«Գլուխս բարձր եմ մանկատուն մտել». Անի Ծառուկյան - Mediamax.am

exclusive
9627 դիտում

«Գլուխս բարձր եմ մանկատուն մտել». Անի Ծառուկյան


Անի Ծառուկյանը ՝ դստեր հետ
Անի Ծառուկյանը ՝ դստեր հետ

Լուսանկարը` Անի Ծառուկյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Անի Ծառուկյանի անձնական արխիվից

Անի Ծառուկյանը՝ ամուսնու հետ
Անի Ծառուկյանը՝ ամուսնու հետ

Լուսանկարը` Անի Ծառուկյանի անձնական արխիվից

Անի Ծառուկյանը՝ ամուսնու եւ դստեր հետ
Անի Ծառուկյանը՝ ամուսնու եւ դստեր հետ

Լուսանկարը` Անի Ծառուկյանի անձնական արխիվից

Անի Ծառուկյանը՝ ամուսնու հետ
Անի Ծառուկյանը՝ ամուսնու հետ

Լուսանկարը` Անի Ծառուկյանի անձնական արխիվից


Մեդիամաքսը շարունակում է «Մանկատնից հետո» հատուկ նախագիծը, որը ներկայացնում է մանկատան նախկին սաների ճակատագրերը՝ 18 տարին լրանալուց հետո, երբ հարազատ դարձած մանկատունը լքելու ժամանակն է: Հոդվածաշարը ներկայացնում է տարբեր ճակատագրեր՝ ինչպես հաջողության հասած ու կայացած, այնպես էլ՝ անօթեւան եւ գործազուրկ մնացած մարդկանց:

 

28-ամյա Անի Ծառուկյանը մեծացել է Գավառի մանկատանը։ Առաջին տպավորությամբ շփվող ու աշխույժ աղջիկ է, ասում է՝ ժամանակին այդպիսին չէր։ Մի շարք բարդույթներ ուներ, խոսելիս կարմրում էր, ամաչում, այնքան չխոսկան էր, որ մանկատան դաստիարակը սկզբում կարծել է, թե համր է։ Նրա խոսքով, բարդույթներից ձերբազատվել իրեն օգնել է մասնագիտությունը։ Անին մանկավարժ–հոգեբան է։ Եղբոր հետ միասին նա հայտնվել է մանկատանը, երբ 6 տարեկան էր։

 

«Եղել են երեխաներ, ովքեր ամաչել են մանկատան դռնից ներս մտնել, իսկ ես գլուխս բարձր եմ մտել։ Ինչ արել են, մեր ծնողներն են արել։ Մենք մեղավոր չենք, որ հայտնվել ենք այնտեղ։ Մենք միայն կարող ենք ճիշտ ապրել մեր կյանքն ու նույն ձեւով չպատասխանել մեր երեխաներին, չանել այն, ինչ ծնողները մեր հանդեպ են արել։ Փառք Աստծո, Գավառում էլ, «Մեր տունը» ՀԿ-ում էլ մեզ այնպես են դաստիարակել, որ շատ հանգիստ շփվում ենք հասարակության տարբեր շերտերի հետ։ Կարող ենք նույնիսկ խորհուրդներ տալ մեր ընկերներին»,- ասում է Անին։

 

Դպրոցն ավարտելուց հետո՝ 17 տարեկանում նա տեղափոխվել է Էջմիածին՝ «Մեր տունը» կազմակերպություն։ Ապա` ամուսնացել է զինվորական նվագախմբի անդամ Հայկի հետ ու հարս գնացել Եղեգնաձոր։ Հիմա ամուսնու եւ դստեր հետ ապրում է Նուբարաշենում։

Անի Ծառուկյանը՝ ամուսնու հետ Անի Ծառուկյանը՝ ամուսնու հետ

Լուսանկարը` Անի Ծառուկյանի անձնական արխիվից

Անին ու Հայկը ծանոթացել են «Մեր տանը», երբ Հայկը ծառայում էր Էջմիածնի զորամասում, որտեղի երաժշտական խմբի եւ ՀԿ-ի աղջիկների հետ հանդիպման ժամանակ տեսել է Անիին ու առաջին հայացքից սիրահարվել։ Մոտ 4 տարի է, ինչ ամուսնացած են։ Նրանց դուստրը 3 տարեկան է։ Անին ասում է՝ փոքրիկի ծննդից հետո կյանքը լրիվ այլ երանգ է ստացել։

 

«Մինչեւ ամուսնությունս շատ վատ դեպք եղավ՝ գաղտնի թոքաբորբի պատճառով եղբայրս մահացավ։ Այդ ժամանակ նույնիսկ ապրելու ցանկություն չունեի, քանի որ նա շատ լավ եղբայր էր ինձ համար։ Այնքան սիրով էինք իրար հետ, մանկատանը բոլորը մատով էին ցույց տալիս մեզ վրա։ Ընտանիք կազմելուցս հետո ամեն ինչ փոխվեց, նորից հույսով լցվեցի»,- ասում է Անին ու հավելում, որ ամուսնական կյանքում ամեն բան այլ է՝ պատասխանատվությունն ավելի մեծ է, պարտականությունները՝ շատ, բայց իր համար բարդ չէր ընտելանալը, քանի որ հեշտ է հարմարվում։

 

«Այլ բան է, երբ ապրում ես «Մեր տանը» հասակակից աղջիկների հետ, այլ բան՝ երբ ընտանիքում, որտեղ մեծեր կան։ Ինձ շատ օգնեց, որ ամուսնուս ընտանիքն ինձ ջերմ ընդունեց։ Իրենց  բարեկամները շատ ամուր են կանգնած իրար կողքի, ամեն առիթով հավաքվում են։ Ինձ միշտ շատ լավ են վերաբերվել եւ չեն թողել, որ ինձ մենակ զգամ»,- պատմում է Անին։ Նա նշում է, որ իր համար միակ բարդությունն եղել է գյուղ հարս գնալը։ Հայկը Եղեգնաձորի Աղավնաձոր գյուղից է։ Անիի խոսքով՝ այնտեղ ադաթներն այլ էին՝ իր համար անծանոթ ու անսովոր, բայց ժամանակի հետ հարմարվեց։

 

Անին փաստում է, որ մանկատանը մեծացած լինելու փաստն երբեմն խանգարում է, միեւնույն ժամանակ նշում է, որ ինքը քիչ է դժվարություններ ունեցել։ «Մի շրջան Ջերմուկում վարձով էինք ապրում։ Հայկի ընկերներից շատերը գաղափար չունեին՝ ես որտեղից եմ։ Ո՛չ պահվածքով, ո՛չ գիտելիքներով, ո՛չ խոսելաձեւով չեմ տարբերվել իրենցից։ Հասարակության մեջ կարծիք կա, որ եթե մանկատանն ես մեծացել, մի բան այն չէ, շատ հարցերում կարող ես թերանալ, բայց այդպես չէ, ինչի համար շատ շնորհակալ եմ Տիգրանուհուն («Մեր տունը» ՀԿ նախագահ Տիգրանուհի Կարապետյանին - հեղ․), ինքն իսկապես մեզ պատրաստում է կյանքին։ Ես իմ իմացած հմտությունները կփոխանցեմ երեխայիս, կարիք չի լինի տանել այլ մասնագետի մոտ,- ասում է նա, ապա շեշտում, որ երբեւէ հատուկ չի թաքցրել մանկատանը մեծանալու փաստը։ - Երբ հարցրել են՝ որտեղից եմ, ինքս եմ խոսել այդ մասին։ Վերաբերմունքի փոփոխություն երբեւէ չեմ նկատել»։

 

Ոչ ոք չէր ցանկանա մեծանալ մանկատանը, սակայն Անին իրատեսորեն է գնահատում իրավիճակը։ «Ինձ համար շատ լավ է եղել, որ մանկատանն եմ մեծացել։ Եթե ես իմ ծնողի մոտ լինեի, հարց է՝ դպրոց կավարտեի՞, թե ոչ։ Կիսասովածն ու կիսատկլորը դեռ ոչինչ, բայց երբ մտածում եմ, որ կարող է կրթություն չստանայի, հասկանում եմ, որ իմ կյանքում դա մեծ բաց կլիներ։ Ես միշտ ուրախությամբ եմ հիշում մանկատան տարիները, հատկապես որ եղբորս հետ եմ անցկացրել այդ օրերը»։

Անի Ծառուկյանը՝ ամուսնու եւ դստեր հետ Անի Ծառուկյանը՝ ամուսնու եւ դստեր հետ

Լուսանկարը` Անի Ծառուկյանի անձնական արխիվից

Նա ջերմությամբ է հիշում մանկատանն անցկացրած տարիները։ Ասում է՝ իրեն միշտ սիրել են, նույնիսկ նեղվել է, երբ նկատել է, որ իր հանդեպ ընդգծված դրական վերաբերմունք ունեն։ «Կարծրատիպ կա, որ մանկատան երեխաներին վատ են վերաբերվում, թեեւ հիմա մի քիչ կոտրվել է։ Կարծում եմ՝ նույնիսկ գումարի համար ոչ բոլորը կանեն այդ աշխատանքը, որովհետեւ դժվար է։ Մարդն իր մի երեխային չի կարողանում վերահսկել, իսկ խմբում կարող է 20 երեխա լինել։ Դաստիարակները հոգատար էին, բայց չար երեխաներ շատ ենք ունեցել։ Կարող է եւ բարկանային, մեկին էլ ապտակեին։ Եթե նույնիսկ ապտակել են, դա արել են հենց այդ երեխայի  բարօրության համար, այնպիսի արարք է արել, որ արժանի է եղել ապտակի։ Ես դա նորմալ եմ համարում․ կարելի է ասել, դա էլ է մայրական ապտակ․ դաստիարակն ամբողջ օրը քեզ հետ է՝ հագուկապիդ է հետեւում, միասին դասերդ եք պատրաստում, պահարանդ դասավորում, ինչ-որ բանի մասին ուզում ես կիսվել, իրեն ես դիմում։ Ամեն հարցում կողքիդ է, ինչպես ծնողը․ ինչպե՞ս կարող ես մի ապտակը բռնություն համարել»,- զարմանում է նա։

 

Անին ասում է, որ մանկատանը ծնողի կարոտ չի զգացել։ Տարվա ընթացքում մայրը մի քանի անգամ այցելել է իրենց, սակայն ինքն այդ փաստից չէր ոգեւորվում։ «Կստեմ, եթե ասեմ՝ ուրախանում էի իր գալուց։ Միայն եղբորս հանդեպ եմ զգացել կարոտ, որն օր օրի մեծանում է։ Երբեմն այցելում եմ մայրիկիս։ Եղբորս մահից հետո խիղճս չի տանում, որ իրեն մենակ թողնեմ, առանց այդ էլ առողջական շատ խնդիրներ ունի։ Թող Աստված պատժի մեղավորին։ Ես ուղղակի իմ եղբոր հիշատակը հարգելու համար ուզում եմ ինչ-որ փոքր բան անել իր համար, թե չէ իմ բարեկամներն արժանի չեն։ Մեր մյուս բարեկամների հետ կապ չեմ պահպանում։ Եթե ես ցանկանամ գնալ, ամուսինս մեծ սիրով կտանի ինձ, բայց չեմ ուզում։ Ես 5 տարի ապրել եմ Էջմիածնում, իսկ իրենց մտքով չի էլ անցել, թե ես ինչ պայմաններում եմ ապրում՝ հիվա՞նդ եմ, թե՞ առողջ։ Երբ եղբայրս մահացավ, զարմիկներ հայտնվեցին, ուզում էին ինձ տանել իրենց տուն, բայց ասացի՝ պետք չէ, եղբորս օգնեիք․․․ Չեմ ասում՝ հաց ու ջուր տայիք, աշխատանքով օգնեիք, որպես եղբայր կողքին լինեիք։ Մենք խոցելի էինք փոքր ժամանակ, երբ չէինք կարողանում հոգալ մեր կարիքները։ Մեր ծնողներն ու բարեկամներն այն ժամանակ էին մեզ պետք, իսկ հիմա կարիք չունենք։ Փառք Աստծո, ձեռք ու ոտք ունենք, կարող ենք մեր սեփական քրտինքով մեր ընտանիքը պահել։ Հայրիկիցս տեղեկություն չունեմ»,- նշում է նա։

 

Մանկատնից հետո բնակարան ստանալու հարցը մինչ օրս լուծված չէ։ Անին նշում է, որ արդեն քանի տարի է՝ հաշվառման է  կանգնած, սակայն հույս չունի, թե բնակարան կստանա․ «Արդեն չեմ էլ հետաքրքրվում դրանով։ Ինձանից առաջ էլ շահառուներ եղել են, բայց դեռ չեն ստացել։ Մայրիկս մի սենյականոց բնակարան ունի։ Հիմա իր միակ ժառանգն եմ եւ դրանով մի քիչ ապահով եմ»։

Լուսանկարը` Անի Ծառուկյանի անձնական արխիվից

Անին փորձում է դստերը տալ այն ամենը, ինչ ինքը չի ունեցել։ «Խիստ մամա չեմ, ինչը երբեմն խանգարում է, աղջիկս մի քիչ կամակոր է։ Ամուսինս ասում է՝ քեզ պես լացկան է։ Նա այլ կերպ է մտածում, չի սիրում, երբ երեխան «լկստվում» է, չարություն անում, բայց ես նախընտրում եմ խիստ չլինել։ Մայրական բնազդն այլ է, չես կարողանում երեխային «չէ» ասել։ «Չի կարելի» ասում եմ միայն այն ժամանակ, երբ հնարավոր է՝ իրեն վնասի։ Ուզում եմ ամեն ինչ իր սրտով լինի, ուրախ մանկություն ունենա։ Չեմ ուզում անիմաստ լաց լինի, առանց այդ էլ կյանքը կարճ է։ Ամեն վայրկյան վախենում եմ, ասում եմ՝ չգիտեմ կյանքս երբ կավարտվի։ Ուզում եմ երեխայիս աչքերում արցունք չտեսնել»,- ասում է Անին ու հավելում, որ 3 ամսականից ինքնուրույն է զբաղվել երեխայի խնամքով եւ ոչ մի խնդիր չի ունեցել։ 

 

«Հայկի ծնողներն էլ օգնում են ինձ։ Չնայած հիմա առանձին ենք ապրում՝ ամեն օր զանգում են»,- նշում է նա։

 

Մայրիկի երազանքները հիմա կապված են դստեր հետ, բայց չի շտապում նրա համար ապագա կանխորոշել։ Ասում է՝ դստեր կարողություններն ու նախասիրություններն ամեն բան կորոշեն։ Հիմա նկատելի է, որ Էլենը մայրիկի ու հայրիկի պես սիրում է երգել ու պարել, բայց ավելի ուշ կհստականա՝ արդյոք իր մոտ ստացվում է։ Հիմա միայն մտածում է՝ Էլենն իր պես պատասխանատու եւ կոկիկ լինի։ Իր համար դա կարեւոր արժեք է։

 

Հոգատար մայրիկը շատ է ուզում աշխատել։ «Մեր տանն» ապրելու տարիներին աշխատել է որպես հաշվապահ։ Ասում է՝ երբ փոքրիկը մի քիչ ինքնուրույն դառնա, անպայման գործի է անցնելու․ «Չեմ կարող առանց աշխատելու․ ինձ անպիտան կզգամ։ Փառք Աստծո, ամուսինս էլ դեմ չէ»։

 

Ամալյա Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Անի Ծառուկյանի անձնական արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին