73434 դիտում

ՀՀ դեսպան. Երեւանը մեկ տարի սպասում է Թուրքիայի պատասխանին


Լուսանկարը` http://www.osce.org


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը արդեն մեկ տարի է, ինչ սպասում է Թուրքիայի պարզաբանումներին՝ թուրքական իշխանությունների կողմից Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու եւ դրա տարածքի առգրավման հետ կապված:

Այդ մասին ասել է ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը՝ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում հանդես գալով հայտարարությամբ՝ նվիրված «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին:

Արման Կիրակոսյանն արձանագրել է, որ մեկ տասնամյակ անց դատավարությունն ի հայտ չի բերել սպանության կազմակերպիչներին՝ լիովին կիսելով ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի նույնանման գնահատականը:

Դեսպանը նաեւ համոզմունք հայտնեց, որ լրագրողների, համայնքային առաջնորդների եւ մտավորականների նկատմամբ բռնությունների ու սպանությունների բացահայտման ձախողումը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ եւ դրանով իսկ խրախուսում անհանդուրժողականությունը:

«Ցավոք, Դինքի սպանությունից տաս տարի անց Թուրքիայում շարունակում է գերակայել ճշմարտության եւ արդարության ձգտող անձանց լռեցման նույն գործելաոճը: Դրա մասին է վկայում Թուրքիայի խորհրդարանի նիստերին պատգամավոր Գարո Փայլանի մասնակցության արգելքը: Տեղեկություններ են հայտնվել անգամ, որ որոշ քաղաքական կուսակցություններ փորձում են քրեական գործ հարուցել նրա դեմ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա խոսքը համարելով այլատյացություն» -նշեց դեսպանը:

Արման Կիրակոսյանն ընդգծեց, որ Թուրքիան ԵԱՀԿ-ում իրեն ներկայացնում է որպես կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության եւ խտրականության վերացման ջատագով՝ միաժամանակ հանդուրժողականության չցուցաբերելով բնիկ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, որոնց որոշ հատվածներ կարողացել են վերապրել ու գոյատեւել մերօրյա Թուրքիայում:

Հայաստանի դեսպանը հիշեցրեց թուրքական պատվիրակությանը, որ հայկական կողմն արդեն իսկ մեկ տարի է սպասում է Թուրքիայի պարզաբանումներին՝ թուրքական իշխանությունների կողմից Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու եւ դրա տարածքի առգրավման հետ կապված:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am