Մանկատանը մեծացած ապագա դիզայներ Արփինեն - Mediamax.am

exclusive
10683 դիտում

Մանկատանը մեծացած ապագա դիզայներ Արփինեն


Արփինե Գրիգորյանը
Արփինե Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեք քույրերը
Երեք քույրերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփինե Գրիգորյանը
Արփինե Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփինե Գրիգորյանը
Արփինե Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփինե Գրիգորյանը
Արփինե Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփինե Գրիգորյանը
Արփինե Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Մանկատնից հետո» հատուկ նախագիծը, որը ներկայացնում է մանկատան նախկին սաների ճակատագրերը՝ 18 տարին լրանալուց հետո, երբ հարազատ դարձած մանկատունը լքելու ժամանակն է: Հոդվածաշարը ներկայացնում է տարբեր ճակատագրեր՝ ինչպես հաջողության հասած ու կայացած, այնպես էլ՝ անօթեւան եւ գործազուրկ մնացած մարդկանց:

 

Հայկական պետական մանկավարժական համալսարանի Դիզայնի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի ուսանողուհի Արփինե Գրիգորյանն երազում է լավ դիզայներ դառնալու մասին։ Նա աշխարհը նվաճելու միտում չունի, սակայն նպատակադրվել է լավ մասնագետ դառնալ եւ իր դիրքն ունենալ հասարակության մեջ։

 

21-ամյա Արփինեն մեծացել է Վանաձորի մանկատանը, որտեղ երկու քույրերի հետ հայտնվել է, երբ 4 տարեկան էր։ Ասում է՝ ինքն արտոնյալի կարգավիճակում էր՝ ամենափոքրն էր, եւ քույրերը միշտ խնամում էին իրեն։

 

«Ինձ ու քույրերիս շատ է մտերմացրել այն, որ մենք միայն իրար ունենք: Մանկատանը երեքով էինք։ Միշտ զգացել ենք, որ չենք կարող առանց միմյանց, սակայն չեմ կարող ասել, թե մինչեւ մանկատունն այդպես չէր։ Ես հիշում եմ, թե փոքր տարիքում ինչպես էին երկու քույրերս օգնում մայրիկիս ու խնամում ինձ»,- հիշում է Արփինեն: Ավագ քույրն իրենից 4 տարով է մեծ, միջնեկը՝ 3։

Երեք քույրերը Երեք քույրերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանկատան սաների համար ամենամեծ խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ լրանում է նրանց 18 տարին, եւ հարց է ծագում՝ ո՞ւր են գնալու, ինչպե՞ս են ապրելու․

 

«Գիտես, որ 18 տարեկանում պետք է դուրս գաս, բայց չգիտես՝ ինչ քայլեր պետք է անես: 14 տարի այդ հաստատության մեջ ես եղել եւ մի օր պետք է դուրս գաս, ունենաս քո անձնական առօրյան: Դա շատ դժվար է: Մեր մանկատան տնօրենը շատ ուշադիր է։ Եթե խնդրում ես որոշակի ժամանակ, որպեսզի աշխատանք եւ բնակարան գտնես, հնարավորություն է տալիս, քանի որ պատասխանատու է զգում քեզ համար: Ես եւ քույրերս 18-ից անմիջապես հետո չենք հեռացել մանկատնից»։

 

Մանկատանը մեծացած մարդկանց բնակարան ստանալու հարցը լիարժեք լուծված չէ: Որպես շահառու ընդգրկված լինելը դեռ ոչինչ չի նշանակում. պետք է հերթդ հասնի։ Հիմա երեք քույրերն էլ բնակվում են «Մեր տունը» հասարակական կազմակերպությունում, սակայն մտածում են ինքնուրույն կյանք սկսելու մասին։

Արփինե Գրիգորյանը Արփինե Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ի վերջո, մի օր դուրս ենք գալու այստեղից։ Եթե աշխատանք ունես եւ կարող ես դրսում ապրել, պետք է դուրս գաս: Իհարկե, տնօրինությունը քեզ մենակ չի թողնում, հետեւում է՝ կարո՞ղ ես միայնակ ապրել, թե՞ ոչ: «Մեր տունը» շատ բան է տվել մեզ։ Այստեղ սովորում ենք էթիկա-էսթետիկա, վարվեցողություն, որը մեզ օգնում է կյանքում: Բացի այդ՝ խմբակներ կան, որոնց հաճախում ենք՝ ըստ մեր նախասիրությունների։ Օրինակ՝ յոգայի, պարի։ Ինձ համար այստեղ լավ է, սակայն եթե կայուն աշխատանք ունենամ, իմանամ, որ քույրերով կարող ենք ապահովել մեր կենցաղը, կցանկանամ տեղափոխվել»,- ասում է նա։

 

Արփինեն  կարեւորում է այն հանգամանքը, որ «Մեր տանը» իրենց հանդեպ շատ ուշադիր են, հետեւում են յուրաքանչյուր քայլին. «Ամեն ընտանիքում էլ ծնողներն իրենց երեխայի համար որոշում են` ինչն է լավ, ինչը վատ: Նույնն այստեղ է: Եթե ես իմ կուրսեցիների հետ ուզում եմ գնալ քաղաքից դուրս, կամ դասերից հետո զբոսնելու, նախ տեղեկացնում եմ այստեղի աշխատակիցներին: Ես իրենց իսկական զավակը չեմ, սակայն իրենք պատասխանատու են ինձ համար, անհանգստանում են, դրա համար էլ խիստ են»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփինեն հիշում է, որ իր եւ քույրերի համար ամենաբարդը եղել է միմյանցից բաժանվելը։ «Երբ ավագ քույրս չափահաս դարձավ, պետք է դուրս գար մանկատնից։ 22 տարեկանում նա եկավ «Մեր տուն»։ Բաժանումը դժվար էր, սակայն գիտեինք, որ նա ավելի ապահով տեղում է լինելու, մագիստրատուրայում է սովորելու, դրա համար հանգիստ էինք: Ես մենակ չմնացի։ Միջնեկ քույրս շարունակում էր մանկատանն ապրել։ Ես ու նա միաժամանակ եկանք «Մեր տուն»։ Եթե անգամ «Մեր տունը» չլիներ, մանկատնից դուրս գալուց հետո մենք էլի միասին էինք լինելու: Երբեք առանց իրար չենք ապրել: Ամենակարեւորն այն է, որ իրար ունենք: Ճիշտ է, ուրիշ բարեկամներ էլ ունենք, բայց եթե ինչ-որ դժվար կացության մեջ ընկնենք, առաջինը մենք պիտի օգնենք իրար: Քոլեջում սովորելու տարիներին պրակտիկայի էինք գնում ֆաբրիկաներում։ Աչքի էի ընկել աշխատասիրությամբ ու որակյալ արտադրանքով, ինձ առաջարկեցին մնալ Վանաձորում եւ աշխատել ֆաբրիկայում, սակայն որոշեցի գալ եւ խորացնել մասնագիտական հմտություններս, բարձրագույն կրթություն ստանալ։ Սկզբում երկմտում էի, սակայն այն, որ Էջմիածնում երեքով էինք լինելու, ինձ շատ օգնեց։ Ինձ համար դա շատ կարեւոր է»,- ասում է ապագա դիզայները։

 

Էջմիածին տեղափոխվելուց հետո Արփինեի առջեւ նոր հորիզոններ են բացվել։  Միեւնույն ժամանակ, փոփոխությունը հեշտ չի տրվել։ Նա նշում է, որ Վանաձորում ավելի փոքր հասարակություն է։ Երեւանում ամեն բան այլ է։ Պետք է հարմարվել նոր միջավայրին։

 

«Սկիզբը դժվար էր՝ նոր շրջապատ, նոր ծանոթներ, պետք է փորձես հաստատվել: Համալսարանում ավելի շուտ ես մեծանում եւ զարգանում։ Մանկատանը երեխաների հետ շփումն օգնում է, որ դրսում էլ հեշտությամբ ընկերներ ձեռք բերել: Ես շփվող եմ, հիմնականում շփման խնդիր չեմ ունենում: Համալսարանում շուտ ձեռք բերեցի ընկերներ։ Կուրսում իմ մտերիմ մարդիկ գիտեն, որ «Մեր տանից» եմ: Դա իմանալուց հետո իրենց վերաբերմունքը չի փոխվել: Երբ պատմում եմ «Մեր տան» մասին, հումորով ասում են՝ կլինի՞ մենք էլ գանք այդտեղ ապրենք, բայց դե իրենք իրենց ընտանիքն ունեն...»,- պատմում է նա։

Արփինե Գրիգորյանը Արփինե Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփինեն նշում է, որ հասարակության վերաբերմունքը մանկատան երեխաների հանդեպ միանշանակ չէ: «Շատերը փոխում են վերաբերմունքը, երբ իմանում են, որ մանկատան երեխա ես: Երեւի հենց դա է պատճառը, որ որոշ դեպքերում չենք ցանկանում, որ մարդիկ իմանան այդ մասին: Թեեւ հիմա շատ բան է փոխվել՝ ավելի հեշտ ենք վերաբերում այդ ամենին: Մեծանում ես, եւ դա քեզ համար դառնում է սովորական ու հարազատ։ Բոլորս էլ կցանկանայինք ընտանիքում մեծանալ, սակայն այնպես է ստացվել, որ մանկատանն ենք մեծացել: Շատերս ուրախ ենք, որ այնտեղից ենք, որովհետեւ չենք կարող ասել՝ ինչ կպատահեր մեզ հետ, ինչ պայմաններում կապրեինք, եթե մանկատանը չլինեինք»,- ասում է նա, ապա հավելում, որ մանկատանն իրենց հանդեպ ուշադիր էին: Օրինակ՝ իրենք լավ պարում են, քանի որ մանկուց պարի դասերի են գնացել: Ինքը նաեւ լողի է գնացել, կարճ ժամանակում առաջընթաց գրանցել եւ մասնակցել մարզային մրցումների:

 

«Բոլորի համար ստեղծվում են հնարավորություններ: Եթե նկատում են շնորհալի երեխայի, փորձում են աջակցել: Ինչո՞ւ չէ, եթե ես մանկատանը չլինեի, չէի ունենա այս մակարդակի գիտելիքներ: Ճիշտ է, ես երբեք գոհ չեմ ինձանից. ինչքան սովորում ես, քեզ թվում է՝ ոչինչ չգիտես, բայց եթե մանկատանը չլինեի, այդ զգացողությունն էլ չէի ունենա։ Մանկատան երեխաների ծնողներն էլ կարող են լինել եւ՛ լավը, եւ՛ վատը, հասարակության մյուս շերտերի երեխաներինն էլ: Շատ ընտանիքներ կան, որտեղ երեխաները սեր, ճիշտ դաստիարակություն չեն ստանում իրենց ծնողներից»,- ասում է Արփինեն:

Արփինե Գրիգորյանը Արփինե Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իր մասնագիտական ընտրությունը նա արել է մանկատան սաներից մեկի ազդեցությամբ՝ «Մանկատանը դիզայներ աղջիկ կար: Ինձ շատ էր հետաքրքրում իր ստեղծագործական պրոցեսը: Հետեւելով իր աշխատանքին՝ մեջս ցանկություն առաջացավ, որ ես էլ դիզայներ դառնամ: Ընդունվեցի Վանաձորի տարածաշրջանային պետական քոլեջ՝ դիզայնի բաժին։ Հիմա արդեն սովորում եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Վանաձորում շատ բան եմ սովորել, սակայն այստեղ դասախոսների փորձառությունն ավելի մեծ է: Բացի հագուստի դիզայնից անցնում ենք նաեւ գոբելեն, կարպետ, ասեղնագործություն, գործել եւ այլ հմտություններ: Մեր նպատակն է ստեղծել գոբելենի, կարպետի, գորգերի նախշեր: Հետագայում կարող ենք դրանք տալ արդյունաբերական հաստատությունների: Կարող եմ դառնալ նաեւ նկարչության, գոբելենի, կարպետի ուսուցչուհի»,- լիահույս ասում է Արփինեն:

Արփինե Գրիգորյանը Արփինե Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ապագա դիզայները երազում է ունենալ արվեստի իր կենտրոնը, որը կզբաղվի դիզայներական աշխատանքներով, նկարչությամբ: «Ուզում եմ լինել շատ լավ մասնագետ, որպեսզի ունենամ իմ դիրքը հասարակության մեջ: Պետք է միջակ չլինես: Յուրօրինակ եւ ուժեղ լինելու դեպքում հասարակությանը ցույց կտաս, որ դու կարող ես: Ես երբեք չեմ ձգտել լինել առաջինը, սակայն միշտ ցանկացել եմ լինել լավը»,- ասում է նա:

 

Ամալյա Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին