91897 դիտում

ՀՀ ԱԳՆ. Թուրքիան անկայունության ալիքը բերում է Կովկաս


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր մեկնաբանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն առաջարկը Իսլամական համագործակցության կազմակերպությունում շրջանակում ԼՂ հարցով կոնտակտային խումբ ստեղծելու մասին:

«Ակնհայտ է, որ Թուրքիայի միակողմանի դիրքորոշման եւ ամեն գնով Ադրբեջանին սատարելու մոլուցքի պատճառով նրա որեւէ միջամտություն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին միայն վնաս է հասցնելու: Բաքվի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սանձազերծած ապրիլի իրադարձությունները եւ Թուրքիայից հնչեցված սադրիչ հայտարարությունները դրա վառ ապացույցն են:

Թուրքիայի արտգործնախարարը Իսլամական համագործակցության կազմակերպությունում ունեցած իր ելույթում, շահարկելով իսլամական համերաշխությունը, վտանգավոր փորձ է կատարում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները արհեստականորեն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն»,- ասել է ՀՀ փոխարտգործնախարարը:

Շավարշ Քոչարյանը հիշեցրել է, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է ահաբեկչության եւ արյունահեղության ալիքի տարածումը Թուրքիայի ներսում եւ նրա սահմաններից դուրս:

«Իր վերոհիշյալ սադրիչ հայտարարությամբ Թուրքիայի ԱԳ նախարարը, փաստորեն, բացահայտում է այդ ալիքը դեպի Հարավային Կովկաս տարածելու ձգտումը: Համոզված ենք, որ մեր ավանդական բարեկամ մահմեդական պետությունները, լավ գիտակցելով Թուրքիայի իրական նպատակները, չեն տրվի Անկարայի սադրանքներին»,- ասել է ՀՀ փոխարտգործնախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am