Յագլանդը կոչ է արել վերադառնալ հայ-թուրքական արձանագրություններին - Mediamax.am

45271 դիտում

Յագլանդը կոչ է արել վերադառնալ հայ-թուրքական արձանագրություններին


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը

Լուսանկարը` amazonaws.com


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն այսօր կոչ է արել Հայաստանին եւ Թուրքիային վերադառնալ հայ-թուրքական կարգավորմանը:

Այս մասին նա ասել է Երեւանում բացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին:

 

«Եթե կա առիթ, հնարավորություն՝ վերադառնալու հայ-թուրքական արձանագրություններին, ապա դա հիանալի կլինի: Կոչ եմ անում երկու կողմերին՝ բաց չթողնել այդ առիթը: Հարյուր տարվա հակամարտությունը, հուսով եմ՝ չի ջնջի խաղաղ գոյակցության հնարավորությունը»,- ասել է նա:

 

ԵԽ գլխավոր քարտուղարը նաեւ հույս է հայտնել, որ վաղ թե ուշ Հայաստանն ու Թուրքիան գտնելու են հաշտության ճանապարհը:

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին՝ Թորբյորն Յագլանդն ասել է, որ հարյուր տարի առաջ հայ ժողովրդի հետ իրականացվածը ոչ միայն հայերի, այլ համայն մարդկության կորուստն է:  

 

«Հարյուր տարի առաջ բազմաթիվ հայեր զրկվեցին իրենց ներուժը իրագործելու հնարավորությունից: Սա աշխարհի կորուստն է, ոչ միայն հայերի: Այդ մարդիկ զրկվեցին իրենց գաղափարներից, հաջողություններից: Այդ ամենը գողացվեց նրանցից, եւ նրանք երբեք էլ չեն կարող դա ետ ստանալ: Բայց նոր նման ողբերգությունների կանխարգելման համար մենք պետք է սատարենք նրանց, համերաշխ լինենք պատմության զոհերի նկատմամբ»,- ասել է նա:

ԵԽ գլխավոր քարտուղարը հավելել է, որ միջազգային հանրությունը «դեռեւս շատ է հապաղում ցեղասպանություների կանխարգելման պայքարում»:

 

Նա անդրադարձել է նաեւ նանսենյան անձնագրերի տրամադրմանը, ընդգծել դրանց մարդասիրական նշանակությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին