Երեւանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները - Mediamax.am

24689 դիտում

Երեւանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին:

«Երբ ես նախաձեռնեցի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններն առանց նախապայմանի կարգավորելու գործընթացը, առաջնորդվում էի տարածաշրջանում ապահով եւ համերաշխ ապագա կերտելու տեսլականով:

 

Հայաստանն արեց հնարավորը մեր Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության հարաբերությունները կարգավորելու բեռը գալիք սերունդներին չթողնելու համար: Մեր ցանկությունն այդ էր, որպեսզի այդ բեռը մենք կրենք, ավարտենք գործընթացը եւ չթողնենք նրանց ուսերին: Սակայն արձանագրությունների ստորագրումից հետո անցած ինը տարիների ընթացքում Անկարան, վերադառնալով իր անհիմն նախապայմաններին, ոչ միայն որեւէ քայլ չարեց արձանագրությունները վավերացնելու եւ ուժի մեջ մտնելու համար, այլեւ որեւէ կասկած չթողեց, որ նա չի պատրաստվում այդ գործընթացը իրականացնել», - ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նա հիշեցրել է, որ 2017 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացը ըստ պատշաճի չիրականացնելու պարագայում «մենք գարուն ենք մտնելու այդ արձանագրություններն առ ոչինչ հայտարարված, այսինքն՝ առանց այդ արձանագրությունների»:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

«Հիմա եկել է որոշումը կայացնելու ժամանակը, եւ այսօրվա մեր քննարկման թեման հենց դա է»,- ասել է նախագահը:

 

Արտաքին գործերի նախարարի զեկույցից հետո խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումները եւ նշել են, որ ստեղծված իրավիճակում Հայաստանին այլընտրանք չի մնում, քան դադարեցնել արձանագրությունների կնքման ընթացակարգերը:

 

Քննարկման արդյունքում անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաuտանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցմանը:

 

Ամփոփելով նիստը` Սերժ Սարգսյանը շեշտել է, որ Թուրքիան խախտելով ընդունված միջազգային պրակտիկան եւ այն հանձնառությունները, որ պետությունները ունեն միջազգային հանրության առջեւ, ուղղակի կոպիտ ձեւով չվավերացրեց այդ արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ եւ որեւէ աղերս չունեցող նախապայմաններ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

«Հաշվի առնելով մեր համաձայնությունը այս հարցում՝ ես նիստից հետո անմիջապես կստորագրեմ հրամանագիր այս ընթացակարգը դադարեցնելու մասին: Խնդրում եմ արտաքին գործերի նախարարին՝ մեր այս որոշման մասին ծանուցել Թուրքիային, որից հետո այդ համաձայնագրերով ստանձնած որեւէ պարտավորություն մեզ համար իրավական որեւէ նշանակություն չի ունենալու»,-ընդգծել է նախագահը:

 

Նա ասել է, որ Հայաստանն իր մոտեցումների մասին նամակով տեղեկացրել է նաեւ արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա բոլոր կողմերին, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ եւ Շվեյցարիայի նախագահներին, Եվրոպական միության խորհրդի նախագահին, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ շնորհակալություն հայտնելով նրանց եւ բոլոր այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, ովքեր աջակցություն են ցուցաբերել այս նախաձեռնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին