Թուրքիայի նախկին հատուկ բանագնացն առաջարկում է բացել սահմանը Հայաստանի հետ - Mediamax.am

5349 դիտում

Թուրքիայի նախկին հատուկ բանագնացն առաջարկում է բացել սահմանը Հայաստանի հետ


Ունալ Չեվիկյոզը
Ունալ Չեվիկյոզը

Լուսանկարը` http://www.gwsr.com


Երեւան: Մեդիամաքս: Թուրք պաշտոնաթող դիվանագետ Ունալ Չեվիկյոզը կարծում է, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերություններում առկա փակուղին հաղթահարելու համար Թուրքիայի ղեկավարությանը կարող է հանդես գալ նոր նախաձեռնությամբ:

Այդ մասին նա գրում է թուրքական Hurriyet թերթում «Թուրք-հայկական հարաբերությունների համար խաղի կանոնները փոխող նոր իրավիճակ է հարկավոր» վերտառությամբ իր հոդվածում:

 

Ունալ Չեվիկյոզը 2007-2010 թթ. զբաղեցնում էր Թուրքիայի ԱԳՆ քաղաքական տնօրենի պաշտոնը: Նա թուրքական պատվիրակության ղեկավարն էր 2008թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Բեռնում ընթացող բանակցություններում: 2008 թվականի սեպտեմբերին Ունալ Չեվիկյոզը Երեւան էր այցելել Թուրքիայի նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակում:

 

«Կարեւոր չէ, թե ինչ տեղի կունենա եւ ինչպես երկու երկրները կհատեն 2015 թ.-ը: Ակնհայտ է, որ այդ տարեթիվը ինքնին վերջը չէ: Կարեւորն այն է, թե ինչպես են Թուրքիան եւ Հայաստանը տեսնում հարաբերությունների շարունակությունը այդ տարեթվից հետո: Նրանց անհրաժեշտ է խաղի կանոնները փոխող նոր իրավիճակ»,- գրել է Ունալ Չեվիկյոզը:

 

Նրա համոզմամբ, Կովկասում պրոակտիվ դերակատարի դիրքերը վերականգնելու համար Թուրքիան կարող է հանդես գալ նոր նախաձեռնությամբ՝ ներկա փակուղին հաղթահարելու համար: Թուրքիան կարող է հասնել այդ նպատակին՝ բացելով Հայաստանի հետ սահմանը՝ փորձարկելու դրա հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, գրում է Ունալ Չեվիկյոզը:

 

«Ընդդիմախոսներն ասում են, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Հայաստանի վրա ճնշման ուժեղ լծակ է, եւ սահմանի բացումը նախքան ԼՂ խնդրի կարգավորումը Հայաստանին խաղաղ բանակցություններում կդարձնի նվազ շահագրգիռ: Բայց  արդյո՞ք փակ սահմանը իսկապես ճնշման գործուն լծակ է, եթե այն վերջին 20 տարիների ընթացքում չի դրդել Հայաստանին համաձայնության գալ Ադրբեջանի հետ: Նմանապես, փակ սահմանի առկայությունը հնարավորություն չի տվել Թուրքիային ԼՂ խնդրի կարգավորման հարցում ներդրում ունենալ»,- նկատել է պաշտոնաթող թուրք դիվանագետը:

 

Նա նշել է, որ բաց սահմանը կարող է ավելի ազդեցիկ լծակ դառնալ, եթե այն իրոք նշանակալի օգուտներ բերի Հայաստանին:

 

«Թուրքիան, աստիճանաբար բացելով սահմանը Հայաստանի հետ, կկարողանա խրախուսել իր հարեւաններին՝ նոր փուլ սկսել բանակցություններում: Այնուհետեւ Թուրքիան, գնահատելով ԼՂ բանակցություններում գրանցված առաջընթացը, կարող է հայ-թուրքական սահմանը վերածել ավելի կիրառական գործիքի», - նշում է նա: 

 

Ունալ Չեվիկյոզը գրում է, որ Հարավային Կովկասում որպես արդար միջնորդ հանդես գալու համար պաշտոնական Անկարան պետք է հավասար վերաբերվի տարածաշրջանի բոլոր դերակատարներին:   

 

«Նման մոտեցումը դրականորեն կփոխի նաեւ Հայաստանի՝ Թուրքիայի կամքի եւ հանձնառությունների վերաբերյալ սխալ ընկալումը: Ժամանակն է, որպեսզի Թուրքիան ցույց տա այս տարածաշրջանում իր պատկառելի ներկայությունը: Նման հաստատակամ վերաբերմունքը կնպաստի, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանն իրենց քաղաքականությամբ եւս հետեւեն նրա օրինակին», - եզրափակել է հեղինակը:

 

Նշենք, որ 2001-2004 թթ. Ունալ Չեվիկյոզը Թուրքիայի դեսպանն էր Ադրբեջանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին