Երբեմն ինձ նախատում են փոքրիկներին երես տալու համար, բայց շատ անգամ չեմ մերժում նրանց, որովհետեւ մտածում եմ՝ երեխա են, թող խաղան, իրենց մանկությունը վայելեն։ Հաճախ ծնողները գալիս են ու շնորհակալություն հայտնում, որ իրենց երեխային այդքան լավ եմ վերաբերվում»,- ասում է Հասմիկը ։

Հասմիկ Գուրջինյանը Հասմիկ Գուրջինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

30-ամյա Հասմիկը մանկատանը հայտնվել է 8 տարեկանում, բայց դրանում դրականն է տեսնում։ «Երբ գնացի մանկատուն, սերը պակասեց, սակայն ես ավելի ապահովված էի՝ թե սննդով, թե հագուստով, թե միջավայրով: Երբ 18 տարիս լրացավ, պետք է դուրս գայի մանկատնից։ Երեւի ամենադժվար փուլն էր։ Մտածում էի՝ ուր պետք է գնամ, ինչ պետք է անեմ։ Ինձ ասացին, որ «Մեր տունը» հասարակական կազմակերպություն է բացվելու։ Պետք է ընտրեի՝ գալ այստեղ, թե գնալ Երեւան՝ մայրիկիս մոտ։ Գերադասեցի «Մեր տունը», որովհետեւ այստեղ ավելի ապահով կլինեի, քան մամայիս հետ: 19 տարեկանում տեղափոխվեցի այստեղ, Աստված ինձ ուղղորդեց սուրբ քաղաք՝ Էջմիածին:

 

Մորս ու ընտանիքիս մյուս անդամների հետ կապ չեմ պաշտպանում։ Քույրս ու եղբայրս էլ են մանկատանը մեծացել: Հիմա նրանցից յուրաքանչյուրն իր ընտանիքն ունի: Առաջ կապ ունեինք, հիմա՝ չէ։ Երբեմն զանգահարում ենք իրար: Իրենք իրենց ընտանիքներն ունեն»:

 

Հասմիկը կապ չի պաում նաեւ մանկատան մյուս երեխաների հետ։ Ասում է՝ հիմա ընկերուհիներ ունի, բայց քիչ, իսկ մանկատան հետ կապված հիշողություններն ուզում է ջնջել: «Ուզում եմ իմ կյանքով ապրել եւ հետ չգնալ մանկություն: Շատ անգամ ուզում եմ ջնջել այդ ամենը: Ճիշտ է, ապրել եմ լավ պայմաններում, բայց չեմ ուզում հիշել մանկությունս»:

 

Նա նշում է, որ մանկատան երեխաների համար ճնշող է հասարակության վերաբերմունքը, ապա հպարտությամբ հավելում, որ «Մեր տան» աղջիկներին «վատ աչքով» չեն նայում: «Մանկատանն անցկացրել եմ իմ մանկությունն ու պատանեկությունը: Այն ժամանակ չէի մտածում, որ դուրս գամ, ինչ-որ մեկը կարող է ասել՝ մանկատան երեխա է: Այսքան ժամանակ թույլ չեմ տվել, որ ինձ խղճան: Հնարավորինն արել եմ, որ ինձ հավասարի պես վերաբերվեն ու չասեն՝ մանկատան աղջիկ է: Մարդ ինքը չպիտի թույլ տա, որ իր մասին ավելորդ խոսակցություններ լինեն: Սակայն շատ անգամ, երբ լսում են մանկատուն բառը, այլ կերպ են նայում քեզ: Իհարկե, կան մարդիկ, որ միանգամից դրական են վերաբերվում, բայց ավելի քիչ։ Շատերը մտածում են՝ ծնող չունես, կողքիդ աջակից չկա, քեզնից վատն են սպասում: Մտածում են՝ եթե մեկը մի վատ արարք է անում, դու էլ կարող ես դա անել»,- ասում է Հասմիկը։

 

Նա հպարտությամբ է նշում, որ կարողացել է կայանալ, աշխատանք գտնել, ապա հավելում, որ դեռեւս 5-6-րդ դասարանում փորձել է ինքնուրույն լինել:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մանկատնից հետո հեշտ չէ, սակայն աշխատասեր մարդը կարող է գտնել իրեն: Շատ անգամ մեր երեխաները կարծես օգնության ակնկալիք ունենան դիմացինից: Կարծում եմ՝ չպիտի միայն դիմացինիդ օգնությանը սպասես, պիտի մատդ մատիդ տաս, աշխատես: Եթե մարդն աշխատասեր է, ամեն ինչի էլ կհասնի: Այն, որ մանկատան երեխաները հաճախ խնդիրների մեջ են ընկնում, փողոցում հայտնվում, նաեւ իրենցից է գալիս։ Չի կարելի ամեն ինչ բարդել պետության վրա: Մարդը պետք է կարողանա լուծել իր հարցերը, աշխատանք գտնել»,- կարծում է նա։

 

Չափահաս դառնալուց 12 տարի անց նա արդեն մոտ է բաղձալի երազանքին` պետք է բնակարան ստանա Մարալիկում։ Նախատեսում է աշխատանքի անցնել այնտեղի մանկապարտեզում. «Շատ եմ կարոտելու այստեղի փոքրիկներին, սակայն հասկանում եմ, որ միայնակ ապրելու, ինքնուրույն լինելու ժամանակն է։ Ես մեծ աղջիկ եմ՝ 30 տարեկան»:

 

Հասմիկը խոստովանում է , որ մտավախություններ ունի՝ կապված հետագայի հետ։ Թախիծով ասում է, որ սովորել է կոլեկտիվ կյանքի, մենակությունը դժվար է լինելու, ապա փայլող աչքերով հավելում, որ «Մեր տան» տնօրինությունը խոստացել է աջակցել իրեն եւ միայնակ չթողնել։

 

«Թեեւ ցույց չեմ տալիս, ինձ համար շատ դժվար է։ Միայնակության զգացողություն եմ ունենում ու մի քիչ վախենում։ Մտածում եմ՝ մենակ աղջիկ եմ, ինչպես է լինելու, սակայն հասկանում եմ, որ շատ բան ինձանից է կախված: Ես չպիտի թույլ տամ, որ խնդիրներ առաջանան: Ի վերջո, «Մեր տունը» ժամանակավոր է, պետք է ունենամ իմ առանձին անկյունը: Անընդհատ վախենալով ոչնչի չեմ հասնի։ Մանկատան երեխաները թույլ չեն` մանկուց կոփվում են: Դրա համար հետագայում կարողանում են աշխատել, ապրել»,- ասում է նա։

 

Հասմիկի խոսքով, կարեւոր է տեղն ուրիշ աղջիկների զիջելը, ինքն այստեղ շատ բան է սովորել, թող մյուսներն էլ նման հնարավորություն ունենան։

 

Ամալյա Հովհաննիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին