Մ. Մելքոնյանի անվան վարժարանը պետք է դառնա առաջատար ավագ դպրոցը - Mediamax.am

5593 դիտում

Մ. Մելքոնյանի անվան վարժարանը պետք է դառնա առաջատար ավագ դպրոցը



Սեպտեմբերի 1-ից ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը կունենա շենքային նոր ժամանակակից պայմաններ, ուսումնական լավագույն բազա, ռազմակրթական ու մշակութային հագեցած ծրագրեր:

Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` փետրվարի 10-ին Դիլիջանում անցկացված խորհրդակցության ժամանակ:

 

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը տեղակայվելու է Պետական եկամուտների նախարարության դիլիջանյան ուսումնական կենտրոնի տարածքում:

 

Նախարարն ասել է, որ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը պետք է դառնա Հայաստանի առաջատար ավագ դպրոցը՝ գրավիչ պայմաններ ու անվճար կրթություն ապահովելով այն երիտասարդների համար, ովքեր ընտրում են ռազմական կրթությունը:

 

Դիլիջանի «Թումո» կենտրոնում Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի համատեղ նախաձեռնության մեկնարկին` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հատուկ ծրագրով պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանելու է 21-րդ դարի հմտություններ:

 

«Թումո» կենտրոնների մերձակա զորամասերի զինծառայողները հմտություններ ձեռք կբերեն համակարգչային ծրագրավորման, ռոբոտաշինության եւ համակարգչային գրաֆիկայի, թվային երաժշտության ստեղծման ուղղությամբ:

 

«Ծրագրի գլխավոր նպատակն այն է, որ ժամկետային զինծառայողներին կարողանանք տալ համակարգչային գիտելիքներ, նաեւ ստեղծենք պայմաններ, որպեսզի զինծառայողը հենց զորամասում կարողանա շարունակել ուսումը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:

 

Դիլիջանի համայնքապետարանում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարներին: Հանդիպման առանցքում սահմանամերձ համայնքների խնդիրների քննարկումն էր: Հաշվի առնելով սահմանամերձ գյուղական համայնքներում պաշտպանական ոլորտին առնչություն ունեցող խնդիրների կարեւորությունը եւ դրանց համակարգային լուծման անհրաժեշտությունը` Վիգեն Սարգսյանն առաջարկել է ձեւավորել մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով` պաշտպանության նախարարի գլխավորությամբ, եւ հանձնաժողովին կից սահմանամերձ համայնքների ղեկավարների խորհուրդ:

 

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում` 2016թ. ուսումնական տարվա մարտական հերթապահության արդյունքներով լավագույնը ճանաչված զորամասում: Վիգեն Սարգսյանը զորամասի հրամանատարությանն է հանձնել լավագույն զորամասի պատվոդրոշը, խրախուսել է բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած սպաներին ու ժամկետային զինծառայողներին:

 

Վիգեն Սարգսյանը եղել է նաեւ Բերդավան եւ Դովեղ համայնքներում, սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ քննարկել նրանց հուզող խնդիրները: Հանդիպումների ընթացքում պաշտպանության նախարարն ընդգծել է, որ սահմանամերձ համայքները բացառիկ նշանակություն ունեն մեր պետության եւ զինված ուժերի հետագա առաջընթացի համար, ուստի համայնքների բնակիչներին հուզող խնդիրներն էլ պաշտպանական ու անվտանգության տեսանկյունից եղել եւ շարունակելու են մնալ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին