Թալիշցի լեյտենանտը, որ շարունակեց մարտն անգամ վիրավորվելուց հետո - Mediamax.am

exclusive
6773 դիտում

Թալիշցի լեյտենանտը, որ շարունակեց մարտն անգամ վիրավորվելուց հետո


Գեւորգ Հովհաննիսյանը
Գեւորգ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է ներկայացնել 2016թ.-ի ապրիլի լույս 2-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկած նախահարձակ գործողության ու ապրիլյան պատերազմի մասնակիցների պատմությունները:

 

Այս անգամ ներկայացնում ենք հյուսիսային հատվածում ծառայող լեյտենանտ Գեւորգ Հովհաննիսյանի պատմությունը, ով ապրիլի 1-ից 9-ը եղել է դիրքում, կռիվ է տվել թշնամու հետ ˋ անգամ վիրավորվելուց հետո:

 

***

 

Ապրիլի 1-ի գիշերը մեր ուղղությամբ հակառակորդի շարժ նկատեցինք. մեծ քանակությամբ գալիս էին դեպի մեր դիրքեր: Զեկուցեցինք հրամանատարությանը, ծառայությունը ուժեղացնելու առաջադրանք ստացանք: Հակառակորդն այդ ընթացքում առաջ էր գալիս, զուգահեռ սկսեցին հրետանին աշխատեցնել: Սկսվեց կռիվը. շուրջ 300 հարյուր հոգով մեր դիրքերի կողմն էին եկել, ինձանից աջ գտնվող դիրքը վերցրեցին:

 

Մեր դիրքը կարողացանք մեկ օր պահել: Այդ ընթացքում կռիվը շարունակվում էր, մեր տղաներից երկուսը վիրավորվեցին: Ապրիլի լույս 3-ի գիշերը, ավելի մեծ խմբով, հակառակորդը հարձակում գործեց մեր դիրքի վրա: Հասկանալով, որ մենք փոքրաթիվ ենք եւ քիչ ուժ ունենք, թողեցինք դիրքը ու հետ քաշվեցինքˋ սպասելով թիկունքից եկող օգնությանը: Ապրիլի 3-ի առավոտյանˋ ժամը 11-ի կողմերն արդեն մեզ եւ թիկունքից օգնության հասած տղաներին հաջողվեց երկու դիրքն էլ հետ վերցնել ու դուրս շպրտել հակառակորդին:

 

***

 

Ապրիլի 3-ի առավոտյան, երբ սկսել էինք դիրքը հետ բերելու գործողությունը, խրամատում մի արկ պայթեց, բեկորներից մեկը վնասեց ոտքս, բայց հրաժարվեցի հոսպիտալ գնալ: Վիրակապվեցի ու մնացի դիրքում, մինչեւ ապրիլի 9-ը, երբ եկան ու տարան իրենց զոհերի մարմինները:

 

***

 

Հիմա էլ ոտքիս վիրավորումն իրեն զգացնել է տալիս, բայց, վստահ եմ, ժամանակի ընթացքում կանցնի: Եթե էլի նման գործողություն սկսվի, ամեն ինչի պատրաստ եմ. սա մեր հողն է, մեր տունը, պահողը մենք ենք:

 

Մենք միշտ զգոն ենք եղել, ուղղակի ապրիլյան պատերազմն անսպասելի էր իր ծավալով: Մտածում էինքˋ հակառակորդի հերթական խաղը կամ սադրանքն է: Մեր զորքն ամեն պահի պատրաստ է եղել եւ հիմա էլ պատրաստ է կռվի:

 

Ապրիլից հետո զգոնությունն ավելի բարձրացավ: Հիմա սահմանին համեմատաբար խաղաղ է, բայց նրանք միշտ էլ խախտում են հրադադարը: Մենք ապրիլի 5-ից հետո էլ զոհեր ունեցանք, տարվա ընթացքում էլ…

 

Մեզ համար շատ մեծ օգնություն է ժամանակից տեխնիկան, որը 90 տոկոսով չեզոքացնում է վտանգըˋ թույլ տալով խորքում նկատել ու վնասազերծել թշնամում: Մեր բոլոր դիրքերն արդեն ունեն այդ տեխնիկան:

 

***

 

Ընտանիքիս հետ բնակվում էի Թալիշում: Երբ սկսեց ապրիլյան պատերազմը, չեմ էլ իմացել, թե կինս ու որդիս ինչ վիճակում, կամ որտեղ են. ես դիրքերում եմ եղել, նրանց օգնության է հասել կնոջս հայրն ու տարել Ստեփանակերտ: Պատերազմից հետո տեղափոխվել ենք Մատաղիս, մեր տունը, ամեն ինչ մնացել է Թալիշում:

 

Կինս միշտ կողքիս է եղել ու որեւէ վախ չի ունեցելˋ չնայած բնակիչներից ոմանց մոտ սկզբում անհանգստություն կար, անգամ մեր վարժանքի կրակոցից խառնվում են իրար, բայց դա էլ կամաց-կամաց անցնում է:

 

Մեկ տղա ունեմ, աղջիկս էլ շուտով կծնվի: Տղաս այս տարի դպրոց է գնալու: Փորձում էինք նրան հնարավորինս հեռու պահել այս ամենից, բայց հեռուստահաղորդումներից իմացել է, թե ինչ է կատարվում:

 

Տղաս մեծացել է Թալիշում, հաճախ կարոտում է, հարցեր տալիս, թե երբ ենք վերադառնալու…ամեն անգամ ասում էˋ«Պապա, մեծանամ մի հատ տանկ կառնես, որ գնամ թուրքերի հետ կռվեմ»: Չեմ ուզում, որ մեջը թշնամություն սերմանվի, բայց, պատերազմող հայրենիք ունենալու դեպքում, երեւի, դա անխուսափելի է:

Մեդիամաքս
/>

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին