Բացահայտվել են ՊՊԾ գնդի տարածքում սպանություն կատարած անձիք - Mediamax.am

6322 դիտում

Բացահայտվել են ՊՊԾ գնդի տարածքում սպանություն կատարած անձիք


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման փաստով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել են ոստիկանության երեք ծառայողների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները, բացահայտվել են այդ սպանությունները կատարած անձիք:

«Ճշտվել է ոստիկանության 10 աշխատակիցների եւ 7 քաղաքացիական անձանց պատանդ վերցնելուն եւ պահելուն ուղղված յուրաքանչյուր զինյալի մասնակցությունը: Պարզվել են գնդին պատկանող ոստիկանական 4 եւ քաղաքացիական անձի 1 ավտոմեքենաները դիտավորությամբ հրկիզած 10 զինյալները, ինչպես նաեւ՝ ՊՊԾ գնդի սպառազինության մեջ մտնող զենքերն ու ռազմամթերքը գնդի զինանոցից եւ ոստիկանության աշխատակիցներից հափշտակելուն մասնակցած 19 զինյալները»,- ասված է հաղորդագրությունում:

 

ՀՔԾ-ում նշել են, որ բացի 31 զինյալներից՝ հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը զավթելուն մասնակցել է եւս երկու անձ՝ երկու ինքնաձիգներով, որոնք նույն օրն իսկ աննկատ լքել են գնդի տարածքը՝ հետները դուրս բերելով նաեւ գնդի զինանոցից հափշտակված «Մակարով» տեսակի երկու ատրճանակ: Նշյալ անձիք հայտնաբերվել են եւ ներգրավվել որպես մեղադրյալ:

 

Ներկայում քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված է 62 անձ, որոնցից 44-ը կալանավորված են, 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը, 3-ի նկատմամբ՝ գրավը, իսկ 2 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 

«Շարունակվում են աշխատանքները ոստիկանության 7 ծառայողների տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ պատճառելու, ինչպես նաեւ ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատը կոտրելու եւ 14 մլն 808 հազ. դրամ գումարը հափշտակելու հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշել են ՀՔԾ-ում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին