Սեփական օջախի մասին երազող եւ հրաշքների հավատացող Արփինեն - Mediamax.am

exclusive
9380 դիտում

Սեփական օջախի մասին երազող եւ հրաշքների հավատացող Արփինեն


Արփինե Թերմենժյանը
Արփինե Թերմենժյանը

Լուսանկարը` Խաչատուր Գեւորգյան

Լուսանկարը` Խաչատուր Գեւորգյան

Պետրոս Եղիկյանը եւ Արփինե Թերմենժյանը
Պետրոս Եղիկյանը եւ Արփինե Թերմենժյանը

Լուսանկարը` Խաչատուր Գեւորգյան

Արփինե Թերմենժյանը
Արփինե Թերմենժյանը

Լուսանկարը` Խաչատուր Գեւորգյան

Արփինե Թերմենժյանը
Արփինե Թերմենժյանը

Լուսանկարը` Խաչատուր Գեւորգյան

Արփինե Թերմենժյանը
Արփինե Թերմենժյանը

Լուսանկարը` Խաչատուր Գեւորգյան

Արփինե Թերմենժյանը
Արփինե Թերմենժյանը

Լուսանկարը` Խաչատուր Գեւորգյան


Մեդիամաքսը շարունակում է «Մանկատնից հետո» հատուկ նախագիծը, որը ներկայացնում է մանկատան նախկին սաների ճակատագրերը՝ 18 տարին լրանալուց հետո, երբ հարազատ դարձած մանկատունը լքելու ժամանակն է: Հոդվածաշարը ներկայացնում է տարբեր ճակատագրեր՝ ինչպես հաջողության հասած ու կայացած, այնպես էլ՝ անօթեւան եւ գործազուրկ մնացած մարդկանց:

 

«Պահի, պահի, պահի…»։ Այս բառերը հաճախ ենք լսում ծանրամարտի այս ու այն առաջնության ժամանակ, երբ մեր ծանրորդները հերթական անգամ փորձում են գլխավերեւում պահել եւ հաղթահարել հերթական կիլոգրամները: Այս անգամ զիլ ձայնով հնչող հրահանգը հնչում է Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:

 

20-ամյա Արփինե Թերմենժյանը Հայաստանի ծանրամարտի երիտասարդների կրկնակի չեմպիոն է, մասնակցել է նաեւ մեծերի մրցումներին՝ գրավելով երկրորդ տեղը: Հիմա էլ ձգտում է ավելի լավ արդյունք ցույց տալ ու մասնակցել աշնանը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Անձնական մարզիչը՝ Պետրոս Եղիկյանը, հպարտորեն նշում է. «Արփինեն մեզ դեռ մեդալներ է բերելու, միջազգային հարթակներում մենք նրան դեռ կտեսնենք»:

Պետրոս Եղիկյանը եւ Արփինե Թերմենժյանը Պետրոս Եղիկյանը եւ Արփինե Թերմենժյանը

Լուսանկարը` Խաչատուր Գեւորգյան

Արփինեն համեստ է, ասում է՝ Հայաստանում լավագույնը չէ, բայց նպատակադրվել է, հաստատ ապագայում ավելի լավ արդյունք է ցույց տալու․ «Երազում եմ կանգնել առաջին հարթակում, որ մեր հիմնը հնչի, դրոշը բարձրանա, որ մերոնք հպարտանան ինձանով»:

 

«Մերոնքն» այս դեպքում Գյումրու «Հույս» մանկատան ներկա ու նախկին սաներն ու աշխատողներն են: Արփինեն 10 տարեկանից ապրել է «Հույս»-ում՝ հուսալով, որ մի օր մաման գալու է:

 

«Ես ծնվել եմ Կրասնոդարում, պապայիս չեմ ճանաչում, չգիտեմ էլ՝ ով է։ Շատ փոքր էի, երբ եկանք Հայաստան, սկզբում ապրում էինք Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում, լավ էր…»,- Արփինեն խոսքը կիսատ է թողնում, հուզմունքը զսպելու համար շարունակում է մարզվել:

 

Արփինեի համար ընտանեկան երջանկությունը 10 տարի է տեւել: Ճիշտ այդքան բնակվել է մոր հետ, վայելել մայրական քնքշանքն ու անհոգ մանկությունը:

 

«10 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Շիրակի մարզ: Ինձ ու 7-ամյա քրոջս, ով ծնվել էր մամայիս երկրորդ ամուսնությունից, տեղափոխեցին Գյումրու մանկատուն, սկզբում լավ էր, բայց կարճ չանցած քույրիկիս մամայի համաձայնությամբ որդեգրեցին ու տարան Իտալիա: Գիտե՞ք՝ ինչքան եմ տանջվել… Քույրիկիս կարոտելն ուրիշ էր… Դա հասկանում էին նաեւ իր խորթ ծնողները, ովքեր որոշեցին ինձ էլ տանել: Չգնացի: Երազում էի, հավատում, որ մամաս դեռ գալու է, քրոջս էլ հետ բերենք, միասին ապրենք: Ոչ մի երազանքս չկատարվեց, լավ է՝ քույրիկս չեկավ հետ, ինձ պես մնալու էր անտեր…»։

Արփինե Թերմենժյանը Արփինե Թերմենժյանը

Լուսանկարը` Խաչատուր Գեւորգյան

Երկու տարի առաջ չափահաս դարձած ու մանկատնից դուրս եկած Արփինեն առ այսօր մորը չի հանդիպել, տուն չունի՝ ժամանակավոր ապաստան են տալիս ընկերներն ու նախկին մանկավարժները:

 

«Իմ կյանքը շատ դաժան ստացվեց: 15 տարեկան էի, երբ մեր մանկատունը վերափոխվեց «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի, այդ ժամանակ իմ պես, այսինքն՝ մամա-պապա չունեցող երեխաներին տանելու էին այլ մանկատներ՝ մերը գիշերօթիկ էր դառնում: Հարցս օդում էր կախված՝ մամա ունեի, ինձանից չէր հրաժարվել: Հայտնվեց այդ օրերին, չհրաժարվեց ինձանից, ես էլ դարձա գիշերօթիկի սան, ով շաբաթ-կիրակի գնալու էր տուն: Չտարավ: Հենց այդ ժամանակից էլ սկսեցի մնալ ինձ սիրող մարդկանց տներում... Մամայիս մեկ էլ տեսա, երբ անձնագիր պետք է հանեի, ու վերջ: Հենց այդ ժամանակ էլ իմացա հասցեն՝ Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղում է ապրում… Էլ չեմ կարոտում իրեն, ինքը թողեց ինձ»։

Արփինե Թերմենժյանը Արփինե Թերմենժյանը

Լուսանկարը` Խաչատուր Գեւորգյան

Արփինեն այլեւս չի խոսում, լուռ շարունակում է մարզվել՝ հոգսերը շատ են, մայր ունենալու փափագով թողել է քրոջը, մայր ունենալու փափագով էլ նույն մորը գտել ու համոզել է չհրաժարվել իրենից, չի գնացել մանկատուն՝ այդ պատճառով զրկվելով նաեւ բնակարանից․

 

«Ախր ինձ պետությունը տուն չտվեց, դե չի էլ հասնում: Ես չափահաս դարձա որպես գիշերօթիկի սան»:

 

Սեփական տանիք: Արփինեի համար անհասանելի երազ է թվում: Ասում է՝ իր տարեկիցները, երբ արդեն լքում են գիշերօթիկը, ձգտում են կապ չպահել հին ընկերների հետ, ջնջել անցյալն ու մաքուր էջից նոր կյանք սկսել, այս աղջկա դեպքում ճիշտ հակառակն է՝ ոտքերը իրենք իրենց են Արփինեին նախկին կրթօջախ տանում, տեղ չունի գնալու:

 

«Շատ եմ սիրում մեր տնօրենին՝ տիկին Անահիտին, մամայի պես է ինձ պահել, երբ նեղվում եմ, գիտեմ, որ հանգիստ կարող եմ գնալ իր մոտ, ու ոչինչ, որ այլեւս իր աշակերտուհին չեմ: Այնտեղ սիրում եմ բոլորին՝ յուրաքանչյուր մանկավարժ մի ծնող է ինձ համար՝ յուրաքանչյուր պահի պատրաստ օգնության ձեռք մեկնելու, իրենց տուն հրավիրելու, որ գիշերը դրսում չմնամ»:

 

Ամուսնանալ, ընտանիք կազմել՝ Արփինեն դեռ նման պլաններ չունի, ասում է՝ դեռ պետք է քոլեջն ավարտի ու իր նպատակին հասնի՝ մարզիչ դառնա:

 

«Այ տեսեք, մեդալ էլ եմ բերելու, մարզիչ էլ եմ դառնալու, հետո էլ կհարստանամ ու տուն կառնեմ, հո ամբողջ կյանքում սրա-նրա տանը չե՞մ ապրելու»,- Արփինեն լավատես է, ավելի քան վստահ, որ շուտով իր կյանքում հրաշք է լինելու, թե ինչ հրաշք՝ ինքն էլ չգիտի:

Արփինե Թերմենժյանը Արփինե Թերմենժյանը

Լուսանկարը` Խաչատուր Գեւորգյան

Իսկ մինչ հրաշքների իրականանալը դեռ այս պահի պլաններն է ներկայացնում․ «Այսօր գնալու եմ Գրետայենց տուն՝ իմ լավագույն ընկերուհին է, իր տնեցիների համար տարբերություն չկա, սիրում են հարազատ աղջկա պես, դեռ այնտեղ կգիշերեմ»։

 

Լռում է՝ թաց աչքերը անհայտ կետի հառելով․

 

«Հույս ունեմ, մի օր ես էլ իմ տունը կունենամ, ինձ մեկը կօգնի, ձեռք կմեկնի, ես էլ իմ տուն կհրավիրեմ իմ պես անօթեւանին, հուսամ»․․․

 

Արմինե Ավետիսյան

 

Լուսանկարները՝ Խաչատուր Գեւորգյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին