Ապրիլյան պատերազմ. օր երկրորդ - Mediamax.am

exclusive
13520 դիտում

Ապրիլյան պատերազմ. օր երկրորդ


Գեորգի Առուստամյանը
Գեորգի Առուստամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էրիկ Գրիգորյանը
Էրիկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետախույզ Հովհաննեսը
Հետախույզ Հովհաննեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարատ Պետրոսյանը
Մարատ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նվերը, Ազնավուրը եւ Ղարիբը
Նվերը, Ազնավուրը եւ Ղարիբը

Լուսանկարը` ԼՂՀ ՊԲ

Ավերածություն Մարտակերտում
Ավերածություն Մարտակերտում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Թալիշի դիրքապահ տղաները. (2016թ)
Թալիշի դիրքապահ տղաները. (2016թ)

Լուսանկարը` Մեդիամաքս


2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողությունը: Ապրիլի 2-5-ը թեժ մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, իսկ ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն ձեռք բերվեց:

 

Առաջիկա օրերին Մեդիամաքսը կանդրադառնա ապրիլյան պատերազմի առաջին քառօրյայինˋ պաշտոնական տեղեկատվության վերհուշից զատ ներկայացնելով պատերազմական գործողությունների մասնակիցների պատմությունները:

 

2016-ի ապրիլի 2-ի մասին պատմող նյութը կարդացեք այս հղումով:

 

2016թ. ապրիլի 3: ԼՂՀ ՊԲ-ից հայտնեցին, որ առավոտյան ժամը 06:00-ից սկսած՝ առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը, հրթիռահրետանային միջոցների եւ զրահատեխնիկայի կիրառմամբ,  շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունները: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար:

 

Հարավային ուղղություն

 

Հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հատուկ նշանակության վաշտի տղաներից ավագ լեյտենանտ Հովհաննես Հարությունյանը (անունը փոխված է-Մեդիամաքս) պատմում է ապրիլի լույս 3-ի գիշերվա եւ օրվա ընթացքում շարունակվող մարտի մասին:

Հետախույզ Հովհաննեսը Հետախույզ Հովհաննեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հակառակորդի վերցրած տարածքից քիչ այն կողմ մեր տղաները դիրքավորվել էին: Նրանք հրետակոծում էին տարածքըˋ փորձելով ճեղքել մեր պաշտպանությունն ու առաջ անցնել: Մեր տղաներն այդ ընթացքում շարքից հանեցին հակառակորդի զրահատեխնիկայի մի մասը, ինչը որոշ չափով թուլացրեց ու հանկարծակիի բերեց թշնամուն: Այդ ընթացքում մենք օգնության հասանք: Հարավարեւելյան այն տարածքում, որտեղ մենք էինք, հակառակորդին կանխելը կենսական նշանակություն ուներ՝ այդ դիրքը մեր ու նրանց մեջ եղած սահմանաբաժանն էր: Մի ուղղությամբ փորձեցինք թուլացնել հակառակորդին, մյուսով հատուկ ջոկատայինների խումբը ճեղքեց տարածքն ու մեր դիրքերից մեկը, որը նախորդ գիշեր գրավել էր հակառակորդը, կարողացավ հետ բերել՝ ծանր մարդկային կորուստներ պատճառելով թշնամուն»,- պատմում է հետախույզը:

 

Ցավոք, մարտի ժամանակ, հակառակորդի տանկի արկի պայթյունից զոհվեցին հատուկ նշանակության խմբի տղաներից Նվեր Սիմոնյանը, Ղարիբ Սահակյանն ու Ազնավուր Բալայանը: Հովհաննեսը պատմում է, որ Նվերի եղբայրը եւս նույն տարածքում էր ծառայում: Այդ պահին եղել է ավագ եղբոր կողքին. վիրավոր Նվերը մահացել է եղբոր գրկում…

Նվերը, Ազնավուրը եւ Ղարիբը Նվերը, Ազնավուրը եւ Ղարիբը

Լուսանկարը` ԼՂՀ ՊԲ

Կեսօրին մոտ ՊԲ-ից հայտնեցին, որ ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ, դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ եւ 1 հետեւակի մարտական մեքենա(ՀՄՄ):

 

Ապրիլի 3-ին հակառակորդի երկու տանկ եւ 1 հետեւակի մարտական մեքենան խոցել ու նրանց ճեղքումը կասեցնելու գործողությանը մասնացել էր Մարատ Պետրոսյանը.

Մարատ Պետրոսյանը Մարատ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ապրիլի 3-ին էլ երկու տանկ ու մեկ ՀՄՄ խփեցի: Իսկ ապրիլի 4-ին՝ մեկ տանկ»,պատմել է Մարատն ու կատակել,- «ապրիլի 5-ին արդեն տանկ չկար, որ խփեինք»:

 

ՊԲ-ից ստացված հաջորդ հաղորդագրության մեջ նշվում էր, որ շփման գծի հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ շարունակվում են թեժ մարտերը: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների եւ Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարեւոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով՝ հետ է շպրտվել:

 

Հյուսիսային ուղղություն

 

Հյուսիսային ուղղության զորամասերից մեկի զինծառայող Գեորգի Առուստամյանը Մեդիամաքսին 2016թ. ապրիլին պատմել էր, թե ինչպես են կարողացել հետ բերել հայկական դիրքն ու խափանել հակառակորդի ժամանակավոր հաջողությունը:

Գեորգի Առուստամյանը Գեորգի Առուստամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պատերազմի առաջին օրը հակառակորդին հաջողվել էր մեր տարածքից երկու դիրք վերցնել, նույն օրը որոշեցինք՝ հետ ենք բերելու դրանք: Երկու խմբի բաժանվեցինք ու անցանք գործի: Մեկի դեպքում առաջին փորձը ձախողվեց, բայց ապրիլի 3-ի առավոտյան արդեն մեր երկու դիրքն էլ մեզ մոտ էր: Հիմնական գործողությունը րոպեներ է տեւել, ամեն ինչ կատարվել է մեր ծրագրով»,-Մեդիամաքսին պատմել էր Գեորգին:

 

Հյուսիսային՝ Թալիշի ուղղությամբ դիրք հետ բերելու գործողության մասնակցած Էրիկ Գրիգորյան էլ պատմել էր, թե ինչպես երկրորդ փորձով կարողացան անակնկալի բերել հայկական դիրքում տեղավորված ադրբեջանական զորքին ու «ջարդ տալով» հետ շպրտել տարածքից:

Էրիկ Գրիգորյանը Էրիկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաջորդ հաղորդագրությամբ ՊԲ-ից հայտնում էին, որ առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններում: «ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցրել են կենդանի ուժի եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով, այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 2-ին եւ 3-ին ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ եւ 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ: Մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ եւս ընթանում են դիրքային թեժ մարտեր: Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 («Գրադ») հրթիռահրետանային կայանքից եւ 152-միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով»:

 

Հյուսիսարեւելյան ուղղություն

 

Մարտակերտի շրջանի վարչական ղեկավար Վլադիկ Խաչատրյանի փոխանցմամբˋ հակառակորդի ձեռնարկած գործողություններից անմիջապես հետո տարհանվել էին Թալիշի եւ Մատաղիսի բնակիչները:

Ավերածություն Մարտակերտում Ավերածություն Մարտակերտում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Անդրադառնալով ապրիլի 3-ին Մարտակերտ քաղաքի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հրետակոծությանը՝ Վլադիկ Խաչատրյանը նշել է, որ բնակչության մի մասը տեղափոխվել էր համապատասխան ապաստարաններ՝ միաժամանակ նկատելով, որ սահմանագծից  2,5 կմ հեռավորության վրա գտնվող Մարտակերտ քաղաքի բնակչությանը տարհանելու անհրաժեշտություն չի եղել, բնակչության անվտանգությունը, քաղպաշտպանության պլանի համաձայն, եղել է ապահովված:

 

Հրետակոծության արդյունքում եղել են շենքային կորուստներ, վնասվել են տներ ու տանիքներ:

 

Ապրիլի 3-ին հրադադարը միակողմանի դադարացնելու որոշման մասին հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Կարճ ժամանակ անց Արցախի Պաշտպանության բանակը հերքեց հակառակորդի տարածած տեղեկությունըˋ այն որակելով իբրեւ ապատեղեկատվություն:

 

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունից հետո նրա կողմից շարունակող գործողությունները ԼՂՀ դեմ

 

«Ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ավելին՝ նույն հայտարարության տարածումից հետո ՄՄ-21 («Գրադ») տիպի հրթիռահրետանային կայանքներից եւ 152 միլիմետրանոց հրանոթներից արկակոծել հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքը: Նշված փաստերն ի ցույց են դնում այդ փաստաթղթի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է: ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել եւ քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում»,-ասված էր ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ:

 

Երեկոյան ՊԲ-ից հաստատեցին, որ հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են: Ծավալված մարտական գործողությունների ընթացքում Պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է եւս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` «Գրադ» տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա եւ 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ:

 

Ավելի ուշ Արցախի ՊԲ-ից հերքեցին հակառակորդի տարածած տեղեկությունը, թե ունեն 12 զոհˋ տեսանյութով փաստելով հակառակորդի 21 զոհի մասին:

 

Ադրբեջանցիների դիակներըˋ Սեյսուլանի ուղղությամբ

Աղբյուրըˋ ԼՂՀ ՊԲ

 

ՊԲ-ից հայտնում էին, որ տարածված տեսանյութում պատկերված են այն սպանված ադրբեջանցիների դիակները, ովքեր, ըստ ադրբեջանական կողմի տեղեկության, իբր թե գրավել են Սեյսուլանը: «Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական»,-ասվում է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ:

 

2016-ի ապրիլի 3-ըˋ «դիվանագիտական ճակատում»

 

Կրակը դադարեցնելու կոչով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հանդես եկավ հայտարարությամբˋ  խոր մտահոգություն է հայտնել Արցախում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ու ծանր ռազմական տեխնիկայի եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկատվության վերաբերյալ:

 

Գլխավոր քարտուղարը կոչ էր արել բոլոր կողմերին, որոնք կապ ունեն հակամարտության հետ, «անհապաղ վերջ դնել ռազմական գործողություններին եւ անվերապահորեն կատարել հրադադարի համաձայնագիրը՝ իրավիճակի կայունացման համար շտապ քայլեր ձեռնարկելով»:

 

ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան դատապարտել են Արցախում իրավիճակի սրումը

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դատապարտեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը:

 

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ արեց հակամարտության կողմերին անհապաղ անցնել բանակցություններիˋ ընդգծելով,  որ «հակամարտությունը չունի ռազմական լուծում»:

 

Իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հակամարտող կողմերին զսպվածության եւ հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման կոչ  արեց:

 

ՀՀ ԱԳ նախարարի զանգերը

 

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վերջին զարգացումները քննարկել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Այրոյի, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի, ինչպես նաեւ Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ:

Թալիշի դիրքապահ տղաները. (2016թ) Թալիշի դիրքապահ տղաները. (2016թ)

Լուսանկարը` Մեդիամաքս

Թուրքիան խրախուսում է Ադրբեջանի գործողությունները   

 

«Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելիությամբ է պայմանավորված: Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը: Դա նաեւ տեղավորվում է Թուրքիայի վարած քաղաքականության տրամաբանության մեջ, որի արդյունքն է անկայունության, ահաբեկչության եւ արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս»,- ասել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

 

ՀՀ ՊՆ հայտարարությունները

 

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել ԼՂՀ պաշտպանության համար:

 

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ, որի ժամանակ կողմերը մտահոգություն հայտնեցին շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ:

 

Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց էր ունեցել նաեւ Վրաստանի իր պաշտոնակից Թինաթին Խիդաշելիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել էին հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձություններըˋ երկուստեք կարեւորվելով  խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:

 

Ղազախստանի կոչը

 

Հակամարտող կողմերին ուղղված զսպվածության կոչով հանդես եկավ նաեւ պաշտոնական Ղազախստանը:

 

«Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման եւ մարդկային կորուստների մասին լուրերի կապակցությամբ։Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ խստորեն պահպանել հրադադարի շուրջ պայմանավորվածությունները»,-ասված էր Ղազախստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:   

 

ԿԽՄԿ-ն եւս մտահոգությունը հայտնեց

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարեց, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ընթացող հակամարտության եւ ապրիլի 2-ին իրավիճակի խիստ վատթարացման հումանիտար հետեւանքներով:

 

«Մենք պատրաստ ենք աջակցել եւ սատարել հակամարտության վերջին լարվածության հետեւանքով տուժած անձանց եւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,- ասել է ԿԽՄԿ տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Պատրիկ Վիալը:

 

«Հակամարտության բոլոր կողմերը պարտավորություն են կրում հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այդ նորմերի համաձայն` կողմերը պետք է ապահովեն քաղաքացիական բնակչության եւ շինությունների պաշտպանվածությունը»,-նշվում է Պատրիկ Վիալի հայտարարության մեջ:

 

2016-ի ապրիլի 2-ի մասին պատմող նյութը կարդացեք այս հղումով:

Մեդիամաքս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին