Արամ Աթեշյան՝ Բունդեսթագի բանաձեւը մեզ ծանր հարված է հասցնում - Mediamax.am

134941 դիտում

Արամ Աթեշյան՝ Բունդեսթագի բանաձեւը մեզ ծանր հարված է հասցնում


Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Լուսանկարը` http://www.agos.com.tr/


Երեւան: Մեդիամաքս: Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ է ուղղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման կապակցությամբ:

 

Ինչպես գրում է Ստամբուլում լույս տեսնող «Ակoս» օրաթերթը, նամակում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է, որ այդ բանաձեւի ընդունմամբ հայ ժողովրդին վերաբերող հարցն օգտագործվել է իմպերիալիստական ուժերի կողմից՝ առաջ  բերելով հայ ժողովրդի եւ Պոլսո Հայոց պատրիարքարանի խոր ափսոսանքը:

 

«Հարգելի՛ պարոն նախագահ, առաջին աշխարհամարտի ողբերգական ժամանակաշրջանում կատարված դեպքերի վերաբերյալ Բունդեսթագի կայացրած որոշումը առաջ է բերել մեր ափսոսանքը: Որպես Թուրքիայի հայ համայնք՝ մենք հայտնում ենք Ձեզ մեր ափսոսանքը՝ ի նշան մեր անկեղծ զգացմունքների արտահայտության: Անընդունելի է, որ խորհրադարանը, որը ձեւավորվել է գերմանացի քաղաքացիների քվեների միջոցով եւ պարտավոր է ընդունել իր ժողովրդի խաղաղության, բարգավաճմանն ու անվտանգությանն ուղղված օրենքներ,  կարծիք է արտահայտում, անկախ այն հանգամանքից, որ այն չունի դրա իրավունքը: Անընդունելի է, որ այդ խորհրդարանն օրինականացնում է այս որոշումը ամբողջ գերմանացի ժողովրդի անունից եւ իրեն դատավորի դեր վերագրում»,- ասված է Պոլսո հայոց պատրիարքարանի փոխանորդի նամակում:

 

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հարցականի տակ է դրել այն, թե որքանով է ընդունված բանաձեւն արտահայտում գերմանացիների կարծիքն ու զգացմունքները:

 

«Ինչպես մենք նախկինում բազմիցս հայտարարել ենք, հայ ժողովրդին մեծ հարված հասցրած այս ողբերգության շահարկումը միջազգային քաղաքական ասպարեզում միայն ափսոսանք եւ ցավ է առաջացնում: Այս եւ նմանատիպ այլ բանաձեւերը մեզ ծանր հարված են հասցրել: Դժբախտաբար, հայ ժողովրդին բաժին հասած այս պատմական ցավը Թուրքիայի պետությանը եւ ժողովրդին մեղադրելու եւ պատժելու գործիք է համարվում: Եւ այս այլանդակ մտածողության պատճառով վնաս է հասցվում Թուրքիայի հայերի ինքնությանը: Նրանք, ովքեր ցանկանում են տեսնել ճշմարտությունը, կարող են հասկանալ, որ հայ ժողովուրդն օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից»,- շարունակում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: 

 

Նրա խոսքով՝ «պատմությունը քաղաքականացնելու, հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ ատելություն սերմանելու փոխարեն պետք է հաշտության եւ խաղաղության ուղիներ փնտրել, քանի որ երկու հարեւան ժողովուրդներն ունեն ընդհանուր պատմություն եւ նման ավանդույթներ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին