Ծնողներին չգտած եւ երեխաների մասին երազող Ալեքսեյ Ներսիսյանը - Mediamax.am

exclusive
4336 դիտում

Ծնողներին չգտած եւ երեխաների մասին երազող Ալեքսեյ Ներսիսյանը


Ալեքսեյ Ներսիսյանը
Ալեքսեյ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսեյ Ներսիսյանը
Ալեքսեյ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսեյ Ներսիսյանը
Ալեքսեյ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսեյ Ներսիսյանը
Ալեքսեյ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսեյ Ներսիսյանը
Ալեքսեյ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Մանկատնից հետո» հատուկ նախագիծը, որը ներկայացնում է մանկատան նախկին սաների ճակատագրերը 18 տարին լրանալուց հետո, երբ հարազատ դարձած մանկատունը լքելու ժամանակն է: Հոդվածաշարը ներկայացնում է տարբեր ճակատագրեր՝ ինչպես հաջողության հասած ու կայացած, այնպես էլ անօթեւան եւ գործազուրկ մնացած մարդկանց:

 

35–ամյա Ալեքսեյ Ներսիսյանն ապրում է Երեւանում։ Տանը երկուսով են` ինքն ու շունը, որի հետ կիսում է օրվա հացը, նրան համարում իր լավագույն ընկերը։ Ալեքսեյն իրեն պատասխանատու է համարում շան համար: Նա կարծում է, որ Էքզյուպերիի հայտնի խոսքը`«Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք», բացարձակ ճշմարտություն է։ Նա չգիտի` ժամանակին ինչու ծնողներն իր նկատմամբ չեն զգացել նույն պատասխանատվությունը, բայց վստահ է` այն ցավը, որ իրեն են պատճառել, երբեք չի պատճառի իր երեխային։

 

Ալեքսեյն ամուսնալուծված է, երեխաներ չունի։ Ասում է` կողակից ունի, մինչեւ տարեվերջ երկրորդ անգամ կամուսնանա։ Երազում է երեխաներ ունենալու մասին.

 

«Կարեւոր չէ` աղջիկ կունենամ, թե տղա, երեխան մնում է երեխա։ Ես իմ երեխային կպահեմ, ինչպես նորմալ մարդիկ են դա անում։ Մի կտոր հացս կկիսեմ նրա հետ, ոչ թե կգցեմ մանկատուն»։

Ալեքսեյ Ներսիսյանը Ալեքսեյ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա հայրը հայ է, մայրը` ռուս, սակայն ծնողներին չի հանդիպել։ Գիտի, որ մայրը մահացել է, հոր մասին որեւէ տեղեկություն չունի։ Ալեքսեյը չիրականացած 2 ցանկություն ունի. մեկը բժիշկ դառնալն էր, մյուսը` ծնողների աչքերին նայելու հնարավորությունը։ Երկրորդն իրականացնելու համար փորձել է գտնել հարազատներին, սակայն ապարդյուն։

 

«Մանկատանը հոգեբանական խնդիր չեմ ունեցել, միայն կարոտ է եղել ներսումս։ Միշտ ցանկացել եմ գոնե մեկ անգամ տեսնել ծնողներիս։ Մանկատանը մենակ եմ եղել, չգիտեմ` քույր, եղբայր ունեմ, թե ոչ», - ասում է նա, հետո կասկածը սրտում դանդաղ ավելացնում` գուցե եւ ունեմ...

Ալեքսեյ Ներսիսյանը Ալեքսեյ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոտ 10 տարի առաջ Ալեքսեյը մեկնել է Ռուսաստան, փորձել գտնել մոր հարազատներին, սակայն ապարդյուն. «Չգիտեմ` մայրս երբ է մահացել։ 1990 թվականին եմ հայտնվել մանկատանը, երբ 8 տարեկան էի»։

 

Թե մինչեւ 8 տարեկան ինչպես է ապրել, Ալեքսեյը չի պատմում, ասում է` չի հիշում, փոխարենը լավ հիշում է Գավառի մանկատանն անցկացրած տասը տարիները, որտեղ բոլորին իրեն հարազատ է համարում։

 

«Շատ լավ հիշում եմ մանկատանն անցկացրած լավ ու վատ օրերը։ Ավելի շատ լավը, քան վատը։ Տասը տարի իրենք են ինձ խնամել ու մեծացրել։ Մեզ պահել են ըստ պահանջի։ Սովի տարիներին շատերը հաց չեն ունեցել, սակայն Նալբանդյանը (նկատի ունի Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանին – հեղ․) շատ լավ պահել է մեզ։ Բարերարների է գտել, որ մանկատունը ոտքի կանգնեցնի,– երախտագիտությամբ ասում է նա ու հավելում, որ մանկատանը նաեւ խիստ են եղել, սակայն դրանից բողոքել չի կարելի։ – Մեր խաղալու տարիներն են եղել, չարաճճիություն էլ ենք արել, մի երկու ապտակ էլ ստացել ենք։ Եթե պիտի կարգուկանոն լինի, դա էլ պիտի լինի»։

Ալեքսեյ Ներսիսյանը Ալեքսեյ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

18 տարեկանում Ալեքսեյը զորակոչվել է բանակ։ Մանկատան աղջիկ սաների համար տարբեր հաստատություններ կան, ուր գնում են 18 տարի լրանալուց հետո, իսկ տղաները զորացրվելուց հետո կանգնում են փաստի առաջ` ո՞ւր գնալ։ Փողոցում մնալու օրերը հիշում է առանց ավելորդ հուզմունքի։

 

«Բանակից զորացրվելուց հետո գնացի հաշվառման, 2-3 օր մնացի մանկատանը՝ մինչեւ անձնագիրս ստացա։ Հետո եկա Երեւան` առանց մտածելու, թե ինչ բարդություններ կունենամ, ինչ է ինձ սպասում։ Մեկ–մեկուկես ամիս դրսում եմ մնացել, երբեմն ինչ-որ ծանոթի տանն էի գիշերում, բայց շաբաթներով տեղ չեմ գտել, փողոցում եմ մնացել։ Օպերայի այգում, Կարապի լճում եմ լուսացրել, հետո գնացել Սոցապ նախարարություն եւ պահանջել, որ ինձ բնակարանով ապահովեն։ Ինձ առաջարկում էին վերադառնալ մանկատուն, բայց հրաժարվեցի, քանի որ արդեն չափահաս էի, չէի կարող մնալ անչափահասների հետ։ Ինձ տեղավորեցին հանրակացարանում։ Մոտ 3 տարի էնտեղ մնացի, ինձանից ոչ վարձ էին վերցնում, ոչ էլ կոմունալ վճարներ։ Հետո հանրակացարանի տարածքը վաճառեցին, ինձ արդեն հանում էին այնտեղից։ Նարինե Միսակովնայի (նկատի ունի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Նարինե Բալայանին – հեղ․) օգնությամբ ինձ ապահովեցին տնով»,– պատմում է Ալեքսեյը, ում բնակարանի սեփականաշնորհումը դեռեւս ձգձգվում է, սակայն վստահ է` մինչեւ տարեվերջ դա էլ կլինի։

Ալեքսեյ Ներսիսյանը Ալեքսեյ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասարակության կարծրատիպային վերաբերմունքը մանկատան սաների հանդեպ Ալեքսեյին չի կաշկանդել։ Նա մանկուց է կոփված մեծացել, իսկ բանակային տարիներն անցումային փուլ էին մանկատնից հետո, որն արդեն հաղթահարել էր. «Բանակում շփվել եմ տարբեր տեսակի մարդկանց հետ։ Կար ժամանակ, երբ խուսափում էի նշել, որ մանկատան երեխա եմ։ Չէի ուզում` ինձ խղճան, ուզում էի ամեն ինչ ինքնուրույն անել։ Հետո հասկացա, որ դրանում ոչինչ չկա։ Իմ փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուրը»։

 

Ալեքսեյի խոսքով` իր  մեկ սենյականոց բնակարանում վերանորոգման որոշ աշխատանքներ է արել, մի մասն էլ առաջիկայում կանի, երբ գործ գտնի։ Բանակից զորացրվելուց հետո մոտ հինգ տարի աշխատել է որպես մատուցող, սակայն դժբախտ պատահարի հետեւանքով վնասել է ողնաշարը: Բարեբախտաբար, դա չի ազդել քայլելու վրա, սակայն ծանր աշխատանք անել այլեւս չի կարող։ Վերջերս էլ ստամոքսի երկու վիրահատության է ենթարկվել։ Թոշակառու է։

 

«Ես ի վիճակի եմ աշխատել, սակայն պետք է թեթեւ աշխատանք անեմ։ Գորգագործ եմ, մանկատանն եմ սովորել գորգ գործել։ Սիրողական գորգագործությամբ եմ զբաղվում, սակայն աշխատանք չունեմ։ Ժամանակին համակարգչային ծրագրեր եւ վարսավիրություն եմ սովորել, ուզում եմ այդ ուղղություններից մեկով գնալ, որպեսզի աշխատանք ունենամ»,– ասում է նա, ապա հիշում մանկական երազանքը` դառնալ բժիշկ։ Որոշել էր բանակից զորացրվելուց հետո ատամնատեխնիկի կամ բժշկական որեւէ այլ մասնագիտություն ստանալ, սակայն աշխատանքի հետ ուսումը համատեղել չէր կարողացել։

 

Ամալյա Հովհաննիսյան

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին