Ապրիլյան պատերազմ. օր առաջին - Mediamax.am

exclusive
9276 դիտում

Ապրիլյան պատերազմ. օր առաջին


Լուսանկարը` Մեդիամաքս

Հյուսիսային հատվածի զորամասերից մեկին հասցված վնասը
Հյուսիսային հատվածի զորամասերից մեկին հասցված վնասը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գնդապետ  Արթուր Հարությունյանը
Գնդապետ Արթուր Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հակառակորդի դիրքերըˋ Արցախի հյուսիսարեւելյան հատվածից
Հակառակորդի դիրքերըˋ Արցախի հյուսիսարեւելյան հատվածից

Լուսանկարը` Մեդիամաքս

Հյուսիսարեւելյան հատվածի Մարտակերտի դիրքից
Հյուսիսարեւելյան հատվածի Մարտակերտի դիրքից

Լուսանկարը` Մեդիամաքս

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը
Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը

Լուսանկարը` Աբաջյանների արխիվից

Խոցված ՄԻ 24G ուղղաթիռը
Խոցված ՄԻ 24G ուղղաթիռը

Լուսանկարը` ԼՂՀ ՊԲ

Նարեկ Մալխասյանի պարգեւատրումը «Մարտական խաչ 2-րդ» աստիճանի շքանշանով
Նարեկ Մալխասյանի պարգեւատրումը «Մարտական խաչ 2-րդ» աստիճանի շքանշանով

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Արարատ Մելքումյանը հարավարեւելյան հատվածում
Արարատ Մելքումյանը հարավարեւելյան հատվածում

Լուսանկարը` Մեդիամաքս

Թալիշում
Թալիշում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Թալիշում
Թալիշում

Լուսանկարը` Ֆոտոլուր


2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողությունը: Ապրիլի 2-5-ը թեժ մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, իսկ ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն ձեռք բերվեց:

 

Առաջիկա օրերին Մեդիամաքսը կանդրադառնա ապրիլյան պատերազմի առաջին քառօրյայինˋ պաշտոնական տեղեկատվության վերհուշից զատ ներկայացնելով պատերազմական գործողությունների մասնակիցների պատմությունները:

 

Ապրիլի 2-ի առավոտյանˋ 8:18-ին Արցախի պաշտպանության բանակից (ՊԲ) ստացվեց առաջին հաղորդագրությունը. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ էր հասցրել խաղաղ բնակավայրերին ու մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Շփման գծի ողջ երկարությամբ տեղի էին ունենում թեժ բախումներ: 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են:

Հյուսիսային հատվածի զորամասերից մեկին հասցված վնասը Հյուսիսային հատվածի զորամասերից մեկին հասցված վնասը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժամը 18:50-ին ՊԲ-ից հայտնեցին, որ շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վարել պաշտպանական մարտեր եւ հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք:

 

Ադրբեջանական կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կորուստները

Աղբյուրըˋ ԼՂՀ ՊԲ

 

Հյուսիսային ուղղություն

 

N զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանը, ով ապրիլյան պատերազմի օրերին եղել է ԼՂՀ Կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, Մեդիամաքսին պատմել է, որ ապրիլի լույս 2-ի գիշերը ահազանգ է ստացել ու տեղեկացել հակառակորդի ձեռնարկած գործողության մասին, որից հետո ծառայության տղաները շփման գծի ողջ երկայնքով անցել են դիրքերի ուժեղացման աշխատանքներին:

 

«Գիշերը, հյուսիսային ուղղությամբ, հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը ներթափանցել էին հենակետի խորքեր, լուսադեմին արդեն սկսեցին հրետակոծությունն ու մարտական գործողություններըˋ ճնշելով ու խափանելով թիկունքից եկող աջակցությունը: Դիվերսիոն խմբերի գործողություններով փորձում էին որոշ հատվածներում տեղայնացնել մարտերը, իսկ Թալիշի ուղղությամբ սկսեցին ինտենսիվ մարտական գործողությունները: Այդ հատվածներում եղան թեժ մարտեր»,- Մեդիամաքսին պատմել է գնդապետը:

Գնդապետ  Արթուր Հարությունյանը Գնդապետ Արթուր Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ուղղությամբ վստահ մարտ վարեց ու դիրքը կարողացավ պահել շարքային Արթուր Աղասյանը:

 

Նա Մեդիամաքսին պատմել է, որ ապրիլի լույս 2-ի գիշերվա ժամը 03:45-ից սկսած, մեկ ժամ շարունակ, հակառակորդը հրետակոծել է առաջնագիծը: 04:45-ին հրետակոծությունը լռել է լռել է: Հակառակորդի «յաշմա» հատուկ ջոկատայինների 30 հոգանոց դիվերսիոն խումբը ներթափանցել է դիրք: Դիրքապահ անձնակազմը մարտի է բռնվել հակառակորդի ուժերի հետ, 20 րոպեից ավել մարտ վարել, որի արդյունքում հետ է շպրտել հակառակորդին: 

 

«Մարտերի արդյունքում հակառակորդը հետ շպրտվեց, բայց որոշակի հատված մնաց նրա տիրապետության տակ: Չէի ասի, թե ադրբեջանական կողմը որեւէ օգուտ ստացավ ապրիլյան պատերազմից: Հյուսիսայինˋ Թալիշի ուղղությամբ նրանց մոտ մնացած փոքր հողային հատվածը, վստահ եմ, այն գինը չուներ նրանց համար, որը դրա դիմաց վճարեցին: Բայց դա էլ ժամանակավոր է: Մեր բանակի ու զինվորականության մեջ դա պարտքի զգացում է ծնել, մենք դեռ անելիք ունենք՝ այդ հողակտորը պետք է վերադարձնենք: Այդ հողում մեր տղաների արյունն է թափվել, հակառակորդին ստիպելու ենք, որ հետ քաշվի. դա մեր պատիվն է», - նշում է գնդապետ Արթուր Հարությունյանը:

Հակառակորդի դիրքերըˋ Արցախի հյուսիսարեւելյան հատվածից Հակառակորդի դիրքերըˋ Արցախի հյուսիսարեւելյան հատվածից

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրամանատարը նկատում է, որ ներդրված տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս խորքում նկատել հակառակորդին ու կասեցնել նրա ցանկացած քայլ:

 

«Որեւէ ահազանգի կամ խախտման դեպքումˋհակառակորդի ցանկացած թիրախ կարող է հայտնվել մեր կրակի տակ: Պատերազմական գործողությունները վերսկսվելու դեպքում հակառակորդն իր կաշվի վրա շատ «անակնկալներ» կզգա»,- Մեդիամաքսին վստահեցնում է գնդապետը:

 

Մարդկային մեծաթիվ կորուստից բացի հակառակորդն ընդհանուր թվով 6 տանկ կորցրեց, որից երեքը հենց ապրիլի 2-ի առավոտյանˋ գյումրեցի Ռաֆայել Հովհաննիսյանի, մյուս երեքըˋ կրկին գյումրեցի Շուլի Հակոբյանի ձեռքով:

 

2016թ. ապրիլի 2-ին Պաշտպանության բանակից հայտնեցին նաեւ, որ հյուսիսային ուղղությամբ խոցվել է հակառակորդի 1 ուղղաթիռ:

 

Ուղղաթիռը խոցվել էր շփման գծի Տոնաշեն-Թալիշ հատվածից:

 

ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանի փոխանցմամբˋ հյուսիսային ուղղությամբ խոցված Մի-8 ուղղաթիռն, ամենայն հավանականությամբ, պետք է իրականացներ շրջափակման մեջ ընկած դիվերսիոն խմբի տարհանում կամ օգնություն ցուցաբերեր` իջեցնելով հատուկ նշանակության ուժեր:

 

«Մի-8 ուղղաթիռը, մոտ 500 մ խորությամբ անցնելով ԼՂՀ տարածք, խոցվել է, որից հետո իրականացրել է հնարավոր թռիչք` վթարային վայրէջք կատարելով իրենց տարածքում` առաջնագծից մոտ 500-700 մ խորության վրա»,-պատմել է ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության պետը:

 

Հյուսիսարեւելյան ուղղություն

 

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդը Մարտակերտ քաղաքի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում կատարել է հարձակման երկու անհաջող փորձ:

Հյուսիսարեւելյան հատվածի Մարտակերտի դիրքից Հյուսիսարեւելյան հատվածի Մարտակերտի դիրքից

Լուսանկարը` Մեդիամաքս

N զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Ալիկ Սարգսյանը Մեդիամաքսին պատմում է, որ ապրիլի լույս 2-ի գիշերը հակառակորդը հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկի վրա հատուկ ջոկատայիններից բաղկացած փոքր խմբով դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, որը հետ է շպրտվել վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանի եւ դիրքապահ անձնակազմի կողմից:

 

Կարճ ժամանակ անց հակառակորդը դիմել է գրոհի երկրորդ փորձին, որին զուգահեռ ինտենսիվ հրետակոծություն է սկսել: Այդ ընթացքում դիրքը գրոհելու են եկել տանկերն ու շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը: Վաշտի հրամանատարն ու նրա վեց զինվորն անցել են շրջանաձեւ պաշտպանության: Դիրքապահ անձնակազմին հաջողվել է երկու անգամ հետ շպրտել թշնամունˋ խոցելով նրա տանկերից մեկը: Հանդիպելով նման դիմադրության` հակառակորդը հետ է քաշել իր ուժերը ու կրկին սկսել հրետակոծության ենթարկել դիրքը: Արկերից մեկի պայթյունից զոհվել են կապիտան Արմենակ Ուրֆանյանն ու գնդացրորդ Քյարամ Սլոյանը: Մինչ այդ կապիտանը, տեսնելով հակառակորդի ուժերի հիսունից ավել անգամ գերակայությունը, հրամայել էր անձնակազմին նահանջել թիկունք, նրանից երեքին հաջողվել էր հետ քաշվել ու սպասել թիկունքից եկող խմբին: 

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը

Լուսանկարը` Աբաջյանների արխիվից

Վաշտի հրամանատարի զոհվելուց հետո, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրել է իր վրա եւ պատնեշի վրայից շարունակել մարտը:

 

Այդ ընթացքում հակառակորդը թափանցել է դիրքի տարածք: Աբաջյանն ու գնդացրորդ Զոհրաբյանը, համառ մարտ վարելով, նահանջել են դեպի կացարան, երկուսն էլ վիրավորվել են: Զոհրաբյանն արնահոսությունից մահացել է: Սերժանտ Աբաջյանը դիրքավորվել է մարտական խրամախորշում ու մինչ վերջին փամփուշտը շարունակել կռիվը` միաժամանակ հեռախոսային կապի մեջ մնալով գումարտակի հրամանատարի հետ ու հաղորդելով, թե ինչ է կատարվում դիրքում: Տեսնելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը կրկին կապի է դուրս եկել ու ասել, որ վերջին նռնակի օղակն արդեն հանել ու պատրաստ սպասում է` հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի:

 

Աբաջյանի խոսքը գործ է դարձել… մոտ երեսուն րոպե հակառակորդը մնացել է հայկական դիրքում, որին անակնկալի է բերել թիկունքից օգնության հասնող մայոր Էդիկ Մալոյանն ու նրա ութ հոգանոց անձնակազմը: Մարտի բռնվելով թշնամու զորքի հետˋ Մալոյանի անձնակազմին հաջողվել է հետ վերադարձնել դիրքըˋ թշնամուն կորուստ պատճառելով ստիպել նահանջել: 

 

Ալիկ Սարգսյանը նշում է, որ «ամեն պահ հայ զինավորն ու սպայական կազմը պատրաստ են կրկնել իրենց ու զոհված ընկերների սխրանքը, կանխել հակառակորդի ցանկացած գործողություն, ինչի հիմա մեծ նպաստ է բերում դիրքերում ներդրված տեսանելիության ժամանակակից համակարգը»:

 

Հարավային եւ հարավարեւելյան ուղղություն

 

2016թ. ապրիլի 2-ի ՊԲ-ից հայտնում են, որ առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ: Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 («Գրադ») տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլեւ՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ: Ցավոք, թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաեւ ղարաբաղյան կողմը, որի մասին մանրամասները հրապարկվեցին ավելի ուշ:

Խոցված ՄԻ 24G ուղղաթիռը Խոցված ՄԻ 24G ուղղաթիռը

Լուսանկարը` ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանական զինուժին պատկանող ՄԻ 24G ուղղաթիռից անձնակազմի մոտից գտած քարտեզում նշված է ԼՂՀ տարածքում 9 նշանակետ, որոնց խորությունն առաջնագծից կազմում է 3-ից մինչեւ 10 կմ: Նշանակետերից մեկը եղել է նաեւ Լալա Լագա բարձունքը:

 

Սեւ արկղի բացվածքի համաձայն` ՄԻ 24G-ի օդաչուն թռիչքն իրականացրել է շատ լարված վիճակում, որի արդյունքում, ունենալով հակատանկային, ինչպես նաեւ ցամաքային զորքերի դեմ կիրառվող` ոչ կառավարվող միջոցներ, չի օգտագործել դրանք` կիրառելով միայն թնդանոթը, որի օպտիմալ հեռավորությունը մինչեւ 1 կմ խորությունն է:

 

«Ձգանը սեղմած են պահել մոտ երկու րոպե եւ այդպես` սեղմած-պահած վիճակում խոցվել է»,- պատմում է ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետը:

 

Ուղղաթիռը խոցվել է հակատանկային ՌՊԳ 7 նռնականետովˋ շարքային Նարեկ Մալխասյանի կողմից, ով ուղղաթիռի վայր ընկնելուց հետո բեկորային վնասվածքով ոտքի վիրավորում էր ստացել:

Նարեկ Մալխասյանի պարգեւատրումը «Մարտական խաչ 2-րդ» աստիճանի շքանշանով Նարեկ Մալխասյանի պարգեւատրումը «Մարտական խաչ 2-րդ» աստիճանի շքանշանով

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

«Ապրիլի 2-ի առավոտյան դիրքի ավագից հրահանգավորում էինք ստացելˋ պատրաստ լինել, հնարավոր էˋ տանկեր հանեն դիրքեր: Ժամը 12:10, իմ հանգստի ժամն էր, ուղղաթիռի ձայնը լսեցի, դուրս եկա կացարանի մոտ, տեսա ուղղաթիռը հասել է մեր խրամատին, մոտ 30-40 մետր էր հեռավորությունը մեզանից, փորձում էր դիրքավորվել որ կրակ բացեր մեր ուղղությամբ, այդ ընթացքում հասցրեցի լիցքավերել զենքն ու խոցել ուղղաթիռը»,-պատմում է Նարեկն ու հավելում, որ «մտածելու ժամանակ չկարˋ գործել է շատ արագ»:

 

Ադրբեջանական խոցված  ՄԻ24 G ուղղաթիռից կադրեր

Աղբյուրըˋ ԼՂՀ ՊԲ

 

Գնդապետ Արարատ Մելքումյանը Մեդիամաքսի հետ զրույցում հիշում է, թե ինչպես հաջողվեց կանխել հակառակորդի առաջխաղացումը: Ապրիլի 2-ի լուսադեմին գնդապետն իր փոքր խմբով հասել է հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի կողմից գրավված մարտական դիրքերի շրջան, խրամախորշեր սարքել, ամրացել ու հանկարծակիի բերել նոր գրոհի պատրաստվող թշնամուն, որը փորձում էր տարածքը ճեղքելով առաջ շարժվել: Թեժ մարտերի արդյունքում Արարատ Մելքումյանին ու նրա ղեկավարության տակ գտնվող խմբին հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումըˋ նրան պատճառելով մարդկային ու նյութական զգալի կորուստներ: Ցավոք, կորուստներ են եղել նաեւ հայկական կողմից:

Արարատ Մելքումյանը հարավարեւելյան հատվածում Արարատ Մելքումյանը հարավարեւելյան հատվածում

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրադառնալով Լալա Լագա բարձունքի վրա հակառակորդի դիրքավորմանըˋ գնդապետը  նկատում. «Լալա Լագայից, որքան ավելի արեւմուտք ենք շարժվում, մեր դիրքն ավելի է բարձրանում: Տարածքը վերահսկելի է մեր կողմից, իսկ դիրքապահ տղաները իրավիճակը վերահսկելուց զատ պատրաստ են նաեւ ցանկացած գործողության»:

 

Հարավարեւելյան ուղղությամբ հակառակորդի առաջխաղացումն ու ճեղքումը կանխելու հարցում մեծ նշանակություն է ունեցել թշնամու տանկերի շարասյան խոցումը: Ընդհանուր առմամբ ապրիլի 2-ից մինչ ապրիլի 5-ն այս տարածքում խոցվել է թշնամու 1 հետեւակի մարտական մեքենա(ՀՄՄ) եւ 6 տանկ, որից 5 տանկն ու ՀՄՄ-ն՝ շարքային Մարատ Պետրոսյանի ձեռքովˋ հակատանկային ֆագոտ համակարգով:

 

2016-ի ապրիլի 2-ը «դիվանագիտական ճակատում»

 

ՀՀ ՊՆ հայտարարությունը

 

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ եւ անպատասխանատու որոշումը եւ պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետեւանքների:

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա եւ ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու եւ լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար», - ասված է հայտարարության մեջ: 

Թալիշում Թալիշում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մոսկվան եւ Բեռլինը հետեւում են Արցախից ստացվող լուրերին

 

Պաշտոնական Մոսկվան ուշադրությամբ հետեւում եւ ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությունը, եւ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա ավելի ուշ: Այս մասին Մեդիամաքսի թղթակցին հայտնել են ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի գրասենյակից:

 

Մեդիամաքսը կապվել է նաեւ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի ԱԳՆ, որտեղ եւս խոստացել են պաշտոնական դիրքորոշում արտահայտել ավելի ուշ:

 

Պուտինը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսմամբ: ՌԴ առաջնորդը ցավում է, որ «իրավիճակը նորից ռազմական բախման է հասել»:

 

Հայաստանը միջազգային հանրությունից պահանջում է սանձել Ադրբեջանին

 

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով եւ Հայաստանի հետ սահմանին:

 

«Բաքվի կողմից բանակցային գործընթացի խաթարմանն ուղղված շարունակական քայլերը, իսկ վերջերս Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարումը, Ադրբեջանի նախաձեռնած նոր թափով ռազմական գործողությունները, շանտաժի լեզվով խոսելու հերթական ապարդյուն փորձերն են»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

 

Շոյգուն բանակցություններ է վարել հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ

 

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի աննախադեպ սրման առնչությամբ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի 2-ին իրավիճակի կայունացման համար անհետաձգելի քայլերի անհրաժեշտության մասին հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ:

Թալիշում Թալիշում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Նալբանդյանը խոսել է միջազգային գործընկերների հետ

 

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի աննախադեպ սրման հետ կապված ՀՀ արտաքին գործերի նախարարը Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ:

 

Միջնորդներ. «Պատերազմը լուծում չէ»

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորվմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), եւ Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) մտահոգված են հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրմամբ:

 

«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը եւ ափսոսում մարդկային կյանքերի, այդ թվում խաղաղ բնակիչների  կյանքերի կորստի համար»,- ասված է միջնորդների հայտարարության մեջ:

 

Համանախագահները կոչ են արել կողմերին դադարեցնել կրակը եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կայունացնելու իրավիճակը:

 

Հաջորդիվ հաղորդագրություն է տարածվում, որ միջնորդները ապրիլի 4-ին կհավաքվեն Վիեննայում:

Մեդիամաքս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին