Ապրիլյան պատերազմ. օր չորրորդ - Mediamax.am

exclusive
9450 դիտում

Ապրիլյան պատերազմ. օր չորրորդ


«Սմերչ»-ի համազարկի մնացորդները
«Սմերչ»-ի համազարկի մնացորդները

Լուսանկարը` ԼՂՀ ՊԲ

Հայ դիրքապահներըˋ ամրաշինական աշխատանքներ կատարելիս
Հայ դիրքապահներըˋ ամրաշինական աշխատանքներ կատարելիս

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մարտակերտ քաղաքը
Մարտակերտ քաղաքը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հայ դիրքապահները
Հայ դիրքապահները

Լուսանկարը` Ֆոտոլուր

Թալիշի ավերածությունները
Թալիշի ավերածությունները

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հայ դիրքապահները
Հայ դիրքապահները

Լուսանկարը` PAN Photo

Հայ դիրքապահները կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետ
Հայ դիրքապահները կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետ

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հարավարեւելյան հատվածի դիրքապահները
Հարավարեւելյան հատվածի դիրքապահները

Լուսանկարը` Մեդիամաքս


2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողությունը: Ապրիլի 2-5-ը թեժ մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, իսկ ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն ձեռք բերվեց:

 

Առաջիկա օրերին Մեդիամաքսը կանդրադառնա ապրիլյան պատերազմի առաջին քառօրյայինˋ պաշտոնական տեղեկատվության վերհուշից զատ ներկայացնելով պատերազմական գործողությունների մասնակիցների պատմությունները:

 

2016-ի ապրիլի 2-ի մասին պատմող նյութը կարդացեք այս հղումով, ապրիլի 3-ի մասին պատմող նյութըˋ այս հղումով, ապրիլի 4-ի մասին պատմող նյութըˋ այս հղումով:

 

2016թ ապրիլի 5-ի առավոտյան 8:35-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ-ից հայտնեցին, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները շարունակվել գիշերվա ընթացքում: «Օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի եւ մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է»,-ասված էր ՊԲ հաղորդագրության մեջ:

«Սմերչ»-ի համազարկի մնացորդները «Սմերչ»-ի համազարկի մնացորդները

Լուսանկարը` ԼՂՀ ՊԲ

ՊԲ-ից հայտնում էին նաեւ, որ ադրբեջանական կողմը, բացի Մարտակերտի եւ շրջակա գյուղերի հրետակոծությունից, նախորդ օրն արկակոծել էր Մարտունի բնակավայրը:

 

Կեսօրին տեղեկություն տարածվեց, որ Ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու մասին:

Հայ դիրքապահներըˋ ամրաշինական աշխատանքներ կատարելիս Հայ դիրքապահներըˋ ամրաշինական աշխատանքներ կատարելիս

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հյուսիսարեւելյան ուղղություն

 

Հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ բացված կարկի արդյունքում Մարտակերտ քաղաքում ոչ միայն շենքեր, այլեւ ենթակառուցվածքներ էին վնասվել: Ապրիլի 4-ի ուշ երեկոյան հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարցվածից վնասել էր քաղաքի հոսանքի 10 կվտ հզորությամբ 2 հենասյուն:

Մարտակերտ քաղաքը Մարտակերտ քաղաքը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Դրանց ընկնելուց հետո հրդեհ բռնկվեց, մինչ փորձում էինք մարել այն ու վերականգնել սնուցումը, կրկին անօդաչու թռչող սարքից վնասվեցին 35 կվտ ուժգնությամբ հոսանքատար լարերը, որի արդյունքում հրդեհն ավելի ուժգնացավ, բայց կեսգիշերին այն արդեն մարել էինք: Բարեբախտաբար, կատարվածի արդյունքում մարդկային կորուստ կամ վիրավոր չենք ունեցել»,-Մեդիամաքսին պատմել էր Մարտակերտի վարչական շրջանի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը: 

 

Նույն օրը ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ տեղեկություն տարածեց, թե Մատաղիսն իրենց ենթակայության տակ են վերցրել: Տեղեկությունը պաշտոնական աղբյուրից զատ մեզ հետ զրույցում հերքեց Մարտակերտի շրջանի վարչական ղեկավարըˋ նկատելով. «Մատաղիսը մերն է եղել, մերն է հիմա ու մերն էլ կլինի»:

Հայ դիրքապահները Հայ դիրքապահները

Լուսանկարը` Ֆոտոլուր

Երկկողմանի կորուստներըˋ ՊԲ տվյալներով 

 

ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանն ապրիլի 5-ին հայտնեց, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հայկական կողմը տվել է 29 զոհ: Նրանցից 7-ը սպա եւ ենթասպա են, 22-ը` շարքային, սերժանտ եւ պայմանագրային զինծառայող: Վիկտոր Առուստամյանի փոխանցմամբ` այս ընթացքում վիրավորվել է 101 զինծառայող, որից 20 սպա եւ ենթասպա, 81-ը` շարքային, սերժանտ եւ պայմանագրային զինծառայող: Հիշեցնենք, որ ապրիլի 4-ի դրությամբ եւս 26 զինծառայող համարվում է անհայտ կորած: Ռազմական գործողությունների ընթացքում Արցախի բանակը կորցրել էր 14 տանկ:

 

Ադրբեջանական բանակը, ըստ ԼՂՀ ՊԲ տվյալների, ընդհանուր առմամբ կորցրել էր 24 տանկ, 4 հետեւակի մարտական մեքենա, 2 ուղղաթիռ, 12 անօդաչու թռչող սարք, 1 «Գրադ» կայանք եւ այլ զինտեխնիկա:

 

Ադրբեջանական խոցված ԱԹՍ-ն

Աղբյուրըˋ ԼՂՀ ՊՆ

 

Ապրիլի 5-ը «դիվանագիտական ճակատում»

 

Trend գործակալությունը հայտնում էր, որ Ադրբեջանը Իսրայելից հայտարարություն է ակնկալում՝ Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների վերաբերյալ: Ըստ աղբյուրիˋ այս մասին The Jerusalem Post-ին ասել էր Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը: Նրա խոսքերով, «Իսրայելը կարող է Հայաստանին կրակի դադարեցման եւ բանակցություններ սկսելու կոչ անել»:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի քայլերը

 

Ապրիլի 5-ին Վիենայում կայացավ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստˋ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի նախաձեռնությամբ: Նիստին մասնակցում էին Վիենայում խորհրդատվություններ են անցկացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Թալիշի ավերածությունները Թալիշի ավերածությունները

Լուսանկարը` Ֆոտոլուր

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը կազմակերպության մասնակից 57 երկրներին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները:

 

Նրանք ողջունել էին ռազմական գործողությունները դադարեցնելու մասին լուրը եւ հորդորել հակամարտության կողմերին հարգել հրադադարի ռեժիմըˋանհրաժեշտ համարելով, որպեսզի ԵԱՀԿ-ն շարունակի կենտրոնական դեր խաղալ կարգավորման առաջխաղացման համար:

 

Շտայնմայերի հայտարարությունը

 

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր.

 

«Ռազմական գործողությունների դադարեցման մասին լուրերը հուսադրող են: Ջանքերն այժմ պետք է կենտրոնացնել հրադադարի կայունացման եւ իրավիճակի նոր լարվածության կանխման ուղղությամբ: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն արդյունավետ եւ տեւական կերպով»:

Հայ դիրքապահները Հայ դիրքապահները

Լուսանկարը` PAN Photo

Ալիեւը խախտեց քառօրյա լռությունը

 

Ապրիլի 5-ին քառօրյա լռությունը խախտեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւըˋգրառումներ կատարելով իր պաշտոնական թվիթերում:

 

«Հայկական կողմի սադրանքը համարժեք պատասխան է ստացել ադրբեջանական բանակից, որը հզոր հարվածներ է հասցրել թշնամուն: Հայաստանը խաղաղություն չի ուզում: Հայաստանը չի ուզում ազատագրել օկուպացված տարածքները, նրա բոլոր ջանքերն ուղղված են ստատուս-քվոյի պահպանությանը: 20 տարիների ընթացքում Հայաստանը միշտ դիմել է սադրանքների՝ բանակցությունների որոշիչ պահերին: Հայաստանը օգտագործում է բոլոր միջոցները՝ մեղքը Ադրբեջանի վրա գցելու համար, այնինչ Ադրբեջանը պարզապես պատասխանել է սադրանքին»,- գրել էր Ադրբեջանի նախագահը:

Հայ դիրքապահները կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետ Հայ դիրքապահները կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետ

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մինսկի խումբը կոչ արեց «անհապաղ բանակցել»

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բելառուսը, Ֆինլանդիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Թուրքիան, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ավստրիան եւ 2015թ. նախագահած Սերբիան, ապրիլի 5-ին  հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով խստորեն դատապարտում էին Լեռնային Ղարաբաղի շփման գծում բռնության «աննախադեպ բռնկումը»:

 

«Ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին: Հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել կրակը: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Իրավիճակի վատթարացումը վկայում է համապարփակ կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների անհապաղ վերսկսման անհրաժեշտությունը»,- ասված էր հայտարարության մեջ:

 

Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Սարգսյանի եւ Ալիեւի հետ

 

Ապրիլի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն  հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես հաղորդում էր Կրեմլը, նախագահները պայմանավորվել էին շարունակել շփումները տարբեր ձեւաչափերում:

 

«Ռուսաստանն իրականացնում է եւ շարունակելու է իրականացնել անհրաժեշտ միջնորդական քայլերը՝ նպաստելու իրավիճակի կարգավորմանը: Զրույցներում ընդգծվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցային գործընթացի վերսկսման կարեւորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները գտնելու նպատակով»,- ասվում էր ՌԴ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Հարավարեւելյան հատվածի դիրքապահները Հարավարեւելյան հատվածի դիրքապահները

Լուսանկարը` Մեդիամաքս

ՆԱՏՕ-ն ողջունեց կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ապրիլի 5-ին հայտարարել էր, որ «հակամարտությունների խաղաղ կարգավորումն այն առանցքային հանձնառություններից է, որը ստանձնել են ՆԱՏՕ-ի բոլոր գործընկեր երկրները՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին միանալիս»:

 

Յենս Սթոլթենբերգը նաեւ ողջունել է Լեռնային Ղարաբաղի շփման գծում ռազմական գործողությունների դադարեցման մասին հաղորդումները:

 

«Ես կողմերին կոչ եմ անում հարգել հրադադարը, զսպվածություն հանդես բերել եւ կանխել ցանկացած նոր էսկալացիա: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 

2016-ի ապրիլի 2-ի մասին պատմող նյութը կարդացեք այս հղումով, ապրիլի 3-ի մասին պատմող նյութըˋ այս հղումով, ապրիլի 4-ի մասին պատմող նյութըˋ այս հղումով:

Մեդիամաքս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին